Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1387
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 նոյեմբերի 2017 թ.

 

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 143-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի և Դ. Գյուրջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արամ Հակոբյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթն Արամ Հակոբյանի՝ 2017 թվականի հուլիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի՝ «Մեղադրյալին կալանքից ազատելը» վերտառությամբ՝ սույն գործով վիճարկվող 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է.

«1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`

6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը»:

Օրենսգրքի՝ «Գրավը» վերտառությամբ՝ սույն գործով վիճարկվող 143-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից»:

Օրենսգրքի 142-րդ հոդվածը ենթարկվել է փոփոխության «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 20-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 8-ին:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2015 թվականի ապրիլի 7-ին սույն գործով դիմողը թիվ 69100615 քրեական գործով ձերբակալվել և ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2015 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Արամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը` երկու ամիս ժամկետով: Դատարանի նույն որոշմամբ մեղադրյալ Արամ Հակոբյանի պաշտպանների համապատասխան միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ Արամ Հակոբյանի ազատության իրավունքի խախտումը ճանաչելու և քննիչին պատասխանատվության ենթարկելու նպատակով անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու մասին մեղադրյալ Արամ Հակոբյանի պաշտպանի բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Արամ Հակոբյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով ճանաչել գործի նախաքննությունը վարող քննիչի անգործությունը և դրա հետևանքով իրենց պաշտպանյալի ազատության իրավունքի խախտումը: 2016 թվականի մայիսի 24-ին հիշյալ դատարանի որոշմամբ վերոնշյալ բողոքը մերժվել է: Արամ Հակոբյանի պաշտպանների կողմից այդ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ մերժվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ մերժել է:

 

3. Դիմող կողմը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ բերում է հետևյալ հիմնավորումները.

դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 4, 27 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով այդ դրույթները հնարավորություն չեն տալիս քրեակատարողական հիմնարկների վարչակազմերին անհապաղ ազատ արձակել այն անձին, ում նկատմամբ դատարանի կողմից որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը մուծված է ու ներկայացված է այդ մասին ապացույց, որով հնարավորություն են տալիս լրացուցիչ պահանջել անձին ազատ արձակելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշում կամ հանձնարարություն:

Դիմողի գնահատմամբ, մի կողմից՝ վիճարկվող դրույթները, մյուս կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասն ամրագրում են «իրարամերժ» իրավակարգավորումներ: Այսպես, ըստ դիմողի՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է ընդամենը մեկ նախապայման` դատարանի նշանակված գրավը լրիվ մուծված լինելու փաստի հավաստում, որն անմիջապես առաջացնում է կալանավորված անձին անհապաղ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունը, որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերացման, այդ իրավունքի վերականգնման առավել արդյունավետ միջոց: Ի տարբերություն նշված իրավադրույթի, մյուս երկուսը` ամրագրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, նախատեսում են կալանավորված անձին գրավը մուծված լինելու պայմաններում ազատ արձակելու ավելի բարդացված մեխանիզմ և նախապայմաններ, հատկապես` նշվածներից առաջինն անձի ազատ արձակման համար նախատեսում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական որոշման կայացման, իսկ երկրորդը` նույն վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին ազատ արձակելու հանձնարարականի առկայության անհրաժեշտություն»:

Դիմողը գտնում է, որ վերոգրյալ՝ ենթադրյալ իրարամերժ իրավակարգավորումների գոյությունն ստեղծում է իրավական անորոշություն, որի պայմաններում կալանավորված անձի, նրա պաշտպանի, ինչպես նաև սահմանված չափի գրավը մուծած անձի համար որոշակի չէ, թե հատկապես որ պետական մարմնին պետք է ներկայացվի գրավը մուծված լինելու մասին ապացույցը, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն անձին ազատ արձակելու ուղղությամբ և հնարավոր լինի առավել արագ վերականգնել անձի սահմանափակված իրավունքը:

Դիմողը կարծում է, որ այդ մասով իրավական անորոշության խնդիր կա նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի լիազորությունների տեսանկյունից: Դիմողի կարծիքով` վերոնշյալ ենթադրյալ իրավական անորոշությունն անմիջականորեն անդրադարձել է անձնական ազատության իրավունքի իրացման վրա, ինչի արդյունքում ինքն ազատ է արձակվել գրավը մուծված լինելու և այդ մասին քրեակատարողական հիմնարկին ապացույցներ ներկայացնելուց հետո շուրջ 5 ժամ անց միայն:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներով նախատեսված լրացուցիչ պայմաններն արհեստականորեն բարդացնում են անձի անհապաղ ազատ արձակման գործընթացը` հանգեցնելով դրա առավել ժամանակատարությանը: Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթները խնդրահարույց են նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսանկյունից, քանի որ գործադիր իշխանության մարմնի լրացուցիչ գործողություններից, որոշումներից, ինչպես նաև բարեխղճությունից է առկախվում գրավը մուծված լինելու պայմաններում դատարանի` գրավ նշանակելու որոշման կատարումը:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ սահմանում են խափանման միջոցը գրավով փոխարինվելու դեպքում մեղադրյալին կալանքից ազատելու հիմքերն ու կարգը: Դրանք, ըստ էության, ընթացակարգային նշանակություն ունեցող նորմեր են, որոնք սահմանում են դատարանի կողմից գրավ նշանակվելու դեպքում մեղադրյալին կալանքից ազատելու համար անհրաժեշտ գործողությունների շրջանակը և դրանց հաջորդականությունը՝ ամրագրելով այն փաստական կազմը, որի բոլոր բաղադրիչների առկայությամբ միայն հնարավոր է հասնել նախատեսված իրավական հետևանքի փաստացի առաջացմանը՝ անձին կալանքից ազատելուն: Ըստ պատասխանողի՝ այդ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ մեղադրյալի նկատմամբ սահմանված կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու դեպքում անհրաժեշտ է դատարանի համապատասխան որոշումը, ինչը նախադրյալ է գրավի սահմանված գումարը վճարելու համար, գրավի վճարման ապացույցը վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը, ինչը նախադրյալ է վերջինիս կողմից համապատասխան որոշման կայացման համար, և այդ որոշումը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարությանը ներկայացնելը, ինչը նախադրյալ է անձին կալանքից ազատելու համար: Սա նշանակում է, որ վերոնշյալ քայլերից յուրաքանչյուրի իրականացումն անհրաժեշտ, իսկ բոլորը միասին՝ բավարար նախադրյալ են մեղադրյալին կալանքից ազատ արձակելու համար:

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթների սահմանադրականությունը պարզելու նպատակով հարկ է դրանք դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ նորմերի հետ համադրված՝ չհամարելով դրանք ինքնավար և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից դուրս դրույթներ, ինչը հնարավորություն կտա դրանք ընկալել ընդհանուր կարգավորման համատեքստում՝ բացառելով իրավական անորոշության առաջացման հնարավորությունը:

Հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1213 և ՍԴՈ-1176 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ պատասխանողը գտնում է, որ միևնույն ինստիտուտի, այն է՝ անձին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ վիճարկվող դրույթների կարգավորման շրջանակների տարաբնույթ լինելը, կամ, այլ կերպ ասած, նույն ընթացակարգի առանձին հատվածներն առանձին դրույթներում ամրագրելը, չի կարող գնահատվել որպես իրավական որոշակիության սկզբունքից շեղում այն պարզ պատճառով, որ դրանց վերջնական նպատակն իրավական հետևանքի առաջացումն է, այն է՝ անձին կալանքից ազատ արձակելը: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները ոչ միայն միմյանց հետ համակարգային առումով փոխկապված են, այլև հստակության ու միատեսակ ընկալման իմաստով տարակարծությունների տեղիք չեն տալիս, պատասխանողը գտնում է, որ դրանք չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի նկատմամբ դատական բոլոր ատյանների կողմից կայացված ակտերի հիմքում դրվել են ոչ թե վիճարկվող նորմերը, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք այլ հոդվածներ, հետևաբար, այս պարագայում առկա է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարցը Սահմանադրական դատարան բողոքարկելու իրավիճակ, որը, ըստ պատասխանողի, գործի վարույթը կարճելու հիմք է հանդիսանում:

 

5. Սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նախ պարզել վեճի առարկա իրավակարգավորումներում՝

- անձնական ազատության իրավունքի արդյունավետ իրացման, պաշտպանության և այդ իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական չափորոշիչների պահպանվածությունը, ելնելով նաև՝ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների տեսանկյունից,

- կալանքը գրավով փոխարինելու քրեադատավարական գործընթացի շրջանակներում անձնական ազատության իրավունքի իրացման առանձնահատկությունները,

- իրավական որոշակիության, օրինականության սահմանադրական սկզբունքների իրացման ապահովումը, որպես, նախ՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորություններին համապատասխան գործելու, ինչպես նաև անձանց՝ իրենց գործողությունները նորմատիվ կանոններին համապատասխանեցնելու և այդ գործողությունների հետևանքները կանխատեսելու երաշխիք ու նախապայման,

- կալանքը գրավով փոխարինելու իրավական գործընթացների վերաբերյալ միջազգային պրակտիկայում հաստատագրված մոտեցումներն ու սույն գործի քննության շրջանակներում վեճի առարկա իրավակարգավորումների հետ դրանց համադրելիությունը:

Սահմանադրական դատարանն առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով դիմող կողմի հարցադրումները, սույն գործով քննության առարկա վեճի շրջանակներում, ի թիվս այլնի, անհրաժեշտաբար կարևորել է նաև պարզել Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման ապահովվածությունը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները: Հետևաբար, ելնելով վեճի առարկա իրավակարգավորման համակարգային բնույթից, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի քննության շրջանակներում դիմող կողմի հարցադրումների սահմանադրական իրավավերլուծությունն իրականացնել ինչպես գրավի ինստիտուտը, կալանքը գրավով փոխարինելը կարգավորող, այնպես էլ՝ վերջիններիս հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի համադրված վերլուծության արդյունքում։

 

6. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը վեճի առարկա իրավակարգավորումների շրջանակներում հիմնականում բարձրացնում է անձի ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացման (ոչ իրավաչափ հնարավոր այլ սահմանափակումներից պաշտպանելու) երաշխավորման հիմնախնդիր՝ պայմանավորված կալանքը գրավով փոխարինելու իրավական գործընթացների պարզեցման, այդ գործընթացները կարգավորող իրավական նորմերը մատչելի ու միակերպ ընկալելի սահմանելու, ինչպես նաև քրեական գործով (մինչդատական և դատական) վարույթ իրականացնող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ Սահմանադրությունից բխող օրենքով նախատեսված լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

 

7. Անձնական ազատությունը հիմնական սուբյեկտիվ իրավունք է, որից զրկելու դեպքերը նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ կարգը՝ օրենքով (ՀՀ Սահմ. 27-րդ հոդված): Միաժամանակ, օրենքով են կարգավորվում անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հետ կապված հարաբերությունները (ՀՀ Սահմ. 27-րդ հոդվածի 5-րդ մաս):

Անձնական ազատության իրավունքը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածներով, որոնցում նույնպես սպառիչ կերպով սահմանված են անձին ազատությունից զրկելու դեպքերը և կանխորոշված են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակները, ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջներին։

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-827, ՍԴՈ-913, ՍԴՈ-1059, ՍԴՈ-1295) արտահայտած իրավական դիրքորոշումներով բացահայտել է անձնական ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը, հատկանշել է այդ իրավունքի հնարավոր սահմանափակման, ինչպես նաև պաշտպանության սահմանադրաիրավական չափանիշները: Սույն գործով քննության առարկայի շրջանակներում Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր դիրքորոշումները՝ կարևորում է, մասնավորապես, որ.

- «...սահմանադիրը ... անձին ազատությունից զրկելու ձևերի ընտրությունը վերապահել է օրենսդրի հայեցողությանը` որևէ կերպ չկանխորոշելով, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կամ կոնկրետ նպատակին հասնելու համար ինչ դատավարական ընթացակարգային միջոցառումներ կարող են կիրառվել» (ՍԴՈ-827), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27 և 75-րդ հոդվածների պահանջներին,

- հետապնդելով անձին կամայականորեն ազատությունից զրկելը բացառելու նպատակ՝ Սահմանադրությունն ամրագրում է այն իրավական երաշխիքները, որոնք կոչված են անձին պաշտպանելու ազատությունից անօրինական զրկվելուց (նույն տեղում), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին,

- «...քրեական գործի մինչդատական վարույթի փուլում վերահսկողական իր գործառույթն իրականացնելու նպատակով դատարանի կողմից կալանավորման վերաբերյալ ընդունված որոշումը ոչ թե անձին դատապարտող ակտ է, այլ արդյունավետ ու անաչառ արդարադատություն իրականացնելու ... Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի պահանջների կատարումն ապահովող նախապայման» (նույն տեղում), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,

- «...եթե որևէ իրավական ինստիտուտի կիրառում անհրաժեշտաբար և անխուսափելիորեն ենթադրում է այս կամ այն իրավունքի իրավաչափ սահմանափակում, ապա նման ինստիտուտի կիրառումը չի կարող ենթադրել նաև տվյալ իրավունքի խախտում» (նույն տեղում), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին։

Այսպիսով, ինչպես անձնական ազատության իրավունքի իրացման, այնպես էլ այդ իրավունքի հնարավոր սահմանափակման պայմանները, որպես իրավական սկզբունքներ, ամրագրված են Սահմանադրությամբ, իսկ դրանց իրագործման կարգը՝ օրենքով։ Մասնավորապես, եթե առկա չեն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասում նախանշված հիմքերը, ապա անձն ազատ է «...անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին», ինչպես նաև՝ «...չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» (ՀՀ Սահմ. 39-րդ հոդված): Նման իրավական վիճակում հանրային իշխանության պարտականությունն է հարգել ու պաշտպանել այդ ազատությունը` ելնելով հիմնական իրավունքի անմիջականորեն գործելու հանգամանքից (ՀՀ Սահմ. 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։ Միաժամանակ, անձնական ազատության իրավունքի իրացման սահմանադրորեն ամրագրված հիշյալ սկզբունքների իրավական ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ եթե վերացել են անձնական ազատության իրավունքից զրկելու կամ սահմանափակելու սահմանադրական և դրանց հիման վրա օրենքով նախատեսված հիմքերը, ապա անձնական ազատության սահմանափակումն այլևս անիրավաչափ է, և այդ իրավունքը ենթակա է վերականգնման (պաշտպանության) հանրային իշխանության իրավասու մարմինների կողմից՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով ու իրավական պաշտպանության համապատասխան միջոցներով։ ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից է նաև բխում հանրային իշխանության իրավասու այս կամ այն մարմնի իրավունքն ու պարտականությունը՝ սահմանափակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ մեղադրվող անձի ազատության իրավունքը, եթե առկա են իրավական բավարար հիմքեր:

Վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է «ազատությունից զրկում» և «ազատության սահմանափակում» եզրույթների տարբերակումը՝ կապված կալանքը գրավով փոխարինելու արդյունքում առաջացած իրավական հետևանքների բնույթի վերաբերյալ դիմումում բարձրացված հարցադրումների հետ։ Սահմանադրական դատարանը ելնում է այն մեկնակետից, որ անձնական ազատության իրավունքից զրկված անձը գտնվում է իրավական այնպիսի կարգավիճակում, երբ օրենքի ուժով անկարող է իրացնել սահմանադրական իր մի շարք հիմնական իրավունքներն ու ազատությունները, և առավել ընդարձակ են վերջիններս իրացնելու իրավական հնարավորությունները՝ անձնական ազատության իրավունքի սահմանափակման դեպքերում: Ելնելով քրեական վարույթի առանձնահատկություններից, օրենքով առաջադրված կոնկրետ խնդիրներից՝ Օրենսգիրքը նախատեսել է իրավականխիչ մի շարք միջոցներ, որոնք կոչված են անհրաժեշտ պայմաններ ապահովելու վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) գործունեության՝ օրենքով նախանշված նպատակների իրագործման համար: Նման իրավականխիչ միջոց է գրավի ինստիտուտը, որը, միաժամանակ, քրեադատավարական գործընթացներում անձնական ազատության իրավունքի՝ օրենքով նախատեսված հիմքով, զրկումը վերացնելու, կալանավորման (ազատությունից զրկելու) այլընտրանքային իրավական միջոց է, երբ առկա են այդպիսի «զրկումը» վերացնելու բարենպաստ իրավապայմաններ:

Գրավը քրեական վարույթում, նախ և առաջ, խափանման (դատավարական հարկադրանքի) միջոց է, որի կիրառմամբ մեղադրյալին ազատության իրավունքից զրկումը փոխարինվում է այդ իրավունքի սահմանափակմամբ, որը «... ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:» (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մաս), այսինքն՝ պայմանավորված է անձի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու և քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների կողմից Օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Այսպիսով, «քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն» ինքնին ենթադրում է, որ քրեական վարույթի արդյունավետ իրականացման նպատակով անձը պարտավոր է գրավի, որպես խափանման միջոցի, կիրառման ողջ ժամանակահատվածում անվերապահ կատարել վարույթն իրականացնող մարմնի օրինական պահանջները (չթաքնվել վարույթ իրականացնող մարմնից, առանց թույլտվության չմեկնել այլ տեղանք (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս) և այլն)։ Եվ եթե մեղադրյալը խախտել է քրեական վարույթն իրականացնող մարմնի «տրամադրության տակ գտնվելու»՝ օրենքով նախատեսված իր պարտականությունը, ապա գրավի առարկա հանդիսացող գույքը կարող է օտարվել հօգուտ պետության (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս), կամ՝ գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել խափանման մեկ այլ միջոցով՝ կալանքով (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մաս): Այսինքն՝ անձը, որի անձնական ազատության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով) մինչ այդ սահմանափակված էր, կարող է զրկվել անձնական ազատության իրավունքից։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական վարույթում խափանման միջոցների վերոհիշյալ իրավահաջորդությամբ (կալանք-գրավ-կալանք) խստացման (կամ՝ մեղմացման) վերաբերյալ իրավակարգավորումը՝ պայմանավորված հասարակական վտանգավորություն (նվազ կամ առավել վտանգավոր) ներկայացնող արարքների արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև մեղադրյալի սուբյեկտիվ բնութագրով, վարույթի ընթացքում նրա դրսևորած վարքագծով և այլ հանգամանքներով (Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մաս), բխում է սահմանադրաիրավական սկզբունքներից ու նպատակներից (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդված, 40-րդ հոդվածի 4-րդ մաս, 78-րդ և 79-րդ հոդվածներ) և համարժեք է սահմանափակվող (զրկվող) հիմնական իրավունքի (ազատության) նշանակությանը։

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ անձը, որի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում օրինական հիմքով կիրառվել է խափանման (հարկադրանքի) որևէ միջոց (Օրենսգրքի 134-րդ հոդված), չի կարող և իրավասու չէ տվյալ միջոցի կիրառման ողջ ժամանակահատվածում իրացնել կամ լիարժեք իրացնել իր անձնական ազատության իրավունքը։ Խափանման միջոցի, այդ թվում և՝ գրավի, կիրառման իրավական նպատակը հենց օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելն է: Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն սահմանված է կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ (այսինքն՝ նաև գրավի) կիրառման հիմքը, համաձայն որի՝ մեղադրյալի նկատմամբ այն կարող է կիրառվել միայն այնպիսի դեպքերում, երբ «...բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները», այսինքն՝ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, չխոչընդոտել գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ և այլն:

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը կամ կալանքի փոխարինումը գրավով չի ենթադրում այդ անձի անձնական ազատության իրավունքի բացարձակ վերականգնում կամ չի կարող մեկնաբանվել որպես այդ իրավունքի խախտում (ՍԴՈ-827, 9-րդ կետ), այլ՝ այդ ազատության իրականացման երաշխավորում այնքանով, որքանով անհրաժեշտ է մեղադրյալի կողմից՝ Օրենսգրքի նորմերից բխող իր դատավարական պարտականությունների կատարումն ապահովելու համար։ Հետևաբար, վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում գրավի ինստիտուտը և դրա կիրառմամբ պայմանավորված իրավական հետևանքները բացարձակ (լիարժեք) իմաստով համադրելի չեն անձնական ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության հետ և չեն կարող քրեական վարույթում այդ իրավունքի ազատ իրացման երաշխիք հանդիսանալ։ Հետևաբար, դիմող կողմի փաստարկները՝ կապված «...գրավը լրիվ մուծված լինելու» հանգամանքով պայմանավորված՝ «անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը վերացնելու» հետ, Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում։

 

8. Անդրադառնալով հանրային իշխանության իրավասու մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների և դրանք կարգավորող նորմերի իրավական որոշակիության և դրանով պայմանավորված՝ անձի անձնական ազատության իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին՝ Սահմանադրական դատարանը կալանքը գրավով փոխարինելու նորմատիվ կարգավորումների շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել.

- կալանքը գրավով փոխարինելու և գրավը որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու նորմատիվ կարգավորման բովանդակությունը,

- իրավասու մարմինների (պաշտոնատար անձանց) լիազորությունների բնույթն ու բովանդակությունը, դրանց համադրելիությունը Սահմանադրության 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքներին,

- գրավի՝ որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի, կիրառմամբ պայմանավորված իրավական հետևանքների համարժեքությունը Սահմանադրությամբ ու օրենքով հետապնդվող նպատակներին:

Գրավի կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորող՝ Օրենսգրքի «Խափանման միջոցները» վերտառությամբ 18-րդ գլխում ամփոփված նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ.

- գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային միջոց, կիրառվում է միայն դատարանի որոշմամբ (Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչը դատավարական երաշխիք է մեղադրյալի իրավունքների արդյունավետ իրացման ու պաշտպանության համար: Դատարանի հիշյալ որոշումը կարող է կայացվել կալանավորման մասին, կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու, կամ քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու հարցը որոշելիս (օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մաս, 139-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր),

- դատարանում գրավի կիրառման միջնորդությամբ կարող են հանդես գալ՝ քննիչը, դատախազը, պաշտպանական կողմը, ինչպես նաև այդպիսի նախաձեռնություն կարող է դրսևորել դատարանը (Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այսպիսով, գրավի նշանակման ու կիրառման որոշում կայացնելու բացառիկ իրավունքը, ըստ Օրենսգրքի վերոհիշյալ իրավակարգավորումների, պատկանում է դատարանին, որը բխում է քրեական գործով մինչդատական վարույթում այդ մարմնի իրավական կարգավիճակի առանձնահատկություններից (Օրենսգրքի 41-րդ հոդված), իսկ դատարանում գրավի՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի նշանակման ու կիրառման նախաձեռնությամբ (միջնորդությամբ) կարող են հանդես գալ՝ դատարանը, քննիչը, դատախազը (քրեական գործով վարույթ իրականացնող մարմիններ), ինչպես նաև պաշտպանական կողմը, որպիսի իրավակարգավորումը նույնպես բխում է այդ մարմինների և պաշտպանական կողմի դատավարական կարգավիճակից (Օրենսգրքի 53, 54, 55 և 65-րդ հոդվածներ):

Օրենսգրքի վերոհիշյալ 18-րդ գլխում ամփոփված նորմերով կարգավորվում են նաև գրավի նշանակման և կիրառման (և կալանքից ազատելու) վերաբերյալ դատարանի կայացրած որոշման կատարման հետ կապված հարաբերություններ: Ընդ որում, խափանման այդ միջոցի կիրառման և դրանով պայմանավորված՝ մեղադրյալին կալանքից ազատելու, այսինքն՝ ազատության նրա իրավունքի զրկումը վերացնելու և այն սահմանափակմամբ փոխարինելու պարտադիր իրավական նախապայմանը նախատեսված կարգով գրավի գումարը մուծելն է (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մաս) ու քրեական վարույթ իրականացնող մարմնին (քննիչին, դատախազին) համապատասխան ապացույց ներկայացնելը (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մաս): Ընդ որում, նման ապացույցի ներկայացմանը հաջորդում է քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմնի (քննիչի կամ դատախազի), ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի որոշումը՝ մեղադրյալին կալանքից ազատելու վերաբերյալ (Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 142-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր): Ինչ վերաբերում է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 5-րդ մասի այն իրավապահանջին, համաձայն որի՝ «...Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն չի կարող դատավարական լրացուցիչ նախապայման հանդիսանալ քրեական վարույթ իրականացնող որևէ մարմնի վերոհիշյալ որոշումից բխող՝ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի պարտադիր գործողության համար այն դեպքում, երբ վերջինս պատշաճ իրազեկվել է մեղադրյալին կալանքից ազատելու որոշման մասին: Մասնավորապես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «...կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնելու կամ փոխելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման պատճենը ստանալիս մեղադրյալին անմիջապես ազատում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը»:

Այսպիսով, Օրենսգրքի վերոհիշյալ կարգավորումների համաձայն.

- դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու, այն նշանակելու (չափը և գրավադրման ձևը որոշելու) հարցը՝ կայացնելով համապատասխան որոշում,

- դատարանի հիշյալ որոշումը կատարվում է քրեական վարույթն իրականացնող համապատասխան այն մարմնի՝ քննիչի, դատախազի, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից իրենց որոշումներով, որոնց ներկայացվել է գրավի մուծման վերաբերյալ համապատասխան ապացույց: Այսինքն՝ օրենսդիրը հստակ տարանջատել է կալանքը գրավով փոխարինելու գործընթացներում, մի կողմից՝ դատարանի, մյուս կողմից՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների (պաշտոնատար անձանց), ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի գործառույթները,

- այն դեպքերում, երբ գրավի մուծման վերաբերյալ ապացույցը ներկայացվել է քրեական վարույթ իրականացնող քննիչին կամ դատախազին, ապա վերջիններիս որոշմամբ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը պարտավոր է առանց լրացուցիչ որոշում կայացնելու անհապաղ ազատ արձակել մեղադրյալին (Օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մաս):

Բոլոր դեպքերում, Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «...մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու ... մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան», ինչը երաշխիք է կալանքը գրավով փոխարինելու գործընթացներում մեղադրյալի իրավունքների (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածով նախատեսված) պաշտպանության համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա նորմատիվ կարգավորումներում ամրագրված վերոհիշյալ իրավապայմաններն իրավական որոշակիությամբ սահմանել են կալանքից ազատելու և այն գրավով փոխարինելու դատավարական գործընթացներում իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, որոնցից նաև միանշանակ կարող է բխել պաշտպանական կողմի դատավարական այս կամ այն գործողությունը՝ կապված գրավի մուծման վերաբերյալ ապացույցի ներկայացման, միջնորդությունների հարուցման, այդ մարմինների ու պաշտոնատար անձանց գործողության կամ անգործության բողոքարկման հետ, և այլն: Հետևաբար, անհիմն է նաև սույն գործով դիմող կողմի պնդումն այն մասին, թե վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է վարույթ իրականացնող մարմնի կողմից գրավի նշանակման վերաբերյալ դատարանի կայացրած որոշման՝ «ըստ էության հաստատում»: Նաև հստակ է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի երաշխավորումը` կապված, մի կողմից՝ դատարանի, մյուս կողմից՝ քրեական վարույթ իրականացնող մյուս մարմինների (քննչական մարմինների, դատախազի) սահմանադրաիրավական իրենց կարգավիճակից բխող, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի՝ Օրենսգրքից բխող կոնկրետ լիազորությունների կատարման հետ: Հետևաբար, այդ իրավակարգավորումների շրջանակներում Օրենսգրքի նորմերի՝ իրենց իրավական վերոհիշյալ բովանդակությանը համապատասխան կիրառվելու պայմաններում սահմանադրականության խնդիր առաջանալ չի կարող, ինչը փաստում է նաև սույն գործի փաստական հանգամանքների, դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կալանքը գրավով փոխարինելու՝ եվրոպական պետությունների օրենսդրական փորձի ուսումնասիրումը նույնպես վկայում է, որ քրեական վարույթի շրջանակներում գրավի ինստիտուտն ունի կիրառման հստակ չափանիշներ, մասնավորապես՝ գրավի կիրառման մասին որոշումը կայացնում է դատարանը, մեղադրյալը կալանքից անհապաղ ազատ է արձակվում գրավի մուծման վերաբերյալ ապացույցների առկայության պայմաններում (օրինակ՝ Հունգարիա, Խորվաթիա, Լատվիա և այլն), ինչը վկայում է ոչ միայն մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության արդյունավետության, այլև՝ դատավարության այդ փուլում անձանց իրավունքների երաշխավորված պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության մասին:

 

9. Միաժամանակ, կալանքից ազատելու և գրավի նշանակման մասին դատարանի որոշման կատարման, դրա վերանայման հետ կապված հարաբերությունները կարգավորող և վեճի առարկա նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված` Օրենսգրքի այլ նորմերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ, ելնելով դատավարական անհրաժեշտությունից, օրենսդիրը քրեական վարույթ իրականացնող մարմիններին (պաշտոնատար անձանց) լիազորել է իրենց որոշումներով փոխել խափանման միջոցը, այսինքն՝ նաև վերացնել գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը, մասնավորապես՝ Օրենսգրքի՝ «Խափանման միջոցը փոփոխելը և վերացնելը» վերտառությամբ 151-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն.

«1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

...

3. Կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:

Գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել և վերացվել նաև քննիչի կողմից՝ դատախազի համաձայնությամբ:

4. Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը»:

Այսպիսով, եթե սույն գործով վեճի առարկա նորմերում հաստատագրված իրավակարգավորման սկզբունքներն են՝ որոշակիությունը, իրավահարաբերության սուբյեկտների իրավական կարգավիճակից բխող կոնկրետ լիազորությունների (գործառույթների) սահմանումն ու դրանց իրացման երաշխավորումը, կալանքը գրավով փոխարինելու դատավարական գործընթացների հստակ փուլայնությունը, ապա Օրենսգրքի վերոհիշյալ նորմերում այդ սկզբունքները հստակ պահպանված չեն:

Քրեական վարույթ իրականացնող մարմինները՝ քննիչը, դատախազն ըստ էության լիազորված են «անհրաժեշտությունից» ելնելով քրեական գործով մինչդատական վարույթում փոփոխել կամ վերացնել գրավի ձևով դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոցը (Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մաս), որն ըստ էության հանգեցնում է դատական ակտի վերանայմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է ապահովել Օրենսգրքի 151-րդ հոդվածի վերոհիշյալ իրավակարգավորումների համարժեքությունը ՀՀ Սահմանադրության 4, 6, 78 և 79-րդ հոդվածների պահանջներին՝ հաշվի առնելով նաև սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի՝ մեղադրյալին կալանքից ազատելու մասին որոշման առկայության պայմաններում հանձնարարականը չի կարող կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի համար դատավարական հավելյալ նախապայման հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու հարցում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

21 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1387