Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0072/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0072/02/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան

 

 Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչ Հրաչ Ալեզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարդգես Սարգսյանի, Հակոբ Հակոբյանի, երրորդ անձ Մուրադ Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է համապարտության կարգով Վարդգես Սարգսյանից և Հակոբ Հակոբյանից բռնագանձել 1.193.480 ՀՀ դրամ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 02.06.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 02.06.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հետևանքով հանգել է սխալ եզրակացության: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վարդգես Սարգսյանի և Ընկերության միջև 21.05.2012 թվականին՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրի կնքման ժամանակ, ներկայացվել է նաև Հակոբ Հակոբյանի՝ որպես լիազոր տիրապետողի վարորդական վկայականը, որտեղ նշված է համապատասխան տրանսպորտային միջոց վարելու կարգը, այն է` վարորդական վկայական թիվ AAB287320, կարգ «C»: Հետևաբար Ընկերությունը, ի սկզբանե իմանալով, որ Հակոբ Հակոբյանը վարորդական վկայականում նշված կարգով Վարդգես Սարգսյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 15 LS 219 պետհամարանիշի ավտոմեքենան վարելու իրավունք չունի, նրա հետ կնքել է լիազորված տիրապետողի ԱՊՊԱ պայմանագիր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.06.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Վարդգես Սարգսյանի միջև 21.05.2012 թվականին կնքված` «ՎԱԶ-2121» մակնիշի, 15 LS 219 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SE156527 վկայագրում (այսուհետ` Վկայագիր) Հակոբ Հակոբյանը նշված է որպես լիազորված տիրապետող: Նույն Վկայագրում նշված են նաև Հակոբ Հակոբյանի վարորդական իրավունքի վկայականի համարը` AAB287320, դրանում ամրագրված կարգը` «C», վկայականի տրման ամսաթիվը՝ 18.08.1989 թվական, վարորդական ստաժը՝ 25 տարի (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) Հակոբ Հակոբյանի վարորդական իրավունքի վկայականի կորստյան կապակցությամբ 20.09.2012 թվականին նրա կողմից ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին ներկայացված դիմումի հիման վրա նույն օրը նրան տրվել է թիվ MI862288 ժամանակավոր վարորդական վկայականը, որը վավերական է եղել մինչև 19.10.2012 թվականը, և որում ամրագրված է եղել նույն կարգը «C» (հատոր 1-ին, գ.թ. 49, 52):

3) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի հրամանատարի (այսուհետ` Ոստիկանություն) կողմից հաստատված 03.10.2012 թվականի եզրակացության համաձայն՝ 23.09.2012 թվականին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում միմյանց են ընդհարվել «ՎԱԶ 2124» մակնիշի 79 MM 009 հաշվառման համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 15 LT 219 հաշվառման համարանիշի ավտոմոբիլները: Պատահարը տեղի ունենալու ժամանակ «ՎԱԶ 2121» մակնիշի 15 LT 219 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը վարել է Հակոբ Հակոբյանը, ընդ որում, վերջինս այն վարել է՝ «իր վարորդական իրավունքի վկայականում չունենալով համապատասխան կարգ», և պատահարը տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի թույլ տված իրավախախտման հետևանքով (հատոր 1-ին, գ.թ. 9,10):

4) Ընկերության կողմից հատուցվել է Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի արդյունքում տուժած քաղաքացուն պատճառված վնասը` 1.193.480 դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-19, 23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ապահովագրական ընկերությունը վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի լիազոր տիրապետողի նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք այն հիմքով, որ վերջինս ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք, եթե ապահովագրական ընկերությունն ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս տեղեկացված է եղել լիազոր տիրապետողի՝ տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու համապատասխան կարգ չունենալու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններից է նաև` ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831 -րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: (…) Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1025-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ նույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը: Ապահովագրողն էլ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և տուժողի իրավահարաբերություններին՝ մասնավորապես նախատեսելով սեփականատիրոջ պատասխանատվության պայմանները և այն բացառող դեպքերը, ապա «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և ապահովագրական ընկերության միջև ծագած իրավահարաբերություններին՝ մասնավորապես ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքին:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը նախատեսված է վնաս պատճառողի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ սեփականատիրոջ (ապահովադրի) պատասխանատվության հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են նույն հոդվածով, հետևաբար սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ այլ հիմքերով հետադարձ պահանջ չի կարող ներկայացվել: Ուստի այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հավելում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով հստակ և սպառիչ սահմանված են նաև վնաս պատճառած անձի պատասխանատվության հիմքերը: Հետևաբար տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս վնաս պատճառած անձի դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով թվարկված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի դեմ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած անձի՝ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունենալը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով, [«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի] (այսուհետ՝ Բյուրո) կանոններով և իրավական այլ ակտերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 13.09.2010 թվականի խմբագրությամբ Բյուրոյի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» վերտառությամբ թիվ RL 1-007 կանոնների (այսուհետ`Թիվ RL 1-007 կանոններ) 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ապահովագրողի (ապահովագրողի լիազորված անձի կամ ապահովագրական գործակալի) կողմից ապահովադրից (ապահովադրի լիազորված անձից) պահանջվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները` ֆիզիկական անձ ապահովադրի դեպքում` ապահովադրի անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի), սոցիալական ապահովության քարտի (սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի), վարորդական իրավունքի վկայականի (առկայության դեպքում) պատճենները, իսկ ապահովագրողի գրավոր կամ բանավոր պահանջով` նաև դրանց բնօրինակները, ապահովադրի կապի միջոցները, վարորդական ստաժի վերաբերյալ տեղեկատվություն (…) : Նույն կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ (…) լիազորված տիրապետողների վերաբերյալ նույն կետի 1-5-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները` կախված նրա բնույթից (…):

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 23.09.2011 թվականի խմբագրությամբ Բյուրոյի կողմից հաստատված «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» վերտառությամբ թիվ RL 1-002 կանոնների (այսուհետ` Թիվ RL 1-002 կանոններ) 2-րդ գլխի 18-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ԱՊՊԱ վկայագրի 6-րդ` «Լիազորված տիրապետողներ» դաշտում ապահովադրի հայեցողությամբ լրացվում է հետևյալ չորս տարբերակներից որևէ մեկը. 1) դրվում է «-» (գծիկ) նշանը, որը նշանակում է, որ լիազորված տիրապետող է համարվում միայն տվյալ ԱՊՊԱ վկայագրով նախատեսված ապահովադիրը, այդ դեպքում «Ապահովադիր» դաշտում պարտադիր լրացվում են ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տվյալները: Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նշվում են այն անձանց ցանկը և նրանց վերաբերյալ (…) տվյալները, ում ապահովադիրը նախատեսում է վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը կնքվող պայմանագրի գործողության ժամկետում: Նույն ենթակետով նախատեսված դեպքում ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տեղեկատվության լրացման դեպքում ապահովադիրն ինքնաշխատ կերպով հանդիսանում է լիազորված տիրապետող: Ընդ որում, եթե ապահովադիրն ունի վարորդական վկայական և չի ցանկանում հանդես գալ որպես լիազորված տիրապետող, ապա Վկայագրի ապահովադիր դաշտում վարորդական վկայականի վերաբերյալ որևէ նշում չի կատարվում...:

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյաը.

13.09.2010 թվականի խմբագրությամբ Թիվ RL 1-007 կանոնների համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար ապահովադրից պահանջվող փաստաթղթերի մեջ նշված է վարորդական իրավունքի վկայականի պատճենը՝ միայն դրա առկայության դեպքում, իսկ լիազորված տիրապետողների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի համար հղում է կատարված ապահովադրից պահանջվող նույն փաստաթղթերի ցանկին, սակայն վարորդական իրավունքի վկայականի բացակայության կամ այն չներկայացնելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բացահայտվել են Թիվ RL 1-002 կանոններում: Ընդ որում, այդ կանոնների վերլուծությունից պարզ է դառնում, որ ԱՊՊԱ վկայագրի 6-րդ` «Լիազորված տիրապետողներ» դաշտում լրացվող տեղեկատվությանը ներկայացվել են խիստ որոշակի պահանջներ: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ լիազորված տիրապետող պետք է համարվեր միայն տվյալ ԱՊՊԱ վկայագրով նախատեսված ապահովադիրը, ապա «Ապահովադիր» դաշտում պարտադիր էր ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տվյալները լրացնելը: Ավելին` ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տեղեկատվության լրացման դեպքում ապահովադիրն ինքնաշխատ կերպով դառնում էր լիազորված տիրապետող, իսկ եթե ապահովադիրն ուներ վարորդական վկայական և չէր ցանկանում հանդես գալ որպես լիազորված տիրապետող, ապա ԱՊՊԱ վկայագրի ապահովադիր դաշտում վարորդական վկայականի վերաբերյալ որևէ նշում չպետք է կատարվեր: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենդրությամբ որպես լիազորված տիրապետողներ կարող էին հանդես գալ միայն այն անձինք, որոնց վարորդական վկայականի վերաբերյալ տվյալները լրացված էին ԱՊՊԱ վկայագրում:

Այսինքն՝ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությունը ֆիզիկական անձ ապահովադրից պետք է պահանջեր, inter alia, վարորդական իրավունքի վկայական՝ միայն առկայության դեպքում, մինչդեռ լիազորված տիրապետողից պարտադիր էր վարորդական իրավունքի վկայականի պատճենը պահանջելը, իսկ վարորդական իրավունքի վկայական չլինելու դեպքում անձը չէր կարող նշվել որպես ավտոտրանսպորտային միջոցի լիազորված տիրապետող: Ավելին, ապահովադիրը ևս չէր կարող հանդես գալ որպես ավտոտրանսպորտային միջոցի լիազորված տիրապետող, եթե չուներ կամ չէր ներկայացրել վարորդական իրավունքի վկայականի պատճենը:

Բացի այդ, իրավահարաբերության ծագման պահին գործող Թիվ RL 1-002 կանոնների բովանդակությունից հետևում է, որ ԱՊՊԱ վկայագրի «Լիազորված տիրապետողներ» դաշտում նշվում էին այն անձանց ցանկը, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը: Հետևաբար ավտոտրանսպորտային միջոցը վարելու նպատակով կարող էր տրամադրվել միայն այն անձին, ով օրենքով սահմանված կարգով ուներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք: Ընդ որում, ըստ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից, իսկ վարորդական իրավունքի վկայականում նշվում է, թե որ կարգ(եր)ի ավտոտրանսպորտային միջոց վարելու իրավունք է տրամադրվում տվյալ վկայականով:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության իմաստով լիազորված տիրապետողներն այն անձինք են, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը, իսկ վարելու իրավունք անձը ձեռք է բերում վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից: Միևնույն ժամանակ ԱՊՊԱ վկայագրով որպես լիազորված տիրապետողներ կարող էին հանդես գալ միայն այն անձինք, որոնց վարորդական իրավունքի վկայականի վերաբերյալ տվյալները լրացված էին ԱՊՊԱ վկայագրում: Ընդ որում, ԱՊՊԱ վկայագիրը լրացնելիս վարորդական իրավունքի վկայականի վերաբերյալ տվյալները նշելու իրավական պահանջն ինքնանպատակ չէր, և դրա միջոցով ապահովագրական ընկերությունը պետք է ստուգեր այն անձի մոտ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունքի առկայությունը, ում ապահովադիրը ցանկանում էր տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը՝ վարելու նպատակով: Հետևաբար ապահովագրողը պարտավոր էր ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հավաստիանալ, որ լիազորված տիրապետողն առնվազն այդ պահի դրությամբ ուներ խնդրո առարկա ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք:

Վճռաբեկ դատարանը, ընդհանրացնելով վերոգրյալը, արձանագրում է, որ ապահովագրական ընկերությունն ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ավտոտրանսպորտային միջոցի լիազորված տիրապետող պետք է նշեր նրանց, ովքեր պայմանագիրը կնքելիս ունեին տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք, իսկ այդ հարցը պարզելու համար ապահովագրական ընկերությունը պետք է պահանջեր նրանց վարորդական իրավունքի վկայականը, որի վերաբերյալ տվյալները պարտադիր կերպով պետք է ներառեր ԱՊՊԱ վկայագրում լրացվող տեղեկատվության մեջ:

Անդրադառնալով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի կիրառմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողին տրամադրվել են լիազորված տիրապետողի բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ և բավարար են պայմանագիր կնքելու հարցը լուծելու համար, այդ թվում՝ լիազորված տիրապետողի վարորդական իրավունքի վկայականը, ապա ապահովագրողը չի կարող հետագայում օգտվել վերոգրյալ ենթակետով նախատեսված սուբրոգացիայի իրավունքից, եթե ապահովագրության պայմանագրում լրացված են լիազորված տիրապետողի վարորդական իրավունքի վկայականի տվյալները, և դրանցից բխում է, որ վերջինս պայմանագրի կնքման պահին չի ունեցել խնդրո առարկա ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք, սակայն ապահովագրողը, անտեսելով այդ հանգամանքը, կնքել է ապահովագրության պայմանագիր՝ օգտվելով դրանից բխող իրավունքներից և ստանձնելով դրանից բխող պարտավորություններ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Վարդգես Սարգսյանի միջև 21.05.2012 թվականին կնքված` «ՎԱԶ-2121» մակնիշի, 15 ԼՏ 219 պետական համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության Վկայագրում Հակոբ Հակոբյանը նշված է որպես լիազորված տիրապետող, ընդ որում, Վկայագրում նշված են նաև Հակոբ Հակոբյանի վարորդական իրավունքի վկայականի համարը` AAB287320, որում ամրագրված կարգը նշված է «C»: Հակոբ Հակոբյանի վարորդական իրավունքի վկայականի կորստյան կապակցությամբ 20.09.2012 թվականին վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա նույն օրը նրան տրվել է թիվ MI862288 ժամանակավոր վարորդական վկայականը, որը վավերական է եղել մինչև 19.10.2012 թվականը, և որում ամրագրված է եղել նույն՝ «C» կարգը: Ընկերության կողմից վկայակոչված պատահարը տեղի է ունեցել 23.09.2012 թվականին: Ոստիկանության 03.10.2012 թվականի եզրակացության մեջ նշվել է, որ Հակոբ Հակոբյանը տվյալ ավտոմեքենան վարել է` «իր վարորդական իրավունքի վկայականում չունենալով համապատասխան կարգ», և որ պատահարը տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի թույլ տված իրավախախտման հետևանքով: Ընկերության կողմից հատուցվել է տվյալ պատահարի արդյունքում տուժած քաղաքացուն պատճառված վնասը` 1.193.480 ՀՀ դրամի չափով:

Դատարանը, մերժելով հայցը, պատճառաբանել է, որ Ընկերության հետ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր կնքելիս Վարդգես Սարգսյանը կատարել է նշված պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունը, մասնավորապես՝ որպես ապահովադիր ներկայացրել է ավտոտրանսպորտային միջոցը վարելու թույլտվություն ունեցող անձի տվյալները: Վկայագրի 6-րդ կետով որպես լիազորված տիրապետող նշվել է Հակոբ Հակոբյանը, որի վարորդական վկայականում նշված է համապատասխան «C» կարգը: Դատարանը գտել է, որ Ընկերությունն է կրում լիազորված անձի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոտրանսպորտային միջոցը վարելու օրինական հիմք և համապատասխան կարգի վարորդական իրավունք ունենալու հանգամանքը ստուգելու պարտականությունը, որի արդյունքում որոշել է ապահովագրության պայմանագիրը կնքելու կամ չկնքելու հարցը: Այսինքն` Ընկերությունը, ներկայացված փաստաթղթերի գնահատման արդյունքում անտեսելով այդ փաստաթղթերում առկա թերությունները, այնուամենայնիվ, կնքել է ապահովագրության պայմանագիր, հետևաբար և պետք է կատարի պայմանագրից բխող բոլոը պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման, քանի որ Հակոբ Հակոբյանի՝ պատահարի պահին տվյալ ավտոմեքենան վարելու իրավունքի բացակայության փաստն արձանագրելով հանդերձ՝ չի կիրառել այդ փաստով պայմանավորված իրավանորմերը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը չի պարզել, թե ով է խնդրո առարկա ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, և արդյոք հայցվորի հետադարձ պահանջի իրավունքը ծագել է միայն նրա նկատմամբ, թե նաև պատահարի պահին ավտոմեքենան վարելու իրավունք չունեցող լիազորված տիրապետողի նկատմամբ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի՝

«C» կարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ

բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հետ 21.05.2012 թվականին ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (վկայագիր) կնքելիս Վարդգես Սարգսյանը կատարել է իր պարտականությունը, մասնավորապես՝ որպես ապահովադիր ներկայացրել է ավտոտրանսպորտային միջոցը վարելու թույլտվություն ունեցող անձի (անձանց) տվյալները, այդ թվում՝ վարորդական իրավունքի վկայականը, որի հիման վրա Վկայագրի 6-րդ կետով որպես լիազորված տիրապետող նշվել է Հակոբ Հակոբյանը. վարորդական վկայական՝ թիվ АAB287320, կարգ «C», տրված 18.08.1989 թվականին, վարորդական ստաժ՝ 25 տարի: Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ լիազորված տիրապետողի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ, և դրա միջոցով Ընկերությունը պետք է ստուգեր այն անձի մոտ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունենալու հանգամանքը, ում ապահովադիրը մտադիր է եղել տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը՝ վարելու նպատակով: Տվյալ պարագայում Ընկերությունը տեղեկացվել էր լիազորված տիրապետողի բոլոր այն տվյալների մասին, որոնք անհրաժեշտ և բավարար էին պայմանագիր կնքելու հարցը լուծելու համար, մասնավորապես այն, որ Հակոբ Հակոբյանն ունի միայն վարորդական իրավունքի «C» կարգ, որը թույլ է տալիս վարել միայն բեռնատար մեքենաներ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե Ընկերությունը, ներկայացված փաստաթղթերի հետազոտման և գնահատման արդյունքում անտեսելով դրանցում առկա անհամապատասխանությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այնուամենայնիվ, կնքել է ապահովագրության պայմանագիր, այսինքն` պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համապատասխան ավտոտրանսպորտային միջոցն այդ անձի կողմից վարելու հետևանքով առաջացած պատահարները լինեն ապահովագրության պայմանագրի առարկա, ապա Ընկերությունն այլևս չի կարող վկայակոչել նման անհամապատասխանությունը՝ բացառելով նաև այն սուբրոգացիայի իրավունքի հիմքում դնելու հնարավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը, հատուցելով ապահովագրական վճարը, այլևս չէր կարող «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի հիմքով օգտվել վնաս պատճառած անձին՝ Հակոբ Հակոբյանին, հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքից, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնաբովանդակ դիրքորոշում արտահայտվել է նաև նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԵԿԴ/1462/02/09 քաղաքացիական գործով 01.07.2011 թվականին կայացված որոշման շրջանակներում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն Հակոբ Հակոբյանի մասով գործը նոր քննության ուղարկելու մասով՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրել է միայն Հակոբ Հակոբյանը:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ Հակոբ Հակոբյանի դեմ ներկայացված պահանջի մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Հակոբ Հակոբյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը` 35.804,4 ՀՀ դրամի չափով (1.193.480 ՀՀ դրամ x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով, ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Ընկերությունից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2015 թվականի որոշման՝ Հակոբ Հակոբյանի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2015 թվականի վճռին:

2. «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 35.804,4 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
 

Ե. Սողոմոնյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան