Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.1071.53
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0016/01/16

ԵՇԴ/0016/01/16

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան  

Դատավորներ՝

 Մ. Պետրոսյան
   Ա. Խաչատրյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

ա. պողոսՅԱՆԻ

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ  
  տուժողի ներկայացուցիչ

Է. Հակոբյանի

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Վանիկ Զավենի Մկրտչյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Ռաֆաելյանի՝ 2015 թվականի մարտի 31-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 11118715 քրեական գործը: 2015 թվականի սեպտեմբերի 29-ին Վանիկ Մկրտչյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Վ.Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Վ.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2016 թվականի փետրվարի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում 2016 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Վ.Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Դատարանը վճռել է նաև տուժող, քաղաքացիական հայցվոր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործով տուժող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հ.Երեմյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել տուժողի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին:

4. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հ.Երեմյանը՝ խնդրելով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալի պաշտպանի վճռաբեկ բողոքը՝ մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվում է այն բանի համար, որ «(...) նա հանդիսանալով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության գանձապահ՝ իրականացնելով ընկերության դրամարկղի դրամական միջոցների պահպանումը, շարունակաբար, մաս-մաս 2014 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2015 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված` ընկերության Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 44 հասցեում տեղակայված կենտրոնական դրամարկղ մուտքագրված գումարներից 27.114.982 ՀՀ դրամը հիշյալ ընկերության գույքային ֆոնդից դուրս բերելով` օգտագործել է իր անձնական կարիքների համար` այդ կերպ կատարելով իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացում» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 126-134):

6. Տուժող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ամբաստանյալ Վ.Մկրտչյանից հօգուտ ընկերության բռնագանձել 27.114.982 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերությանը պատճառված վնասի հատուցում (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 42-43):

7. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, ուր մասնավորպես նշելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է և ինքը համաձայն է մեղադրանքի հետ՝ խնդրել է կիրառել դատական քննության արագացված կարգ (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 104):

7.1. Վ.Մկրտչյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մայիսի 18-ի դատական նիստի ժամանակ պնդել է իր միջնորդությունը: Մեղադրող Բ.Գալստյանը և տուժողի ներկայացուցիչ Ս.Գուլքանյանը հայտարարել են, որ վերոնշյալ միջնորդության դեմ չեն առարկում, և արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործ, հատոր 5, թերթ 157):

7.2. Ամբաստանյալ Վ.Մկրտչյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի դատական նիստի ժամանակ` դատական վիճաբանությունների փուլում, հայտարարել է, որ ինքը դեմ է «ընդհանուր» քաղհայցի չափին, քանի որ իր հարազատներն ասել են, որ իր քեռին 5 միլիոն դրամի չափով վերականգնել է վնասը, ուստի չի հասկանում, թե ինչով է պայմանավորված ներկայացված 27 միլիոն դրամի հայցը: Միաժամանակ Վ.Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստակամ է հատուցելու դեռևս չվերականգնված վնասը: Նախագահողի հարցին պատասխանել է, որ ընդունում է, որ վնաս պատճառել է այն չափով, որ չափով որ քաղաքացիական հայց է ներկայացված (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործ, հատոր 5, թերթ 157):

7.3. Տուժողի ներկայացուցիչ Ս.Գուլքանյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի դատական նիստի ժամանակ դատարանին հայտնել է, որ ամբաստանյալի հայտարարության կապակցությամբ իր խնդրանքով դատարանի կողմից հայտարարված ընդմիջման ժամանակ ճշտել է, որ հանցագործության հետևանքով ընկերությանը պատճառված 27.114.982 ՀՀ դրամ գումարից 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը վերականգնվել է ամբաստանյալ Վ.Մկրտչյանի հարազատների կողմից, ուստի քաղհայցը նվազեցնում է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Ամբաստանյալը նախագահողի հարցին պատասխանել է, որ չի ցանկանում արտահայտվել տուժողի ներկայացուցչի հնչեցրած այդ դիրքորոշման կապակցությամբ (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործ, հատոր 5, թերթ 157):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վանիկ Զավենի Մկրտչյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

(...)

Քննարկելով քաղաքացիական հայցի հարցը` դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցվոր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության հայցը պետք է թողնել առանց քննության` հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Հաշվի առնելով, որ համաձայն «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության տնօրեն Հ. Երեմյանի 01.06.2016թ. թիվ 210 գրության՝ ընկերության վարչապարատի ամբողջ աշխատակիցների կողմից ընկերության տնօրեն Հ.Երեմյանի և գլխավոր հաշվապահ Թ.Մինասարյանի անունից ընկերության հաշվարկային հաշվին է փոխանցվել ամբաստանյալ Վ.Մկրտչյանի կողմից կատարված հանցագործության հետևանքով ընկերությանը պատճառված 27.114.982 ՀՀ դրամ գումարից 22.510.000 ՀՀ դրամ` գումարը, իսկ համաձայն տուժողի ներկայացուցչի հայտարարության ամբաստանյալի հարազատների կողմից վերականգնվել է ևս 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այն, որ քաղաքացիական հայցի քննության և լուծման հետ առնչվող այլ հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարումը կարող է հանգեցնել տևական ժամկետով դատական նիստերի հետաձգմանը և դատական քննության ձգձգմանը, նկատի ունենալով, որ քաղաքացիական հայցվոր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերությունը կարող է հայցադիմում ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով` նաև դատական քննության ավարտից հետո, ողջամիտ ժամկետում քրեական գործի քննությունն ապահովելու նպատակով` դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցվոր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 159-161):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է` «(...) [Ա]կնհայտ է, որ արագացված կարգով դատական քննության ժամանակ ամբաստանյալ Վ.Մկրտչյանը հայտարարել է, որ «Երևանի էլեկտրատրնսպորտ» ՓԲ ընկերության հարուցած քաղաքացիական հայցը չի ընդունում, իսկ պատճառված վնասը իր հարազատների կողմից փոխհատուցվել է 5 մլն դրամի չափով: Այդ պայմաններում առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե կոնկրետ որ չափով է ամբաստանյալը ընդունում քաղաքացիական հայցը, և արդյո՞ք պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ համաձայն չէ: Մինչդեռ այդ հանգամանքը պարզելով միայն առաջին ատյանի դատարանը կարող էր հետևություն անել արագացված դատական քննությունը շարունակելու կամ ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

Տվյալ պարագայում, առաջին ատյանի դատարանը իրավասու էր շարունակել արագացված դատական քննությունը և դատական ակտով լուծել նաև հարուցված քաղաքացիական հայցի հարցը միայն այն բանից հետո, երբ կպարզեր, որ ամբաստանյալ Վ.Մկրտչյանն ընդունում է պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրությունը, այսինքն` իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում, ինչպես նաև ընդունում է քաղաքացիական հայցն ամբողջությամբ: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանը, առանց պարզելու, թե հարուցված հայցի պայմաններում արդյո՞ք ամբաստանյալը շարունակում է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով, այդ թվում պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության մասով, քաղաքացիական հայցը չընդունելու մասին ամբաստանյալի կողմից արված հայտարարության պայմաններում, խախտելով քրեադատավարական օրենքի պահանջը, շարունակել է գործի քննությունը արագացված կարգով:

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել են դատաքննության արագացված կարգի պայմանները:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատական քննության արագացված կարգ կիրառել այն դեպքում, երբ ամբաստանյալ Վ.Մկրտչյանը չի ընդունել մեղադրանքի ծավալի մեջ ներառված գույքային վնասի հետ համընկնող քաղաքացիական հայցը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 211-219):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ տուժողի վերաքննիչ բողոքում պահանջ է ներկայացվել Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու, ամբաստանյալ Վ.Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանելու և քաղաքացիական հայցն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ: Ընդ որում, քրեական գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին պահանջ չի ներկայացվել, ուստի, վճռաբեկ բողոքի հեղինակը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններից, որպիսի հանգամանքը հիմք է որոշումը բեկանելու համար:

11. Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալն ըստ էության ընդունել է մեղադրանքում նշված՝ հասցված վնասի չափը, այսինքն` մեղադրանքը ողջ ծավալով, ինչն էլ հաշվի առնելով՝ Առաջին ատյանի դատարանը գործի քննությունն իրականացրել է դատական քննության արագացված կարգով: Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցը չընդունելուն, ապա բազմիցս նշվել է, որ Վ.Մկրտչյանի հարազատների կողմից գումարի բավական մասը վերականգնվել է: Նշված հանգամանքը մասնակիորեն ընդունվել է նաև տուժող կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

Արդյունքում, բողոքի հեղինակը նշել է, որ դատարանը, սխալ վերլուծելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ճիշտ իրավական գնահատական չտալով գործով հաստատված փաստերին, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

12. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական քննության արագացված կարգի պայմանների խախտում:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է` «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:

Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը»:

Արագացված դատական քննություն կիրառելու հիմքերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով որոշման շրջանակներում, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ համաձայնվելն է: Այլ կերպ՝ դատական քննության արագացված կարգ կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը կամ ամբաստանյալը համաձայն է կատարված արարքի փաստական հանգամանքների, մեղքի ձևի, շարժառիթների, արարքի իրավական գնահատականի, ինչպես նաև պատճառված վնասի բնույթի ու չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ (տե՛ս Շողակաթ Ամիրխանյանի և Գառնիկ Ֆարմանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 որոշման 22-րդ կետը):

14.1. Զարգացնելով մեջբերված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն Արթուր Հակոբյանի և Արսեն Խոջայանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(…) [Ա]յն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով ներկայացված քաղաքացիական հայցի առարկայի ծավալի մեջ ներառված գույքային վնասը համընկնում է մեղադրանքի ծավալի մեջ ներառված գույքային վնասի հետ, ներկայացված քաղաքացիական հայցն ամբաստանյալի կողմից լրիվ կամ մասնակի չընդունելը նշանակում է, որ նա լրիվ կամ մասնակի համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Հետևաբար, նման դեպքերում դատարանը ամբաստանյալի կողմից հայցի հետ չհամաձայնվելը պետք է գնահատի որպես առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի կամ մեղադրյալի լրիվ կամ մասնակի անհամաձայնություն և դրա հիման վրա մերժի դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը: Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ արագացված կարգով դատական քննության ժամանակ դատարանը պարզում է, որ ամբաստանյալը համաձայն չէ պատճառված վնասի բնույթի և չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ` դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին (…)» (տե՛ս Արթուր Հակոբյանի և Արսեն Խոջայանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0219/01/11 որոշման 17-րդ կետը):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված նորմը Վճռաբեկ դատարանն ի թիվս այլ որոշումների (ԵԿԴ/0058/11/09, ԵԷԴ/0030/01/12 և այլն) վերլուծության է ենթարկել Արսեն Մակարյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր: Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա: Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի (տե՛ս Արսեն Մակարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը):

Արթուր Մադոյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս դատարանների պատճառաբանությունները պետք է կառուցվեն գործի փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների հիման վրա, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ (տե՛ս Արթուր Մադոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշման 16-րդ կետը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վ.Մկրտչյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով կիրառել դատական քննության արագացված կարգ, որի դեմ մեղադրողը և տուժողի ներկայացուցիչը չեն առարկել: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին (տե՛ս սույն որոշման 7-7.1-րդ կետերը):

Տուժող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ամբաստանյալ Վ.Մկրտչյանից հօգուտ ընկերության բռնագանձել 27.114.982 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Ամբաստանյալը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը դեմ է «ընդհանուր» քաղհայցի չափին, քանի որ 5 միլիոն դրամի չափով վնասը վերականգնվել է: Միաժամանակ Վ.Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստակամ է հատուցելու դեռևս չվերականգնված վնասը, իսկ նախագահողի հարցին պատասխանել է, որ ընդունում է՝ վնաս պատճառել է այն չափով, որ չափով որ քաղաքացիական հայց է ներկայացված (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7.2-րդ կետերը):

Տուժողի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ նշել է, որ հանցագործության հետևանքով ընկերությանը պատճառված 27.114.982 ՀՀ դրամ գումարից 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը վերականգնվել է ամբաստանյալ Վ.Մկրտչյանի մերձավորների կողմից, ուստի այդ չափով ինքը նվազեցնում է քաղհայցը: Ի պատասխան նախագահողի հարցին՝ ամբաստանյալը նշել է, որ տուժողի ներկայացուցչի հնչեցրած այդ դիրքորոշման կապակցությամբ չի ցանկանում արտահայտվել (տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության արդյունքում Վ.Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ քաղաքացիական հայցը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական հայցի քննության և լուծման հետ առնչվող հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարումը կարող է հանգեցնել տևական ժամկետով դատական քննության ձգձգմանը, ուստի այն ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե կոնկրետ որ չափով է ամբաստանյալն ընդունում քաղաքացիական հայցը և համաձայն է արդյոք պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրությանը: Մինչդեռ այդ հանգամանքը պարզելով միայն կարելի էր գալ հետևության արագացված դատական քննությունը շարունակելու կամ ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Արդյունքում Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է դատական քննության արագացված կարգի պայմանները, բեկանել է դատական ակտը և ուղարկել նոր քննության (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

17. Սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 14-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, չպարզելով, թե ամբաստանյալն արդյոք իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում և ընդունում է քաղաքացիական հայցն ամբողջությամբ, խախտելով քրեադատավարական օրենքի պահանջը, շարունակել է գործի քննությունը արագացված կարգով, չի բխում գործի փաստական հանգամանքներից: Մասնավորապես, գործի փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ դատական նիստը նախագահողի հարցին ամբաստանյալը պատասխանել է, որ ընդունում է, որ վնաս է պատճառել այն չափով, որքանով որ քաղաքացիական հայց է ներկայացված: Վերոնշյալից ակնհայտ է, որ ամբաստանյալը համաձայնել է մեղադրանքի ծավալի մեջ ներառված գույքային վնասի հետ, որը համընկել է քաղաքացիական հայցի առարկայի ծավալի մեջ ներառված գույքային վնասին: Ինչ վերաբերում է հետագայում որոշակի մաս հատուցված լինելու հետ կապված հարցերին, ապա դրանք չեն կարող մեկնաբանվել որպես առաջադրված մեղադրանքի հետ լրիվ կամ մասնակի անհամաձայնություն:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ հիմնավորմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացրել է ոչ պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական քննության արագացված կարգի պայմանների խախտում, հիմնավոր չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները՝ կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի տուժողի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները և արդյունքում կայացնի համապատասխան որոշում:

19. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում՝ փաստելով, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում կաշկանդված չէր տուժողի վերաքննիչ բողոքի պահանջով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վանիկ Զավենի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Վանիկ Զավենի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ա. Պողոսյան
    Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Լ. Թադևոսյան
   

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան