Գլխավոր տեղեկություն
Համար
N 1291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-26.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1291-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 180-րդ և 220-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան


Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1291-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական հարկ վճարողների և բնօգտագործման վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 180-րդ և 220-րդ հոդվածներին համապատասխան` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկի (այսուհետ` միասնական հարկային հաշվարկ) ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Օրենսգրքի 180-րդ և 220-րդ հոդվածներին և սույն կարգին համապատասխան` միասնական հարկային հաշվարկ (այդ թվում` ճշտված) ներկայացնում են օրենսգրքի 175-րդ հոդվածին համապատասխան` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար, 177-րդ հոդվածին համապատասխան` ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար, 178-րդ հոդվածին համապատասխան` ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկ վճարողները և (կամ) 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողները և (կամ) օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված բնօգտագործման վճար վճարողները:

3. Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմված միասնական հարկային հաշվարկները սույն կարգին համապատասխան` ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, օրենսգրքի 310-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի հիման վրա և էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով: Միասնական հարկային հաշվարկները թղթային եղանակով կարող են ներկայացվել օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում:

4. Վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը, որը բաղկացած է դիմային մասից և հավելվածից:

5. Վճարողը լրացնում է միասնական հարկային հաշվարկի հավելվածը (արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար, ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման վճարի), որը պետք է ներկայացնի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին)` հաստատման: Օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողը լրացնում է միասնական հարկային հաշվարկի դիմային մասը: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում բացառապես դիմային մասով նախատեսված` օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարող համարվելու դեպքում դիմային մասում կատարվում է համապատասխան նշում, որի դեպքում հավելվածը լիազոր մարմնի հաստատման կարող է չներկայացվել: Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված միասնական հարկային հաշվարկն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

6. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված միասնական հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լրացվում և ներկայացվում է ճշտված միասնական հարկային հաշվարկ:

7. Միասնական հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ միասնական հարկային հաշվարկը վերաբերում է՝

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որն արդեն ստուգվել է հարկային մարմնի կամ լիազոր մարմնի կողմից.

2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը հարկային կամ լիազոր մարմնի կողմից սկսվել է (այդ թվում` միասնական հարկային հաշվարկի ներկայացման օրն ստուգման ընթացքը կասեցված է).

3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի:

8. Միասնական հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է միասնական հարկային հաշվարկի ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում, որում նշվում է ստացման ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է միասնական հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերի:

9. Հարկային մարմինը միասնական հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է լիազոր մարմին:

10. Եթե լիազոր մարմնում գրանցման համար ներկայացված միասնական հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) հավելվածները գրանցման առումով ենթակա են ճշտման, ապա լիազոր մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով գրավոր ծանուցում է վճարողին` միասնական հարկային հաշվարկի ճշտման անհրաժեշտության մասին: Վճարողն օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լրացնում և ներկայացնում է ճշտված միասնական հարկային հաշվարկ:

11. Եթե միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվել է օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված` սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջների խախտմամբ, ապա լիազոր մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին և հարկային մարմնին: Սույն կետում նշված դեպքում միասնական հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) հարկային մարմնի հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում համարվում է չընդունված:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.04.2024, N 587-Ն 26.04.2024, N 1291-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան