Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39563/09
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2017
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2017

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՎԱՔԵՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 39563/09)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

30 մարտի 2017թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով,

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Լեդի Բիանկու [Ledi Bianku]` Նախագահ,

Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2017 թվականի մարտի 7-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի պրն Ավանես Ավաքեմյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի հուլիսի 11-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 39563/09) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Ալումյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ իշխանությունները չեն կատարել իր օգտին կայացված վերջնական վճիռները:

4. 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1947 թվականին և ապրում է Երևանում:

 

Ա. Վարույթների առաջին խումբը

 

6. Չպարզված օրը դիմումատուն հայց է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան ընդդեմ ֆիզիկական անձ Կ.-ի՝ պահանջելով որոշակի գումար վճարել իրեն: Ըստ երևույթին, նախքան դատարանի կողմից գործը քննելը, դիմումատուն և Կ.-ն պարտքի մարման վերաբերյալ համաձայնություն են կնքել, որով, inter alia (ի թիվս այլնի), սահմանվել է վճարման ժամանակացույց:

7. 2005 թվականի մայիսի 3-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է վճիռ՝ բավարարելով պարտքը մարելու վերաբերյալ հայցը: Դատարանը նաև նշել է, որ վճիռը չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

8. Քանի որ Կ.-ն չի կատարել պարտքի մարման պայմանները, Վարչական շրջանի դատարանը տրամադրել է կատարողական թերթ, և 2005 թվականի հունիսի 13-ին հարկադիր կատարողը հարուցել է կատարողական վարույթ: Ըստ դիմումատուի, հարկադիր կատարողը Կ.-ին պատկանող դրամական որևէ միջոց կամ գույք չի գտել կատարողական վարույթի ընթացքում:

9. 2007 թվականի հունիսի 7-ի գրությամբ հարկադիր կատարողը դիմումատուին տեղեկացրել է, որ կատարողական վարույթի ընթացքում ինքը պարզել է, որ Կ.-ն տուն է ժառանգել, սակայն դրա նկատմամբ սեփականության իր իրավունքը չի գրանցել: Հարկադիր կատարողը դիմումատուին խորհուրդ է տվել հայց ներկայացնել Կ.-ի դեմ, որպեսզի ճանաչվի տան նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը:

 

Բ. Վարույթների երկրորդ խումբը

 

10. Ըստ երևույթին ավելի ուշ՝ 2007 թվականին, դիմումատուն հայց է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան՝ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:

11. 2007 թվականի հոկտեմբերի 24-ին Վարչական շրջանի դատարանը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, բավարարել է դիմումատուի պահանջը և Կ.-ին ճանաչել է քննարկման առարկա տան սեփականատեր: Վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

12. 2007 թվականի նոյեմբերի 19-ին հարկադիր կատարողը, գործելով Վարչական շրջանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա, վարույթ է հարուցել՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը հարկադիր կատարելու նպատակով:

13. 2007 թվականի նոյեմբերի 22-ին հարկադիր կատարողը պահանջել է, որպեսզի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ճանաչի տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը, գրանցի այն և տա սեփականության վկայականի պատճենը:

14. Ի պատասխան այդ պահանջի՝ Անշարժ գույքի կադաստրը 2007 թվականի դեկտեմբերի 4-ին հարկադիր կատարողին տեղեկացրել է, որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է դրա վերաբերյալ Կ.-ի դիմումը, Վարչական շրջանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճռի բնօրինակը և պետական տուրքի ու համապատասխան այլ վճարումների անդորրագրերը: Այն նաև նշել է, որ Կ.-ն ապօրինի ձևով մի հողատարածք էր զբաղեցնում, որի կարգավիճակն անորոշ էր:

15. 2008 թվականի փետրվարի 8-ին, հուլիսի 4-ին և օգոստոսի 4-ին, համապատասխանաբար, հարկադիր կատարողը համանման պահանջներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստր, որոնցում նա նշել է, որ Կ.-ի դիմումն անհրաժեշտ չէ՝ հղում կատարելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին: Նա նաև նշել է, որ գրանցման հետ կապված վճարումների հարցը կլուծվի, երբ սկսվի գրանցման գործընթացը, և որ անդորրագրերը կներկայացվեն:

 

Գ. Վարույթների երրորդ խումբը

 

16. 2008 թվականին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի և հարկադիր կատարողի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ փորձելով պարտավորեցնել նրանց, համապատասխանաբար, գրանցել տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքն ու բռնագանձել տունը նրանից:

17. 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի հայցը՝ կարգադրելով Անշարժ գույքի կադաստրին գրանցել տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը, իսկ հարկադիր կատարողին՝ բռնագանձել տունը նրանից: Մասնավորապես, Վարչական դատարանը գտել է, որ թե՛ Անշարժ գույքի կադաստրի կողմից տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքի գրանցումը մերժելը, և թե՛ հարկադիր կատարողի կողմից՝ Կ.-ին պատկանող դրամական միջոցների բացակայությամբ պայմանավորված՝ 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը չկատարելը անհիմն են եղել, քանի որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը ճանաչվել է 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Ինչպես երևում է, Վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

18. Ըստ դիմումատուի, երեք վճիռներից ոչ մեկը չի կատարվել:

 

Դ. Հետագա վարույթները

 

19. 2010 թվականի փետրվարի 18-ին դիմումատուն Վարչական շրջանի դատարան ներկայացրած հայցով պահանջել է, որպեսզի Կ.-ն վճարի տոկոսները: 2011 թվականի մարտի 1-ին Վարչական շրջանի դատարանն ընդունել է նրա հայցը և Կ.-ին կարգադրել նրան վճարել 17 727 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2011 թվականի ապրիլի 1-ին: 2012 թվականի ապրիլի 2-ին դիմումատուն պահանջել է հարկադիր ձևով կատարել վճիռը, սակայն հարկադիր կատարողը մերժել է նրան, քանի որ նա չի կատարել վերջնական վճիռը կայացվելուց հետո մեկ տարի ժամկետում դրա համար դիմելու պահանջը: Այդ ժամկետը լրացել է 2012 թվականի ապրիլի 1-ին: Բացի այդ, դիմումատուն հարկադիր կատարողին նաև չի ներկայացրել լիազորագիր:

20. 2012 թվականի փետրվարի 10-ին Կ.-ն հարկադիր կատարողին ներկայացրել է պարտքի վճարման անդորրագիր, և վերջինս 2012 թվականի փետրվարի 13-ին ավարտել է կատարողական վարույթը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենք

 

21. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողություններն իրականացնելու համար սահմանվում է երկամսյա ընդհանուր ժամկետ:

 

Բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք

 

22. Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

23. 1188-րդ հոդվածով սահմանվում է, որ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:

 

Գ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք

 

24. 22-րդ հոդվածով նախատեսվում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխությունները չեն կարող կատարվել առանց սեփականատիրոջ համաձայնության, բացի այն դեպքերից, երբ փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել երեք խումբ վարույթներում իր օգտին կայացված վերջնական վճիռները: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որոնք, այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.

 

Հոդված 6

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք։»

 

Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված

 

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում, ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

26. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

 

Ա. Ընդունելիությունը

 

27. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

28. Դիմումատուն նշել է, որ ինքը և իր ներկայացուցիչը բացառապես անտեղյակ են եղել, որ պարտքը վճարվել է: Եթե այն վճարվել է, ապա Կառավարությունը թերացել է պարզաբանելու հարցում, թե ինչու դիմումատուն չի ստացել որևէ վճար և թե ինչպես կարող էր այդպիսի չվճարումը հանգեցնել վճռի հարկադիր կատարման: Կատարողական վարույթը կասեցվել էր մինչև 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում էր, որ վճիռը, փաստորեն, «կատարվել է» դրա՝ յոթ տարի անկատար մնալուց հետո միայն, երբ գործը Դատարանի կողմից ուղարկվել է Կառավարություն:

 

բ) Կառավարությունը

 

29. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի կատարել վերջնական վճիռը կայացվելուց հետո մեկ տարի ժամկետում 2011 թվականի մարտի 1-ի վճիռը կատարման ներկայացնելու պահանջը: Այնուամենայնիվ, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում է լրացած ժամկետը վերականգնելու հնարավորություն, սակայն դիմումատուն չի օգտագործել իրավական պաշտպանության այդ միջոցը: Կառավարությունը պնդել է, որ ներպետական մարմիններն օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ դիմումատուին պարտքի վճարման մասին տեղեկացնելու համար: Ավարտված կատարողական վարույթի վերաբերյալ դիմումատուի՝ Երևանում գտնվող մշտական բնակության հասցեով ուղարկվել է երկու ծանուցագիր: Հետագայում հարկադիր կատարողը փորձել է դիմումատուին գտնել ոստիկանության օգնությամբ: Կառավարությունը նաև նշել է, որ Կ.-ի պարտքը դիմումատուին (32 500 ԱՄՆ դոլար) միակ խնդրահարույց հարցը չէր, քանի որ դիմումատուն նույնպես գումար էր պարտք Կ.-ին (57 500 ԱՄՆ դոլար): Երբ Կ.-ն վճարել էր դիմումատուին, հարկադիր կատարողն այդ գումարից հաշվանցել էր դիմումատուի պարտքը նրան: Այդ հանգամանքներում, Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պայմանները բավարարվել են, քանի որ Վարչական շրջանի դատարանի 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը կատարվել է: Հետևաբար, հարցը կարելի էր համարել լուծված:

 

2. Դատարանի գնահատականը

 

30. Դատարանը կրկին նշում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով յուրաքանչյուրի համար ապահովվում է իր՝ քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող ցանկացած պահանջ դատարանի կամ տրիբունալի առջև ներկայացնելու իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի: Անընդունելի կլիներ, որ հարկավոր լիներ 6-րդ հոդվածի 1-ին կետով մանրամասն նկարագրել դատավարության մասնակիցներին տրամադրվող ընթացակարգային երաշխիքները՝ վարույթ, որն արդար, հրապարակային և արագացված է՝ առանց դատական որոշումների իրականացումը պաշտպանելու: 6-րդ հոդվածը որպես բացառապես դատարանի մատչելիությանը և վարույթի իրականացմանը վերաբերող մեկնաբանելը հավանաբար կտաներ օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, որը պայմանավորվող երկրները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են ապահովել: 6-րդ հոդվածի նպատակներով, որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումն, այսպիսով, պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մասը (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II, և Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, § 34, ՄԻԵԴ 2002-III):

31. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, Դատարանը նկատում է, որ Վարչական շրջանի դատարանը 2005 թվականի մայիսի 3-ին կայացրած վերջնական վճռով հաստատել է պարտքի մարման վերաբերյալ համաձայնությունը, ըստ որի՝ Կ.-ն համաձայնվել է դիմումատուին պարտքը վճարել: Վճիռը ենթակա էր ճանաչման և կատարման Հայաստանի իշխանությունների կողմից: Քանի որ Կ.-ն չի կատարել համաձայնության պայմանները, Վարչական շրջանի դատարանը տրամադրել է կատարողական թերթ, և 2005 թվականի հունիսի 13-ին հարկադիր կատարողը հարուցել է կատարողական վարույթ: Քանի որ հարկադիր կատարողը չէր կարողացել գտնել Կ.-ին պատկանող դրամական այլ միջոցներ կամ գույք՝ բացի այն տնից, որը նա ժառանգել էր, դիմումատուն նոր վարույթ է հարուցել Կ.-ի դեմ՝ տան նկատմամբ նրա սեփականությունն օրինական կերպով ճանաչելու նպատակով: 2007 թվականի հոկտեմբերի 24-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի հայցը և հաստատել նշված տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքը: Վերջապես, 2008 թվականին դիմումատուն Անշարժ գույքի կադաստրի և հարկադիր կատարողի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ առաջինին պարտավորեցնելու գրանցել Կ.-ի սեփականությունը տան նկատմամբ, իսկ վերջինին՝ նրանից տունը բռնագրավել: 2008 թվականի դեկտեմբերի 1-ին Վարչական դատարանը վերջնական վճռով բավարարել է դիմումատուի հայցը:

32. Ներպետական օրենսդրության համաձայն՝ հարկադիր կատարողը, ընդհանուր առմամբ, ունի երկամսյա ժամկետ՝ կատարողական գործողություններն իրականացնելու համար (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Քանի որ սույն գործով 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը Կ.-ի կողմից կամովին չի կատարվել, 2005 թվականի հունիսի 13-ին հարուցվել է կատարողական վարույթ: Երկամսյա ժամկետը նշանակում էր, որ կատարողական վարույթը պետք է ավարտված լիներ 2005 թվականի օգոստոսի կեսին: Այնուամենայնիվ, հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում չի կարողացել գտնել Կ.-ին պատկանող դրամական որևէ միջոց կամ գույք՝ բացի այն տնից, որը նա ժառանգել էր:

33. Հետագայում, տան նկատմամբ Կ.-ի սեփականության հարցը լուծվել է 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Վարչական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 1-ի իր վճռով, մասնավորապես, գտել է, որ թե՛ Անշարժ գույքի կադաստրի կողմից տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքի գրանցումը մերժելը, և թե՛ հարկադիր կատարողի կողմից՝ Կ.-ին պատկանող դրամական միջոցների բացակայության պատճառով 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը չկատարելը եղել են անհիմն, քանի որ տան նկատմամբ Կ.-ի սեփականության իրավունքն արդեն ճանաչվել էր 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վերջնական վճռով: Հետևաբար, պետք է համարել, որ ըստ Վարչական դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 24-ի վճռից հետո 2005 թվականի մայիսի 3-ի վճռի կատարման համար խոչընդոտներ գոյություն չեն ունեցել:

34. Կողմերը համաձայնել են, որ 2005 թվականի մայիսի 3-ի, 2007 թվականի հոկտեմբերի 24-ի և 2008 թվականի դեկտեմբերի 1-ի վճիռները մնացել են անկատար՝ մինչև 2012 թվականի փետրվարի 10-ը, երբ Կ.-ն հարկադիր կատարողին ներկայացրել է պարտքի վճարման անդորրագիր, ով այնուհետև 2012 թվականի փետրվարի 13-ին դադարեցրել է կատարողական վարույթը: Ավելին, Դատարանը նշում է, որ կատարողական վարույթը դադարեցվել է միայն 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատը Կառավարություն ուղարկելուց հետո:

35. Հետևաբար, 2005 թվականի մայիսի 3-ի, 2007 թվականի հոկտեմբերի 24-ի և 2008 թվականի դեկտեմբերի 1-ի վճիռները, որոնք բոլորն էլ հօգուտ դիմումատուի էին, 2007 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2012 թվականի փետրվարի 13-ը մնացել են անկատար: Այդ ներպետական վճիռները չկատարելը, հետևաբար, տևել է չորս տարի և երեք ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ուշացումը հիմնավորելու համար: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, վերջնական վճիռները կատարելու համար մի քանի տարի շարունակ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով, թույլ չեն տվել, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժով գործեն, և որ այն հանգամանքի պատճառով, որ նրա պահանջը անհիմն երկար ժամկետով մնացել է չբավարարված, նրանք չեն կարողացել ապահովել նրա՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 56-57, 2009 թվականի հոկտեմբերի 15, և Մեմիշայն ընդդեմ Ալբանիայի [Memishaj v. Albania], թիվ 40430/08, § 33, 2014 թվականի մարտի 25):

36. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

37. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի մասով այն մասին, որ նա չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց՝ իր օգտին կայացված վերջնական վճիռները չկատարելու համար, քանի որ հարկադիր կատարողն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2005 թվականի մայիսի 3-ին կայացված վճիռը կատարելուն ուղղված որևէ գործողություն չեն ձեռնարկել:

38. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը շարադրված է հետևյալ կերպ՝

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:»:

39. Կառավարությունը վիճարկել է այդ պնդումը։

 

Ա. Ընդունելիությունը

 

40. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

41. Դիմումատուն կոնկրետ մեկնաբանություն չի արել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ենթադրյալ բացակայության վերաբերյալ:

42. Կառավարությունը շարունակել է պնդել, որ դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ 2005 թվականի մայիսի 3-ի վճիռը կատարվել է և պարտքը վճարվել է: Ավելին, դիմումատուն ունեցել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ կարողանալով պահանջել և հասնել պարտքի տոկոսների վճարման, սակայն չի պահպանել ազգային օրենսդրության ընթացակարգային պահանջներն այնքանով, որքանով դրանք վերաբերում էին հարկադիր կատարմանը: Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում է լրացած ժամկետը վերականգնելու հնարավորություն, սակայն դիմումատուն չի օգտագործել այդ հնարավորությունը:

 

2. Դատարանի գնահատականը

 

43. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը տալիս է Պետության՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված պարտավորության անմիջական նկարագիրը՝ առաջին հերթին պաշտպանել մարդու իրավունքները և հետո միայն իրենց սեփական իրավական համակարգը: Հետևաբար այն պահանջում է, որ Պետությունները տրամադրեն Կոնվենցիային համապատասխան իրավական պաշտպանության ներպետական միջոցներ՝ «վիճարկելի բողոքի» էության հետ գործ ունենալու համար, և տրամադրեն դատական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի գործը՝ վերևում հիշատակված, § 63, և Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 152, ՄԻԵԴ 2000-XI):

44. Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան պարտավորությունների շրջանակը փոփոխվում է՝ դիմումատուի բողոքի բնույթով պայմանավորված. սույն դրույթի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» չի ենթադրում դիմումատուի համար անկասկած դրական արդյունք։ Միևնույն ժամանակ 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության շրջանակներում՝ ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակական կատարումը կանխելու կամ արդեն իսկ կատարված ցանկացած խախտման համար պատշաճ փոխհատուցում տրամադրելու իմաստով։ Նույնիսկ եթե մեկ իրավական պաշտպանության միջոցն ինքնին չի համապատասխանում 13-րդ հոդվածի պահանջներին, ապա ներպետական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցների ամբողջությունը կարող է ապահովել դա (տե՛ս Յուրի Նիկոլայի Իվանովն ընդդեմ Ուկրաինայի՝ վերևում հիշատակված, § 64, Կուդլայի գործը՝ վերևում հիշատակված, §§ 157-158, և Վասերմանն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Wasserman v. Russia (no. 2)], թիվ 21071/05, § 45, 2008 թվականի ապրիլի 10)։

45. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ապացուցել այն հանգամանքը, որ ներպետական օրենսդրությամբ պարտապանին, ինչպիսին դիմումատուն է, տրվում է հարկադիր կատարման վարույթի ձգձգումները վիճարկելու հնարավորություն։ Նրանք նաև չեն ապացուցել հարկադիր կատարման վարույթը ձգձգելու համար փոխհատուցման պահանջի մասով հայց ներկայացնելու հնարավորությունը։ Այն փաստը, որ դիմումատուն կարողացել է հասնել նրան, որ իր օգտին կայացվել է տոկոսագումարը վճարելու մասին հարկադիր կատարման ենթակա վճիռ, հարկադիր կատարման վարույթի ձգձգման մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ, քանի որ այդ ձգձգումը վերագրվում է ոչ թե Կ.-ին, այլ ներպետական մարմիններին։

46. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու կամ այդ վարույթների ձգձգման հետևանքով առաջացած ցանկացած վնասի մասով փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Հետևաբար, տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

48. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում և 5 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

49. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ նյութական վնասի մասով պահանջը պետք է մերժվի, քանի որ դա այն նույն գումարն է, ինչ դիմումատուին արդեն իսկ վճարված պարտքը։ Կառավարությունը նշել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջը նույնպես պետք է մերժվի, քանի որ տեղական մակարդակով դիմումատուն արդեն իսկ ստացել է փոխհատուցում։ Երբ Դատարանն այլ դիրքորոշում է հայտնել, Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջը խելամիտ չէ՝ վեց տարի և ինն ամիս վճարումը ուշացնելու ժամկետի համեմատությամբ։

50. Դատարանը համաձայն է Կառավարության հետ այն հարցում, որ այլևս գոյություն չունի որևէ ժամկետանց պարտք, քանի որ այն արդեն վճարվել է դիմումատուին, և հետևաբար մերժում է դիմումատուի՝ նյութական վնասի մասով պահանջը։ Մյուս կողմից, այն գտնում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն որոշ չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

51. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով որևէ պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար, Դատարանն այս մասով ոչինչ չի շնորհում:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

52. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13–րդ հոդվածի խախտում.

4. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի մարտի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Ռենատա Դեգեներ

Քարտուղարի տեղակալ

Լեդի Բիանկու

Նախագահ