ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0481/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0481/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ |
Ա. Պողոսյան |
Գ. Կարախանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Ավետիսյանի ընդդեմ Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանների` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգության զանգված հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, փաստացի տիրապետմամբ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բնակելի տան մուտքերն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարլիկ Ավետիսյանի ընդդեմ Վարսենիկ և Գառնիկ Ավետիսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարսենիկ Ավետիսյանը պահանջել է բնեղենով առանձնացնել Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգության զանգված հանդիսացող 32,87քմ ընդհանուր մակերեսը, փաստացի տիրապետման հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքը նույն հասցեի անշարժ գույքի (1-ին հարկից)` 81,84քմ, (2-րդ հարկից)` 74,2քմ մակերեսների և 33,8քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, առանձնացնել նշված հասցեի բնակելի տան մուտքերը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարլիկ Ավետիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի անշարժ գույքում 68,81քմ մակերեսով տարածքների նկատմամբ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 26.12.2014 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են՝ ճանաչվել է Վարսենիկ Ավետիսյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Մ.Հերացու փողոց, թիվ 14/4 տան 1-ին հարկից 81,84քմ, 2-րդ հարկից` 74,2քմ մակերեսների և 33,8քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, միաժամանակ ճանաչվել է Մարլիկ Ավետիսյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Մ. Հերացու փողոց, թիվ 14/4 հասցեի 68,81քմ մակերեսով տարածքի նկատմամբ, և առանձնացվել են Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 տան մուտքերը՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 եզրակացության համաձայն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2015 թվականի որոշմամբ Գառնիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Ավետիսյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացվել Վարսենիկ և Մարլիկ Ավետիսյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հաշվի չի առել, որ ո'չ Վարսենիկ Ավետիսյանի, ո'չ էլ Մարլիկ Ավետիսյանի մոտ առկա չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարեխղճությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի սեփականությունը ճանաչված անշարժ գույքի մեծ մասն ինքնակամ կառույցներ են, ինչը հաստատվում է գործում առկա մի շարք ապացույցներով, մասնավորապես՝ թիվ 1043 սեփականության վկայագրի և «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրված թիվ 290-01/Վ-013 հաշվետվության համադրմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գառնիկ Ավետիսյանը մշտապես, անընդմեջ բնակվում է նշված հասցեում և օգտագործում է տան մեծ մասը և երբևէ չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարելի է գնահատել որպես վերջինիս կողմից իր սեփականությունից հրաժարում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը և հակընդդեմ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Մարլիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Մարլիկ Ավետիսյանի՝ վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող տունը 1950-ական թվականներին կառուցապատվել է վերջինիս կողմից, բնակելի տունը փաստացի առանձնացվել է կողմերի միջև, և տան մի մասը` երեք սենյակներով, անցել է Մարլիկ Ավետիսյանի տիրապետման և տնօրինման ներքո: Այսինքն՝ տունը կողմերի համաձայնությամբ բաժանելը վերջինիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա տան այդ մասը տիրապետելու է որպես սեփականը: Ստորադաս դատարանները հայցը և հակընդդեմ հայցը բավարարելիս իրավացիորեն հաստատված են համարել, որ կողմերն առանձնացրել են իրենց բաժինները և տարիներ շարունակ փաստացի, բարեխղճորեն օգտագործում են դրանք:
2.2 Վարսենիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վարսենիկ Ավետիսյանը, բացի Ռիմա Մելքոնյանից իրեն կտակված գույքից, 15 տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Մ. Հերացու թիվ14/4 հասցեի բնակելի և օժանդակ տարածքներն այն չափով, որով ներկայումս անշարժ գույքը բաժանված է: Վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող բնակելի տունը և տնամերձ հողամասը ժամանակի ընթացքում փաստացի բաժանվել է կողմերի միջև, և այն տարիներ շարունակ օգտագործվում է փաստացի բաժանված վիճակում:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ վիճելի հասցեում առկա են ինքնակամ շինություններ, ապա գործում դրա վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևան քաղաքի Կիրովյան ռայսովետի կոմունալ տնտեսության բաժնի և քաղաքացիներ Արամ և Խաչիկ Հարությունյանների միջև 1950 թվականին կազմված՝ անհատական կարգով բնակելի շենքի կառուցման համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ակտի համաձայն՝ Երևանի Այգեստան թիվ 27 հասցեում անժամկետ օգտագործողին շինարարության և հետագա շահագործման համար հատկացվել է 1.034քմ մակերեսով հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 8-9)։
2) Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության կողմից 23.10.1953 թվականին տրված գույքային թերթի համաձայն՝ Երևանի Այգեստան թիվ 11/27 (ներկայումս՝ Հերացու փողոցի թիվ 14/4) հասցեի 1.008,76քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Խաչիկ Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 7)։
3) 14.06.1988 թվականին կազմված կտակի համաձայն` Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանը Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ կտակել է Գառնիկ Ավետիսյանին: 08.06.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 20.09.1989 թվականին մահացած Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի բնակելի տան 1/3 մասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Բնակելի տան 1/3 բաժինը բաղկացած է 46,8քմ բնակելի, 35,8քմ օժանդակ մակերեսներից (հատոր 1-ին, գ.թ. 11, 12)։
4) Ըստ Հայկուշ Գույումջյանի հայցի ընդդեմ Մարլիկ Ավետիսյանի և Արամ Հարությունյանի՝ բնակարանի պահանջի մասին, քաղաքացիական գործով Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ժողդատարանի 30.04.1991 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Հայկուշ Գույումջյանը և Արամ Հարությունյանն օրինական ամուսիններ են, իսկ Մարլիկ Ավետիսյանն ամուսնու եղբայրն է: Համատեղ կյանքի ընթացքում բոլորը բնակվել են Երևանի Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի տանը, որը սեփականության իրավունքով պատկանել է պատասխանողների հորը՝ հանգուցյալ Խաչիկ Հարությունյանին: 30.05.1972 թվականին վեճի առարկա տան սեփականատեր Խաչիկ Հարությունյանի և Արամ Հարությունյանի միջև կնքվել է տան համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում առանձնացվել է յուրաքանչյուրի բաժնեմասը։ Խաչիկ Հարությունյանը 04.04.1973 թվականին Հրանտ Կարախանյանի հետ կնքել է առուծախի պայմանագիր, որով վերջինիս է օտարել մեկ սենյակ՝ 24,5քմ, և մեկ օժանդակ կառույց՝ 15քմ մակերեսով: Հետագայում նշված տան բոլոր ապօրինի կառույցներն օրինականացվել են Խաչիկ Հարությունյանի անվամբ, իսկ վերջինս էլ մահից առաջ տունն ամբողջությամբ կտակել է մյուս որդու՝ պատասխանող Մարլիկ Ավետիսյանի որդուն՝ Գառնիկ Ավետիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 13-15)։
5) 24.08.1992 թվականի թիվ 1043 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի տան 1/6 բաժինը բաղկացած է 48,8քմ ընդհանուր մակերեսից, որից՝ 24,0քմ բնակելի, իսկ 24,8քմ՝ օժանդակ մակերեսները սեփականության իրավունքով պատկանում են Գառնիկ Ավետիսյանին: Նույն վկայագրի «հողամասի բնութագիրը» բաժնում հողամասի մակերեսը նշվել է 446,6քմ, որից 178,18քմ մակերեսը՝ կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 17-18)։
6) 24.08.1992 թվականի թիվ 1043 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի տան 1/6 բաժինը՝ բաղկացած 33,8քմ ընդհանուր մակերեսից, որից՝ 22,8քմ բնակելի, իսկ 11,0քմ՝ օժանդակ, սեփականության իրավունքով պատկանել է Ռիմա Մելքոնյանին: Նույն վկայագրի «հողամասի բնութագիրը» բաժնում հողամասի մակերեսը նշվել է 446,6քմ, որից 178,13քմ կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 19-20)։
7) Ռիմա Մելքոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի անշարժ գույքը 26.12.2012 թվականին նոտարական կարգով հաստատված կտակով կտակել է դստերը` Վարսենիկ Ավետիսյանին: 08.10.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8քմ մակերեսից, որից 22,8քմ ընդհանուր մակերեսով տարածքը բնակելի է, 11,0քմ՝ օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13քմ՝ կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 23, 24)։
8) Ռիմա Մելքոնյանի մահից` 30.03.2013 թվականից հետո, ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամանակ` 08.10.2013 թվականին Մարլիկ Ավետիսյանն ընդունել է ըստ օրենքի ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով: Մարլիկ Ավետիսյանին տրված՝ 08.10.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8քմ մակերեսից, որից 22,8քմ ընդհանուր մակերեսը բնակելի է, 11,0քմ՝ օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13քմ՝ կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 25)։
9) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվության համաձայն՝ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում կատարված զննության արդյունքում պարզվել է, որ բնակելի տունը սեփականատերերի կողմից ենթարկվել է տարատեսակ հատակագծային փոփոխությունների։ Ըստ կատարած չափագրման արդյունքների՝ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում գտնվող բնակելի տան մակերեսը կազմում է՝ 342,78քմ, որից բնակելի մակերեսը կազմում է՝169,33քմ, իսկ օժանդակը՝ 173,45քմ: Բնակելի տան առաջին հարկը գտնվում է կիսակառույց վիճակում, իսկ Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանները փաստացի բնակվում են երկրորդ հարկում: Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում գտնվող բնակելի տնից, ըստ ուրվագծային գծանշված պատկերների, 63,81քմ մակերեսով տարածքն օգտագործվում է Մարլիկ Ավետիսյանի կողմից։ Վարսենիկ Ավետիսյանի կողմից բնակելի տան 2-րդ հարկից փաստացի օգտագործվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 74,2քմ, որից բնակելի մակերեսը կազմում է 53,9քմ, օժանդակ մակերեսը` 20,3քմ։ Մարլիկ և Վարսենիկ Ավետիսյանները համատեղ, բնակելի տան 1-ին հարկից փաստացի օգտագործում են 81,84քմ մակերեսով տարածք և հողատարածքում առկա ավտոտնակը՝ 33,8քմ մակերեսով։
«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի՝ ի լրումն թիվ 290-01/Վ-014 հաշվետվության համաձայն՝ Մարլիկ Ավետիսյանի կողմից փաստացի օգտագործվող ներքին մակերեսների հաշվարկում առկա է վրիպակ, որի ճիշտ չափային տվյալները արտացոլված է հաշվետվության մեջ, և այն 63,81քմ մակերեսի փոխարեն կազմում է 68,81քմ (հատոր 1-ին, գ.թ. 117-123, 144-146)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին` արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես, դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեղճությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքն սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե'ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է և՛ ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ժառանգների պարագայում ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման հնարավորությանը, և՛ ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցերին՝ արձանագրելով, որ ժառանգների պարագայում ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգական զանգված հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը բացառվում է, ինչպես նաև բացառվում է ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը (տե'ս, Ստեփան և Կարինե Սարգսյաններն ընդդեմ Լևոն Սարգսյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0225/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը, Նելսոն Կոչնակյանն ընդդեմ Հասմիկ Կոչնակյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1493/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցը և հակընդդեմ հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վիճելի մակերեսները և դրանց վրա տեղակայված շինությունները փաստացի բաժանվել են կողմերի միջև, և կողմերն այն բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել և օգտագործել են ավելի քան 10 տարի: Միաժամանակ Դատարանը վիճելի մակերեսների նկատմամբ հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելիս հիմք է ընդունել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվությունը:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներից հետևում է, որ վիճելի հասցեում գտնվող տունը 1950-ական թվականներին կառուցվել է Մարլիկ Ավետիսյանի կողմից, այն փաստացի առանձնացվել է կողմերի միջև, և Մարլիկ Ավետիսյանն այն տիրապետում է բացահայտ՝ երրորդ անձանցից ոչ գաղտնի եղանակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվությամբ նշվել է, որ վիճելի հասցեի տունը կողմերի համաձայնությամբ է ենթարկվել տարատեսակ հատակագծային փոփոխությունների, որի արդյունքում կողմերն են փաստացի առանձնացրել իրենց բաժնեմասերը, հետևաբար Դատարանը, հայցը և հակընդդեմ հայցը բավարարելով, վեճն ըստ էության ճիշտ է լուծել:
Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա սեփականության իրավունք են ձեռք բերել Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանները: Այսպես` Վարսենիկ Ավետիսյանին տրված՝ 08.10.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8քմ մակերեսից, որից 22,8քմ ընդհանուր մակերեսով տարածքը բնակելի է, 11,0քմ՝ օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13քմ՝ կառուցապատ: Մարլիկ Ավետիսյանին տրված՝ 08.10.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8քմ մակերեսից, որից 22,8քմ ընդհանուր մակերեսը բնակելի է, 11,0քմ՝ օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13քմ՝ կառուցապատ: Գառնիկ Ավետիսյանին տրված՝ 08.06.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 20.09.1989 թվականին մահացած Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի բնակելի տան 1/3 մասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Բնակելի տան 1/3 բաժինը բաղկացած է 46,8քմ բնակելի, 35,8քմ օժանդակ մակերեսներից: Սույն գործում առկա՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 20.02.2014 թվականի թիվ 290-01/Վ 013 հաշվետվության համաձայն՝ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում կատարված զննության արդյունքում պարզվել է, որ բնակելի տունը սեփականատերերի կողմից ենթարկվել է տարատեսակ հատակագծային փոփոխությունների։ Միաժամանակ նշված հաշվետվությամբ արձանագրվել են Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանների կողմից վիճելի հասցեի՝ փաստացի օգտագործվող տարածքների մակերեսները, որոնք էապես տարբերվում են նշված հասցեի կապակցությամբ Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյաններից յուրաքանչյուրին ժառանգության իրավունքի վկայագրերով փոխանցված մակերեսներից:
Վերը շարադրված փաստերի հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով վիճելի իրավահարաբերության բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար ստորադաս դատարանների կողմից ենթակա էին պարզման հետևյալ հանգամանքները՝
1. Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում առկա անշարժ գույքի իրավական կարգավիճակը և մակերեսը,
2. վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերերից յուրաքանչյուրի սեփականության իրավունքի ծագման հիմքերը,
3. վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերերից յուրաքանչյուրի կողմից փաստացի օգտագործվող հողամասի և շինությունների կարգավիճակը և մակերեսը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերը շարադրված հանգամանքները պարզելուց հետո ստորադաս դատարանները կարող էին եզրահանգումներ անել սույն գործով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառելիության հարցի վերաբերյալ:
Մինչդեռ Դատարանն առանց պարզելու սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, հիմք ընդունելով միայն «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 20.02.2014 թվականի թիվ 290-01/Վ 013» հաշվետվությունը, որը չի կարող գնահատվել որպես բավարար ապացույց, քանի որ նշված հաշվետվությամբ ընդամենը նշվել են սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող տարածքները, բավարարել է հայցը և հակընդդեմ հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից, ի թիվս այլ հանգամանքների, անտեսվել է նաև այն հանգամանքը, որ առանց պարզելու հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի` տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերը և փաստացի օգտագործվող բաժնեմասերից՝ անշարժ գույքի տվյալ մասի իրավական կարգավիճակը, փորձագիտական հաշվետվությամբ առաջարկվող տարբերակով` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է վերջիններիս սեփականության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն պարզել սույն վեճի լուծման համար էական հանդիսացող հանգամանքները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պատճառաբանությունների լույսի ներքո սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող էական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխանների փաստարկները հերքվում են վերը շարադրված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ե. Սողոմոնյան |