Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1380
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.04/59(1334) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.09.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2017

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 սեպտեմբերի 2017 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2» (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 3» (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գ. Գրիգորյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Նամակ-համաձայնագիրն (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նպատակով:

Նամակ-համաձայնագրով փոփոխման ենթակա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2011 թվականի մայիսի 30-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է հարյուր յոթանասուն միլիոն (170.000.000) ԱՄՆ դոլար վարկ։ Այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2011թ. հունիսի 23-ին (ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-280-Ն որոշմամբ)։ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 16.06.2011թ. կայացրել է ՍԴՈ-979 որոշումը:

2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային վերոհիշյալ համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին նամակ-համաձայնագիրը (ՀՀ կողմից վավերացվել է 2015թ. նոյեմբերի 13-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-177-Ն որոշմամբ, իսկ Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշվել է ՀՀ սահմանադրական դատարանի 02.09.2014թ. ՍԴՈ-1158 որոշմամբ։ Այդ Նամակ-համաձայնագրով վերոհիշյալ վարկային համաձայնագրի կատարման ժամկետը երկարաձգվել է 24 ամսով (2015 թվականի հունիսի 30-ը փոփոխվել է 2017 թվականի հունիսի 30 ամսաթվով):

Նամակ-համաձայնագրով փոփոխման ենթակա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2014 թվականի մարտի 11-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է հարյուր միլիոն (100.000.000) ԱՄՆ դոլար վարկ։ Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014թ. հունիսի 10-ին` ԱԺՈ-118-Ն որոշմամբ, իսկ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշվել է ՀՀ սահմանադրական դատարանի 27.05.2014թ. ՍԴՈ-1152 որոշմամբ:

2. Սույն գործով քննության առարկա Նամակ-համաձայնագրով նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի կատարման (փակման) ժամկետի երկարաձգում 27 ամսով, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրի կատարման (փակման) ժամկետի երկարաձգում 21 ամսով:

3. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ծրագիր 2 Վարկային համաձայնագրի 3.05-րդ բաժնում «2017թ. հունիսի 30» բառերը փոխարինել «2019թ. սեպտեմբերի 14» բառերով, իսկ Ծրագիր 3 Վարկային համաձայնագրի 3.05-րդ բաժնում «2017թ. դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «2019թ. սեպտեմբերի 14» բառերով՝ այն հիմնավորումներով, որպիսիք ներկայացված են սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

4. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն գործով ներկայացված տեղեկանքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը Նամակ-համաձայնագրով ստանձնում է նաև լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ պարտավճարների մասով:

5. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 սեպտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1380