Գլխավոր տեղեկություն
Համար
N 1367-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.08/66(1341) Հոդ.1081
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1367-Ն

 

ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

2. Խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ռեաբիլիտացիայի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական ծառայություններ՝ նրանց ցանկությամբ:

3. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրում է հոգեբանական ծառայություններ մատուցող մասնագիտական կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն), որը պետք է ունենա առնվազն 3 որակավորված հոգեբան մասնագետ և աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ: Հոգեբանական ծառայությունների մատուցման նպատակով կենտրոնի հետ պայմանագիր կնքում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են անվճար հիմունքներով:

5. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է կենտրոնում՝ համապատասխան որակավորված մասնագետի կողմից:

6. Խոշտանգումից տուժած անձի` կենտրոնում ծառայություն ստանալու անհնարինության դեպքում հոգեբանական ծառայությունները տրամադրվում են տուժողի գտնվելու վայրում:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում կենտրոնի մասնագետի անվտանգությունը, ինչպես նաև հոգեբանական ծառայությունների պատշաճ մատուցման համար խորհրդապահական սենյակի տրամադրումն ապահովում է տուժողի գտնվելու վայրի վարչակազմը:

8. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին կենտրոնին գրավոր հայտնելուց հետո՝ ողջամիտ ժամկետում:

9. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել հետևյալ անձինք՝

1) խոշտանգումից տուժած անձը.

2) վարույթն իրականացնող մարմինը.

3) խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք:

10. Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահերթությունների՝ կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց:

11. Հոգեբանական ծառայությունները, կախված մասնագետի կողմից մշակված ծառայությունների տրամադրման անհատական ծրագրից, կարող են տրամադրվել մեկանգամյա այցելության կամ պարբերական այցելությունների միջոցով՝ մինչև տուժողի հոգեբանական վերականգնումը:

12. Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ ըստ մասնագետի կողմից կազմված անհատական ծրագրի:

13. Կենտրոնը վարում է խոշտանգումից տուժած անձանց մատուցվող ծառայությունների համար ներկայացված դիմումների հաշվառման մատյան: Մատյանի օրինակելի ձևը կցվում է կենտրոնի հետ կնքվող պայմանագրին` որպես հավելված:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան