Գլխավոր տեղեկություն
Համար
N 1225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-22.02.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.976
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1225-Ն

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության կարգը, որոնց կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) դեպքում` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան, ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց առնվազն մեկ ամիս առաջ:

3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիր` համաձայն NN 1, 3 և 4 ձևերի.

2) ներմուծվող ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:

4. Սույն կարգի իմաստով ներմուծվող ապրանքների ցանկում կարող են ներառվել միայն տվյալ գործունեության յուրաքանչյուր փուլի համար հումք և նյութեր հանդիսացող՝ բացառապես ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները։

5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` ոլորտի լիազոր պետական մարմին)` կարծիքի և գնահատման:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և ոլորտի լիազոր պետական մարմինը` 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

8. Ծրագիրը գնահատվում է համաձայն հետևյալ չափորոշիչների`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն.

2) զբաղվածության ընդլայնում.

3) նորարարություն և արտադրողականության բարձրացում.

4) արտահանման ուղղվածություն.

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձ.

6) անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմանը։

9. Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը`

Ծրագիրը գնահատվում է անձի կողմից ներկայացված չափորոշիչների հիման վրա` հետևյալ մեթոդաբանությամբ`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 7 միավոր.

2) զբաղվածության ընդլայնումը` գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% աշխատատեղերի ավելացման, կամ 20 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30%-50% աշխատատեղերի ավելացման, կամ 50 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 50%-ից ավելի աշխատատեղերի ավելացման, կամ 100 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 7-10 միավոր:

Տոկոսային արտահայտությամբ աշխատատեղերի ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման քանակների միջև գնահատականի տարբերության դեպքում անձը գնահատվում է երկու բաղադրիչների առավել բարձր գնահատականով.

3) նորարարություն և արտադրողականության բարձրացում` գնահատվում է առավելագույն 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 8-րդ կետի 4-րդ և 7-րդ սյունակներում նշված ցուցանիշները։ Նոր արտադրության ստեղծման դեպքում համեմատվում է տվյալ ճյուղի միջին արտադրողականության հետ.

4) արտահանման ուղղվածությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրանքի արտահանման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտահանման դեպքում` 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտահանման դեպքում` 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր հաջորդ տարվա ցուցանիշը նախորդի նկատմամբ.

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի մինչև 50%-ը` գնահատվում է 0-3 միավոր,

բ. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի 50%-100%-ը` գնահատվում է 4-6 միավոր,

գ. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի 100%-ից ավելի` գնահատվում է 7-10 միավոր.

6) դիմումի ներկայացման օրվա դրությամբ անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը։ Ընդ որում`

ա. միջին՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերերը` գնահատվում է 1 միավոր,

բ. փոքր՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ գնահատվում է 2 միավոր,

գ. գերփոքր՝ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ գնահատվում է 3 միավոր։

Նոր արտադրության ստեղծման դեպքում անձը դիտարկվում է որպես գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 4 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

11. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

12. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերը համարվում են դրական, իսկ դրանից պակաս միավոր ստացած ծրագրերը` բացասական:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սահմանված ժամկետում ներկայացրած գնահատականների միջին թվաբանական արդյունքը։

14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում նաև տեղեկատվություն ծրագիրը համապատասխան մարմինների կարծիքների բացակայության մասին:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը համապատասխան որոշման նախագիծն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը և ընդունված որոշումը տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:

17. Ավելացված արժեքի հարկի հետաձգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներմուծող անձի հետ կնքում է պայմանագիր՝ համաձայն N 2 հավելվածի:

18. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը համապատասխան կազմակերպություններից պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպություններից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ՝ քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Ծ Ր Ա Գ Ր Ի   Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Ը

 

1. Համառոտ նկարագիր (լրացվում է տեքստային)

 

1.

Տեղեկատվություն անձի գործունեության մասին

2.

Տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին

3.

Ծրագրին վերաբերող յուրահատուկ այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

 

2. Ծրագրի իրականացման նպատակով տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն (հարակից պատվերներ, ծառայությունների մատուցում և այլն)

 

NN
ը/կ

Կազմակերպության ուղղվածությունը

Համագործակցության ձևը

1.

   

2.

   

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

2.

         

3.

         

4.

         

Ընդամենը

 

 

N 2 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 2-րդ՝ «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր) սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը, հոսքագծի կամ որևիցե այլ ապրանքի համալրող ապրանքի դեպքում կարող են նշվել նաև դրանց նկարագրերը,

2) 3-րդ՝ «Անվանումը» սյունակի համապատասխան տողում նշվում են յուրաքանչյուր ապրանքի անվանումը (հնարավորության դեպքում մոդելը) և (կամ) նկարագիրը,

3) 4-րդ՝ «Չափի միավոր» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի չափի միավորը` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի:

 

Ձև N 3

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին

 

1.

Անձի անվանումը

 

2.

Գտնվելու վայրը (բնակության վայրը), կոնտակտային տվյալները

 

3.

Կազմակերպաիրավական ձևը

 

4.

Համապատասխանությունը ՓՄՁ-ի սուբյեկտների դասակարգմանը

 

5.

Ուղղվածությունը/գործունեության բնագավառը

 

6.

Ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքները

Ներմուծեք նկարագրությունը_13487

Առկա տարածք

Անհրաժեշտ տարածք

Հողատարածք

   

Շենքեր և շինություններ

   

Այլ

   

7.

Սեփականության ձևը,
այդ թվում՝ բաժնետերեր` ըստ բաժնեմասի

 

1.

2.

3.

4.

8.

Հիմնադրման տարեթիվը

 

9.

Ծրագրի նպատակը

 

10.

Մարքեթինգային քաղաքականության նկարագրությունը

 

11.

Նորարարությունը և մրցակցային առավելությունները

 

12.

Ներմուծվող ապրանքների արտադրության տարեթիվը (միջին)

 

13.

Մաշվածությունը (%)

 

 

2. Ներդրումներ

 

N

Ուղղվածությունը

Սեփական միջոցները

Այլ միջոցներ

1

2

3

1.

     

2.

     

3.

     
 

Ընդհանուր ներդրումներ

   

 

3. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

______________________________________________________________________

 

N 3 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» բաժնի՝

ա. 4-րդ տողում լրացվում է անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը (գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, փոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, միջին առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր),

բ. 5-րդ տողում լրացվում է անձի կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում` կատարվում է համապատասխան նշում (օրինակ` «անձի կողմից որևիցե գործունեություն չի իրականացվում»),

գ. 6-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ.մ չափի միավորով,

դ. 7-րդ տողում նշվում է՝ անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում՝ 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները,

ե. 9-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին,

զ. 10-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին,

է. 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` առկայության դեպքում նշելով նաև պայմանագրերի կամ պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում տնտեսության այլ ոլորտների հետ կապը և ազդեցությունը տնտեսության այլ ճյուղերի վրա, համագործակցությունը տարածաշրջանում գործող այլ սուբյեկտների հետ,

ը. 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները,

2) N 3 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 4

 

1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

 

NN
ը/կ

1

2

3

4

5

6

7

1.

Ցուցանիշ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

20__
թիվ

2.

Արտադրանք (մլն դրամ)

           

3.

Իրացում (մլն դրամ)

           

4.

Արտահանում (մլն դրամ)

           

5.

Արտահանման երկրներ

           

6.

Աշխատատեղերի քանակ, այդ թվում՝ նոր ստեղծվող

           

7.

Միջին աշխատավարձ (հազ. դրամ)

           

8.

Արտադրողականություն

           

9.

ԱԱՀ

           

10.

Շահութահարկ

           

11.

Եկամտային հարկ

           

12.

Այլ հարկեր

           

 

N 4 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 1-ին` «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» բաժնի՝

ա. 2-րդ և 3-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ և 3-րդ սյունակների համապատասխան վանդակներում դրվում է «-» նշան,

բ. 8-րդ տողում նշվում է աշխատանքի միջին արտադրողականությունը (Ա)՝ արտահայտված մլն դրամով

Ա=Հ/Թ,

որտեղ՝ «Հ»-ն համախառն հասույթ, «Թ»-ն անձնակազմի միջին ցուցակային թվաքանակն է:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 Քաղ. Երևան

 _____ ___________20___ թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_____________, մի կողմից, և ________________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ___________ -ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ, ընկերության կողմից սույն պայմանագրի 3.6-րդ կետում սահմանված հաշվետվության հիման վրա:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները նախքան (մինչև) հաշվետվություններն ընկերության կողմից սահմանված ժամկետում ներկայացնելը:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.

2.3.2. մինչև 20___ թվականի _____________ ___-ը ավարտել ծրագրով նախատեսված ապրանքների ներմուծման աշխատանքները.

2.3.3. ապահովել ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները, միջոցառումների և գործողությունների իրականացումը, ինչպես նաև դրանց` ծրագրին կից ներկայացված ժամանակացույցին համապատասխանությունը.

2.3.4. հարկային պարտավորությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածի:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, սահմանված ժամկետներում չի տրամադրում սույն պայմանագրի 3.4-րդ և 3.6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի         -ի N         -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հարկի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված

 

Հաշվետվություն

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ*

 

20___թ.
հունիսի 30-ի դրությամբ

20___թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղեր (մարդ)

   

Վերոնշյալ աշխատատեղերի մասով վճարվող միջին աշխատավարձը (դրամ)

   
   

Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր ներդրումների չափը (դրամ)

   

Ծրագրի շրջանակներում ներկրված սարքավորումները (դրամ)

   

Վերոնշյալ ներկրված սարքավորումների մասով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ գումարը (դրամ)

   

ԱԱՀ-ի գումարի վերադարձման ժամկետը

   

Ներկրված սարքավորումների համար հետաձգված ԱԱՀ-ից կատարված վճարումները (դրամ)

   

Արտադրանք (դրամ)

   

Իրացում,
որից` արտահանում (դրամ)

   
   

Հաշվետվության տրամադրման պահին հետաձգված ԱԱՀ-ից մարված գումարը՝ ընդամենը, այդ թվում՝ հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)

   
   

Հաշվետվության տրամադրման պահին կատարված ներդրումների չափը (դրամ)

   

 

 Այլ տեղեկություններ __________________________________________________
____________________________________________________________________

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ __________________
____________________________________________________________________
Առաջարկություններ___________________________________________________
____________________________________________________________________

 

*- ներկայացվում է ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 15-ը և հուլիսի 15-ը։