Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2017

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3002/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3002/02/13
2017թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան  

Դատավորներ՝

Գ. Խանդանյան
 

 Հ. Ենոքյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

  ս. անտոնյանի
    Վ. Ավանեսյանի
   

Ա. Բարսեղյանի

    Գ. Հակոբյանի
    Ե. Սողոմոնյանի
    Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սեդիկ Սահակյանի ընդդեմ Դավիթ Մկրտչյանի` «ԳԱԶ 31105-411›› մակնիշի «13ՏՏ714›› համարանիշի ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված` գույքի շուկայական արժեքի գումարի, ինչպես նաև սկսած 11.11.2013 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սեդիկ Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Դավիթ Մկրտչյանին հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող «ԳԱԶ 31105-411›› մակնիշի «13ՏՏ714» համարանիշի ավտոմեքենան:

12.05.2014 թվականին Սեդիկ Սահակյանը փոփոխել է հայցի հիմքը և առարկան` պահանջելով Դավիթ Մկրտչյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից գնված, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գազ 31105-411» մակնիշի «13SS714» գրանցման համարանիշի ավտոմեքենայի չվճարված արժեքի մնացորդ:

29.05.2014 թվականին Սեդիկ Սահակյանը հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող <<Գազ 31105-411>> մակնիշի <<13SS714>> հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում` Դավիթ Մկրտչյանից հօգուտ իրեն բռնագանձել ավտոմեքենայի շուկայական արժեքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) 23.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Դավիթ Մկրտչյանից հօգուտ Սեդիկ Սահակյանի բռնագանձել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վաճառված ավտոմեքենայի արժեքի չվճարված գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան, Մ. Հարթենյան) 03.04.2015 թվականի որոշմամբ Սեդիկ Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2014 վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

12.06.2015 թվականին Սեդիկ Սահակյանը հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող «Գազ 31105-411» մակնիշի «13SS714» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում` պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով ՀՀ դրամ և բռնագանձվելիք գումարի նկատմամբ 11.11.2013 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ՝ Դատարան) 20.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Դավիթ Մկրտչյանից հօգուտ Սեդիկ Սահակյանի բռնագանձվել է 1.097.300 ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ գույքի շուկայական արժեքից մնացած ու չվերադարձված գումար: Սեդիկ Սահակյանի հայցն ընդդեմ Դավիթ Մկրտչյանի՝ գույքի շուկայական արժեքից 202.700 ՀՀ դրամի, ինչպես նաև սկսած 11.11.2013 թվականից մինչև պարտավորության կատարման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասով, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.04.2016 թվականի որոշմամբ Դավիթ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.11.2015 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մկրտչյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդիկ Սահակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ, 297-րդ, 299-րդ, 470-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ու գնահատելու դեպքում Դավիթ Մկրտչյանից կբռնագանձվեր 500 ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 500 ԱՄՆ դոլար վերջինս արդեն վճարել է, կամ կարող էին հիմք ընդունվել Սեդիկ Սահակյանի ցուցմունքներն այն մասին, որ ավտոմեքենան վաճառվել է 1.500 ԱՄՆ դոլարով, և բռնագանձվեր այդ գումարը, այլ ոչ թե որպես շուկայական գին Դավիթ Մկրտչյանից բռնագանձվեր փորձագետի եզրակացության մեջ նշված գումարը՝ 1.300.000 դրամը, քանի որ տվյալ գինը որոշվել է առանց ավտոմեքենան զննելու: Մինչդեռ նման պայմաններում պետք է նշվեր, որ առանց ավտոմեքենան զննելու հնարավոր չէ այն գնահատել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել 1.500 ԱՄՆ դոլարի չափով կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ստորադաս դատարանների դատական ակտերը իրավաչափ, օրինական և լիարժեք պատճառաբանված են: Վճռաբեկ բողոք բերած անձի այն պնդումը, որ մեքենան իրեն փոխանցվել է անսարք և վթարված վիճակում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հայցվորը վաճառել է պատասխանողին ամբողջական, տեխնիկապես սարքին վիճակում գտնվող ավտոմեքենա, և նշված արժեքով վաճառքը կատարվել է զուտ այն պատճառով, որ վաճառքի գումարն անհրաժեշտ էր հայցվորին՝ անձնական խնդիրները լուծելու համար: 10.11.2013 թվականին վերջին վճարը կատարելուն զուգահեռ հայցվորը և պատասխանողը պետք է կատարեին օրենքով սահմանված կարգով ավտոմեքենայի օտարում և Դավիթ Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, սակայն պատասխանողի մեղքով պետական գրանցումը չի կատարվել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BA069174 վկայականի համաձայն` «Գազ 31105-411» մակնիշի, թողարկման տարեթիվը` 2005թ., տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը` սեդան, նույնացման համարը` X9631105051276165, թափքի համարը` 0064333, հենասարքը` (ամրաշրջանակի) համարը` 1276165, շարժիչի համարը` 50005248, շարժիչի հզորությունը` 110 ձ.ուժ, ավտոմեքենայի նկատմամբ գրանցված է Սեդիկ Սահակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 6):

2) ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ Գ. Ավետիսյանի կողմից 13.12.2013 թվականին տրված եզրակացությամբ պարզվել է, որ 02.12.2013 թվականին Ոստիկանության Մաշտոցի բաժին է ստացվել Սամվել Գեորգիի Սահակյանի դիմումն այն մասին, որ Դավիթ Ռազմիկի Մկրտչյանն իրենից գնել է «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ մաս-մաս, ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումար վճարելու պայմանով, սակայն գումարի մի մասը վճարելուց հետո մնացած գումարը հրաժարվում է վճարել: Նյութերի նախապատրաստման ընթացքում Սամվել Սահակյանը բացատրություն է տվել, որ ինքը Դավիթ Մկրտչյանի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի՝ վերջինս պարտավորվել է իր «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենան գնել տարաժամկետ՝ երեք ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամսին 500 ԱՄՆ դոլար վճարելով, սակայն մեկ անգամ 500 ԱՄՆ դոլար վճարելուց հետո մնացած գումարը չի վճարել: Իր հերթին բացատրություն է տվել Դավիթ Մկրտչյանն այն մասին, որ մեքենան գնել է ոչ թե 1.500 ԱՄՆ դոլարով, այլ 1.000 ԱՄՆ դոլարով, և առաջին անգամ գումարը վճարելուց հետո հետագայում չի կարողացել վճարել Սամվել Սահակյանին պարտք մնացած 500 ԱՄՆ դոլարը` ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով: Դավիթ Մկրտչյանը միաժամանակ պարտավորվել է մինչև 2014 թվականի հունվար ամիսը Սամվել Սահակյանին վճարել պարտք մնացած 500 ԱՄՆ դոլարը … (հատոր 1-ին, գ.թ. 40):

3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Մեժլումյանի 27.03.2014 թվականի որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենան չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 57):

4) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն` 2005 թվականի արտադրության 110 ձ.ուժ հզորություն ունեցող, բավարար ապրանքային վիճակում գտնվող «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքը 2013 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կարող էր կազմել շուրջ 1.300.000 ՀՀ դրամ: Միաժամանակ փորձագիտական եզրակացության «Ապրանքագիտական հետազոտություն» բաժնում նշվել է, որ դատարանի կողմից առաջադրված «Որքա՞ն կկազմի «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի արժեքը 2013 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ» հարցին փորձագետը պատասխանելու համար ուսումնասիրություններ է կատարել ինչպես ավտոմեքենայի առուվաճառքի շուկայում, այնպես էլ համապատասխան ինտերնետ կայքերում և, համադրելով ձեռք բերված տեղեկատվությունը և կիրառելով գնահատման համեմատական մեթոդը, հանգել է համապատասխան եզրակացության «Հետևություն» բաժնում (հատոր 2-րդ, գ.թ. 7):

5) 09.12.2014 թվականի դատական նիստին վկա Դավիթ Աթանեսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ պատասխանողն իր փեսան է, իսկ Սամվել Սահակյանի հետ ծանոթացել է վիճելի ավտոմեքենայի առուվաճառքի օրը: Դավիթ Մկրտչյանն իրեն հայտնել է, որ վթարված մեքենա է գնել և անհրաժեշտ է այն տեղափոխել ապամոնտաժելու նպատակով: Քանի որ վնասված էր մեքենայի հետևի մասը, մեքենան չուներ շարժիչ, գազի բալոն և հնարավոր չէր վարելով տեղափոխել, ինքն իր մեքենայի միջոցով այն տեղափոխել է: Դավիթ Մկրտչյանն իրեն հայտնել էր, որ մեքենան պետք է վաճառվի մաս-մաս և մեքենայի պետհամարանիշն իրեն պետք չէ, Սամվել Սահակյանն իր ներկայությամբ այն հանել է մեքենայից և վերցրել իր հետ (հատոր 2-րդ, գ.թ. 40, 45):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքի բնեղենով վերադարձման անհնարինությամբ պայմանավորված դրա շուկայական արժեքի որոշման հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեղոցությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն ի թիվս այլնի իրականացվում է՝ … 4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով, … 10) վնասները հատուցելով, … 13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սեփականատիրոջ կողմից գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջն ինքնին սեփականության իրավունքի պաշտպանության եղանակներից մեկն է: Ընդ որում՝ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջելու միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե′ս, Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե′ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վինդիկացիոն հայցի միջոցով սեփականատերը կամ օրինական տիրապետողը ներկայացնում են գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից բնեղենով վերադարձնելու պահանջ: Այսինքն՝ վինդիկացիոն հայցի դեպքում սեփականատերը (օրինական տիրապետողը) շահագրգռված է իր գույքը բնեղենով ետ ստանալու հարցում: Հետևաբար այն դեպքում, երբ գույքը բնեղենով այլևս գոյություն չունի` ոչնչացվել է, օգտագործվել, էականորեն վերամշակվել կամ փոփոխվել, ապա սեփականատերը կամ օրինական տիրապետողն իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել իր իրավունքի պաշտպանության այլ եղանակով՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ գույքի արժեքը փոխհատուցելու մասին պահանջ ներկայացնելով, որը կարող է դրսևորվել, օրինակ, վնասները հատուցելով կամ օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերը (օրինական տիրապետողը), ելնելով այն հանգամանքից` գույքը բնեղենով գոյություն ունի, թե ոչ, իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել կա՛մ վինդիկացիոն հայցի, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ գույքի արժեքը փոխահատուցելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով (տե՛ս, Վարդան Ղազարյանն ընդդեմ Լևոն Գրիգորյանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում …:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը կողմերի միջև ենթակա է կնքման գրավոր ձևով՝ կողմերի ստորագրությամբ, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կողմերի կողմից այն ստորագրելու պահից 15-օրյա ժամկետում: Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է տվյալ գործարքի անվավերության. այդ գործարքն առոչինչ է կնքման պահից: Այսինքն՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ տրանսպորտային միջոցների օտարման գործարք կնքելիս գնորդը ձեռք է բերում դրա նկատմամբ սեփականության իրավունք միայն այդ իրավունքի գրանցման պահից: Հետևաբար վերը նշված գործարքի կնքման կարգը կողմերի կողմից պահպանված չլինելու դեպքում գործարքն օրենքի ուժով առոչինչ է՝ անվավեր, և կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին վերադարձնել գործարքով ստացածը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխահատուցել դրա արժեքը:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի գույքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գործարք չի կնքվել, իսկ ձեռք բերված համաձայնությունն օրենքի ուժով անվավեր է, որպիսի պայմաններում Դավիթ Մկրտչյանը գույքը տիրապետել և օգտագործել է ապօրինի կերպով՝ առանց օրենքով կամ գործարքով սահմանված հիմքերի: Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության փաստը, հանգել է այն հետևության, որ Սեդիկ Սահակյանի խախտված սեփականության իրավունքը ենթակա է ուղղակի պաշտպանության, ուստի այն պետք է վերականգնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացության սահանված գույքի շուկայական արժեքը կազմող՝ 1.300.000 ՀՀ դրամը բռնագանձելու միջոցով՝ հաշվի առնելով այն անվիճելի փաստը, որ Դավիթ Մկրտչյանի կողմից իրականում Սեդիկ Սահակյանին վճարվել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 20.11.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել վերը նշված եզրահանգումները:

Վերը շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կողմերի միջև տեղի է ունեցել «Գազ 31105-411» մակնիշի 13 SS 714 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առուվաճառք, որը չի կնքվել տրանսպորտային միջոցների օտարման կանոնների պահպանմամբ, և չի կատարվել շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում: Հետևաբար կողմերի միջև վեճի առարկա ավտոմեքենայի առուվաճառքը, ըստ էության, առոչինչ գործարք է, որպիսի պայմաններում Դավիթ Մկրտչյանը վեճի առարկա ավտոմեքենան տիրապետել է ապօրինի:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելի է փաստն այն մասին, որ վեճի առարկա տրանսպորտային միջոցը բնեղենով գոյություն չունի, որպիսի պայմաններում հայցվորը ներկայացրել է գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ գույքի արժեքը փոխհատուցելու մասին պահանջ:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ստորադաս դատարանների կողմից տվյալ պահանջի բավարարման հիմքում դրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված եզրակացությունը, գտնում է, որ տվյալ եզրակացությունը անհրաժեշտ է գնահատել ապացույցների վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության լույսի ներքո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`

1. նշում` կիրառված մեթոդների մասին,

2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,

3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,

4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատարանների կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որպիսի պայմաններում այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը, Ռուզաննա Գևորգյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0703/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:

Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե'ս, Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի՝ թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, ինչպես նաև ուսումնասիրելով գործում առկա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 28.08.2014 թվականին տրված թիվ 14-0380դ եզրակացությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող տվյալ ապացույցը վերաբերում է բավարար ապրանքային վիճակում գտնվող «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքին: Ավելին` փորձաքննություն կատարելու պահին վեճի առարկա տրանսպորտային միջոցն արդեն իսկ ապամոնտաժված է եղել:

Մինչդեռ սույն գործով վիճելի է մնացել փաստն այն մասին, թե իրականում վեճի առարկա ավտոմեքենան ինչպիսի վիճակում է փոխանցվել Դավիթ Մկրտչյանի տիրապետմանը: Մասնավորապես, հայցվորը նշել է, որ «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենան պատասխանողին փոխանցել է սարքին վիճակում, իսկ պատասխանողը պնդել է, որ մեքենան վթարված է եղել: Որպես վկա հարցաքննված Դավիթ Աթանեսյանը ևս ցուցմունք է տվել, որ մեքենայի հետևի մասը վնասված էր, մեքենան չուներ շարժիչ և հնարավոր չէր այն վարելով տեղափոխել:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում չի պարզվել գործարքի կնքման պահին «Գազ 31105-411» մակնիշի ավտոմեքենայի բավարար ապրանքային վիճակում գտնվելու փաստի առկայությունը կամ բացակայությունը, որպիսի պայմաններում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը չի կարող համարվել վերաբերելի ապացույց սույն վեճի լուծման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի և այդ փաստի առկայությունը հիմնավորող վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի 20.11.2015 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն հայցը բավարարելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը միայն այդ մասով է ենթակա նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2016 թվականի որոշումը և գործը՝ 1.097.300 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

ս. անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

  Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան