ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1301-Ն
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վրահուղարկավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանում է`
1) I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների հուղարկավորության դեպքում.
2) արտակարգ իրավիճակների ժամանակ (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն), երբ գերեզմանատունը ենթարկվում է խախտման, ինչի արդյունքում կարող է առաջանալ աճյունի ամբողջականության վնասում և վարակի տարածման վտանգ:
3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գերեզմանատունն ամբողջությամբ կամ դրա վնասված հատվածը ենթակա է վնասազերծման, փակման և աճյունների տեղափոխման:
4. Գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) աշխատանքները կազմակերպվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի` կազմելով հանձնաժողովներ, որոնց կազմերում ընդգրկվում են պետական կառավարման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի և համապատասխան համայնքի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընդունում է որոշում գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) միջոցառումների մասին և տեղեկացնում գերեզմանատանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման համաձայն հաշվառված գերեզմանատեղերի (գերեզմաններ) հուղարկավորությունն ստանձնած անձանց: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն)
5. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա:
(5-րդ կետը լրաց. 30.11.17 N 1514-Ն)
6. Տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների բացակայության դեպքում՝ հողի, ջրի մակերևույթին հայտնված դիակները տեղափոխվում են այլ գերեզմանատուն և թաղվում ինչպես այլ դիակներ (վերջիններիս վրա չի տարածվում ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների դիակների հուղարկավորմանը կամ դիակիզմանը, գերեզմանատների վարակազերծմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները):
7. Այն դեպքերում, երբ առկա են տվյալներ նախկինում տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների թաղված լինելու մասին, ապա գերեզմանատան տարածքը վնասազերծվում է որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:
8. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածի դիակը դիակիզվում է:
9. Դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանիչ հագուստը և բոլոր առարկաները, ինչպես նաև փոխադրամիջոցը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման` որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:
10. Մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակներից մահացած մարդկանց դիակները տուն չեն տեղափոխվում:
11. Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացվում է ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դիակը տեղափոխվում է դիակիզարան ցանկացած դիատարով: Դիակիզման արարողությունից առաջ արգելվում է դագաղի բացումը:
12. Դիակիզումը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում՝ տեղափոխելուց անմիջապես հետո` դագաղի հետ միասին: Դիակիզումից հետո ստացված մոխիրն ամփոփվում է աճյունասափորի մեջ և տեղադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված թաղման և դիակիզման կարգի համաձայն:
13. Սույն կարգի համաձայն դիակիզումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում դիակիզարաններ կառուցելուց և դրանք գործարկելուց հետո:
(հավելվածը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով uահմանվում է վրահուղարկավորման կազմակերպման կարգը:
2. Մահացածի հարազատների ցանկությամբ` իրենց պատկանող գերեզմանում վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, մահվան վկայականի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է անվճար, մեկ օրվա ընթացքում, մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի և գերեզմանի վկայականի (առկայության դեպքում) հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)
5. Չի թույլատրվում վրահուղարկավորում կատարել, եթե`
1) նախկինում մահացածի աճյունը հուղարկավորվել է ցինկապատ, հերմետիկ զոդված դագաղով.
2) նախկինում մահացածի կամ վրահուղարկավորման ենթակա մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը:
6. Վրահուղարկավորումը թույլատրվում է միայն բաց և մասնակի փակ գերեզմանատներում:
7. Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) ընտանեկան գերեզմանում` վրահուղարկավորման միջոցով տեղադրելու համար հատկացվում է նախկինում մահացածի գերեզմանի տարածքից 1 քառ. մետր տարածք:
8. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում կատարում է համապատասխան գրանցումներ վրահուղարկավորման մասին:
(հավելվածը փոփ. 30.11.17 N 1514-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |