ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1417-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «և զարգացման» բառերով,
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետից «հայրանունը», 2-րդ ենթակետից «վայրը,» բառերը հանել, իսկ 6-րդ ենթակետում «վայրը» բառը փոխարինել «հասցեն» բառով,
գ. 7-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1417
Ձ Ե Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ
ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը (այսուհետ` վկայական) 54 x 85.7 մմ չափերի, պոլիմերային նյութից պատրաստված քարտ է:
2. Վկայականի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ ուլտրամանուշակագույն պատկերով՝ կապույտ և կարմիր կիսաշրջանաձև սլաքներ, որոնց մեջտեղի հատվածում գրված է «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «STATE MIGRATION SERVICE»:
3. Քարտի վերին եզրից 0.63 մմ հեռավորության վրա` քարտի երկայնքով, միմյանցից 0.73 մմ հեռավորությամբ անցնում են կապույտ գույնի 3.3 մմ հաստությամբ 2 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև քարտի ամբողջ երկարությամբ 0.5 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետություն ապաստան հայցողի վկայական»:
4. Քարտի ձախ եզրից 5 մմ հեռավորության վրա հորիզոնական շերտագծերը 9 մմ երկարությամբ միաձուլված են և այդ մասում 7 x 7 մմ չափով զետեղված է Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր, ուլտրամանուշակագույն պատկերը:
5. Վերևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 40.45 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7 կետաչափ տպատառով տպագրված են «Հայաստանի Հանրապետություն» բառերը:
6. Ներքևի հորիզոնական շերտագծի վրա` շերտագծի ձախ եզրից 42 մմ հեռավորության վրա, սպիտակ գույնով, 7 կետաչափ տպատառով տպագրված են «Ապաստան հայցողի վկայական» բառերը:
7. Հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 1.5 մմ հեռավորության վրա, տեղակայված է 26 մմ x 20 մմ չափի գունավոր լուսանկարի համար նախատեսված 29 մմ x 22 մմ չափի անձնավորման դաշտը:
8. Հորիզոնական շերտագծերից ներքև` քարտի ձախ եզրից 25 մմ հեռավորության վրա, համապատասխան անձնավորման դաշտի վերևի հատվածում 7 կետաչափ տառաչափով կապույտ գույնով տպագրված են անձնավորման դաշտերի անվանումները հետևյալ հերթականությամբ՝
1) ազգանունը.
2) անունը.
3) սեռը.
4) ծնվել է.
5) բնակության հասցեն.
6) տրվել է.
7) ում կողմից:
9. Քարտի ձախ եզրից 53.7 մմ հեռավորության վրա՝ «սեռը» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ կապույտ գույնով տպագրված է «քաղաքացիությունը», իսկ «ծնվել է» անձնավորման դաշտի անվանմանը զուգահեռ՝ «հայցել է ապաստան» դաշտի անվանումները՝
1) քաղաքացիությունը.
2) հայցել է ապաստան:
10. Քարտի ձախ եզրից 0.86 մմ հեռավորության վրա՝ լուսանկարի անձնավորման դաշտի ներքևի հատվածում 10 կետաչափ տառաչափով տպագրված է վկայականի հերթական համարը։
11. Քարտի ձախ եզրից 0.59 մմ հեռավորության վրա՝ «վկայականի համարը» անձնավորման դաշտից ներքև՝ 6 մմ x 22 մմ չափերով անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ անձնավորվում է վկայականի համարը հատուկ «BARCODE» (շտրիխկոդ) տառատեսակով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|