Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հոդ.1170
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2017 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին նպաստ է նշանակվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետով սահմանված կարգով:».

2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին և առաջին խմբի հաշմանդամին նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 6.1-ին կետով սահմանված կարգով:».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Տարածքային բաժինը նպաստը նշանակելու, նպաստը նշանակելը մերժելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստի տեսակը փոխելը մերժելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու և նպաստ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (նպաստի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:».

4) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեղեկանքը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 33.1-ին, 33.2-րդ և 33.3-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա նշանակում է նպաստ կամ մերժում է նպաստ նշանակելը:».

5) 22-րդ կետը «անձին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կալանավորված անձին» բառերով.

6) 26-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «նպաստառուին (կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ նպաստ չի վճարվել կամ» բառերը, իսկ նույն կետում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով.

7) 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.

«31.1. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային բաժին: Այս դեպքում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:».

8) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա վերականգնելու դեպքում նպաստ վճարելը վերսկսվում է՝ անկախ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից:».

9) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 51.6-րդ և 51.7-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա վերականգնում է անձի նպաստ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է նպաստ վճարելը և (կամ) վճարում է չվճարված նպաստի գումարը կամ մերժում դիմումը:».

10) 37-րդ կետը «Հանրապետությունում» բառից հետո լրացնել «, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով.

11) 46-րդ կետից հանել «, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո տասներկու ամսվա ընթացքում» բառերը.

12) 50-րդ և 51-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Նպաստի գործը նպաստ նշանակելու դիմումի և նպաստ նշանակելու համար անհրաժեշտ (տարածքային բաժին ներկայացված)՝ բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Նպաստի գործը պահվում է այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է նպաստ նշանակելու դիմումը։ Եթե նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն տարածքային բաժին, որտեղ գտնվում է նպաստի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են նպաստի գործին։ Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ տարածքային բաժին (որտեղ չի գտնվում նպաստի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են տարածքային այդ բաժնում։

51. Նպաստի էլեկտրոնային գործը նպաստ նշանակելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու դիմումին կից տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։ Նպաստի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։ Նպաստի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:».

13) 52-րդ կետում «նպաստ նշանակելու կարգադրության» բառերը փոխարինել «նպաստ նշանակելու էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության» բառերով.

14) 54-րդ և 56-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

15) 55-րդ կետում վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այս դեպքում նպաստի էլեկտրոնային գործը հաշվառվում է նպաստառուի հաշվառման նոր վայրի տարածքային բաժնում։».

16) 58-րդ կետում առաջին նախադասությունում «համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո՝ 10 տարի, պահվում տարածքային բաժնում` ըստ համարների հերթականության» բառերը փոխարինել «նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են տարածքային բաժնում» բառերով.

17) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VI բաժին.

«VI. ՆՊԱՍՏԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

59. Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նպաստառուին ավելի վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավելի գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավելի գումարի չափից ոչ ավելի: Այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (նպաստ նշանակող ստորաբաժանման աշխատողի, նպաստառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և նպաստ նշանակող տարածքային բաժնի փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը լրամշակելու և էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելն ապահովելու ուղղությամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթների։

4. Սույն որոշման՝ էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունն ինքնաշխատ եղանակով ձևավորելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 14
Երևան