Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.06/73(1348).1 Հոդ.1208.14
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0155/01/15

ԵՇԴ/0155/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան  
                 Դատավորներ` Ա. Խաչատրյան  
                                           Ս. Համբարձումյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Լ. Թադևոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ`  
  դատախազ

Տ. Խաչատրյան

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամ Նորիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2015 թվականի ապրիլի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 62209215 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արամ Նորիկի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի նոյեմբերի 22-ին Ա. Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 24-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Արամ Վարդանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է:

Վճռվել է նաև ամբաստանյալ Ա. Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունիսի 2-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 24-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ա. Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պատժի կրումից 1 տարի 6 ամիս 6 օր ժամկետով պայմանական վաղաժամկետ ազատված լինելով և 2014 թվականի օգոստոսի 5-ից հաշվառման մեջ գտնվելով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքում, պարտավորություն ստանձնած լինելով չփոխելու մշտական բնակության վայրը, ամիսը երկու անգամ ներկայանալ և ստորագրել պաշտոնական փաստաթուղթ համարվող, անձնական գործին կցված` այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցում` 2014 թվականի նոյեմբերի 26-ին այցելելով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունք` ստորագրել է նշված ամսաթվի դիմաց, որից հետո առանց թույլտվության ՌԴ մեկնելու և վերահսկողությունից չարամտորեն խուսափելու նպատակով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, անձնական գործին կցված` այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը` ստորագրելով նաև «03.12.2014» ամսաթվի դիմաց, որից հետո մեկնել է ՌԴ և վերադարձել 2015 թվականի հունվարի 24-ին, խուսափել իր վրա դրված պարտականություններից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 242-245):

6. Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով Ա. Վարդանյանի անմեղությունը վերջինիս առաջադրված մեղադրանքում, ի թիվս այլոց, փաստել է.«(...) [Ի]ր բնույթով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում տարվող և դատապարտյալների անձնական գործին կցվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող «ժամանակացույցը» իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել և Արամ Վարդանյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել:

Անդրադառնալով մեղադրող Տաթևիկ Խաչատրյանի այն պնդմանը, որ նշված «ժամանակացույցը» ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դատապարտյալների անձնական գործի անբաժան մասն է, ուստի` նույնպես համարվում է պաշտոնական փաստաթուղթ, դատարանն այն անհիմն է համարում` հետյալ պատճառաբանությամբ:

Այսպես.

[Առաջին ատյանի դատարանում] հարցաքննված վկաները` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցներ Կարեն Գրիգորյանն ու Վաչիկ Գրիգորյանը, հայտնել են, որ քննարկվող «ժամանակացույցը» հատուկ մշակված և հաստատված չէ, այն կազմվում է յուրաքանչյուր բաժանմունքի կողմից առանձին, ազատ ոճով և նախատեսված է ներքին օգտագործման համար:

Միևնույն ժամանակ նշված վկաները հայտնեցին, որ դատապարտյալների վրա երկրից բացակայելու արգելք դրված չէ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը:

Նշված փաստաթղթով հաստատվել են տասնյակից ավել ձևաթղթեր, ցանկեր, տեղեկանքներ, ծանուցումներ և այլն:

[Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ չի հաստատվել, հետևաբար` այն չի կարող համարվել պաշտոնական փաստաթուղթ:

Այսպիսով, [Առաջին ատյանի դատարանը] հանգել է հետևության, որ ամբաստանյալ Արամ Վարդանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը, ուստի` բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը (...)» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 73-75):

7. Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, միևնույն ժամանակ արձանագրել է. «(…) [Առաջին ատյանի դատարանը], արդարացնելով ամբաստանյալ Ա. Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իրավացիորեն հանգել է ճիշտ հետևության` նկատի ունենալով հետևյալը.

ՀՀ կառավարության 26 հոկտեմբերի 2006 թվականի թիվ 1561-Ն որոշմամբ հաստատված է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը», ըստ որի` դատապարտյալի անձնական գործը հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ:

Իսկ նույն որոշման 5-րդ գլխի դրույթներով սահմանված են պաշտոնական փաստաթղթերի սպառիչ ցանկը /ձև 1, 2, 3, 4, 5, 9, 10/:

Վարույթն իրականացնող մարմնի` 20.11.2015 թվականի որոշմամբ` սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Արամ Նորիկի Վարդանյանի N 35/159-14 անձնական գործի ուսումնասիրությունից երևում է, որ, ի թիվս անձնական գործում առկա ՀՀ կառավարության 26 հոկտեմբերի 2006 թվականի թիվ 1561-Ն որոշմամբ հաստատված պաշտոնական փաստաթղթերի /ձև 1, 2, 3, 4, 5, 9, 10/, անձնական գործում առկա է նաև «դատապարտյալների այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող» անվամբ «ժամանակացույց», որը ՀՀ կառավարության վերոգրյալ որոշմամբ ներառված չէ անձնական գործում առկա պաշտոնական փաստաթղթերի սպառիչ ցանկում, հետևաբար` այն չի հանդիսանում պաշտոնական փաստաթուղթ:

(...)

Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ դատապարտյալ Ա. Վարդանյանի անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող «ժամանակացույցը» միասնական համաձայնությամբ ստեղծված ձևանմուշ է և ոչ պաշտոնական փաստաթուղթ:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում ամբաստանյալ Արամ Վարդանյանի արարքում` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշների, մասնավորապես` օբյեկտիվ կողմի, հետևաբար` ամբողջ հանցակազմի առկայությունը, որի պայմաններում [Առաջին ատյանի դատարանն] ամբաստանյալ Ա. Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելու վերաբերյալ, իրավացիորեն հանգել է ճիշտ հետևության (...)» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 132-147):

8. Դատապարտյալ Ա. Վարդանյանի անձնական գործին կցված՝ դատապարտյալի այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը գտնվում է նյութական կրիչի վրա, ներառում է փաստաթղթի տրման օրը, Ա. Վարդանյանի այցելությունների ամսաթվերի դիմաց դրված ստորագրությունները` հաստատված ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Վ. Գրիգորյանի ստորագրությամբ և բաժանմունքի կնիքով (տե՛ս Ա. Վարդանյանի անձնական գործը, թերթ 5):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ, սխալ են մեկնաբանել նյութական իրավունքը, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հանցակազմի առարկա հանդիսացող «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությունը՝ դրան հաղորդելով իր քրեաիրավական նշանակությանը չհամապատասխանող սահմանափակ իմաստ: Ըստ բողոքաբերի՝ դատարանները, առանց պատճառաբանության և օրենսդրական որևէ հիմնավորման, լրացուցիչ չափանիշներ են սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող փաստաթուղթը պաշտոնական համարելու համար: Մասնավորապես՝ բողոքի հեղինակը նշել է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը պաշտոնական փաստաթուղթ չհամարելը ստորադաս դատարանները պայմանավորել են նրանով, որ այն ամրագրված չէ նորմատիվ իրավական ակտով:

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, ինչպես նաև վկայակոչելով այն հանգամանքը, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից և այդ մարմնի անունից տրվող տեղեկատվություն է պարունակում, որը գտնվում է նյութական կրիչի վրա ու հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, եզրակացրել է, որ այն անհրաժեշտ է համարել պաշտոնական փաստաթուղթ:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանների՝ պաշտոնական փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանությունները հակասում են Սամվել Գաբրիելյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի գործով դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 24-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 2-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական փաստաթուղթ չդիտելու առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դատողություններն արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»:

Մեջբերված հանցակազմի դիսպոզիցիայի նկարագրությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության պարտադիր հատկանիշ է համարվում հանցագործության առարկան՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայականը կամ պաշտոնական այլ փաստաթուղթը, ինչպես նաև կնիքը, դրոշմը, ձևաթուղթը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը:

13.1. Վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա հանդիսացող պաշտոնական փաստաթղթի բովանդակությունը ու հատկանիշները՝ Վճռաբեկ դատարանը Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով որոշման շրջանակներում փաստել է.«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով «իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ» (…) եզրույթը ենթադրում է, որ համապատասխան հանցակազմի առարկան է կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, իրադարձություն հավաստող այն փաստաթուղթը, որը տրամադրում է որևէ իրավունք կամ ազատում պատասխանատվությունից: (…) «[Պ]ատասխանատվությունից ազատել» եզրույթը ներառում է ինչպես իրավական պատասխանատվության որևէ տեսակից (քրեական, վարչական, կարգապահական, քաղաքացիաիրավական և այլն), այնպես էլ որևէ պարտականությունից ազատելու հատկանիշը (տե՛ս Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 15-րդ կետը):

Ավելին՝ մատնանշված որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ փաստաթուղթը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական դիտարկվելու համար պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինի: Մասնավորապես` փաստաթուղթը պետք է գտնվի նյութական կամ էլեկտրոնային կրիչի վրա, ունենա որոշակի վավերապայմաններ, օրինակ` կնիք, դրոշմ, ստորագրություն և այլն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաթղթի ձևակերպմանը վերաբերող սույն հատկանիշների առկայությունը, ինչպես նաև փաստաթղթի՝ համապատասխան մարմիններում փաստաթղթաշրջանառության օբյեկտ լինելը, հաշվետվողական բնույթ ունենալը, դրա նկատմամբ հսկողությունը կարող են վկայել փաստաթղթի իրավական բնույթի և դրա՝ իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության մասին (տե՛ս Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 14-րդ կետի 3-րդ ենթակետը և 15-րդ կետը): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու տեսանկյունից պարտադիր չէ, որ այն իրավական հետևանքներ առաջացրած լինի, այլ բավարար է միայն, որ այն իր բնույթով օժտված լինի այդպիսի հետևանքներ առաջացնելու, իրավահարաբերությունների վրա ազդեցություն ունենալու հնարավորությամբ (տե՛ս Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 18-րդ կետը):

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական փաստաթղթի տրման սուբյեկտին, ապա վերահաստատելով թիվ ՎՔԲ-106/06, թիվ ԵՇԴ/0115/01/09 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև վերլուծելով Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ կարող է տրվել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, այնպես էլ այլ իրավաբանական անձանց կողմից (տե՛ս Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 15.2.-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

ա) Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում փաստել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում տարվող և դատապարտյալների անձնական գործին կցվող «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ն իր բնույթով իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել և Ա. Վարդանյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել:

Ըստ Առաջին ատյանի դատարանի` քննարկվող ժամանակացույցը ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ չի հաստատվել, հետևաբար այն չի կարող համարվել պաշտոնական փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

բ) Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, միաժամանակ արձանագրել է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը միասնական համաձայնությամբ ստեղծված ձևանմուշ է և ոչ պաշտոնական փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1.-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքի կողմից տրված փաստաթուղթը՝ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում:

16. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված փաստաթուղթը ներառում է համապատասխան հոդվածի իմաստով պաշտոնական դիտարկվելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները:

Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ն օժտված է հետևյալ հատկանիշներով՝

- այն իր բնույթով ունի իրավաբանական նշանակություն, հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ: Մասնավորապես՝ վերջինս հավաստում է ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ դատապարտյալի կողմից բաժանմունք ամիսն առնվազն մեկ անգամ ներկայանալու իրավաբանական փաստը: Միևնույն ժամանակ այն, ներառված լինելով դատապարտյալի անձնական գործում (դա բխում է ՀՀ կառավարության հիշյալ որոշման հավելվածի 49-րդ կետի 2-րդ պարբերությունից, ըստ որի՝ անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին), համապատասխան միջնորդության քննարկման ժամանակ կարող է ունենալ առանցքային նշանակություն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծելիս: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու տեսանկյունից պարտադիր չէ, որ այն իրավական հետևանքներ առաջացրած լինի, այլ բավարար է միայն, որ այն իր բնույթով օժտված լինի այդպիսի հետևանքներ առաջացնելու, իրավահարաբերությունների վրա ազդեցություն ունենալու հնարավորությամբ (տե՛ս սույն որոշման 13.1.-րդ կետը), ինչպիսին սույն դեպքում հանդիսանում է «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը,

- այն կազմվել է պետական մարմնի կողմից, մասնավորապես՝ փաստաթուղթը տրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երևանի Էրեբունի և Նուբարաշենի բաժանմունքի պետի և բաժանմունքի անունից,

- այն պատշաճ կերպով ձևակերպված է, մասնավորապես՝ գտնվում է նյութական կրիչի վրա, կնքված է, նշված է փաստաթղթի տրման օրը, փաստաթղթում առկա տեղեկատվության (ի թիվս այլոց, դատապարտյալի բաժանմունք ներկայանալու օրերը` հաստատված վերջինիս ստորագրությամբ) իսկությունը վավերացված է Երևանի Էրեբունի և Նուբարաշենի բաժանմունքի պետի ստորագրությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, ըստ որի` «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ն իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել: Ինչ վերաբերում է նույն դատարանի այն դիրքորոշմանը, որ նշյալ փաստաթուղթն Ա. Վարդանյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական է համարվում ոչ միայն իրավունք վերապահող, այլև պատասխանատվությունից ազատող փաստաթուղթը: Իսկ սույն դեպքում այն դրսևորվել էր ոչ միայն նրանում, որ «ժամանակացույց»-ն իր բնույթով օժտված է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությամբ (տե՛ս սույն որոշման նախորդ կետը), այլև նրանում, որ Ա.Վարդանյանը, իր վրա դրված պարտականությունը չկատարելով, մասնավորապես՝ համապատասխան օրը (2014 թվականի դեկտեմբերի 3-ին) բաժանմունք չներկայանալով, նախապես ստորագրել է չներկայացած օրվա դիմաց (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), այսինքն՝ հավաստել է իր վրա դրված պարտականությունն իբր պատշաճ կերպով կատարված լինելու փաստը՝ դրանով իսկ իրեն ազատելով փաստացի չկատարված պարտականությունից:

17.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերը հիմնավորել են նաև նրանով, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը չի հաստատվել ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ, այդ իրավական ակտի դրույթներով նախատեսված չէ դատապարտյալի ներկայանալու ժամանակացույց սահմանող ձևաթղթի կազմման և այն շրջանառության մեջ դնելու կարգ, հետևաբար համապատասխան փաստաթուղթը չի կարող հանդիսանալ նշված հանցագործության առարկա համարվող պաշտոնական փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ստանձնել է պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն (մինչ կատարված համապատասխան օրենսդրական փոփոխությունները): Իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված պահանջների, մասնավորապես՝ դատապարտյալի կողմից բաժանմունք ամիսն առնվազն մեկ անգամ ներկայանալու պարտականությունը սահմանող նորմի կատարումն ապահովելու նպատակով հիշյալ բաժնի կողմից կազմվել և շրջանառության մեջ էր դրվել միասնական ձևանմուշի փաստաթուղթ, որտեղ, ի թիվս այլոց, նշվել են դատապարտյալի ներկայանալու օրերը, իսկ դրանց դիմաց՝ վերջինիս ստորագրությունը: Այլ կերպ՝ վերահսկողության համար ընտրված սույն ձևը բխել է այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքների կողմից դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և դատապարտյալի հիշյալ պարտականությունը սահմանող նորմի կատարումն ապահովելու պահանջներից, ուստիև ստորադաս դատարանների վերոգրյալ հետևությունները չեն կարող հիմնավոր համարվել: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում այն դատողությանը, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու համար պարտադիր է, որ այն անմիջականորեն հաստատված լինի նորմատիվ իրավական ակտով. որոշակի փաստաթղթի կազմման հնարավորությունը կարող է առանձին դեպքերում բխել նաև համապատասխան մարմնի ընդհանուր բնույթի լիազորություններից (տե՛ս Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 18.2-րդ կետը):

18. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրակացնում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական փաստաթուղթ չդիտելու առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դատողությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկայի՝ պաշտոնական փաստաթղթի հասկացությունը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է հանգի համապատասխան հետևության:

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Նորիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամ Նորիկի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Արամ Նորիկի Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Լ. Թադևոսյան
    Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան