Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1394
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.19/78(1353).1 Հոդ.1261.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2017 թ.

 

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 343-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Դ. Գյուրջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Վ. Գասպարիի՝ 2017 թվականի հուլիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատավճռի պատճենը հանձնելը դատապարտվածին կամ արդարացվածին» վերտառությամբ 375-րդ հոդվածը սահմանում է.

«Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը լրացվել է 2006թ. մայիսի 25-ի ՀՕ-91-Ն օրենքով և խմբագրվել 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-237-Ն օրենքով, սահմանում է.

«1. Վերաքննիչ բողոք բերվում են՝

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.»...:

ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ին:

ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» վերտառությամբ 343-րդ հոդվածը խմբագրվել է 2005թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-33-Ն և փոփոխվել է 2011թ. փետրվարի 8-ի ՀՕ-40-Ն օրենքներով։ Այդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը գործող խմբագրությամբ սահմանում են.

«2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»:

 

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի մարտի 29-ի դատավճռով Վարտգեզ Գասպարին թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ մեկ այլ վարչական գործի դատավարության մասնակիցների և նախագահող դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի մայիսի 27-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի նշված դատավճռի դեմ 2016 թվականի մայիսի 4-ին բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

 

3. Դիմողը խնդրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կամ դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 29, 61, 63, 69, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դատական ակտը կողմին այն հրապարակելու օրը չտրամադրելը և դրա բողոքարկման ժամկետը հրապարակման օրվանից հաշվարկելը հնարավորություն են տալիս այդ դրույթները կիրառել այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում ընթացակարգային խնդիրներով պայմանավորված նվազեցվում է դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի առնչությամբ դիմողն իր դիրքորոշումը փաստարկում է նրանով, որ այդ հոդվածը դատարանի համար չի սահմանում դատական ակտն այն հրապարակելու օրը կողմին տրամադրելու պարտականություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը պարունակում է իրավական անորոշություն: Ըստ դիմողի՝ իրավական անորոշությունը պայմանավորված է նրանով, որ հնարավորություն է ստեղծվում իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթին տալ հակասական մեկնաբանություն. մի դեպքում դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի ստացման պահից, մյուս դեպքում՝ դատական ակտի հրապարակման պահից: Վերջին դեպքում, ըստ դիմողի, խնդրո առարկա դրույթն իրավակիրառողին հնարավորություն է տալիս բողոքարկման մեկամսյա ժամկետը նվազեցնել դատական ակտը դատավարության կողմին փաստացիորեն հանձնելու ժամկետով:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից այս կամ այն դատական ակտը բողոքարկելու համար սահմանված ժամկետներն այն ժամկետներն են, որոնք կոչված են երաշխավորելու արդար դատաքննության, իրավական որոշակիության և դրանց բաղադրիչ հանդիսացող այլ իրավունքներ և սկզբունքներ, ուստի բողոքարկող անձանց համար այդ ժամկետներն իրավակիրառական պրակտիկայում պետք է ապահովվեն և չսահմանափակվեն այնպիսի սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք կանխատեսելի, որոշակի և կայուն չեն:

Ըստ դիմողի՝ դատական ակտի «բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը որևէ այլ գործողության կատարման, առավել ևս՝ պետության կողմից իր պարտականության կատարման նպատակով նվազեցնելը չի կարող կրել որևէ իրավաչափ նպատակ, այն չի բխում որոշակիության սկզբունքից, պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար»:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը հակասում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին, որովհետև ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, չի նախատեսում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման այնպիսի հիմք, ինչպիսին արդարադատության հեղինակությունն է: Հետևաբար, դատավարության մասնակիցներին կամ նախագահող դատավորին ուղղված իր արտահայտությունները չեն կարող ստանալ քրեաիրավական գնահատական և պետք է դիտարկվեն բացառապես քաղաքացիաիրավական տիրույթում՝ մասնավոր անձի պատվի ու բարի համբավի պաշտպանության իրավունքի շրջանակներում:

 

4. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող քրեադատավարական իրավակարգավորումներն ապահովում են դատարանի մատչելիության արդյունավետ կառուցակարգ, քանզի անձն ունի հստակ և գործնական հնարավորություն ողջամիտ ժամկետում իր իրավունքները շոշափող դատական ակտի բողոքարկման համար:

Պատասխանողի կարծիքով՝ տեխնիկապես հնարավոր չէ բոլոր դեպքերում ապահովել հրապարակման օրը դատավճռի պատճենի հանձնումը կողմերին, իսկ 5-օրյա ժամկետում դատավճռի հանձնումը կողմին բավարար է անձի համար հաջորդող 25-օրյա ժամկետում հիմնավոր բողոք ներկայացնելու համար: Բոլոր այն դեպքերում, երբ դատավճռի պատճենն անձն ստացել է սահմանված 5-օրյա ժամկետից հետո, նա կարող է բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու համար միջնորդություն ներկայացնել դատարան, և այդ դեպքում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) կհամարվի հարգելի:

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի իրավակարգավորումների առնչությամբ պատասխանողը գտնում է, որ նախագահող դատավորը դատաքննության ընթացքում հանդես չի գալիս որպես մասնավոր անձ, այլ մարմնավորում է արդարադատությունը, հանդես է գալիս որպես դատարան, և վերջինիս նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ուղղված է արդարադատության հեղինակության դեմ և դրանով իսկ հանրորեն վտանգավոր արարք է:

Ըստ պատասխանողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 

5. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ պարզել և գնահատել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված իրավադրույթների և ընդհանուր իրավասության դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը` մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության, դատապարտվածի բողոքարկման սահմանադրական իրավունքների երաշխավորվածության և ապահովվածության համատեքստում` հաշվի առնելով դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող՝ «Դատավճռի պատճենը հանձնելը դատապարտվածին կամ արդարացվածին» վերտառությամբ 375-րդ հոդվածը պարտավորեցնում է դատարանին որոշակի ժամկետում իրականացնել դատաքննության ավարտին կայացված դատավճռի պատճենի հանձնումը դատավարության մասնակիցներին։ Այդ նորմից հետևում է, որ հնգօրյա ժամկետում դատավճռի պատճենի հանձնումը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին պարտադիր է, ինչը երաշխիք է ինչպես դատապարտվածի բողոքարկման իրավունքի իրացման, այնպես էլ այլ քաղաքացիաիրավական գործառույթների իրականացման համար։ Դատավարության մյուս մասնակիցներին նույն ժամկետում դատավճռի պատճենը կարող է հանձնվել միայն նրանց միջնորդությամբ։

Վերոնշյալ իրավակարգավորումը դիտարկելով օրենսգրքի մյուս դրույթների հետ համակարգային փոխկապվածության մեջ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճռի հրապարակումը և դրա հանձնումը դատավարության կողմերին իրար հաջորդող գործողություններ են, և թե ինչպիսի ժամանակահատված ընկած կլինի այդ գործողությունների միջև՝ կախված է տվյալ գործի առանձնահատկություններից։

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն: Այն կազմվում և հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավճիռն ստորագրելուց անմիջապես հետո այն հրապարակվում է, իսկ 375-րդ հոդվածին համապատասխան դատավճռի պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին՝ հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում:

Դատավճռի պատճենը հանձնելու համար որոշակի ժամկետ սահմանող դատավարական նորմը դատարանին հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ իրականացնել իր պարտականությունները, մասնավորապես այնպիսի պատասխանատու և վճռորոշ փաստաթուղթ կայացնելիս, ինչպիսին է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռը, որն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցն է լուծում:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը» դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին հանձնելը ենթադրում է, որ հնարավորության դեպքում դատարանը պետք է ձգտի, որ դատավճռի պատճենը հանձնվի ավելի կարճ ժամանակահատվածում, որպեսզի դատապարտվածը կամ արդարացվածը հնարավորություն ունենա ծանոթանալու իր նկատմամբ կայացված դատական ակտին և անհրաժեշտության դեպքում նախապատրաստվի դրա բողոքարկմանը:

 

7. Անօրինական դատավճիռները և դատական սխալները կանխելու և բացառելու նպատակով դատական ակտն ավելի բարձր դատական ատյանում բողոքարկելը քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձի կարևորագույն իրավունքներից մեկն է:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք։ Այդ իրավունքն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 14, կետ 5) և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով (Արձանագրություն 7, հոդված 2):

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (նախկին հանձնաժողովի) իրավական դիրքորոշումների համաձայն (2007թ., ընդհանուր կարգի դիտողություններ №32, կետ 47)՝ դատավճռի վերանայման իրավունքը պահանջում է, որպեսզի դատապարտվածը` հիմնավորված, պատշաճ կերպով ձևակերպված դատարանի դատավճռի և դատական նիստերի արձանագրությունների մատչելիության իրավունք ունենա, ինչն անհրաժեշտ է բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ «...արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ փաստացի ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք կարող էին խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը, այլապես դատարանները կարող են էականորեն կրճատել բողոքարկման ժամկետը, անգամ դատական ակտի հանձնումը ձգձգելով անհնարին դարձնել դրա բողոքարկումը («Miragall Escolano and Others v. Spain», 25/01/2000, app. no. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 1487/98, 41509/98, § 37):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից բխում է, որ բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետը մեկնարկում է դատավճռի հրապարակման օրվանից, իսկ դատավճռի հանձնման համար նույն օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված հնգօրյա ժամկետը փաստորեն ներառվում է այդ մեկամսյա ժամկետի մեջ։

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն գործով դիմողին դատավճիռը ոչ թե հանձնվել, այլ ուղարկվել է հնգօրյա ժամկետում և նրան հասանելի է դարձել միայն հրապարակումից հետո՝ վեցերորդ օրը։

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում գնահատել, թե նման իրավիճակներում, երբ դատապարտվածին բողոքարկման համար փաստացի մնում է քսանհինգօրյա կամ պակաս ժամկետ, արդյո՞ք սահմանափակվում են արդար դատաքննության, դատարանի մատչելիության և դատավճռի բողոքարկման՝ նրա իրավունքները, և որքանո՞վ է այդ սահմանափակումն իրավաչափ։

 

8. ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես՝ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1249 որոշումներում նմանատիպ քրեադատավարական հարաբերություններ կարգավորող իրավական նորմերի սահմանադրականության հարցի վերաբերյալ արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ՝ առանձնացնելով այն դեպքերը, երբ բողոքարկվող դատական ակտը շահագրգիռ անձին օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դառնում նրա կամքից անկախ պատճառներով։ Դատարանը գտել է, որ՝ «…բոլոր այն դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից անկախ պատճառներով, իրավունքի ուժով /ex jսre/ բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը» (ՍԴՈ-1052)։

 Սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ բարձրացված հիմնախնդիրը դիտարկել Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հաշվի առնելով 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածում ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու և 78-րդ հոդվածում ամրագրված՝ համաչափության սկզբունքները:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Այսպես` ՍԴՈ-1052 որոշման մեջ նշվել է, որ՝ «ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրելով, որ ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ՝ երաշխավորելու իրավական որոշակիությունը, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով, մասնավորապես, իր՝ ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-690, ՍԴՈ-719 որոշումներում ամրագրված՝ վերը նշված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է՝ ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար»։

 ՀՀ սահմանադրական դատարանն այնուհետև արձանագրել է, որ՝ «...վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը»։

ՍԴՈ-1062 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, ստացման և վճռաբեկության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի մասին նույնատիպ հարց, անդրադարձել է վերը նշված ՍԴՈ-1052 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ թեև այդ որոշմամբ քննության առարկա է դարձվել միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հիմնահարցը, այնուհանդերձ, համապատասխան իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև ըստ էության կայացված դատական ակտերի նկատմամբ: Դատարանն արձանագրել է, որ հրապարակման պահից բողոքարկման ժամկետի հաշվարկն ինքնին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին:

Սահմանադրական դատարանը գտել է, որ «ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում ... սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ»: Սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին:

 

9. ՀՀ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքների և ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդրության զարգացումը կարող է հանգեցնել, մի կողմից՝ բողոքարկման փաստացի ժամկետի, մյուս կողմից՝ դատական ակտի պատճենը կողմին տրամադրելու ժամկետի միջև ոչ արդյունավետ հավասարակշռության: Օրինակ, չի բացառվում, որ հետագա օրենսդրական զարգացումների արդյունքում օրենսդիրը դատական ակտի պատճենը կողմին տրամադրելու համար նախատեսի ավելի մեծ ժամկետ, քան 5 օրն է՝ դրանով իսկ նվազեցնելով այն ժամկետը, որն անհրաժեշտ է կողմին հիմնավոր բողոք բերելու համար: Մինչդեռ ենթադրվում է, որ օրենսդիրը դատական ակտի բողոքարկման համար որոշակի ժամկետ է սահմանում բողոքարկվող դատական ակտի բնույթի, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտության հաշվառմամբ։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՍԴՈ-1062 որոշման մեջ ամրագրված այն իրավական դիրքորոշումները, որ՝ «...գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը», և որ «...անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար», ամրագրվել են տվյալ գործով վիճարկվող նորմում դատական ակտի պատճենը կողմին տրամադրելու համեմատաբար փոքր՝ եռօրյա ժամկետի հաշվառմամբ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում ՍԴՈ-1062 որոշման մեջ ամրագրված դիրքորոշումները չեն կարող պարզ անալոգիայով կիրառվել կոնկրետ գործով նմանատիպ հարաբերություններ կարգավորող այլ նորմերի կիրառման դեպքում, այնպես, ինչպես դիմողի գործով արել են քրեական վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Այսինքն, եթե դատական ակտի պատճենը կողմին տրամադրելու եռօրյա ժամկետի դեպքում Սահմանադրական դատարանն առնվազն 27-օրյա ժամկետի առկայությունը բավարար է համարել դատական ակտի բողոքարկման համար, ապա դա չի նշանակում, որ այն ինքնաբերաբար տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ օրենսդրությամբ սահմանված է տվյալ տեսակի դատական ակտի պատճենը կողմին հանձնելու հնգօրյա ժամկետ կամ նույնիսկ հնգօրյա ժամկետը խախտելու պարագայում: Ավելին, չպետք է մեխանիկական մոտեցում դրսևորել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացման ու դատարանին անհիմն չծանրաբեռնելու մոտեցումների միջև ընտրություն կատարելիս:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանի թերացման հետևանքով դատական ակտն ուշ է հասանելի դարձել իրավասու անձին, և դա փաստարկվել ու հիմնավորվել է, ապա նրա համար իրավունքի ուժով պետք է երաշխավորվի դատական ակտը հասանելի դառնալու պահից մեկամսյա ժամկետում բողոք բերելու հնարավորությունը:

Սահմանադրական վերջին փոփոխությունների հաշվառմամբ զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտի հանձնումն անձին /նրա համար հասանելի դարձնելը/ այն հրապարակելու օրվանից հնգօրյա ժամկետում՝ ինքնին սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, եթե երաշխավորվի դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման, և պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածին՝ ՍԴՈ-1052 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:

 

10. ՍԴՈ-1052 որոշման մեջ Սահմանադրական դատարանը կարևորել է նաև դատական պաշտպանության երաշխավորման մեկ այլ կառուցակարգի՝ բաց թողնված ժամկետի վերականգնման ինստիտուտի առկայությունն ընդհանրապես, երբ այն տեղի է ունեցել դատարանից անկախ պատճառներով։ Հետագայում՝ ՍԴՈ-1249 որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ՝ «…որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը»: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանը գտել է, որ այդպիսի դեպքերում նույնպես ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում: Այդ դեպքերի առնչությամբ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ՝ «…երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով /ex jսre/՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

 

11. Իրավական որոշակիության վերաբերյալ դիմողի հարցադրումների առնչությամբ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ ՍԴՈ-747 և ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, ՍԴՈ-947 որոշման 8-րդ կետում կրկին ընդգծել է, որ՝ «…օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունների բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»:

Անդրադառնալով սույն գործով վիճարկվող դատավարական դրույթների կիրառման դատական պրակտիկային՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանները ոչ միայն ՍԴՈ-1052 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներն ինքնաբերաբար տարածել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա և յուրովի են ընկալել ու կիրառել Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները, այլև ձևավորել են հակասական իրավակիրառական պրակտիկա: Մասնավորապես, գործի նյութերը վկայում են, որ.

- ԵԱԴԴ/0049/01/15 գործով 13.08.15թ. դատավճիռն ստացվել է 26.08.15թ. և բողոքարկվել է ստացման պահից 30 օր անց՝ 25.08.15թ.,

- ԵԱԴԴ/0004/01/13 գործով 27.07.15թ. դատավճիռն ստացվել է 07.08.15թ. և բողոքարկվել է ստացման պահից 31 օր անց՝ 07.09.15թ.,

- ԵԱՆԴ/0078/01/12 գործով 24.03.14թ. դատավճիռն ստացվել է 15.04.15թ. և բողոքարկվել է ստացման պահից 30 օր անց՝ 15.05.14թ.,

- ՍԴ/0143/01/13 գործով 30.09.14թ. դատավճիռն ստացվել է 17.11.14թ. և բողոքարկվել է ստացման պահից 30 օր անց՝ 17.12.14թ.:

Ընդ որում, վերոհիշյալ բոլոր բողոքներն ընդունվել են վարույթ և դրանցից ոչ մեկն առանց քննության չի թողնվել:

Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի և դատապարտվածի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ՝ Սահմանադրական դատարանը վերստին ընդգծում է ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»։

 

12. Հաշվի առնելով վերոշարադրյալը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 75 և 78-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ելնելով մարդու իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման ու իրավակիրառական պրակտիկայում առկա հակասական մոտեցումների հաղթահարման անհրաժեշտությունից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա/ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ/ նման պարագայում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jսre) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների,

գ/ ՀՀ օրենսդիրը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ներկա պահանջները, ելնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անմիջական գործողության երաշխավորման անհրաժեշտությունից, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հետագա բարեփոխումների համար հիմք պետք է ընդունի այն սկզբունքը, որ բողոք բերողի համար երաշխավորվի դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման:

 

13. ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործն այդ մասով ենթակա է կարճման, քանի որ դիմողը չի սպառել օրենքով նախատեսված դատական պաշտպանության միջոցները: Հիմք ընդունելով սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն այս իրավիճակում պահպանում է իր նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման հնարավորությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի մասով կարճել:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի՝ ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետն ամբողջությամբ՝ առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքների հիմքով ենթակա է վերանայման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 դեկտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1394