Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-193-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2011-20.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.916
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-1159-Ն հրամանագիրը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. օգոստոսի 17
Երևան
ՆՀ-193-Ն

 

 

 Հավելված 1
ՀՀ Նախագահի
2007 թ. օգոստոսի 17-ի
ՆՀ-193-Ն հրամանագրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Աշխատակազմի հիմնադիրը ՀՀ Նախագահն է:

3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ oրենսդրությանը համապատասխան:

4. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

8. Աշխատակազմն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Աշխատակազմի անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,

անգլերեն` Office to the President of the Repսblic of Armenia,

ռուսերեն` Аппарат Президента Республики Армения:

10. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26:

 

2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են` կազմակերպել և պայմաններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար`

1) ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ՀՀ Նախագահի գործառույթի իրականացումը.

2) ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.

3) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.

4) ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.

5) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.

6) ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.

7) ՀՀ Նախագահի` որպես ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.

8) ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

9) միջազգային պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.

10) ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

12. ՀՀ Նախագահի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.

2) նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.

3) ապահովում և վերահսկում է ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.

4) վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը.

5) կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.

6) ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.

7) ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.

8) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.

9) հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.

10) պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

11) կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.

12) համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.

13) կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.

14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

15) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց` ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց` համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.

16) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

17) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.

18) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

19) վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.

20) առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.

21) իրականացնում է ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`

1) հայեցողական պաշտոնները` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՀՀ Նախագահի խորհրդականները (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը), ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ Նախագահի օգնականները, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ Նախագահի ռեֆերենտները.

1.1) ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը.

1.2) հատուկ հանձնարարություններով դեսպան.

2) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված` աշխատակազմի ղեկավարի տեղակալի.

3) ստորաբաժանումները` ծառայություն, տեսչություն, վարչություն, քարտուղարություն, գործերի կառավարչություն, բաժին:

(13-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն, 22.09.09 ՆՀ-253-Ն, 28.01.11 ՆՀ-15-Ն)

14. Աշխատակազմը կարող է ունենալ իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

 

4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Աշխատակազմը կառավարում է ՀՀ Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է ՀՀ Նախագահին:

16. ՀՀ Նախագահը`

1) աշխատակազմի խնդիրներին համապատասխան` սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

2) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների ընդհանուր թիվը.

3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, հատուկ հանձնարարություններով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչին ՀՀ Նախագահի խորհրդականներին (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին), ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչին, ՀՀ Նախագահի օգնականներին, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարին, ՀՀ Նախագահի ռեֆերենտներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.

6) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

7) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(16-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն, 22.09.09 ՆՀ-253-Ն, 28.01.11 ՆՀ-15-Ն)

17. Աշխատակազմում ՀՀ Նախագահին անմիջականորեն ենթարկվում են` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Նախագահի խորհրդականները (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը), ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՀՀ Նախագահի օգնականները, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ՀՀ Նախագահի ռեֆերենտները:

(17-րդ կետը լրաց. 28.01.11 ՆՀ-15-Ն)

18. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը`

1) ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

2) աշխատում է ՀՀ Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ, վարում է ՀՀ Նախագահի անձնական արխիվը.

3) ՀՀ Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.

4) կազմակերպում է ՀՀ Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ՀՀ Նախագահի հաստատմանը.

5) ՀՀ Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանն է ներկայացնում ՀՀ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.

6) ստորագրում է ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.

7) ՀՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների ընդհանուր թիվը, ինչպես նաև ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը.

8) իրականացնում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործունեության ընդհանուր համակարգումը.

9) համաձայնեցնելով ՀՀ Նախագահի հետ` հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը (բացառությամբ ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության).

10) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

11) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

12) ՀՀ Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

13) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

14) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և աշխատակազմի անունից, ներկայացնում նրանց շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության և աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

15) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին, հանձնարարականներ է փոխանցում ՀՀ նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին` ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.

16) մասնակցում է ՀՀ կառավարության նիստերին, այդ թվում` դռնփակ.

17) կազմակերպում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, ինչպես նաև ՀՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը, վերահսկում դրանց կատարման ընթացքը.

18) վերահսկում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, թերություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանք վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.

19) իր լիազորությունների սահմաններում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

20) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

21) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր` դրանք ուսումնասիրելու, ՀՀ Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

22) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

23) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.

24) ՀՀ Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.

25) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

26) համակարգում է ՀՀ Նախագահի օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.

27) կատարում է ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականները.

28) իրականացնում է օրենքով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Աշխատակազմի ղեկավարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

(19-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն)

20. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նրա առանձին գործառույթները կատարում են աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և տեղակալները:

(20-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն)

21. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

(21-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն)

21.1. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը գործում է ՀՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:

(21.1-րդ կետը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն)

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ

 

22. ՀՀ Նախագահի խորհրդականները (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը)`

1) ՀՀ Նախագահի հետ համաձայնեցնելով` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար ՀՀ Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր` իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ` առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

4) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) ՀՀ Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում են իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ` շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.

7) առաջարկություններ են ներկայացնում ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կատարում են ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականները:

(22-րդ կետը լրաց. 28.01.11 ՆՀ-15-Ն)

23. ՀՀ Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ՀՀ Նախագահը:

24. ՀՀ Նախագահի օգնականները`

1) կազմակերպական, վերլուծական-տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ՀՀ Նախագահին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով` ՀՀ Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) առաջարկություններ են ներկայացնում ՀՀ Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

4) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.

5) նախապատրաստում են ՀՀ Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.

6) մասնակցում են ՀՀ Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը, ինչպես նաև կազմում համապատասխան արձանագրություններ կամ ամփոփումներ.

7) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.

8) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

9) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.

10) առաջարկություններ են ներկայացնում ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

11) աշխատում են ՀՀ Նախագահի կողմից իրենց մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

12) կատարում են ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի առանձին հանձնարարականները:

25. ՀՀ Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ՀՀ Նախագահը:

26. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը`

1) ներկայացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) ՀՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.

4) իր գործունեության ծրագիրը համաձայնեցնում է ՀՀ Նախագահի հետ.

5) կազմակերպում է ՀՀ Նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

6) ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում ՀՀ Նախագահի օգնականների, ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.

7) ՀՀ Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

8) կատարում է ՀՀ Նախագահի առանձին հանձնարարականները:

27. ՀՀ Նախագահի խորհրդականները (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը), ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը կարող են ունենալ աշխատակիցներ, որոնց թիվը և աշխատանքային պայմանագրերի պայմանները որոշում է աշխատակազմի ղեկավարը: ՀՀ Նախագահի օգնականներին կցվում են աշխատակազմի ստորաբաժանումների 2-րդ խմբերում ընդգրկված աշխատակիցներ` նրանց գործառույթների իրականացմանը օժանդակելու համար:

(27-րդ կետը լրաց. 28.01.11 ՆՀ-15-Ն)

28. ՀՀ Նախագահի ռեֆերենտները`

1) նախապատրաստում են ՀՀ Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.

2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

3) կատարում են ՀՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի և համապատասխան օգնականի առանձին հանձնարարականները:

29. ՀՀ Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ՀՀ Նախագահը:

30. ՀՀ Նախագահի սահմանած գործառույթներն ու հանձնարարականները կատարելիս ՀՀ Նախագահի խորհրդականները (ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը), ՀՀ Նախագահի օգնականները, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը և ՀՀ Նախագահի ռեֆերենտները համագործակցում են միմյանց, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալների, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ:

(30-րդ կետը փոփ. 20.01.09 ՆՀ-7-Ն, լրաց. 28.01.11 ՆՀ-15-Ն)

 

6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

31. Աշխատակազմի ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

32. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրության 17-ով կետով նախատեսվածների) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

33. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները`

1) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

2) ըստ անհրաժեշտության` մասնակցում են ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստերին.

3) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող են իրենց իրավասության շրջանակներում անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ կամ հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

4) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.

5) ՀՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր (փաստաթղթեր) և անհրաժեշտ տեղեկատվություն.

6) իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին` վերջիններիս պահանջով, զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

7) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.

8) իրականացնում են ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ գործառույթներ:

35. Աշխատակազմի ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ` բաժիններ, խմբեր և այլն:

36. Աշխատակազմի ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:

 

7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

37. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործառույթները սահմանվում են իրենց կանոնադրություններով:

38. Արտաքին կապերի վարչությունը`

1) մասնակցում է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստմանը, ներկայացնում առաջարկություններ ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր ռազմավարության, ինչպես նաև առանձին ուղղությունների վերաբերյալ.

2) աշխատանք է տանում արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերում ՀՀ Նախագահի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական ապահովումն իրականացնելու ուղղությամբ.

3) ապահովում է ՀՀ Նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և ՀՀ Նախագահի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստումը.

4) ապահովում է ՀՀ Նախագահի հաղորդակցությունը օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարների, միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ.

5) մասնակցում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող` ՀՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստմանը.

6) տալիս է առաջարկություններ ՀՀ Նախագահի աշխատակազմ ներկայացված միջազգային պայմանագրերի և միջազգային ոլորտին առնչվող իրավական ակտերի և դրանց նախագծերի վերաբերյալ.

7) կազմակերպում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքը.

8) ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող աշխատանքները.

9) ուսումնասիրում է արտաքին քաղաքականության ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնում ՀՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

39. Իրավաբանական վարչությունը`

1) իրականացնում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.

2) համակարգում է ՀՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի և դրանց նախագծերի փորձաքննության աշխատանքները.

3) իրավական փորձաքննություն է իրականացում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ՀՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված ՀՀ օրենսդրության և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.

4) ՀՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր.

5) առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.

6) ՀՀ Նախագահին, աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.

7) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում է ներկայացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.

8) նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող` ՀՀ Նախագահի ակտերը վիճարկելու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները.

9) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հետևում է ՀՀ Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում ներկայացնում առաջարկություններ.

10) ապահովում է ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.

11) ապահովում է միջազգային պայմանագրերը օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը:

40. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը`

1) լուսաբանում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեությունը.

2) ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

3) ապահովում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

4) կազմակերպում է ՀՀ Նախագահի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ինչպես նաև լրատվության միջոցների ղեկավարների հետ հանդիպումները.

5) կազմակերպում է աշխատակազմի ղեկավարի, նրա հանձնարարությամբ` աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները.

6) ապահովում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի ճեպազրույցների, ասուլիսների, խորհրդակցությունների և այլ գործառույթների իրականացումը.

7) լուսաբանում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ՀՀ Նախագահի կողմից ստորագրված, հաստատված, կասեցված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.

8) Ինտերնետում կազմակերպում և պահպանում է ՀՀ Նախագահի կայքէջը.

9) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև Ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին ու ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարին:

41. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը`

1) իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.

2) դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

3) ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

4) ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

5) ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ՀՀ Նախագահին ներկայացնելու համար.

6) բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ՀՀ Նախագահին ներկայացնելու համար:

42. Փորձագիտական-վերլուծական վարչությունը`

1) իրականացնում է ՀՀ Նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքօգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող իրավական ակտերի, հիմնադրույթների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությունը.

2) համագործակցելով համապատասխան մարմինների հետ` քննության է ենթարկում առանձին բնագավառներին վերաբերող ծրագրերը.

3) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ, իրականացնում է վերլուծություններ և որոշակի գործընթացների վերաբերյալ առանձին ոլորտներում փորձի ուսումնասիրություն.

4) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերլուծություններ և ներկայացնում զեկուցագրեր` ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում որոշակի գործընթացների, երևույթների և իրավիճակների վերաբերյալ.

5) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է առանձին ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրություն.

6) ՀՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.

7) ՀՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.

8) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հետևում է ՀՀ Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ:

43. Քարտուղարությունը`

1) իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.

2) իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, աշխատակազմի պաշտոնատար անձանց ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.

3) վերահսկողություն է իրականացնում քարտուղարության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.

4) ապահովում է ՀՀ Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը: Սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է հիշյալ փաստաթղթերի (բացառությամբ` գաղտնի) նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և արխիվ հանձնումը.

5) ապահովում է ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ օրենքների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը, անհրաժեշտության դեպքում` ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և այլ ակտերի թարգմանությունը.

6) կազմակերպում և վարում է արխիվային և գրադարանային գործը:

44. Գործերի կառավարչությունը`

1) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի, Սևանի պետական ամառանոցի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը, ավտոտրանսպորտային և բժշկական սպասարկումը.

2) ապահովում է աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը.

3) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը և համակարգումը.

4) համապատասխան մարմինների, աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է ՀՀ Նախագահի ղեկավարած պատվիրակությունների այցերի, ՀՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը.

5) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը:

45. Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչությունը`

1) աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.

2) ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.

3) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

4) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:

46. Առաջին բաժինը`

1) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն աշխատակազմում.

2) հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը:

47. Արարողակարգի բաժինը`

1) ապահովում է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը.

2) իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, ՀՀ Նախագահի մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը.

3) իր իրավասության շրջանակներում ապահովում է ՀՀ Նախագահի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը:

48. Կադրերի վարչությունը`

1) ՀՀ oրենսդրությանը համապատասխան իրականացնում է ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.

2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները.

3) կազմակերպում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.

4) ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.

5) ապահովում է հրամանների, հաստիքացուցակի, անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը, անձնական գործերի, սպասարկման ոլորտի աշխատողների ժամկետային աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը, անաշխատունակության թերթիկների, աշխատանքային գրքույկների լրացումը և հաշվառումը, համապատասխան փաստաթղթերի վարումն ու պահպանումը, գործուղումների և արձակուրդների ձևակերպումը, ծառայողական վկայականների և տարեկան անցագրերի պատրաստումն ու հաշվառումը, համակարգչային ծրագրով` շենք մուտքի և ելքի դիտարկումը և տվյալների ամփոփումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը:

(48-րդ կետը փոփ. 21.12.10 ՆՀ-315-Ն)

49. Համակարգչային ծառայությունների բաժինը`

1) ապահովում է աշխատակազմի համակարգչային ու հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների (այդ թվում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար անհրաժեշտ) անխափան աշխատանքը, իրականացնում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքների համակարգումը.

2) կարգավորում է համաշխարհային համակարգչային ցանցի ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի համակարգչային ցանցում, դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, կատարում է համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքների համակարգումը.

3) կազմակերպում է կառավարական էլեկտրոնային փոստով ստացված փաստաթղթերի առաքումը աշխատակազմի համապատասխան հասցեատերերին` համակարգչային ցանցով.

4) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում սարքավորումների ներդրման, դրանց արդիականացման կամ նորոգման անհրաժեշտության հիմնավորումը, անցկացնում համապատասխան մարքեթինգային վերլուծություն, կազմակերպում է ձեռքբերումը.

5) իրականացնում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մասնագիտական կազմակերպությունների հետ, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է համապատասխան գործողություններ.

6) տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:

 

8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

50. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

51. Աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

52. Աշխատակազմն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

53. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

54. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

55. Աշխատակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, տեղեկանքներ, հայտարարագրեր:

 

9. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

56. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը` համաձայնեցնելով ՀՀ Նախագահի հետ:

57. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ՀՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի շահագրգիռ պաշտոնատար անձանց, ստորաբաժանումների և իրավաբանական վարչության հետ:

 

10. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

58. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան

 

 

 Հավելված 2
ՀՀ Նախագահի
2007 թ. օգոստոսի 17-ի
ՆՀ-193-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Աշխատակազմի ղեկավար

1.1. Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

1.2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

1.3. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ

1.4. Հատուկ հանձնարարություններով դեսպան

1.5. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

2. ՀՀ Նախագահի խորհրդականներ

3. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

4. ՀՀ Նախագահի օգնականներ

5. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

6. ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 20.01.09 ՆՀ-7-Ն)

8. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն (1-ին բաժին, 2-րդ բաժին, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին)

9. ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն

10. Արտաքին կապերի վարչություն

11. Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

12. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

13. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն

14. Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

14.1. Կադրերի վարչություն

15. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)

16. Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)

17. Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն

18. Առաջին բաժին

19. Արարողակարգի բաժին

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 21.12.10 ՆՀ-315-Ն)

21. Համակարգչային ծառայությունների բաժին

22. Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ:

(Կառուցվացքը լրաց. 20.01.09 ՆՀ-7-Ն, 22.09.09 ՆՀ-253-Ն, լրաց., փոփ. 21.12.10 ՆՀ-315-Ն, լրաց. 28.01.11 ՆՀ-15-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան