Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2017-16.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.749
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 783-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՈՒ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 127-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 783-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՈՒ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների (այսուհետ` հատուկ կացարան) գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, կանոնները, հատուկ կացարաններից օտարերկրացիների ազատման հետ կապված հարաբերությունները:

2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով ու «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) սահմանային վերահսկողության ստորաբաժանումների զինծառայողները (այսուհետ` սահմանապահներ) օտարերկրացիներին ուղեկցում են տարանցիկ գոտում գտնվող կամ այդ նպատակով անցման կետի տարածքում սարքավորված հատուկ կացարաններ:

3. Հատուկ կացարանը հուսալի փականներով փակվող դռներով սենյակ (շինություն) է` կից միջանցքով, որտեղ կբացառվի այլ անձանց ներթափանցումը, ինչպես նաև սահմանապահին հնարավորություն կընձեռվի մշտապես հսկողություն իրականացնելու այնտեղ պահվող անձանց նկատմամբ: Յուրաքանչյուր անցման կետում պետք է լինի առնվազն երկու սենյակ` տարբեր սեռերի անձանց, տարբեր երկրների քաղաքացիներին (իր ցանկությամբ), տարբեր կրոնների ներկայացուցիչներին առանձին պահելու համար: Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն սեղանով, աթոռներով, անշարժ պահարանով` ձեռքի իրերի և ուղեբեռի համար, կենցաղային իրերի կողապահարանով, մահճակալով (այդ թվում` մանկական), խոհանոցով, անկողնային պարագաներով, հեռուստացույցով, սպասքի պարագաներով, լվացարանով, սանհանգույցով, սենյակը մաքրելու պիտույքներով, կենցաղում օգտագործվող այլ առարկաներով (սրբիչ, օճառ, գոգաթիակ և այլն), հակահրդեհային անվտանգության միջոցներով, օդափոխիչով: Օտարերկրացիներն անձնական հիգիենայի համար ապահովվում են նաև տաք ջրով` լողանալու հնարավորությամբ:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Օտարերկրացիները հատուկ կացարաններում պահվում են սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետի կամ նրան փոխարինող անձի որոշման հիման վրա: Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների վերաբերյալ գրանցում է կատարվում համապատասխան մատյաններում: Հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը (լրացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

5. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրացիները հատուկ կացարաններում ժամանակավոր պահվում են` մինչև հանգամանքները պարզելը և նրանց նկատմամբ որոշում ընդունելը, իսկ Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողներին` մինչև ապաստանի հայցի ընդունումն ու գրանցումը (հատուկ այդ նպատակով նախատեսված գրանցամատյանում)` դրա մասին տեղեկացնելով միգրացիայի հարցերով լիազոր մարմնին և ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:

6. Հատուկ կացարաններում չեն կարող պահվել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օտարերկրացիները:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

7. Օտարերկրացիները հատուկ կացարաններում կարող են պահվել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում ու «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետներով ու կարգով:

8. Մինչև հատուկ կացարանում օտարերկրացիներին տեղավորելը` սահմանապահներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն զննության ենթարկելու, իսկ անհրաժեշտության դեպքում, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետի և «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետի համաձայն, վերցնելու նրանց իրերն ու փաստաթղթերը, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Արգելվում է օտարերկրացիների անձնական զննումն իրականացնել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

9. Մինչև օտարերկրացիներին հատուկ կացարանում պահելը, ինչպես նաև կացարանում գտնվելու ամբողջ ընթացքում` առողջական վիճակն ստուգելու և վարակիչ հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հետագա բժշկական հսկողության իրականացման նպատակով նրանք հետազոտվում են անցման կետում գործող բուժկետի և ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի (այսուհետ՝ բժշկասանիտարական հսկիչ կետ) անձնակազմի կողմից:

(9-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

10. Օտարերկրացիներին պահելու համար հատուկ կացարանում ստեղծվում են`

1) տղամարդկանց, կանանց և (կամ) անչափահասներին առանձին պահելու սենյակներ.

2) ընտանիքի համար նախատեսված սենյակ.

3) հիվանդների և հաշմանդամների համար սենյակ:

11. Հատուկ կացարաններում պահվող հաշմանդամ անձանց թույլատրվում է ունենալ հենակներ և պրոթեզներ:

12. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիներին առաջին բժշկական օգնություն ցույց է տրվում տվյալ անցման կետի բուժկետի բուժաշխատողի կամ շտապ բժշկական օգնության մասնագիտացված ծառայության կողմից: Հատուկ կացարանների սանիտարահակահամաճարակային հսկողությունն իրականացվում է տվյալ անցման կետի բժշկասանիտարական հսկիչ կետի կողմից, իսկ վարակիչ հիվանդությունների արձանագրման ժամանակ առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

(12-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

13. Հատուկ կացարաններում պահվող` ստացիոնար և մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող օտարերկրացիներն անցման կետում գործող բուժկետի բուժաշխատողի և բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետի կամ շտապ բժշկական օգնության բժշկի կամ տվյալ բժշկասանիտարական հսկիչ կետին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության գրավոր եզրակացությամբ և դրա հիման վրա սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից կայացված որոշմամբ փոխադրվում են մասնագիտացված բժշկական հաստատություն:

(13-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

14. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների նկատմամբ հսկողությունն իրականացվում է սահմանային վերահսկողության ստորաբաժանման հերթափոխի անձնակազմի կողմից` հերթափոխի պետի պատասխանատվությամբ: Կացարանին կից սահմանապահի ծառայողական սենյակի կահավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

15. Այն օտարերկրացիները, ովքեր հատուկ կացարաններում պահվում են 3 ժամից ավելի, ապահովվում են առաջին անհրաժեշտության իրերով և սննդով: Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների սնունդն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր է կնքվում անցման կետի տարածքում գործող սննդի կետի հետ: Օտարերկրացիները, ըստ ցանկության, կարող են իրենց սնունդն ապահովել սեփական միջոցներով:

16. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիները սույն կարգի 3-րդ կետում նշված առաջին անհրաժեշտության իրերով ու պարագաներով ապահովվում են սահմանապահ զորքերի կողմից:

17. Հատուկ կացարանների սենյակներում նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի + 180 C:

18. Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն մշտական էլեկտրականությամբ:

19. Հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ կացարաններում պետք է տեղադրված լինեն առնվազն 3 կրակմարիչ:

20. Ավտոմոբիլային անցման կետերում գտնվող հատուկ կացարանները մաքրվում և ախտահանվում են սահմանային վերահսկողության տվյալ ստորաբաժանման հավաքարարների կողմից, օդային և երկաթուղային անցման կետերում այն ապահովվում է օդանավակայանի և երկաթուղային կայարանի ադմինիստրացիայի կողմից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից:

(20-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

21. Օտարերկրացիները հատուկ կացարանում պահվելու ժամանակ օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների ցանկը, որոնց աշխատողներն ունեն ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք, սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից` խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ:

(21-րդ կետը լրաց. 09.02.17 N 121-Ն)

22. Հատուկ կացարանները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

23. Հատուկ կացարաններում գտնվելու ժամանակ օտարերկրացիների կողմից ներկայացվող առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Հատուկ կացարաններից օտարերկրացիները բաց են թողնվում հանգամանքները կամ անձանց ինքնությունը պարզվելուց հետո: Հատուկ կացարաններից օտարերկրացիները բաց են թողնվում սահմանապահ զորքերի հրամանատարի թույլտվությամբ` զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, կամ ի կատարումն դատական ակտի:

25. Հատուկ կացարաններում պահվող` ապաստան հայցող անձանց իրավասու մարմիններին հանձնելիս` սահմանապահները կազմում են հանձնման (փոխանցման) ակտ և համապատասխան գրառում են կատարում ապաստան հայցողների գրանցամատյանում:

26. Հատուկ կացարաններից օտարերկրացիներին բաց թողնելիս` սահմանապահները վերադարձնում են վերցված բոլոր իրերը և փաստաթղթերը` բացառությամբ կեղծ փաստաթղթերի և այն իրերի, որոնք իրավախախտման կատարման առարկա են:

27. Վարակիչ հիվանդություններով վարակված օտարերկրացիներին հանձնելուց կամ բաց թողնելուց հետո հատուկ կացարանների սենյակներում իրականացվում է եզրափակիչ ախտահանում: Անցման կետի բժշկասանիտարական հսկիչ կետի կողմից սահմանվում է հսկողություն եզրափակիչ ախտահանման աշխատանքների իրականացման նկատմամբ:

(27-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

(հավելվածը լրաց. 09.02.17 N 121-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան