Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-246-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2011-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.09.16/6(17) Հոդ.1357
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու գործում հանրապետության տնտեսության մրցունակությունը որակական նոր մակարդակի հասցնելու, ինչպես նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ (այսուհետ` բարեփոխումների խորհուրդ) և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը.

2) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը (արդյունավետ կառավարման օրակարգը):

4. Սահմանել, որ`

1) բարեփոխումների խորհրդի բնականոն գործունեությունն ապահովվում է պետական կազմակերպության միջոցով.

2) բարեփոխումների խորհուրդն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված գործընթացի շրջանակներում, իր կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին.

3) բարեփոխումների խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման, պարզեցման մասին առաջարկությունները և նպատակահարմարության դեպքում սահմանված կարգով ընթացք է տալիս դրանց: Ներկայացված առաջարկությունների վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում բարեփոխումների խորհուրդն իր կանոնադրության համաձայն որոշում է ընդունում դրանց ընթացք տալու նպատակահարմարության վերաբերյալ:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ համագործակցել բարեփոխումների խորհրդի և նրա գործունեությունն ապահովող պետական կազմակերպության հետ` սույն հրամանագրի 1-ին կետով նախատեսված գործընթացի շրջանակներում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-246-Ն

 
 

 Հավելված 1
 ՀՀ Նախագահի
2011 թ. սեպտեմբերի 17-ի
ՆՀ-246-Ն հրամանագրի

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավարի պաշտոնակատար

       Վ. Սարգսյան

 

 

 Հավելված 2
 ՀՀ Նախագահի
2011 թ. սեպտեմբերի 17-ի
ՆՀ-246-Ն հրամանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտ

2. Գյուղատնտեսության և ջրային տնտեսության կառավարման ոլորտ

3. Մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության և գիտության ոլորտ

4. Ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտ

5. Արտակարգ իրավիճակների ոլորտ

6. Էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ

7. Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների ոլորտ

8. Իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտ

9. Սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ

10. Տրանսպորտի և կապի ոլորտ

11. Քաղաքաշինության ոլորտ

12. Քաղաքացիական ավիացիայի ոլորտ

13. Հողային հարաբերությունների և անշարժ գույքի կադաստրի ոլորտ

14. Պետական գույքի կառավարման ոլորտ

15. Ֆինանսական շուկաների ոլորտ

16. Հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ

17. Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավարի պաշտոնակատար

       Վ. Սարգսյան