Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.42
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՏԴ/0085/01/14

ՏԴ/0085/01/14

Նախագահող դատավոր՝ Վ. Ռշտունի

Դատավորներ՝

 Կ. Ղազարյան
 Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ազատ Էդվարդի Խլղաթյանի և Աշոտ Ռուդիկի Աթաբեկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 38110313 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ազատ Էդվարդի Խլղաթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի` 2014 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Աշոտ Ռուդիկի Աթաբեկյանը նույնպես ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2014 թվականի դեկտեմբերի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Խլղաթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ ամբաստանյալ Ա.Աթաբեկյանը` 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ամբաստանյալ Ա.Խլղաթյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոններով նշանակված պատժին հաշվակցվել է ամբաստանյալ Ա.Խլղաթյանի կալանքի տակ գտնվելու 5 (հինգ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 5 (հինգ) օր ժամկետով:

Ամբաստանյալ Ա.Աթաբեկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կանոններով նշանակված պատժին հաշվակցվել է ամբաստանյալ Ա.Աթաբեկյանի կալանքի տակ գտնվելու 1 (ամիս) ամիս 6 (վեց) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 10 (տաս) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Խլղաթյանի պաշտպան Ռ.Հակոբյանի, ամբաստանյալ Ա.Աթաբեկյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բողոքները բավարարել է մասնակի, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատավճիռը և ամբաստանյալ Ա.Խլղաթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով՝ ազատելով նրան քրեական պատասխանատվությունից: Վերաքննիչ դատարանը Ա.Խլղաթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) ամիս 25 (քսանհինգ) օրը: ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (վաղեմության ժամկետներն անցած լինելու) հիմքով ամբաստանյալ Ա.Խլղաթյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժից: Ամբաստանյալ Ա.Խլղաթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝գրավը, թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանը Ա.Աթաբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (դիմողի բողոքի բացակայություն) հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է` վերացնելով Ա.Աթաբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը:

3.1. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման կապակցությամբ դատավոր Մ.Պապոյանը ներկայացրել է հատուկ կարծիք, որով իր անհամաձայնությունն է հայտնել ամբաստանյալ Ա.Խլղաթյանի արարքի որակման կապակցությամբ՝ նշելով, որ ամբաստանյալի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանացագործության հատկանիշները, իսկ դատավոր Կ.Ղազարյանն իր հատուկ կարծիքում ընդգծել է, որ ամբաստանյալ Ա.Խլղաթյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2013թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 21-ի սահմաններում, Իջևան քաղաքի բնակիչ Վալերիկ Հովսեփի Աղինյանին պատկանող «Դրուժբա» կոչվող ռեստորանում, քիչ առաջ նույն օբյեկտում տեղի ունեցած վիճաբանությունից հետո, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով ինչպես ռեստորանի աշխատակիցների, այնպես էլ իջևանցիների հասցեին, զենքի գործադրմամբ` ձեռքին եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ռեստորանի բարի և առաստաղի ուղղությամբ, դրանով հանրավտանգ եղանակով դիտավորությամբ վնասել Վ.Աղինյանին պատկանող գույքը` պատճառելով գույքային վնաս: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 169):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Ա]մբաստանյալ Ազատ Էդվարդի Խլղաթյանին մեղսագրված արարքները հաստատված են, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ, 235 հոդվածի 1-ին մասով ճիշտ են որակված, որոնց համար նա ենթակա է պատժի:

(…)

[Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ազատ Էդվարդի Խլղաթյանի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, որպիսին անհրաժեշտ ու բավարար է նրա ուղղման, այլ հանցագործության կանխման և սոցիալական արդարության վերականգնման համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 66-69):

7. Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում, ի թիվ այլոց, դրել է նաև դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Խլղաթյանի, տուժողներ Վ.Աղինյանի, Լ.Խոջոյանի, Ա.Դարբինյանի տված հետևյալ ցուցմունքները.

- ամբաստանյալ Ա.Խլղաթյան` «(...) [Իր կողմից] կրակելու պահին բացի իրենց տղաներից և ռեստորանի աշխատակիցներից, նաև սրահում եղել են այդ 4-5 տղաները, որոնք իր ենթադրությամբ եկել էին հաշիվ մաքրելու (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 66),

- տուժող Վ.Աղինյան` «(...) Ինքը դուրս է եկել իր հանգստյան սենյակից ու գնացել դահլիճ, որտեղ տեսել է Աշոտին ու Ազատին, մյուսներին չի ճանաչում: Դահլիճում մի 5-6 հոգի կային, որոնց մեջ նաև երկու ամբաստանյալներն էին: Տեսել է, որ Աշոտն ու Ազատն իրենց մոտ եղած այդ մի քանի տղաներից մեկին ուզում էին դուրս հանել ու շարժվել-գնալ, ու այդ պահին մի 4-5 տղաներ մտան: (...) Ազատը կրակել է օդում, դահլիճի մեջ, առաստաղին, Աշոտն էլ իրեն ու կնոջը տարել է իր հանգստյան սենյակ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 66-67):

- տուժող Լ.Խոջոյան` «(...) Մնացել էին 3-4 հոգի, մյուսները գնացել էին: Այդ 3-4 հոգու մեջ էին Աշոտը ու Ազատը, մեկը կար, որին ուզում էին դուրս հանել, բայց այդ մեկը թե խմած էր, թե ինչ էր, կպել էր պատից, չէր ուզում դուրս գալ: Այդ պահին մի քանի հոգի իջևանցի տղաներ եկան, եկել էին, որ պատվեր տային, ինքն էլ ասել է, որ իրավիճակն այնպիսին է, որ պատվեր չեն ընդունում, և որ գնան: Այդ բոյով տղան, որը երևի Ազատն էր, դեմքը լավ չի հիշում, այս վերջին 4-5 հոգի իջևանցիներին ընկալեց իբրև իր հակառակորդների, գնաց բերեց զենքը ու կրակեց (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 66-67),

- տուժող Ա.Դարբինյան` «(...) Հետո Ազատն ասաց` տվեք մեքենայի բանալիները ու դուրս եկավ: Դահլիճում մի 5-6 հոգի կային, հաճախորդներ էին եկել: Հետո Ազատը զենքը ձեռքին եկավ ասաց` «դուք` իջևանցիներդ, կտեսնեք», ու կրակեց (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 67):

7.1. Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությունը կատարվել է 2013 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 02:40-ից մինչև 04:00-ը, դեպքի վայր է «Դրուժբա» ռեստորանը, որտեղից դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել է 4 հատ պարկուճ, 2 հատ գնդակ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 8-10):

7.2. Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանի կազմած թիվ 725 հեռախոսագրի համաձայն` «2013 դեկտեմբերի 21-ին` ժ. 20:15-ին, մի քաղաքացի, ներկայանալով, որ ինքը 1980թ. ծնված Ազատ Խլղաթյանն է (...), հայտն[ել] է, որ իրենց տան մոտ գտնվող կանաչ գույնի` ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ զենք կա դրված` իր փամփուշտով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 6)

7.3. 2013 թվականի դեպտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքի Խնձորուտ 6-րդ փողոցի 2-րդ տան հարավային հատվածում գտնվող կանաչ` ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ՝ կտորի մեջ փաթաթված, հայտնաբերվել է «АКС-У» տեսակի, 1978 թվականի արտադրության, 690180 գործարանային համարով ինքնաձիգ` իր պահունակով, որի մեջ առկա են 5 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 6, 7-13):

8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ազատ Խլղաթյանի կողմից ինքնաձիգից արձակած կրակոցներն ուղղված չեն եղել որևէ մեկին մարմնական վնասվածք հասցնելու, ինչպես նաև այդ գործողություններն իրական վտանգ չեն ստեղծել անձանց կյանքի կամ առողջության համար:

Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ Ազատ Խլղաթյանի կողմից կատարած կրակոցները հիմնականում եղել են ռեստորանի առաստաղի, պատի և բարի ուղղություններով, իսկ քրեական գործով ձեռք չեն բերվել որևէ տվյալներ, որ այդ ուղղություններով կատարված կրակոցները նպատակ են ունեցել մարմնական վնասվածք հասցնելու կամ դրա փորձ իրականացնելու, կամ կրակոցներն իրական վտանգ են առաջացրել անձանց կյանքի կամ առողջության համար:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է, որ կրակոցներն առաջացրել են վախի և տագնապի մթնոլորտ, սակայն այդ հանգամանքն ինքնին չի կարող վկայել, որ կրակոցների արդյունքում ռեստորանի սրահում գտնված անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ են առաջացել: Ավելին՝ տուժողները հիմնականում նշում են, որ կրակոցները եղել են առաստաղի ուղղությամբ, և դրանով վնասվել է իրենց գույքը:

 (...)

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ազատ Խլղաթյանը, ինքնաձիգով կրակոցներ արձակելով, կատարել է խուլիգանություն, և որի արդյունքում «Դրուժբա» ռեստորանի գույքի վնասմամբ 75000 ՀՀ դրամ գույքային վնաս է պատճառվել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը հիմք ընդունելով, գտնում է, որ Ազատ Խլղաթյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասին, այլ ոչ թե՝ նույն հոդվածի 4-րդ մասին: Այսինքն` ամբաստանյալը կատարել է խուլիգանություն` զուգորդված ուրիշի գույքի զգալի չափերով վնասումով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 72-74):

8.1. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ամբաստանյալ Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից ազատել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ արձանագրելով հետևյալը. [ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 և 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՆԴ/0011/01/14] որոշումներից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման արգելքը պայմանավորել է ոչ թե միայն ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զուտ հանրորեն վտանգավոր արարք կատարելու հետ, այլ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանցանք կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հաստատապես հայտնի լինելու հանգամանքներով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված արգելքը չի կարող տարածվել բոլոր այն դեպքերի վրա, երբ ապօրինի պահվող զենքով հանցանք է կատարվում, սակայն այդ մասին, մասնավորապես` կատարված փաստի կամ հանցանք կատարող անձի մասին, վարույթն իրականացնող մարմինը հաստատապես տեղեկացված չի լինում: Տվյալ դեպքերում կամովին հանձնումն առկա է: Հետևաբար ապօրինի պահվող զենքով միայն հանցանքի կատարումն ինքնին բավարար չէ, կամովին հանձնելու դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատելու երաշխիքի սահմանափակումը:

(...)

Վերը նշված մեկնաբանությունների արդյունքում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ կամովին հրաժարման (զենքի կամովին ներկայացման) առկայության կամ բացակայության համար նախատեսված է հետևյալ նախապայմանները: Նախ` ապօրինի զենքի գործադրման մասին իրավապահ մարմինների հաստատապես տեղեկացված լինելը, հաջորդ նախապայմանը` հանցանք կատարող անձի մոտ իրեն բացահայտելու և զենքը հայտնաբերելու իրական սպառնալիքի գիտակցելը:

(...)

Սույն գործի նյութերից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում: Տուժող Լեյլի Խոջայանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է 2013 թվականի դեկտեմբերի 21-ին (հաղորդման ներկայացման ժամը նշված չէ), մասնավորապես նշել է, որ Աշոտ Աթաբեկյանը ոմն Սլավիկի և ևս մի քանի անձանց հետ օբյեկտում ճաշկերույթ են արել, որի ընթացքում վերջինները ծեծի են ենթարկել Ալիկ Բաղմանյանին, իսկ ոմն Էդոյի տղան ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Նույն օրը կազմվել է նաև օպերատիվ հաղորդագրության քարտ, որտեղ նշվել է, որ Ա.Խլղաթյանը «Դրուժբա» ռեստորանում ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Քրեական գործը նույնպես հարուցվել է դեկտեմբերի 21-ին, ինչպես նաև դեպքի վայրի զննությունը ևս այդ օրն է իրականացվել:

Վերը թվարկված տվյալներից կարելի է հասկանալ, որ վարույթն իրականացնող մարմնի մոտ «Դրուժբա» ռեստորանում կատարված կրակոցների մասին որոշակի տեղեկություններ, մասնավորապես այն, որ Ազատ Խլղաթյանի կողմից է իրականացվել, ձեռք են բերվել հաջորդ օրը՝ 2013 թվականի դեկտեմբերի 21-ին: Իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետը 2013 թվականի դեկտեմբերի 23-ին նոր միայն ցուցում է տվել քննչական և դատավարական հիմնական գործողություններ կատարելու վերաբերյալ, մասնավորապես՝ ակտիվացնել փնտրողական գործողությունները խուլիգանության մասնակիցների և գործադրված հրազենը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև որոշումներ կայացնել բերման ենթարկելու Աշոտ Աթաբեկյանին, Վիգեն Աթաբեկյանին, Ազատ Խլղաթյանին և Սեյրան Մինասյանին:

ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 21-ին կազմած հեռախոսագրի համաձայն՝ ժամը 20:15-ին մի քաղաքացի, ներկայանալով որպես Ազատ Խլղաթյան, հայտնել է, որ իրենց տան մոտ գտնվող կանաչ գույնի ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ զենք կա դրված` իր փամփուշտով: Արդյունքում Վանաձոր քաղաքի Խնձորուտ 6-րդ փողոցի 2-րդ տան հարավային հատվածում գտնվող կանաչ` ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ՝ կտորի մեջ փաթաթված, հայտնաբերվել է «АКС-У» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, որի մեջ առկա են եղել 5 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ազատ Խլղաթյանին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այստեղից պարզ է դառնում, որ Ազատ Խլղաթյանի կողմից հեռախոսազանգի միջոցով ինքնաձիգի գտնվելու վայրի մասին հայտնելու ժամանակ վերջինը չէր կարող հաստատապես տեղյակ լինել, որ իրեն բացահայտելու, զենքը հայտնաբերելու իրական սպառնալիքն առկա է, քանի որ դեպքից անցել էր ընդամենը մեկ օր, և հենց այդ օրն էլ նոր միայն վարույթն իրականացնող մարմինը որոշակի գործողություններ է ձեռնարկել և որոշակի տեղեկություններ ստացել կատարված դեպքի վերաբերյալ: Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի ձեռնարկած գործողությունների մասին Ազատ Խլղաթյանը կարող էր ընդհանրապես տեղյակ չլինել, քանի որ այդ գործողություններն ուղղակիորեն իր դեմ ուղղված չեն եղել: Այսինքն՝ դեռևս ամբաստանյալների բնակարան այցելություններ չեն եղել, ինքնաձիգի հայտնաբերման ուղղությամբ որոնողական աշխատանքներ չեն կատարվել, ինչպես նաև ամբաստանյալի և դեպքին մասնակցած մյուս անձանց բերման ենթարկելու միջոցներ ձեռնարկված չեն եղել: Հետևաբար նման տվյալների առկայությունը՝ 2013 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ ձեռնարկված դատավարական գործողությունները և դրա արդյունքում ստացված տեղեկատվությունների ամբողջությունը, խոսում է այն մասին, որ նշված օրվա դրությամբ այդ ամենն Ազատ Խլղաթյանի մոտ չէր կարող առաջացնել իրեն բացահայտելու իրական սպառնալիքի և զենքն ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորության բացակայության մասին գիտակցելու իրական նախապայմաններ: Այսինքն՝ եթե նույնիսկ ձեռնարկված գործողությունների արդյունքները բավարար են եղել վարույթն իրականացնող մարմնի մոտ հաստատապես տեղեկանալու, որ ինքնաձիգից կրակոցներ արձակվել է Ազատ Խլղաթյանի կողմից, ապա դա չի կարող վկայել, որ Ազատ Խլղաթյանը հաստատապես գիտակցել է, և հրազենի հանձնումն իրականացվել է բացահայտվելու իրական սպառնալիքի ներքո:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ազատ Խլղաթյանն ինքնաձիգը ներկայացրել է կամովին և վերջինի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 74-78):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը` Ա.Խլղաթյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից նույն հոդվածի 2-րդ մասով վերաորակելու, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, օրինական և հիմնավոր չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և թույլ է տվել դատական սխալ` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործի ելքի վրա:

10. Համակարգային վերլուծության ենթարկելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի, 45-րդ հադվածի 10-րդ կետի կարգավորումները` բողոքաբերն ընդգծել է, որ կատարված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է ապացուցել անձի գործողություններում նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքների առկայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համադրությունից պարզ է դառնում, որ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք կարող է առաջադրվել, եթե պատշաճ իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ անձը զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Հետևաբար արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործումը պետք է հանդիսանա վերը թվարկված գործողությունները կատարելու պարտադիր պայման, անհրաժեշտ միջոց:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, ճիշտ վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, իրավացիորեն արձանագրել է, որ Ա.Խլղաթյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը, քանի որ վերջինս խուլիգանություն կատարելու ընթացքում հրազենի գործադրմամբ վնասել է ռեստորանի գույքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածին տվել է յուրովի և ոչ իրավաչափ մեկնաբանություն` նշելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության համար պարտադիր պայման է, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրումը կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծի:

11. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Խլղաթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է նույն հոդվածի 5-րդ մասի խախտմամբ:

Մասնավորապես, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ին կայացված թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը փաստել է, որ սույն քրեական գործով ապացուցված է, որ Ա.Խլղաթյանը «Դրուժբա» ռեստորանում զենքի գործադրմամբ խուլիգանությունը կատարել է բազմաթիվ անձանց` քրեական գործով տուժողների և վկաների ներկայությամբ: Այսինքն` Ա.Խլղաթյանը հաստատապես գիտակցել է, որ բազմաթիվ անձինք տեղյակ են, որ իր մոտ ապօրինի հրազեն է պահվում, և առկա է իրեն բացահայտելու իրական սպառնալիք, ուստի ամբաստանյալի կողմից ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանում զանգահարելը, ներկայանալը, ինքնաձիգի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնելը չեն կարող գնահատվել նրա կողմից գործողությունների ազատ և գիտակցված կամաարտահայտման արդյունք: Նման պայմաններում Ա.Խլղաթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված խրախուսական նորմը կիրառելի չէ:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 21-ի որոշումը՝ ամբաստանյալ Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասերով բեկանել և քրեական գործն այդ մասով ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության համար պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանությունը.

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք ամբաստանյալ Ա.Խլղաթյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով

(...)

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով

(...)

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

(...)

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,

5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝

(...)

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ

(...)»:

Խուլիգանության հանցակազմի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Շահեն Հախվերդյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով հետևյալը. «(…) [Խ]ուլիգանությունը հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, որի հիմնական, անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը, իսկ պարտադիր լրացուցիչ օբյեկտն անձի անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, առողջության, քաղաքացիների և կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

Խուլիգանության հիմնական հանցակազմն ունի մեկ, իսկ որակյալ հանցակազմը՝ երկու օբյեկտ: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա է որակման որպես հասարակ խուլիգանություն, մինչդեռ նույն արարքը, որը զուգորդվում է անձի առողջությանը, գույքային իրավունքներին և այլին վնաս պատճառելով, ենթակա է որակման խուլիգանության որակյալ հանցակազմով:

(...)

Խուլիգանության հիմնական հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև հասարակական նշանակություն չունեցող այլ վայրերում, որտեղ առկա է հանրություն, սահմանված կարգի կոպիտ խախտման մեջ, որն արտահայտվում է այդ վայրերում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խուլիգանության որակյալ հանցակազմի պարագայում վերոնշյալ արարքները զուգորդում են բռնությամբ, գույքը վնասելով կամ ոչնչացնելով և այլն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ է նախևառաջ հիմնավորել խուլիգանության հիմնական հանցակազմի առկայությունը (...)» (տե՛ս Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշման 15-16-րդ կետերը):

Հաշվի առնելով Շ.Հախվերդյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուլիգանությունը ծանրացնող հանգամանքներով որակելու համար անհրաժեշտ է հավաստել, որ կատարված արարքի արդյունքում, բացի հանցագործության հիմնական անմիջական օբյեկտից` հասարակական կարգի պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից, խախտվել են նաև օրենքով պաշտպանվող այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են անձի կյանքը, առողջությունը, քաղաքացիների ու կազմակերպությունների գույքային շահերը և այլն: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են խուլիգանության հիմնական հանցակազմը որակյալ դարձնող այնպիսի օբյեկտիվ հատկանիշներ, ինչպիսիք են բուն հանցակազմը բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, ինչպես նաև գույքը ոչնչացնելով կամ վնասելով զուգորդված կատարելը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված են քննարկվող հանցակազմի առավել ծանրացնող հանգամանքները (մասնավորապես՝ երկրորդ մասով նկարագրված արարքը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով կամ բացառիկ ցինիզմով զուգորդված կատարելը):

Ինչ վերաբերում է խուլիգանության ամենավտանգավոր տեսակին, ապա այն նախատեսված է հոդվածի 4-րդ մասով, այն է՝ հանցանքը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելը: Համապատասխան առարկաների գործադրումը բարձրացնում է առավել ծանր հետևանքների առաջացման հավանականությունը՝ պայմանավորված անձանց կյանքին կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու հավանական վտանգով, ուստի պատահական չէ, որ հանցագործության նման եղանակն օրենսդրորեն գնահատվել է որպես բարձր հանրային վտանգավորություն ունեցող և նախատեսվել որպես խուլիգանության հանցակազմն առավել որակյալ դարձնող հանգամանք:

16. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խուլիգանության ծանրացնող հանգամանքին անդրադարձել է Արթուր Սերոբյանի վերաբերյալ որոշմամբ՝ ընդգծելով, որ քննարկվող հանցակազմի առկայությունը հավաստելու համար պարտադիր է, հանցավորը զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայով մարմնական վնասվածք հասցնի կամ փորձի հասցնել, կամ էլ նրա գործողությունների հետևանքով անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծվի (տե՛ս Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշման 4.3-րդ կետը):

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի և մեջբերված նախադեպային որոշումների արտահայտված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե վերջինիս արարքում առկա են նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նկարագրված հանցակազմի հատկանիշները, հետևաբար զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության ծանրացնող հանգամանքը հանցավորին կարող է մեղսագրվել, եթե նշված առարկաների օգտագործումը զուգորդվել է`

ա) բռնություն գործադրելով կամ

բ) բռնություն գործադրելու սպառնալիքով կամ

գ) անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելով:

Ընդ որում, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում ասելով պետք է հասկանալ կա՛մ նշված առարկաների փաստացի գործադրումը (օրինակ՝ կրակոց արձակելը, հարվածներ հասցնելը և այլն), կա՛մ գործադրման փորձը (դիտավորյալ գործողություններ, որոնք, սակայն, հանցավորի կամքից անկախ հանգամանքներում չեն հաջողվում), կա՛մ դրա սպառնալիքը (զենքը կամ որպես զենք օգտագործվող առարկաները ցուցադրելու կամ այլ եղանակով):

17. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի նկատմամբ բռնություն, բռնության սպառնալիք գործադրելու կամ անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելու հատկանիշների մեկնաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված առարկաների օգտագործմամբ բռնություն գործադրելը ենթադրում է տուժողի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, դիտավորությամբ կատարված ցանկացած ֆիզիկական ներգործություն, որը կարող է լինել ինչպես վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր (տուժողին կյանքից զրկելը, առողջությանը ցանկացած վնաս պատճառելը և այլն), այնպես էլ ոչ վտանգավոր (առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս պատճառելը, հարվածներ հասցնելը, այլ բռնի գործողություններ կատարելը) (բռնության հասկացության վերաբերյալ մանրամասն տե՛ս Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 18-րդ կետը):

Զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ բռնության սպառնալիքն անձի նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որն արտահայտվում է հանցավորի կողմից ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ իր մտադրությունը բանավոր խոսքի կամ տարաբնույթ գործողությունների միջոցով տուժողին հայտնելով՝ զուգորդված զենքը կամ որպես զենք օգտագործվող առարկաները ցուցադրելով, տարբեր մարմնաշարժումներով, ժեստերով և այլն: Ընդ որում, սպառնալիքը պետք է լինի իրական, այսինքն` տուժողը բավարար հիմքեր ունենա վախենալու դրա իրականացումից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սպառնալիքի իրական լինելը պետք է որոշվի հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում՝ հաշվի առնելով ինչպես տուժողի սուբյեկտիվ ընկալումը, այնպես էլ օբյեկտիվ իրադրությունը (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրման եղանակների, կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Ժիրայր Ղուկասյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0091/01/11 որոշման 17-19-րդ, 21-րդ կետերը):

Ինչ վերաբերում է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելուն, ապա հարկ է նկատել, որ այն թեև ուղղված չէ որևէ կոնկրետ անձի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելուն, այնուամենայնիվ իրականացվում է այնպիսի եղանակով, որը վտանգում է շրջապատում գտնվող անձանց կյանքն ու առողջությունը: Մասնավորապես, որպես այդպիսին կարող են գնահատվել հանրային վայրերում անկանոն կրակոցներ արձակելը, գույքը հանրավտանգ, այսինքն՝ այնպիսի եղանակով ոչնչացնելը կամ վնասելը, որն իրական վտանգ է ներկայացնում մարդու կյանքի կամ առողջության համար, ինչպես նաև անձանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնող զենքի կամ այլ առարկաների գործադրման այլ դեպքերը:

Ընդ որում, պարտադիր չէ, որ նշված գործողությունների արդյունքում որևէ մեկին փաստացի վնաս պատճառվի, ինչպես նաև պարտադիր չէ ապացուցել, որ հանցավորը որևէ անձի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելու նպատակ հետապնդի, այլ բավարար է, որ հանցավորը գիտակցի իր կողմից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրման արդյունքում անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ ստեղծելու հանգամանքը և ցանկանա հանցանքը հենց նման եղանակով կատարելը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ զենքի կամ այլ առարկաների գործադրման արդյունքում անձանց կյանքի կամ առողջության համար ստեղծված վտանգը պետք է լինի իրական, այլ ոչ թե կարծեցյալ, ինչը հնարավոր է որոշել գործի բոլոր հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հաշվի առնելով, մասնավորապես, հանցագործության տեղը, ժամանակը, անձանց ներկայությունը, գործադրված զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի տեսակը, ինչպես նաև հարցի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Վ.Աղինյանին պատկանող «Դրուժբա» ռեստորանում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես ռեստորանի աշխատակիցների, այնպես էլ իջևանցիների հասցեին, զենքի գործադրմամբ` ձեռքին եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ռեստորանի բարի և առաստաղի ուղղությամբ և դրանով հանրավտանգ եղանակով դիտավորությամբ վնասել Վ.Աղինյանին պատկանող գույքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռով արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Խլղաթյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ, 235-րդ հոդվածի 1-ին մասով որակված են ճիշտ, որոնց համար նա ենթակա է ազատազրկման ձևով պատժի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ Ա.Խլղաթյանի կողմից ինքնաձիգից արձակած կրակոցներն ուղղված չեն եղել որևէ մեկին մարմնական վնասվածք հասցնելուն, ինչպես նաև իրական վտանգ չեն ստեղծել անձանց կյանքի կամ առողջության համար, քանի որ դրանք հիմնականում արձակված են եղել ռեստորանի առաստաղի, պատի և բարի ուղղություններով: Վերաքննիչ դատարանի համոզմամբ թեև կրակոցներն առաջացրել են վախի և տագնապի մթնոլորտ, սակայն այդ հանգամանքն ինքնին չի կարող վկայել, որ կրակոցների արդյունքում ռեստորանի սրահում գտնված անձանց կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ա.Խլղաթյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշները, և վերջինիս կատարած արարքը վերաորակել է նույն հոդվածի երկրորդ մասով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Ամբաստանյալ Ա.Խլղաթյանի, տուժողներ Վ.Աղինյանի, Լ.Խոջոյանի, Ա.Դարբինյանի՝ դատարանում տված ցուցմունքների համաձայն՝ կրակոցներ արձակելու պահին ռեստորանի սրահում, աշխատակիցներից բացի, եղել են նաև այլ անձինք (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Դեպքի վայրի զննության արդյունքում «Դրուժբա» ռեստորանից առգրավվել է 4 պարկուճ, 2 գնդակ (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը):

2013 թվականի դեպտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքի Խնձորուտ 6-րդ փողոցի 2-րդ տան հարավային հատվածում գտնվող կանաչ` ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ՝ կտորի մեջ փաթաթված, հայտնաբերվել է «АКС-У» տեսակի ինքնաձիգը` իր պահունակով, որի մեջ եղել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ (տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը):

18.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ

- Ա.Խլղաթյանը «Դրուժբա» ռեստորանում զենքի՝ «АКС-У» տեսակի ինքնաձիգի գործադրմամբ կատարել է խուլիգանություն,

- խուլիգանություն կատարելու ընթացքում Ա.Խլղաթյանն ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել ռեստորանի առաստաղի և բարի ուղղություններով,

- կրակոցներ արձակելու պահին այնտեղ գտնվել են ռեստորանի աշխատակիցները, ինչպես նաև այցելուներ:

19. Սույն որոշման 18-18.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Խլղաթյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով նույն հոդվածի 2-րդ մասով, պատշաճ վերլուծության և գնահատականի չի արժանացրել գործում առկա փաստական տվյալները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ գործով ձեռք չի բերվել որևէ տվյալ, որ ռեստորանի առաստաղի, պատի և բարի ուղղություններով կատարված կրակոցներն իրական վտանգ են առաջացրել անձանց կյանքի կամ առողջության համար, չի բխում սույն գործի փաստական հանգամանքներից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը նշված հետևությանը հանգելիս պատշաճ գնահատման չի ենթարկել հանցանքի կատարման վայրը, հանցանքի կատարման պահին այլ անձանց ներկայությունը, հանցավորի կողմից գործադրված զենքի տեսակը, ինչպես նաև գույքը հանրավտանգ եղանակով վնասելու հանգամանքը:

Այսպես՝ ամբաստանյալ Ա.Խլղաթյանը հանրային վայրում` «Դրուժբա» ռեստորանում, որտեղ աշխատակիցներից բացի եղել են նաև այցելուներ, զենքի՝ «АКС-У» տեսակի ինքնաձիգի գործադրմամբ անկանոն կրակոցներ է արձակել ռեստորանի առաստաղի և բարի ուղղություններով: Այլ կերպ ասած` Ա.Խլղաթյանը ռեստորանի գույքը վնասել է հանրավտանգ, այսինքն՝ այնպիսի եղանակով, որն իրական վտանգ է ստեղծել այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, որպիսի հանգամանքը նաև նրան մեղսագրված է եղել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքի կատարման հանրավտանգ եղանակը, այն է՝ ինքնաձիգով մի քանի անկանոն կրակոցներով մարդաշատ վայրում գույքը վնասելը, արդեն իսկ վկայում է անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելու մասին, ինչը բավարար է հանցավորի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշների առկայությունը հավաստելու համար:

20. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Խլղաթյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

 

II. Ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելը.

 

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված է արդյոք ամբաստանյալ Ա.Խլղաթյանի կողմից ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

22. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հուսիկ Բաղդասարյանի գործով որոշման շրջանակներում՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Հանձնումը համարվում է կամովին, եթե անձը, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքն՝ անձի ընդունած այդ որոշումը պետք է լինի ազատ և գիտակցված ընտրության արդյունք: Բացահայտման իրական սպառնալիքի առկայությունը և դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին: Այն դեպքերում, երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք» (տե՛ս Հուսիկ Սուրիկի Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշման 20-րդ կետը):

Վերահաստատելով և զարգացնելով Հ.Բաղդասարյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված խրախուսական նորմը նպատակ ունի ապօրինի պահվող զենքի և նորմում թվարկված մյուս առարկաների կամավոր հանձնումը խրախուսելու եղանակով դադարեցնելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումը և այդպիսով կանխելու հետագայում դրանց հնարավոր գործադրմամբ անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված կամ այլ հանցագործությունները: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածով նախատեսված արարքների հանրային վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանով նախատեսված առարկաները հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորություն է ստեղծվում, ինչը վտանգ է առաջացնում մարդկանց կյանքի և առողջության համար: Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը հոդվածում նշված առարկաների անօրինական շրջանառությունից մարդու և հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հետևաբար հոդվածում նշված առարկաների հանձնման դեպքում ապահովվում է տվյալ հանցագործության օբյեկտի պահպանությունը, իսկ հանձնման կամավորության դեպքում` վերանում հանցանք կատարած անձի հանրային վտանգավորությունը:

(...)

Քննարկվող հոդվածում նշված առարկաների հանձնումը կարող է համարվել կամովին, եթե անձը, գիտակցելով դրանք ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորությունը, այդուհանդերձ, հանձնում է քննարկվող առարկաները կամ հայտնում դրանց գտնվելու վայրի մասին: Քննարկվող առարկաներն ապօրինի պահելու իրական հնարավորություն անձը կարող է ունենալ, եթե, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ զենքի գոյության մասին, կամ բացակայում են դրա բացահայտման օբյեկտիվ հնարավորության մասին վկայող հանգամանքները, և անձը ողջամտորեն գիտակցում է դա: Հետևաբար ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո զենքը հանձնած անձը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաստատապես հայտնի լինելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի բխի քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպատակներից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապօրինի զենքով հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո անձի կողմից զենքը հանձնելը կարող է գնահատվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել պատիժ նշանակելիս (...)» (տե՛ս Հրանտ Յուրիկի Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՆԴ/0011/01/14 որոշման 34-րդ կետը):

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Խլղաթյանը 2013 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 21-ի սահմաններում, «Դրուժբա» կոչվող ռեստորանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո զենքի՝ «АКС-У» տեսակի ինքնաձիգի գործադրմամբ կրակոցներ է արձակել ռեստորանի բարի և առաստաղի ուղղությամբ և հանրավտանգ եղանակով դիտավորությամբ վնասել Վ.Աղինյանին պատկանող գույքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 21-ին կազմած հեռախոսագրի համաձայն՝ ժամը 20:15-ին մի քաղաքացի, ներկայանալով որպես Ազատ Խլղաթյան, հայտնել է, որ իրենց տան մոտ գտնվող կանաչ գույնի ջրի համար նախատեսված դատարկ ցիստեռնի տակ զենք կա դրված՝ իր փամփուշտով: Ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է «АКС-У» տեսակի ինքնաձիգ` իր պահունակով (տե՛ս սույն որոշման 7.2-7.3-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Խլղաթյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել և նրան քրեական պատասխանատվությունից ազատել է՝ նշելով, որ Ա.Խլղաթյանը հեռախոսազանգի միջոցով ինքնաձիգի գտնվելու վայրը հայտնելիս չէր կարող հաստատապես տեղյակ լինել, որ իրեն բացահայտելու, զենքը հայտնաբերելու իրական սպառնալիք էր առկա, քանի որ դեպքից անցել էր ընդամենը մեկ օր, և հենց այդ օրն էլ միայն վարույթն իրականացնող մարմինը որոշակի գործողություններ էր ձեռնարկել և տեղեկություններ ստացել կատարված դեպքի վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ ամբաստանյալը վարույթն իրականացնող մարմնի ձեռնարկած գործողությունների մասին կարող էր ընդհանրապես տեղյակ չլինել, քանի որ դրանք ուղղակիորեն իր դեմ ուղղված չեն եղել: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ա.Խլղաթյանն ինքնաձիգը ներկայացրել է կամովին, հետևաբար վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը կիրառելի է (տե՛ս սույն որոշման 8.1.-րդ կետը):

24. Սույն որոշման 22-րդ կետում վկայակոչված` Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ամբաստանյալ Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից ազատելիս պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ նախքան ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զանգելը, այդ զենքի գործադրմամբ ամբաստանյալը հանրային վայրում` ռեստորանում, արդեն իսկ հանցավոր արարք էր կատարել: Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ 2013 թվականի դեկտեմբերի 21-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), որի շրջանակներում նույն օրը կատարված դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էին թվով 4 պարկուճ և 2 գնդակ (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը): Այսինքն` վարույթ իրականացնող մարմնին հաստատապես հայտնի էր եղել զենքի գոյության փաստը, իսկ քրեական գործով ձեռնարկվել էին դեպքի հանգամանքների բացահայտման ուղղված քննչական և այլ դատավարական գործողություններ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ա.Խլղաթյանը հեռախոսազանգի միջոցով ինքնաձիգի գտնվելու վայրը հայտնելիս չէր կարող հաստատապես տեղյակ լինել, որ իրեն բացահայտելու և զենքը հայտնաբերելու իրական սպառնալիք էր առկա, քանի որ դեպքից անցել էր ընդամենը մեկ օր, բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի ձեռնարկած գործողությունների մասին կարող էր ընդհանրապես տեղյակ չլինել, քանի որ դրանք ուղղակիորեն իր դեմ ուղղված չէին եղել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ եզրահանգումը չի բխում գործի փաստական հանգամանքներից: Այսպես` կատարված հեռախոսազանգի նախորդ օրը` 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, ամբաստանյալ Ա.Խլղաթյանը բազմաթիվ անձանց ներկայությամբ հանրային վայրում` ռեստորանում, զենքի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն, հետևաբար նա գիտակցել է, որ մի շարք անձինք տեղյակ են իր մոտ պահվող հրազենի մասին: Վերոնշյալ հանգամանքը ողջամտորեն հիմք էր ամբաստանյալի մոտ` իրեն բացահայտելու իրական սպառնալիքի և զենքն ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորության բացակայության մասին գիտակցում ձևավորելու համար: Նման պայմաններում ամբաստանյալի կողմից ինքնաձիգի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնելը չէր կարող գնահատվել որպես նրա կողմից զենքը հանձնելու ազատ և գիտակցված կամաարտահայտության արդյունք:

25. Այսպիսով, սույն որոշման 22-24-րդ կետերում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտանգավոր արարքը կատարելուց հետո զենքի գտնվելու մասին հայտնած Ա.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունից ազատելիս հաշվի չի առել, որ նրա կողմից զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաստատապես հայտնի է եղել, բացի այդ, ամբաստանյալը ողջամտորեն գիտակցել է իր կողմից ապօրինի զենք պահելու փաստի բացահայտումը և զենքի` ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորության բացակայությունը, ուստի նման պայմաններում վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի կարող բխել քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպատակներից:

Հետևաբար ամբաստանյալ Ա.Խլղաթյանի կողմից ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն օրինական և հիմնավորված չէ:

26. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Խլղաթյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակելով նույն հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելով և նրան քրեական պատասխանատվությունից ազատելով զենքը կամովին հանձնելու հիմքով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 235-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 21-ի որոշումը բեկանելու և քրեական գործն այդ մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ազատ Խլղաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով, որ այդ խափանման միջոցի կիրառման հիմքերն ու պայմանները չեն վերացել:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ազատ Էդվարդի Խլղաթյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 21-ի որոշումը բեկանել և նրա մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Ազատ Էդվարդի Խլղաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան