Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՎԴ2/0016/01/14

ԱՎԴ2/0016/01/14

Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան
 Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան`

Վ. Վարդանյանի

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ֆարիդա Վաղարշակի Ավագիմյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի պաշտպան Վ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 44120413 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Ֆ.Ավագիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Ֆ.Ավագիմյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2014 թվականի հունիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 6-ի դատավճռով Ֆ.Ավագիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել տուգանքի` 600.000 ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով տուժողների ներկայացուցչի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հուլիսի 26-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը՝ օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի պաշտպան Վ.Վարդանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ պաշտպան Վ.Վարդանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 5. Ֆարիդա Ավագիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) խարդախությամբ Վիտալի Ավանեսովի գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, այն է` Ֆարիդա Ավագիմյանը համագյուղացի Արաքսյա Նազարի Ավանեսովայի որդուն` Վիտալի Ավանեսովին պատկանող, Արարատի մարզի Հայանիստ գյուղի 23-րդ փողոցի 20-րդ հասցեում գտնվող 800 մ2 տնամերձ հողամասը լիազորագրով վաճառելու և դրա փոխարեն նույն գյուղի 25-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, իբր իրեն պատկանող, սակայն Գարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված 900 մ2 տնամերձ հողամասը նրա անվամբ գրանցելու և այդ հողամասի տարածքում իր օժանդակությամբ պետական միջոցների օգնության հաշվին տուն կառուցելու պատրվակով չարաշահելով Արաքսյա Ավանեսովայի վստահությունը, խաբեությամբ Վիտալի Ավանեսովից և նրա կնոջից` Ռամելա Ավանեսովայից, 18.07.2011 թվականին ստացել է լիազորագիր Հայանիստ գյուղի 23-րդ փողոցի 20-րդ հասցեում գտնվող 800մ2 տնամերձ հողամասը վաճառելու վերաբերյալ, այդ կերպ խոշոր չափերի` 1.963.000 ՀՀ դրամ արժեքով Հայանիստ գյուղի 23-րդ փողոցի 20-րդ հասցեում գտնվող 800մ2 տնամերձ հողամասի նկատմամբ խարդախությամբ ձեռք է բերել այն տնօրինելու իրավունք, այնուհետև այն նոտարական կարգով անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով 7000 ԱՄՆ դոլարով 2011 թվականի սեպտեմբերի 19-ին վաճառել է Վլադիմիր Պյոտրի Սանդիկովին` այդ կերպ Վ.Ավանեսովին պատճառելով 1.963.000 ՀՀ դրամի նյութական վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 257-273):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել. «(...) 2011 թվականի հուլիս ամսին Հայանիստ գյուղի բնակիչ Ֆարիդա Վաղարշակի Ավագիմյանը, տեղեկանալով, որ Վ.Սանդիկովը ցանկանում է գնել Վիտալի Ավանեսովին պատկանող հողամասը, իսկ վերջինս չի ցանկանում վաճառել, Վ.Ավանեսովին և նրա կնոջը` Ռ.Ավանեսովային, համատեղ սեփականության իրավունքով պատկանող նշված հողամասը հափշտակելու ի սկզբանե ծագած դիտավորությամբ, իր նախաձեռնությամբ, իր անձի և իր կողմից ներկայացված տվյալների կապակցությամբ Վ.Ավանեսովի և Ռ.Ավանեսովայի մոտ վստահություն ստեղծելով, ինչպես նաև շահագրգռելու նպատակով, Վ.Ավանեսովի մորը` համագյուղացի Արաքսյա Նազարի Ավանեսովային, ցույց է տվել նույն գյուղի 25-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, համագյուղացի Գարիկ Գրիգորյանին պատկանող 900 մ2 տնամերձ հողամասը և հայտարարել, որ այդ հողամասը պատկանում է իրեն: Այդ հողամասն իրեն պատկանելու վերաբերյալ ոչ ճշմարիտ տեղեկություն տալուց բացի` Ֆ.Ավագիմյանը հայտնել է, որ նշված հողամասի վրա իր միջոցներով տուն կկառուցի և այդ պայմաններով առաջարկել է իրեն և Վ.Ավանեսովին պատկանող հողամասերը փոխանակել: Խարդախությամբ գույք հափշտակելու իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արաքսյա Ավանեսովայի միջոցով Վ.Ավանեսովի և Ռ.Ավանեսովայի վստահությունը ձեռք բերելու համար, համագյուղացի Գ.Գրիգորյանին պատկանող հողամասը որպես իրենը ներկայացնելուց հետո խաբեության եղանակով Ֆ.Ավագիմյանն անձամբ զրուցել է Վ.Ավանեսովի հետ և իր նախաձեռնությամբ ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ Վ.Ավանեսովին և Ռ.Ավանեսովային սեփականության իրավունքով պատկանող հողամասի դիմաց առաջարկվող հողամասի պատկանելության և դրա վրա տուն կառուցելու վերաբերյալ` հողամասերը փոխանակելու նպատակով առաջարկելով իրեն տրամադրել նրանց պատկանող հողամասի տնօրինման հետ կապված համապատասխան լիազորագրեր: Փոխանակման առարկա համարվող հողամասի պատկանելության և դրա վրա տուն կառուցելու վերաբերյալ Վ.Ավանեսովի և վերջինիս միջոցով Ռ.Ավանեսովայի մոտ սխալ պատկերացում ստեղծելով և նրանց համար շահավետ գործարք կնքելու առաջարկությամբ` Ֆ. Ավագիմյանը խաբեությամբ ներազդել է Վ.Ավանեսովի և Ռ.Ավանեսովայի կամքի և գիտակցության վրա, որի արդյունքում վերջիններս, մոլորության մեջ ընկնելով և իրենց համար շահեկան պայմանները հաշվի առնելով, կամովին ՌԴ-ից Ֆ.Ավագիմյանին են ուղարկել իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի տնօրինման հետ կապված ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի նոտարի կողմից 2011 թվականի հուլիսի 18-ին և 2011 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատված լիազորագրերը, որոնք օգտագործելով` Ֆ.Ավագիմյանը, խաբեության և Վ.Ավանեսովի ու Ռ.Ավանեսովայի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիս համատեղ սեփականությամբ պատկանող, խոշոր չափերով` 1.835.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը հափշտակելով, 2011 թվականի սեպտեմբերի 19-ին օրենքով սահմանված կարգով, առուվաճառքի պայմանագրով 7000 ԱՄՆ դոլարով վաճառել է Վլադիմիր Սանդիկովին` չկատարելով իր խոստումը Վ.Ավանեսովի նկատմամբ` վերջինիս անունով չգրանցելով նախապես խոստացած հողամասը:

(...) [Ա]մբաստանյալ Ֆ.Ավագիմյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցանք կատարելու մեջ ապացուցված է, և նրա պատճառաբանություններն էլ հերքված են դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցներով.

Տուժող Վ.Ավանեսովի` դատաքննության ընթացքում [տրված] ցուցմունք[ներով], (...) [վ]կա Մարիետա Ավանեսովայի ցուցմունքներով, (...) [վ]կա Արաքսյա Ավանեսովայի ցուցմունքներով, (...) [վ]կա Վլադիմիր Սանդիկովի ցուցմունքներով, (...) [վ]կա Էդուարդ Ֆիրումյանի ցուցմունքներով, (...) [վ]կա Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Պետրոսի Սարկիսյանի ցուցմունքներով, (...) [վ]կա Իրինա Գրիգորի Հարությունյանի ցուցմունքներով, Ռամելա Վալերիի Ավանեսովայի կողմից 2011 թվականի հուլիսի 18-ին տրված համաձայնությամբ, համաձայն որի` Ռ.Ավանեսովան տվել է իր համաձայնությունը Հայանիստ գյուղում (...) գտնվող տնամերձ հողամասի վաճառքի պայմանագրի կնքմանը` ցանկացած գնով և ցանկացած պայմաններով, (...) Վիտալի Արկադիի Ավանեսովի կողմից 2011 թվականի հուլիսի 18-ին տրված լիազորագրով, որի համաձայն` Վ.Ավանեսովը լիազորել է Ֆարիդա Ավագիմյանին ցանկացած գնով, ցանկացած պայմաններով, ցանկացած անձի վաճառել ՀՀ Արարատի մարզի, Հայանիստ գյուղում գտնվող տնամերձ հողամասը (...), 2011 թվականի սեպտեմբերի 19-ին «Մասիս» նոտարական տարածքում կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, որի համաձայն` Վիտալի Ավանեսովի և Ռամելա Ավանեսովայի լիազորագրերի հիման վրա Ֆարիդա Ավագիմյանը վաճառել է Վ.Ավանեսովին և Ռ.Ավանեսովային սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզի Հայանիստ գյուղի 23-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը` 800 մբնակելի կառուցապատման հողամասը, (...) քննչական փորձարարություն կատարելու մասին 07.03.2014 թվականի արձանագրությամբ, համաձայն որի` Արաքսյա Ավանեսովան մատնացույց է արել Արարատի մարզի Հայանիստ գյուղի 25-րդ փողոցի, թիվ 1 հասցեում գտնվող տնամերձ հողամասը և հայտարարել, որ 2011 թվականին, ամիսը և օրը չի հիշում, Ֆ.Ավագիմյանն իրեն ցույց է տվել այդ հողամասը և ասել, որ այդ հողամասը պատկանում է իրեն, սակայն գրանցված է իր ծանոթ Գարիկ Գրիգորյանի անվամբ, և հենց այդ հողամասը պետք է գրանցի իր անվամբ` Վիտալի Ավանեսովի տնամերձ հողամասի դիմաց, (...)

Մարիետա Ավանեսովայի (...) և Ֆարիդա Ավագիմյանի [բջջային հեռախոսահամարներից] 2013 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` Մարիետա Ավանեսովային պատկանող (...) բջջային հեռախոսահամարից 2013 թվականի դեկտեմբերի 2-ին հեռախոսազանգ է կատարվել ՌԴ-ում բնակվող Գարիկ Գրիգորյանին, որից հետո Գ.Գրիգորյանի հետ հեռախոսազանգ է ունեցել Ֆարիդա Ավագիմյանը, (...) «Հայաստանի Հանրապետության փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի` 27.10.2015 թվականին ստացված Հմ` 15-0284Դ եզրակացության համաձայն` Արարատի մարզի Հայանիստ գյուղի 23-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 800 մ2 հողամասի հավանական շուկայական արժեքը 19.09.2011 թվականի դրությամբ կարող էր կազմել 1.835.000 ՀՀ դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 127-141):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Գնահատելով քրեական գործով ձեռք բերված ու Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում հետազոտված (...) ապացույցների համակցությունը` Վերաքննիչ դատարանը ոչ արժանահավատ է համարում ամբաստանյալ Ֆարիդա Վաղարշակի Ավագիմյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարումը բացառելու վերաբերյալ պաշտպանի` ինչպես վերաքննիչ բողոքում, այնպես էլ պաշտպանության կողմի` Վերաքննիչ դատարանում ներկայացված պատճառաբանությունները, նկատի ունենալով, որ այդպիսիք չեն բխում սույն գործի օբյեկտիվ տվյալներից, գործող օրենսդրության պահանջներից, ինչպես նաև` ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք նախադեպային որոշումներով ձևավորած իրավական դիրքորոշումների տրամաբանությունից: Ներկայացված պատճառաբանությունները զուտ սուբյեկտիվ, գնահատողական դատողություններ են, որոնք հիմնազուրկ են ու չփաստարկված և հետապնդում են ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի կողմից քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմի ներկայացրած հիմնավորումներն ու պատճառաբանություններն արդեն իսկ հանգամանորեն ստուգվել են ու հերքվել Առաջին ատյանի դատարանի կողմից և արտացոլվել վիճարկվող դատական ակտում, հետևաբար ներկայացված պատճառաբանություններն Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու, պաշտպան Վ.Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու ու ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի վերաբերյալ գործի վարույթն արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով կարճելու անհրաժեշտ ու բավարար հիմք հանդիսանալ չեն կարող» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 84-125):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, ինչն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի խախտվել են ՀՀ Սահմանադրության 63-րդ, 72-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 395-րդ, 397-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոք բերած անձը վկայակոչել է Վ.Մաթևոսյանի և Ռ.Բալասանյանի գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանց հետ համադրել սույն գործի փաստական հանգամանքները և գտել, որ դատարանների հետևություններն անհիմն են, չփաստարկված և չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից: Ըստ բողոքաբերի` թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանները կայացրել են չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր` Ֆ.Ավագիմյանի մեղավորության վերաբերյալ գալով սխալ եզրահանգման:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճել գործի վարույթը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆ.Ավագիմյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Վ.Ավանեսովի, վկաներ Մ.Ավանեսովայի, Ա.Ավանեսովայի, Վ.Սանդիկովի, Է.Ֆիրումյանի, Բ.Սարկիսյանի, Ի.Հարությունյանի ցուցմունքներով, Ռ.Ավանեսովայի կողմից 2011 թվականի հուլիսի 18-ին տրված համաձայնությամբ, 2011 թվականի հուլիսի 18-ի` Վ.Ավանեսովի կողմից Ֆ.Ավագիմյանին տրված լիազորագրով, 2011 թվականի սեպտեմբերի 19-ի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, 2014 թվականի մարտի 7-ի` քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությամբ, Մ.Ավանեսովայի և Ֆ.Ավագիմյանի բջջային հեռախոսահամարների հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությամբ և «Հայաստանի Հանրապետության փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի` 27.10.2015 թվականին ստացված Հմ` 15-0284Դ եզրակացությամբ:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում (mutatis mutandis տե՛ս Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 14-րդ կետը):

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին:

Այսպես`

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Խարդախությունը [խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը], որը կատարվել է` (...) խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 5 տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված, երբ առաջանում են հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքները: Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու (տե՛ս Լուսինե Նավասարդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշման 10-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ֆ.Ավագիմյանը խաբեությամբ ներազդել է Վ.Ավանեսովի և Ռ.Ավանեսովայի կամքի և գիտակցության վրա, որի արդյունքում վերջիններս, մոլորության մեջ ընկնելով, կամովին ՌԴ-ից Ֆ.Ավագիմյանին են ուղարկել իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի տնօրինման հետ կապված ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի նոտարի կողմից 2011 թվականի հուլիսի 18-ին և 2011 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատված լիազորագրերը, որոնք օգտագործելով` Ֆ.Ավագիմյանը խաբեության և Վ.Ավանեսովի ու Ռ.Ավանեսովայի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիս համատեղ սեփականությամբ պատկանող, խոշոր չափերով` 1.835.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը հափշտակելով, 2011 թվականի սեպտեմբերի 19-ին առուվաճառքի պայմանագրով 7000 ԱՄՆ դոլարով վաճառել է Վլադիմիր Սանդիկովին` չկատարելով իր խոստումը Վ.Ավանեսովի նկատմամբ` վերջինիս անունով չգրանցելով նախապես խոստացած հողամասը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործությունը կատարելու մեջ Ֆ.Ավագիմյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռ է կայացրել 2016 թվականի ապրիլի 6-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 2016 թվականի հուլիսի 26-ին կայացրել է որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Վերջինիս դեմ Ֆ.Ավագիմյանի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը): Այսինքն՝ Ֆ.Ավագիմյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքն ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Ֆ.Ավագիմյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Ֆ.Ավագիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ֆարիդա Վաղարշակի Ավագիմյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 26-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Ֆարիդա Ավագիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 26-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան