Գլխավոր տեղեկություն
Համար
N 1371-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2017-16.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.06/73(1348).1 Հոդ.1111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1371-Ն

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՎՃԱՐՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1371-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՎՃԱՐՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններից շահաբաժինների տեսքով եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր և նոտար հանդիսացողների (այսուհետ` անձինք), դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով շահաբաժին ստացած անձանց փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան տվյալ անձի կողմից շահաբաժնի տեսքով ստացվող եկամուտներից շահաբաժին վճարելու հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կողմից վճարված եկամտային հարկի գումարները:

3. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 2 ձևի.

4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3 ձևի.

5) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ.

6) բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածքը:

4. Սույն կարգի կիրառության իմաստով լիազոր մարմիններ են համարվում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որը, հանդիսանալով ընկերությունների բաժնետերերի ռեեստրը վարող մարմին, տրամադրում է տեղեկանք անձանց կողմից բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների գումարների չափի վերաբերյալ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը, որը տրամադրում է տեղեկանք անձանց կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ:

5. Եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով հարկային մարմին ներկայացված՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չլինելու դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի փոխհատուցման համար դիմում ներկայացրած անձին առաջարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա թերությունները: Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի որոշմամբ մերժվում է, եթե սույն կետով սահմանված ժամկետում չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումը սույն կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դիմում ներկայացրած անձին: Եկամտային հարկի փոխհատուցումը մերժելու մասին հարկային մարմնի որոշումն ստանալուց հետո անձը կարող է հարկային մարմին կրկին ներկայացնել դիմում՝ սույն կարգի N 1 ձևի համաձայն:

6. Եկամտային հարկի փոխհատուցման մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ սահմանված ձևի եզրակացություն` համաձայն սույն կարգի N 4 ձևի, և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա փոխհատուցումն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

7. Կատարվող փոխհատուցումը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի փոխհատուցումը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ եզրակացության հետ միասին, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման մասին որոշում կայացնելու և այն հարկ վճարողին ներկայացնելու համար:

8. Փոխհատուցվող գումարը անձին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) անձի անունը, ազգանունը.

2) անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) հաշվետու տարին, որին վերաբերում է փոխհատուցվող գումարը.

4) անձի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) փոխհատուցվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) պետական բյուջեի հաշվի համարը, որից կատարվում է փոխհատուցումը:

9. Հանձնարարականը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող գումարը փոխանցվում է անձի բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

Ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման

 

Շահաբաժին ստացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար

   

ՀՀ-ում բնակության հասցեն

 

Կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

Խնդրում եմ 20___ թվականի ընթացքում ստացված շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցել ________________ դրամ գումարը`

 

Բանկը, որին փոխանցվելու է փոխհատուցվող գումարը

Հաշվի համարը, որին փոխանցվելու է փոխհատուցվող
գումարը

Շահաբաժիններ վճարած կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն

Եկամտային հարկի գումարներից փոխհատուցման
ենթակա գումարը

       

Շահաբաժին ստացող ֆիզիկական

անձի ստորագրությունը _________________________________________

 

Ձև N 2

 

Տեղեկանք

 

Հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ

 

Տրվում է ______________________________________________________-ի բաժնետեր (փայատեր)

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

առ այն, որ նա ________ թվականի ընթացքում ստացել է ____________ դրամ շահաբաժին, որից

հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել ___________ դրամ եկամտային հարկ:

 

___ ______________ 20_____ թ.

_________________________________________________

(կազմակերպության տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 3

 

Տեղեկանք

 

Ֆիզիկական անձանց կողմից կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված գումարների չափի վերաբերյալ

 

Տրվում է _____________________________________________________-ի բաժնետեր (փայատեր)

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

առ այն, որ նա _______ թվականի ընթացքում

_______________________________________ -ի

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

կանոնադրական կամ բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարել է ներդրում`

_____________________________________________________________________________:

(ներդրված գումարը)

 

___ ______________ 20_____ թ.

_________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

Ձև N 4

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարելու մասին

 

Շահաբաժին ստացող ֆիզիկական անձի անունը,
ազգանունը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին
տեղեկանքի համար

   

ՀՀ-ում բնակության հասցեն

 

Կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը,
էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Եկամտային հարկի փոխհատուցման հաշվետու ժամանակահատվածը

 

Շահաբաժին ստացող ֆիզիկական անձի ____ ____________ 20___ թվականին ներկայացված դիմումի համաձայն հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալների միջոցով ստացված շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարից ենթակա է փոխհատուցման`

 

Բանկը, որին փոխանցվելու է փոխհատուցվող գումարը

Հաշվի համարը, որին փոխանցվելու է փոխհատուցվող գումարը

Պետական բյուջեի հաշվի համարը, որից կատարվում է փոխհատուցումը

Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարը (դրամ)

Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման ենթակա գումարը (դրամ)

         

Փոխհատուցման ենթակա գումարն արձանագրվել է կամերալ ուսումնասիրությամբ, փոխհատուցման ուսումնասիրությամբ և (կամ) փոխհատուցման ստուգմամբ` իրականացված _____ _______________ 20___ թվականի N ______ հանձնարարագրով (անհրաժեշտն ընդգծել և լրացնել)

 

Եզրակացության կազմման ամսաթիվը ___ _________________ 20____ թ.

 

Հարկային մարմնի պաշտոնատար անձ

_____________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)