Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2017-16.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2017 թվականի N 1398-Ն

 

«ԿԱՊԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 222.210.00830) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի:

2. Հաստատել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

4. «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռուզաննա Մարտիկի Հովհաննիսյանին (անձնագիր` AG06022848, տրված՝ 09.12.2005 թ., 041-ի կողմից):

5. Առաջարկել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին՝ համաձայն N 3 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը թողնված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 4 հավելվածի:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ կնքել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 135/0015 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին, համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով նշված հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 8-րդ կետում նշված գույքի և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականում ներկայացված տվյալները:

10. Սահմանել, որ՝

1) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և դրան են փոխանցվում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման մասին ակտին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է շուրջօրյա խնամքի տրամադրման նպատակով երեխաների ընդունելությունը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից՝ նաև այդ կազմակերպությունում խնամվող երեխաներին շուրջօրյա խնամքի տրամադրումը.

3) մինչև «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումը և համաձայն սույն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա.

4) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի՝ որպես խնամք և այլ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից.

5) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամում խնամք ստացող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունները «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին փոխանցելու մասին ակտը.

2) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 04 խմբի 01 դասի «12. Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի՝ մինչև տարեվերջ պահպանման ծախսերի և սույն կետի 5-րդ ենթակետում նշված ծրագրերի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

3) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով նշված հիմնադրամին փոխանցելու գործընթացը.

4) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը.

5) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում խնամատար ընտանիքների թվի ավելացման, շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանն ուղղված համապատասխան ծրագրեր.

6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ և սույն որոշման N 3 հավելվածում նշված՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին տրամադրվող գույքն ըստ նշանակության վերակառուցելու հնարավորության և անհրաժեշտ միջոցների վերաբերյալ.

7) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ հաստատման:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 8
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ կամ կազմակերպություն) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:

2. Հիմնադրամը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 222.210.00830) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան), որը եղել է «Կապանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

3. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ`

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ.

   

2) հայերեն կրճատ`

ՍՄԵԸԱԿՀ

   

3) ռուսերեն լրիվ`

ФОНД «ЦЕНТР ПОДДЕРЖКИ РЕБЕНКА И СЕМЬИ СЮНИКСКОГО ОБЛАСТИ».

   

4) ռուսերեն կրճատ`

ФЦПРССО.

   

5) անգլերեն լրիվ`

FOUNDATION «SYUNIK MARZ CHILD AND FAMILY SUPPORT CENTER».

   

6) անգլերեն կրճատ`

SMCAFSCF:

4. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

5. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:

6. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

7. Հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կարող է փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ, եթե այդ փոփոխությունները չեն վերաբերում հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

8. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու այլ անհատականացնող միջոցներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

9. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Հիմնադրամն իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:

11. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

12. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

13. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

14. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություններ:

15. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Հիմնադրամը խնամք և այլ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են՝

1) կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումը, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով.

2) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը.

4) ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը:

17. Հիմնադրամի գործունեության առարկան են`

1) կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերման նպատակով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի սոցիալական ծառայությունների մատուցման կազմակերպումը և (կամ) տրամադրումը.

2) կազմակերպությունում խնամք ստացողների օրական մեկ անգամ սննդի, սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, աշխատանքային թերապիայի (14 տարեկանից բարձր երեխաների համար), առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, մշակութային, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը, այդ թվում՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով.

3) կազմակերպության սպասարկման տարածքում հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը, այդ թվում՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով:

18. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընդունելությունը.

2) երեխայի օրինական ներկայացուցչի հետ կնքում է կազմակերպությունում երեխային խնամք տրամադրելու մասին պայմանագիր, ընդ որում, հաշվի է առնվում նաև երեխայի կարծիքը.

3) աջակցում է կազմակերպությունում խնամք ստացող երեխաներին՝ հարմարվելու նոր սոցիալական միջավայրին, ապահովում է ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ.

4) կազմակերպություն երեխայի ընդունելությունից հետո եռօրյա ժամկետում ապահովում է կազմակերպության սոցիալական աշխատանքի մասնագետի և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողների (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) կողմից երեխայի կարիքների գնահատումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի կազմումը և դրան համապատասխան՝ երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

5) խնամքը տրամադրում է երեխայի գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան.

6) ապահովում է իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների (այդ թվում՝ կազմակերպությունում խնամք ստացող երեխաների) անհատական սոցիալական ծրագրերով կազմակերպությանը վերապահված իրավասությունների սահմաններում նախատեսված միջոցառումների իրականացումը, անհատական սոցիալական ծրագրերով սահմանված խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին կազմակերպության սոցիալական աշխատանքի մասնագետի մասնակցությունը.

7) կազմակերպությունում խնամք ստացող երեխաներին տրամադրում է սնունդ՝ օրական մեկ անգամ.

8) ըստ անհրաժեշտության ապահովում է կազմակերպությունում խնամք ստացող՝ դպրոցահասակ երեխաների դասապատրաստումը դպրոցական դասաժամերից հետո.

9) իրականացնում է կազմակերպությունում խնամք ստացող երեխաների ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտմանն ուղղված աշխատանքներ՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները.

10) աջակցում է կազմակերպությունում խնամք ստացող երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց աշխատանքային հմտությունների ձևավորմանը և զարգացմանը.

11) կազմակերպում է կազմակերպությունում խնամք ստացող երեխաների առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ համապատասխան ամբուլատոր բժշկական հաստատությունում.

12) կազմակերպում է կազմակերպությունում խնամվող երեխաների ազատ ժամանցը, այդ թվում՝ մարզական և մշակութային միջոցառումներին, արշավներին, էքսկուրսիաներին երեխաների մասնակցությունը, աջակցում է հոգևոր և մշակութային արժեքներին երեխաների հաղորդակցմանը.

13) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններից դուրս մնացած (կամ այդ հաստատություններ չհաճախող) երեխաներին ուսումնական հաստատություններում տեղավորելու և նրանց հաճախելիությունն ապահովելու համար.

14) կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական անհատական ծրագրերի համաձայն՝ աջակցում է նրանց վերականգնողական օգնության տրամադրման և սոցիալական ներառման գործընթացին՝ այդ նպատակով համագործակցելով բուժատեխնիկական հանձնաժողովի, վերականգնողական օգնություն տրամադրող մարմինների և կազմակերպությունների, սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների հետ.

15) կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող երեխաներին տրամադրում է օկուպացիոն թերապիա.

16) իրականացնում է կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող երեխաների խոսքի արատների շտկման աշխատանքներ.

17) կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող` տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ իրականացնում է միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքներ.

18) ծնողավարման, ընտանեվարության հմտությունների ուսուցման, «ծնող-երեխա» իրական փոխհարաբերությունների բացահայտման արդյունքում առկա հոգեբանական խնդիրների շտկման և խորհրդատվական օգնության տրամադրման միջոցով աջակցում է կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին.

19) կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ դաստիարակության դժվարություններ ունեցող, վնասակար սովորություններով, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաներին տրամադրում է թիրախավորված աջակցություն՝ ուղղված ընտանիքի հետ սոցիալական կապերի ամրապնդմանը, վնասակար սովորություններից ձերբազատմանը և սոցիալական ներառմանը, այդ նպատակով, ըստ անհրաժեշտության, համագործակցելով նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իր գտնվելու վայրի աջակցող ցանցի, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի հետ.

20) իր սպասարկման տարածքում բնակվող երեխաների ընտանիքների, այդ թվում՝ փոխարինող ընտանիքների համար կազմակերպում է ուսուցման դասընթացներ՝ ուղղված քաղաքացիական ակտիվ և արդյունավետ կենսակերպի ձևավորմանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը, ծնողավարման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.

21) իր սպասարկման տարածքում իրականացնում է ընտանիքների և երեխաների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող, երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված հանրային իրազեկման և խորհրդատվական բնույթ կրող աշխատանքներ.

22) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իր գտնվելու վայրի աջակցող ցանցի, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի հետ համագործակցության միջոցով պարբերաբար իրականացնում է իր սպասարկման տարածքում բնակվող՝ երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների ուսումնասիրություն և դրա արդյունքում աջակցող ցանցի անդամներին և միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերին ներկայացնում համապատասխան առաջարկություններ հայտնաբերված սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված համարժեք սոցիալական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ.

23) իր իրավասությունների սահմաններում աջակցում է կազմակերպությունում խնամք ստացող, ինչպես նաև իր սպասարկման տարածքում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող երեխաների, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության աշխատանքներին.

24) վարում է կազմակերպությունում խնամվող երեխաների հաշվառման մատյան, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, կազմակերպությունում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմում է անձնական գործ.

25) երեխային կազմակերպությունում տրամադրվող խնամքը դադարեցնելուց հետո վեց ամսվա ընթացքում՝ մշտադիտարկման նպատակով պահպանում է կապը երեխայի և նրա ընտանիքի հետ՝ այցելությունների կամ հանդիպումների միջոցով.

26) իրականացնում է կազմակերպության աշխատողների (բազմամասնագիտական թիմի) կարողությունների և հմտությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանն ուղղված շարունակական աշխատանքներ.

27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

19. Հիմնադրամի շահառուներ են կազմակերպության սպասարկման տարածքում՝

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքների անդամները.

2) հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաները.

3) ընտանեկան բռնության ենթարկված անձինք և նրանց ընտանիքի անդամները:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

20. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

22. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

23. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և նրա ստեղծած կամ նրա մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

24. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև՝ այն դեպքերի, երբ հիմնադրամի մարմինների անդամներն ու հիմնադրամի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

26. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

27. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) կազմակերպությունում չխնամվող երեխաների համար վճարովի հիմունքներով տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները՝

ա. դպրոցական դասաժամերից հետո դպրոցահասակ երեխաների հետ ուսումնական լրացուցիչ պարապմունքների անցկացում,

բ. հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում խնամքի տրամադրում,

գ. ուսուցում՝ երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակներում:

28. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից:

29. Իր կանոնադրական նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:

30. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝

ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից,

բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:

32. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ, եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա՝ դրա հաջորդ օրվանից:

33. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Խորհուրդը բաղկացած է 8 անդամից: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը խորհրդի անդամ է ի պաշտոնե: Խորհրդի մեկական ներկայացուցիչ նշանակվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից, երեխաների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ), չորս ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից (համաձայնությամբ): Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:

34. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հիմնադրամի տնօրենը խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

35. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը փոփոխելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

11) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

12) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

13) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.

14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

15) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

17) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

18) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.

19) իր կազմից խորհրդի քարտուղարի ընտրությունը.

20) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը.

21) հիմնադրամի բյուջեի վերաբաշխում կատարելու մասին որոշումների ընդունումը.

22) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմինների չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

36. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

37. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:

38. Հիմնադրամի տնօրենը`

1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) գործում է առանց լիազորագրի.

5) տալիս է լիազորագրեր.

6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

12) հաշվետու է խորհրդին:

39. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

40. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան չորս անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

41. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

42. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

43. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

44. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

45. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

46. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները: Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

47. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

48. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

49. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և կատարել այդ նպատակներում փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.

7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

50. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

51. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

52. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԿԱՊԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՂՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինությունների անվանումները

Շահա-
գործ-
ման տարե-թիվը

Գույքի ձեռքբեր-ման տարե-թիվը

Ընդհանուր մակերեսը (քառ. մ)

Սկզբնա-
կան արժեքը
(հազ. դրամ)

Մաշվա-
ծությունը (հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ)

Վերագնա-
հատումից հետո նոր հաշվեկշռի արժեքը
(հազ. դրամ)

Սեփակա-
նության վկայա-
կանը

Հողա-
մասի մակե-
րեսը
(հա)

Վիճակը

Այլ տվյալ-
ներ

1.

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27

ննջարանային մասնաշենք

1962 թ.

2007 թ.

4541.8

20454.5

7159,1

13295.4

256475.4

N 01102015-09-0031

3,9

ենթակա է վերանո-
րոգման:

 

2.

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27

խոհանոցային մասնաշենք

1962 թ.

2007 թ.

612,7

1590.1

556.6

1033.5

34599.2

N 01102015-09-0031

 

ենթակա է վերանո-
րոգման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման

 

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինություն-ների անվանում-
ները

Շահա-
գործման տարեթիվը

Գույքի ձեռքբեր-
ման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը (քառ. մ)

Սկզբնա-
կան արժեքը
(հազ. դրամ)

Մաշվա-
ծությունը (հազ. դրամ)

Հաշվե-
կշռային արժեքը (հազ. դրամ)

Վերագնա-հատումից հետո նոր հաշվե-
կշռային արժեքը
(հազ. դրամ)

Սեփակա-
նության վկայա-կանը

Վիճակը

Այլ տվյալ-
ներ

1.

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27

խոհա-նոցային մասնաշենք

1962 թ.

2007 թ.

612,7

1590.1

556.6

1033.5

34599.2

N 01102015-09-0031

ենթակա է վերանո-
րոգման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինություն-
ների անվանում-ները

Շահա-
գործման տարե-
թիվը

Գույքի ձեռքբերման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)

Մաշվա-
ծությունը (հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

Վերագնահա-
տումից հետո նոր հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

1.

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27

ննջարանային մասնաշենք

1962 թ.

2007 թ.

4541.8

20454.5

7159,1

13295.4

256475.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան