Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ3/0059/01/15

ԿԴ3/0059/01/15

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Լ. Թադևոսյան
 Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դԱՆԻԵԼյանի

Հ. Ասատրյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ

ամբաստանյալ

Լ. ՎԱՆՅԱՆԻ

ամբաստանյալի օրինական ներկայացուցիչ

Գ. ՎԱՆՅԱՆԻ

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Լևոն Գուրգենի Վանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20137315 քրեական գործը:

2015 թվականի սեպտեմբերի 4-ին Լևոն Վանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Լ.Վանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

2015 թվականի նոյեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 26-ի դատավճռով Լ.Վանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգով դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Լ.Վանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ծնողի հսկողությանը հանձնելը թողնվել է անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 26-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը: Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Լ.Վանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա 2015 թ-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Վ.Սարգսյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում բարձրաձայն, անպարկեշտ արտահայտություններ անելու համար նկատողություն է արել նույն քաղաքի բնակիչ Սամվել Պավլիկի Չոբանյանին: Վերջինս այդ հարցի կապակցությամբ դիմել է Գուրգեն Կառլենի Ստեփանյանին, ով զանգահարել է Լևոն Վանյանին և պայմանավորվել հանդիպել և զրուցել Սամվել Չոբանյանին նկատողություն անելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գուրգեն Ստեփանյանը Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի մոտակայքում հանդիպել է Լևոն Վանյանին և վերոնշյալ հարցի շուրջ նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում Լևոն Վանյանը ծեծի է ենթարկել Գուրգեն Ստեփանյանին: Վերջինս այդ ամենի մասին հայտնել է իր եղբայրներ՝ Ռոման Ստեփանյանին և գործով տուժող՝ Արմեն Ստեփանյանին: Այնուհետև, Ռոման Ստեփանյանը զանգահարել է Լևոն Վանյանին և տեղեկանալով, որ նա գտնվում է Բյուրեղավան քաղաքի 21-րդ շենքի բակում, նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, իրենց եղբորը ծեծի ենթարկելու շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով Արմեն Ստեփանյանի հետ գնացել են Բյուրեղավան քաղաքի 21-րդ շենքի բակ: Այնտեղ հանդիպել են Լևոն Վանյանին, և նրանց միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում Լևոն Վանյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռոման Ստեփանյանի և Արմեն Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Արմեն Ստեփանյանի առողջությանը՝ որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող, լյարդի վնասումով, հետույքի ձախ կեսի և ձախ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի մեկական ծակած-կտրած, մկանների վնասումով վերքերի ձևով, պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 311-318):

5.1. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշման համաձայն՝ «(...) Լևոն Վանյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռոման Ստեփանյանի (...) մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ռոման Ստեփանյանի առողջությանը՝ կրծքավանդակի ձախ կեսի աջակողմյան մակերեսի ծակած-կտրած չթափանցող, ձախ ազդրի վերին երկրորդականի դրսային մակերեսի, ձախ հետույքի վերին դրսային և ստորային դրսային քառակուսիների մեկական ծակած-կտրած խորանիստ մկանների վնասումներով վերքերի ձևով, պատճառվել է միջին ծանրության վնաս (...):

 (...) Լևոն Գուրգենի Վանյանի նկատմամբ Ռոման Կառլենի Ստեփանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել տուժողի բողոքի բացակայության հիմքով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 289-292):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [2015 թվականի սեպտեմբերի 1-ին]` ժամը 19:00-ի սահմաններում, Գուրգեն Ստեփանյանը (…) հանդիպել է Լևոն Վանյանին, վերջինս Գ.Ստեփանյանին հարցրել է, թե ինչու է իր հետ վատ տոնով խոսել և «Արա» ասել, ինչին Գ.Ստեփանյանը պատասխանել է, որ «Լավ եմ արել», և այդ հարցի շուրջ նրանց միջև վեճ է ծագել, որի ընթացքում Լ.Վանյանը բռունցքով հարվածել է Գուրգեն Ստեփանյանի դեմքին, հոնքի հատվածում, Գուրգեն Ստեփանյանն, իր հերթին, հարվածել է Լևոն Վանյանին և նրանք միմյանց հարվածներ են հասցրել. Գուրգեն Ստեփանյանի հարվածներից Լևոն Վանյանը վնասվածքներ չի ստացել, իսկ Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Վանյանի հարվածներից ստացել է վնասվածք` աջ հոնքի հատվածում, որտեղից արյուն է եկել, նշված վիճաբանությունը և ծեծկռտուքը տևել է 2-3 րոպե, որից հետո նրանք միմյանցից հեռացել են: Գուրգեն Ստեփանյանն իր հագին եղած վերնաշապիկը հանել և դրել է վնասված աչքի վրա և գնացել է իրենց շենքի բակ, աղբյուրի մոտ լվացվելու, իսկ Լ.Վանյանը գնացել է իրենց շենքի բակ:

Այդ ժամանակ Գուրգեն Ստեփանյանի եղբայրը` Ռոման Ստեփանյանը, իրենց բնակարանի պատուհանից դուրս է նայել և տեսնելով եղբորը` Գուրգեն Ստեփանյանին, աչքը վնասված, արյունոտված վիճակում, վերնաշապիկն աջ աչքին դրած, մինչդեռ Գ.Ստեփանյանի այդ աչքը նախկինում վիրահատված է եղել, արագ կարգով իջել է եղբոր մոտ և ցանկացել է պարզել եղելությունը: Վերջինս հայտնել է, որ ծեծկռտուք է եղել իր և այլ անձանց միջև, որոնցից ճանաչել է միայն Լ.Վանյանին, որն էլ իրեն հարվածել է: Ռոման Ստեփանյանը կանչել է իր մյուս եղբորը` Արմեն Ստեփանյանին, և երկուսով գնացել են Լևոն Վանյանենց շենքի բակ, իսկ Գ.Ստեփանյանը մնացել է և շարունակել իր վնասված աչքը մշակել:

(…)

Ռոման և Արմեն Ստեփանյանները, վազելով մոտենալով Լևոն Վանյանին, հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին, հարցրել են նրա և իրենց եղբոր` Գուրգենի միջև վեճի պատճառը, և անմիջապես, առանց պատասխան ստանալու, Ա.Ստեփանյանը բռունցքով հարվածել է Լևոն Վանյանի դեմքին, Լևոն Վանյանը հարվածից թիկունքի մասով ընկել է գետնին, այնուհետև Ռոման և Արմեն Ստեփանյանները ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ընկած վիճակում գտնվող Լևոն Վանյանի մարմնի տարբեր մասերին, և այդ ամենը տևել է 3-4 րոպե: Այդ ժամանակ Լևոն Վանյանը, կիսանստած վիճակում, Ռոման և Արմեն Ստեփանյանների հարվածների տակ, ձախ ձեռքով ձախ գրպանից հանել է ծալովի դանակ, այն տեղափոխելով աջ ձեռք, բացել է այն և աջ ձեռքով եղած դանակով, որի երկարությունը 10-13 սմ է եղել, այդ թվում` կտրող մասը` շեղբը՝ 1-1,5 սմ, հարվածներ է հասցրել Ռոման և Արմեն Ստեփանյանների ոտքերին՝ ծնկներից վերևի հատվածներին:

Այդ հարվածներից Ռոման և Արմեն Ստեփանյանները հետ են քաշվել, որից օգտվելով՝ Լևոն Վանյանը ոտքի է կանգնել, Ռոման և Արմեն Ստեփանյանները շարունակել են նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել, իսկ Լ.Վանյանը, նույնպես ոտքերով հարվածներ է հասցրել նրանց, իսկ դանակով նրանց հարվածներ է հասցրել. Ռոման Ստեփանյանին ընկած վիճակում, հարվածել է ոտքի ծնկից վերևի մասում՝ ազդրի հատվածում, իսկ կանգնած վիճակում, երբ Ռոման Ստեփանյանը փորձել է վազելով հեռանալ դեպքի վայրից, վազքով մոտեցել է նրան և հարվածել է հետույքին, իսկ Ռոման Ստեփանյանի շրջվելուց հետո՝ կրծքավանդակի հատվածին, Արմեն Ստեփանյանին՝ ընկած վիճակում՝ ձախ ազդրի հատվածում, իսկ կանգնած վիճակում՝ շրջվելով դեպի նրա կողմը և դանակով հարվածել որովայնի մասում և հետույքի ձախ կեսին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 47-86):

6.1. Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է. «(...) Լևոն Վանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ հանցանքը կատարել է անչափահաս տարիքում, նախաքննությամբ և դատաքննությամբ, ըստ էության, ընդունել է մեղքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարվածի համար, ներողություն է խնդրել եղբայրներից կատարվածի համար, աջակցել է նախաքննության մարմնին, իր իսկ կողմից կատարված հանցագործության բացահայտմանը, նրա կողմից կատարված հանցանքը պայմանավորված է եղել եղբայրներ՝ տուժող Արմեն Ստեփանյանի և վկաներ Ռոման և Գուրգեն Ստեփանյանների կողմից հակաբարոյական և հակաօրինական գործողությունների պատճառով, որոնք Լևոն Վանյանից տարիքային առումով մեծ լինելով, համապատասխանաբար՝ 6, 8, 10 տարի, նախահարձակ են եղել և հրահրել վեճը և ծեծկռտուքը, տուժողի կողմից քաղհայցի պահանջ և բողոք չի ներկայացվել, տուժողը դատաքննությամբ տրված ցուցմունքով և դիմումով խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել և ազատազրկման չենթարկել, Լևոն Վանյանի հոր՝ սույն գործով օրինական ներկայացուցիչ Գուրգեն Վանյանի կողմից ամբողջությամբ փոխհատուցվել են, ինչպես տուժող Արմեն Ստեփանյանի, այնպես էլ վկա Ռոման Ստեփանյանի բուժման ծախսերը, զինակոչիկ է՝ 01.11.2016 թ-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության, ծնողներն ամուսնալուծված են, ապրում է մոր, եղբոր, քրոջ ու տատիկի հետ միասին, սոցիալական միջին պայմաններում, իրենց համակցությամբ դիտելով որպես բացառիկ հանգամանք, գտնում է, որ նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները (...):

(...) [Հ]աշվի առնելով ամբաստանյալ Լևոն Վանյանի կատարած հանցանքի բնույթը, հանրորեն վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող և պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն իրենց համակցությամբ, նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Լևոն Վանյանի ուղղվելը և նոր հանցագործության կատարումը կանխելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու՝ հնարավոր համարելով նրանց վերադաստիարակումն առանց հասարակությունից մեկուսացնելու, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, նշանակելով փորձաշրջան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 47-86):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության՝ գտնելով, որ Լևոն Վանյանի դրականորեն բնութագրվելը, նախկինում դատված չլինելը, հանցանքը անչափահաս տարիքում կատարած լինելը, նախաքննությամբ և դատաքննությամբ, ըստ էության, մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարվածի համար զղջալը, նախաքննության մարմնին աջակցելը, իր իսկ կողմից կատարված հանցագործության բացահայտմանը, նրա կողմից կատարված հանցանքը եղբայրներ՝ տուժող Արմեն Ստեփանյանի և վկաներ Ռոման և Գուրգեն Ստեփանյանների կողմից հակաբարոյական և հակաօրինական գործողությունների պատճառով պայմանավորված լինելը, նրանց կողմից նախահարձակ լինելու, վեճը և ծեծկռտուքը հրահրած լինելու հանգամանքը, տուժողի կողմից քաղաքացիական հայցի պահանջ և բողոք ներկայացված չլինելը, նրա հոր՝ սույն գործով օրինական ներկայացուցիչ՝ Գուրգեն Վանյանի կողմից ամբողջությամբ [ինչպես] տուժող Արմեն Ստեփանյանի, այնպես էլ վկա Ռոման Ստեփանյանի բուժման ծախսերը փոխհատուցված լինելու հանգամանքը, ամբաստանյալի զինակոչիկ լինելու հանգամանքը, իրենց համակցությամբ հանդիսանում են բացառիկ հանգամանք:

(...)

Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ (...) Առաջին ատյանի դատարանը (...) ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով փորձաշրջան (...), որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին և որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36-50):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատական սխալ` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Մասնավորապես` ամբաստանյալի նկատմամբ կիրառվել են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ և 70-րդ հոդվածները, որոնք ենթակա չէին կիրառման:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտել և գնահատել ամբաստանյալի դիտավորության տեսակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը: Թվարկված մեղմացնող հանգամանքները զուտ դատարանների սուբյեկտիվ գնահատման արդյունք են և իրականում չեն նվազեցնում կատարված արարքի վտանգավորության աստիճանն այն չափով, որ նրա նկատմամբ կիրառելի լինեն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ և 70-րդ հոդվածները:

Ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ հանցանքը կատարելու պահին վերջինս դանակ է կրել` պատրաստ լինելով ցանկացած ժամանակ այն գործադրելու, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այն է՝ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մահ:

Բողոքաբերն ընդգծել է, որ արարքի վտանգավորության աստիճանի գնահատման համար էական նշանակություն ունի կատարված արարքի և դրա հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքի վերլուծությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը: Բացի այդ, ամբաստանյալը դանակով երեք հարված է հասցրել տուժողին, որոնցից մեկը՝ նրա մարմնի կենսականորեն կարևոր օրգանի շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, իսկ նույն դեպքի ընթացքում ամբաստանյալը նույն դանակի գործադրմամբ երեք հարված է հասցրել և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառել նաև Ռ.Ստեփանյանին, որոնք օբյեկտիվորեն էլ ավելի են բարձրացնում կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

8.1. Բողոքի հեղինակը նաև նշել է, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները, այն է՝ զորակոչիկ լինելը, տուժողի կողմից քաղաքացիական հայցի պահանջ և բողոք չներկայացնելը, ամբաստանյալի հոր կողմից տուժողի բուժման ծախսերը հատուցելը, ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու մասին տուժողների խնդրանքը, չեն կարող դիտվել որպես մեղմացնող, ուստի և օբյեկտիվ հիմք հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու համար:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 28-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

 ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ.Բայրամյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են`

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները (...)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ քննարկվող նորմը կարող է կիրառվել հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկի առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

12. Վերլուծելով քննարկվող նորմի՝ անչափահասների նկատմամբ կիրառման առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանն Ա.Նունուշյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) Բոլոր այն դեպքերում, երբ անչափահասին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսվում է միայն ազատազրկում պատժատեսակը, դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ավելի մեղմ պատժամիջոց ընտրելու կամ ավելի ցածր պատժաչափ նշանակելու հնարավորությունը` հաշվի առնելով առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, նրա վրա այլոց ազդեցությունը, անձը բնութագրող այլ տվյալները, ինչպես նաև հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը (...)» (տե՛ս Արամայիս Նունուշյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0094/01/13 որոշման 16-րդ կետը):

Վերահաստատելով Ա.Նունուշյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Ն.Մադյանի և Դ.Հովհաննիսյանի գործով փաստել է, որ «(...) [Մ]իայն այն հանգամանքը, որ հանցավորը հանցանք կատարելու պահին եղել է անչափահաս, չի կարող մեխանիկորեն հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմանը, այլ այդ դեպքում նշյալ հոդվածի կիրառման հնարավորությունը պետք է քննարկվի գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցության, հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի և այլ հանգամանքների համատեքստում (...)» (տե՛ս Նարեկ Մադյանի և Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ2/0040/01/14 որոշման 14.1-րդ կետը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Վանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արմեն Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Լ.Վանյանը դանակով, որի երկարությունը 10-13 սմ է եղել, իսկ շեղբը՝ 1-1,5 սմ, հարվածներ է հասցրել Ա.Ստեփանյանին ընկած վիճակում՝ ձախ ազդրի հատվածում, այնուհետև կանգնած վիճակում՝ որովայնի հատվածում և հետույքի ձախ կեսին, իսկ Ռ.Ստեփանյանին հարվածել է ընկած վիճակում՝ ազդրի հատվածում, իսկ երբ վերջինս փորձել է վազելով հեռանալ դեպքի վայրից, վազքով մոտեցել է նրան և հարվածել հետույքին, շրջվելուց հետո՝ կրծքավանդակի հատվածին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ Լ.Վանյանն արարքը կատարել է անչափահաս տարիքում, ընդունել է մեղքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարվածի համար, ներողություն է խնդրել, աջակցել է նախաքննության մարմնին իր իսկ կողմից կատարված հանցագործության բացահայտմանը, նրա կողմից կատարված հանցանքը պայմանավորված է եղել եղբայրներ՝ տուժող Ա.Ստեփանյանի և վկաներ Ռոման ու Գուրգեն Ստեփանյանների կողմից հակաբարոյական և հակաօրինական գործողություններով, ովքեր, Լ.Վանյանից տարիքային առումով մեծ լինելով, նախահարձակ են եղել, հրահրել վեճը և ծեծկռտուքը, տուժողի կողմից քաղաքացիական հայցի պահանջ և բողոք չի ներկայացվել, տուժողը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել և ազատազրկման չենթարկել, Լ.Վանյանի հոր՝ Գ.Վանյանի կողմից ամբողջությամբ փոխհատուցվել են ինչպես տուժող Ա.Ստեփանյանի, այնպես էլ վկա Ռ.Ստեփանյանի բուժման ծախսերը, զինակոչիկ է՝ 01.11.2016 թ-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության, ծնողներն ամուսնալուծված են, ապրում է մոր, եղբոր, քրոջ ու տատիկի հետ միասին, սոցիալական միջին պայմաններում: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը, նշված մեղմացնող հանգամանքներն իրենց համակցությամբ դիտելով որպես բացառիկ, գտել է, որ Լ.Վանյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու, և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավորված հետևության է հանգել ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ և 70-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից որպես բացառիկ ճանաչված մեղմացնող հանգամանքները ոչ միայն բացառիկ չեն, այլև դրանցից որոշները չեն բավարարում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով սահմանված՝ մեղմացնող հանգամանքներին ներկայացվող չափանիշներին:

Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից որպես մեղմացնող հանգամանքներ, ի թիվս այլոց, հաշվի են առնվել Լ.Վանյանի զինակոչիկ լինելը (01.11.2016 թ-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության), ծնողների ամուսնալուծված, մոր, եղբոր, քրոջ ու տատիկի հետ միասին, սոցիալական միջին պայմաններում բնակվելը, տուժողի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելը, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու ու ազատազրկում չկիրառելու տուժողի խնդրանքը:

Հաշվի առնելով Պ.Բայրամյանի գործով որոշմամբ սահմանված չափանիշները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես մեղմացնող ճանաչված վերոնշյալ հանգամանքները սույն գործով չեն կարող ողջամտորեն նվազեցնել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, հետևաբար նաև՝ դիտվել որպես բացառիկ հանգամանքներ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրած՝ «Լ.Վանյանը զորակոչիկ է՝ 01.11.2016 թ-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության» հանգամանքի կապակցությամբ հարկ է համարում ընդգծել, որ Լ.Վանյանը ոչ թե զորակոչվել է, այլ ենթակա է զորակոչման ժամկետային զինվորական ծառայության:

14.1. Բացի այդ, ստորադաս դատարանները որպես ամբաստանյալ Լ.Վանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտել են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ մեղմացնող հանգամանքի կապակցությամբ Ս.Հունիկյանի որոշմամբ ընդգծել է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը որպես մեղմացնող հանգամանք կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (տե՛ս Սամվել Հունիկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշման 22-րդ կետը): Մինչդեռ սույն գործով չեն մատնանշվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը: Մասնավորապես, չի պատճառաբանվել, թե հանցագործության բացահայտմանն աջակցելն ամբաստանյալի ինչպիսի գործողություններով է դրսևորվել, վերջինիս կողմից ինչ տեղեկություններ են հաղորդվել, որոնք նախաքննության մարմնի և դատարանի համար կարող էին հետաքրքրություն ներկայացնել և մինչ այդ նրանց անհայտ են եղել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնելու և այլ մեղմացնող հանգամանքների համակցությամբ որպես բացառիկ գնահատելու ստորադաս դատարանների դատողությունները հիմնազուրկ են:

Ինչ վերաբերում է որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք գնահատված` հանցագործությունը տուժողի վարքագծի հակաօրինականությամբ և հակաբարոյականությամբ պայմանավորված լինելու ստորադաս դատարանների հետևությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները որևէ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալի` նախքան հանցագործությունը և հանցագործության ընթացքում դրսևորած վարքագծի բնույթը, մասնավորապես, այն, որ վերջինս նախքան սույն գործով դեպքը տեղի ունենալը, վիճաբանել և վնասել է տուժողի եղբոր` Գ.Ստեփանյանի աչքը, իսկ տուժողը և վկան, տեսնելով իրենց եղբոր` նախկինում վիրահատված աչքը վնասված, արյունոտված վիճակում, պարզաբանում ստանալու նպատակով են գնացել ամբաստանյալ Լ.Վանյանի մոտ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն հանգամանքներն իրենց համակցության մեջ ամբողջական գնահատման դեպքում միայն հնարավոր է հետևություն անել վերոնշյալ մեղմացնող հանգամանքի առկայության վերաբերյալ:

15. Ստորադաս դատարանների կողմից որպես մեղմացնող գնահատված մյուս հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով սույն գործով ամբաստանյալի կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին վկայող հանգամանքները (մասնավորապես, այնպիսիք, որոնք վերաբերում են հանցագործության եղանակին, կիրառված գործիքին, հարվածների քանակին ու տեղակայմանը, այն է՝ Լ.Վանյանի կողմից տուժողի մարմնի տարբեր մասերին դանակով երեք հարված հասցնելը՝ ձախ ազդրի հատվածում, այնուհետև որովայնի հատվածում և հետույքի ձախ կեսին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որը վտանգավոր է եղել տուժողի կյանքի համար), արձանագրում է, որ դրանք այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության և էականորեն նվազեցնեն կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ հիմք հանդիսանալով ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 8-8.1-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 11-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ և 64-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է պատշաճ քննության ենթարկի ամբաստանյալ Լ.Վանյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը և օրենքով սահմանված կարգով հանգի համապատասխան հետևության:

18. Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Վանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը` ամբաստանյալի չափահաս դառնալու կապակցությամբ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լևոն Գուրգենի Վանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մայիսի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Լևոն Գուրգենի Վանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը, փոփոխել և ընտրել խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան