Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 75651/11)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 մայիսի 2017թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Լեդի Բիանկու [Ledi Bianku]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2017 թվականի ապրիլի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ռոբերտ Նիկողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 75651/11) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Յ. Նիկողոսյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։
3. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և ապրում է Երևանում:
5. Դիմումատուն Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախկին աշխատող է։ Կոմիտեի նախագահի 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանով դիմումատուն ազատվել է աշխատանքից։
Ա. Քաղաքացիական գործով վարույթները
6. 2009 թվականի մարտի 20-ին դիմումատուն Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով վերականգնել իր աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչև իր վերականգնման օրը։
7. 2009 թվականի օգոստոսի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է։ Այն, մասնավորապես, որոշել է անվավեր ճանաչել 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանը։ Ավելին, դատարանը պարտավորեցրել է վերականգնել դիմումատուին իր նախկին պաշտոնում և տրամադրել փոխհատուցում՝ կորցրած աշխատավարձի դիմաց։
8. 2009 թվականի սեպտեմբերի 2-ին Կոմիտեն բողոքարկել է Վարչական շրջանի դատարանի վճիռը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը։
9. 2009 թվականի նոյեմբերի 2-ին Կոմիտեն 2009 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացել Վճռաբեկ դատարան։
10. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին վերադարձրել է բողոքը՝ հիմքերի բացակայության պատճառով, այսպիսով 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Բ. Կատարողական վարույթը
11. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 27-ին կատարողական թերթ է տվել 2009 թվականի օգոստոսի 11-ի վճռի առնչությամբ։
12. 2010 թվականի փետրվարի 5-ին հարկադիր կատարողը կատարողական վարույթ է հարուցել։ Նույն օրը նա կայացրել է որոշում՝ Կոմիտեին կատարողական թերթի պահանջները երկու շաբաթվա ընթացքում կատարելուն պարտավորեցնելու մասին։
13. 2010 թվականի փետրվարի 11-ի գրությամբ հարկադիր կատարողը պահանջել է, որ Կոմիտեն կատարի կատարողական թերթի պահանջները։
14. 2010 թվականի մարտի 23-ին հարկադիր կատարողը Կոմիտեի կողմից ստացել է պատասխան, որում նշված է եղել, որ հնարավոր չէ դիմումատուին վերականգնել իր աշխատանքում, քանի որ Կոմիտեի կառուցվածքը փոփոխվել է, և դիմումատուի նախկին պաշտոնն այլևս գոյություն չունի։
15. 2010 թվականի ապրիլի 20-ին դիմումատուին իր հարկադիր պարապուրդի համար վճարվել է 937 114 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է 2009 թվականի փետրվարի 27-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 9-ը՝ այն օրը, երբ իր օգտին կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
16. Դիմումատուն մի քանի նամակ է ուղարկել Կոմիտե և տարբեր պաշտոնատար անձանց՝ բողոքելով, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի վերջնական վճիռը կատարելու համար միջոցներ չեն ձեռնարկվել, և պահանջելով, որ Կոմիտեին այդ վճռի կատարումը հարկադրվի։
17. 2011 թվականի հուլիսի 18-ին հարկադիր կատարողը որոշում է կայացրել կատարողական վարույթն ավարտելու մասին այն հիմքով, որ հնարավոր չէր կատարել 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը։ Դիմումատուն, մասնավորապես, չէր կարող վերականգնվել, քանի որ նրա նախկին պաշտոնն այլևս թափուր չէր։
18. 2011 թվականի հուլիսի 25-ին դիմումատուն հարկադիր կատարողի որոշումը վիճարկել է Վարչական դատարանում։
19. 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի հայցը և անվավեր է ճանաչել հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշումը։
20. 2012 թվականի հունվարի 20-ին վերադաս հարկադիր կատարողը որոշում է կայացրել հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշումը վերացնելու և կատարողական վարույթը վերսկսելու մասին։
21. 2012 թվականի մարտի 5-ի գրությամբ հարկադիր կատարողը կրկին պահանջել է, որ Կոմիտեն դիմումատուին վերականգնի իր նախկին պաշտոնում և նրան տրամադրի փոխհատուցում՝ կորցրած աշխատավարձի դիմաց՝ մինչև իր վերականգնման ամսաթիվը։ Կոմիտեն պատասխանել է, որ դիմումատուի նախկին պաշտոնը դադարել է գոյություն ունենալ՝ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ։
22. 2012 թվականի ապրիլի 26-ին հարկադիր կատարողը կրկին որոշում է կայացրել կատարողական վարույթն ավարտելու մասին այն հիմքով, որ հնարավոր չէ կատարել 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը, քանի որ Կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ դիմումատուն աշխատել է, դադարել է գոյություն ունենալ։
23. 2012 թվականի մայիսի 7-ին դիմումատուն այդ որոշումը վիճարկել է Վարչական դատարանում։ Նա պնդել է, մասնավորապես, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը չի կատարվել. Նախևառաջ՝ նրան չի տրամադրվել իր հարկադիր պարապուրդի համար ամբողջ գումարը, երկրորդ՝ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնում։
24. Վարչական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռով որոշել է բավարարել դիմումատուի՝ հարկադիր պարապուրդի համար վճարման մասով պահանջը՝ նշելով որ ժամանակահատվածը պետք է հաշվարկվի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը՝ այն օրը, երբ Կոմիտեի տվյալ ստորաբաժանումը դադարել է գոյություն ունենալ։ Ինչ վերաբերում է դիմումատուի երկրորդ պահանջին, Վարչական դատարանը նշել է, որ հարկադիր կատարողի որոշումն այս մասով իրավաչափ է, քանի որ դիմումատուի վերականգնումը հնարավոր չէ։
25. 2012 թվականի նոյեմբերի 9-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական դատարանի վճռի դեմ:
26. 2013 թվականի փետրվարի 21-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ է թողել Վարչական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը:
27. 2013 թվականի մարտի 11-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ 2013 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ։
28. 2013 թվականի մարտի 27-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը՝ հիմքերի բացակայության պատճառով:
Գ. Հետագա վարույթները
29. 2013 թվականի ապրիլի 19-ին հարկադիր կատարողը որոշում է կայացրել կատարողական վարույթը վերսկսելու մասին։
30. 2013 թվականի նոյեմբերի 4-ին դիմումատուն հրավիրվել է Կոմիտե, որտեղ նրան բանավոր առաջարկվել է նմանատիպ պաշտոն՝ հարկային տեսչության մեկ այլ ստորաբաժանումում, սակայն այս առաջարկն ավելի ուշ դիմումատուի կողմից մերժվել է։
31. Երեք օր հետո դիմումատուն հեռախոսով կրկին հրավիրվել է Կոմիտե, սակայն նա չի ներկայացել։
32. 2013 թվականի նոյեմբերի 8-ին Կոմիտեի՝ անձնակազմի կառավարման վարչության պետը դիմումատուին գրություն է ուղարկել՝ առաջարկելով վերականգնել նրան այնպիսի պաշտոնում, որը նման է իր նախկին պաշտոնին, այն է՝ Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնում հարկային տեսուչի պաշտոնը։ Նա նաև նշել է, որ մինչև այդ ամսաթիվը դիմումատուի հարկադիր պարապուրդի համար փոխհատուցումը կազմել է 4 017 860 ՀՀ դրամ։
33. Նույն օրը դիմումատուն մերժել է Կոմիտեի առաջարկը։ Նա պնդել է, որ իր հարկադիր պարապուրդի համար փոխհատուցումը պետք է կազմի 9 975 970 ՀՀ դրամ։ Ի պատասխան՝ Կոմիտեն դիմումատուին տեղեկացրել է, որ կուսումնասիրի վերը նշված գումարը, եթե դիմումատուն հիմնավորված հաշվարկներ ներկայացնի։
34. 2015 թվականի հունիսի 9-ին Կոմիտեի կողմից հարկադիր կատարողի հաշվին փոխանցվել է 4 017 860 ՀՀ դրամ։ 2015 թվականի հունիսի 18-ին հարկադիր կատարողն ավարտել է կատարողական վարույթը, քանի որ այդ գումարն այնուհետև փոխանցվել է դիմումատուի բանկային հաշվին։
35. 2015 թվականի հուլիսի 22-ին դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հարկադիր կատարողի որոշումը։
36. 2016 թվականի մայիսի 22-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի հայցը և անվավեր ճանաչել հարկադիր կատարողի 2015 թվականի հունիսի 18-ի որոշումը։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 26-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը
37. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Բ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը
38. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան մասերով նախատեսվում է՝
«Հոդված 3. | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները |
1. Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Հոդված 41. | Կատարողական վարույթի ավարտը |
1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`
...
8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը։
Հոդված 71. | Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը |
Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:»։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
39. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը չկատարելու առնչությամբ՝ հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա, որոնց բովանդակությունը հետևյալն է՝
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»։
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։
40. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
Ա. Ընդունելիությունը
1. Կառավարության նախնական առարկությունները
41. Կառավարությունը նշել է, որ ըստ դիմումատուի՝ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշման օրվանից։ Այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումն ապահովելու համար մի շարք վարույթներ են իրականացվել սույն գանգատը Դատարան ներկայացնելուց հետո։ Գանգատը ներկայացնելուց հետո ընդամենը երկու օր անց Վարչական դատարանը դիմումատուի օգտին վճիռ է կայացրել, հարկադիր կատարողի որոշումն անվավեր է ճանաչվել, և կատարողական վարույթը վերսկսվել է։
42. Հետևաբար, Կառավարությունը պնդել է, որ գանգատը վաղաժամ է եղել, քանի որ դիմումատուն իր գանգատը Դատարան ներկայացնելուց առաջ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը կատարելու մասով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք հասանելի են եղել դիմումատուին, արդյունավետ են։ Չնայած դրանց արդյունավետությանը և հասանելիությանը՝ դիմումատուն քայլեր չի ձեռնարկել հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը ներպետական դատարաններում վիճարկելու համար։ Այսպիսով, ներպետական դատարանները հնարավորություն չեն ունեցել անդրադառնալու դիմումատուի իրավունքների ենթադրյալ խախտման հարցին և այդ մասով հնարավոր հատուցում տրամադրելու։ Հետևաբար, դիմումատուն չի գործել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։
43. Դիմումատուն պնդել է, որ ինքը սպառել է բոլոր այն հնարավոր իրավական պաշտպանության միջոցները, որոնց միջոցով ինքը կարող էր փոխհատուցում ստանալ։ Նա հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վիճարկել է Վարչական դատարանում։ Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես էր հնարավոր կատարողական թերթը Վարչական շրջանի դատարան վերադարձնելու միջոցով փոխհատուցում ստանալ՝ չկատարման մասին հարցի մասով։ Նույնիսկ եթե վճիռը կայացվեր իր օգտին, դա միայն կնշանակեր ունենալ մեկ այլ կատարողական թերթ՝ հարկադիր կատարման համար։ Ավելին, դիմումատուն նշել է, որ իրեն մեկ այլ պաշտոն չէր առաջարկվի, եթե ինքը գանգատ ներկայացրած չլիներ Դատարան, որն այնուհետև ուղարկվել է Կառավարություն։
2. Դատարանի գնահատականը
44. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Դատարան է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին 2011 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ դիմումատուի բողոքը դեռևս քննվում էր Վարչական դատարանում։ 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով այդ բողոքը պետք է համարվի «արդյունավետ», քանի որ Վարչական դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 5-ին նրա օգտին վճիռ է կայացրել և անվավեր է ճանաչել հարկադիր կատարողի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։ Այն փաստը, որ կարող էին լինել հարկադիր կատարողի որոշումը վիճարկելու իրավական պաշտպանության մի քանի այլ միջոցներ, չի նշանակում, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Հետևաբար Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի:
45. Դատարանը, հետևաբար, նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
46. Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմինները Վարչական շրջանի դատարանի վճիռը կատարելու համար չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, քանի որ մինչ այդ պահը նա չէր վերականգնվել իր պաշտոնում, և նրա հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մի մասը դեռևս մնում էր չվճարված։ Վճիռը չկատարելու՝ հինգ տարի տևողությամբ ժամանակահատվածից հետո նրան 2013 թվականի նոյեմբերի 8-ին նոր պաշտոն է առաջարկվել՝ պայմանով, որ նա իր գանգատը հետ վերցնի Դատարանից։ Դիմումատուն մերժել է ընդունել այն, քանի որ առաջարկը չի կատարվել պատշաճորեն, այլ միայն իրեն ու Դատարանին շփոթեցնելու նպատակով։ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճռից պարզ է դառնում, որ անձնակազմի կրճատման հիմքով դիմումատուին իր աշխատանքից ազատելուց հետո Կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ նույն ստորաբաժանումում երկու թափուր հաստիքի համար։
47. Վարչական դատարանն իր 2011 թվականի դեկտեմբերի 5-ի վճռով հաստատել է, որ հարկադիր կատարողը կարող էր ձեռնարկել մի շարք այլ միջոցներ, որոնց արդյունքում վճիռը կկատարվեր, և որ Կոմիտեն հնարավորություն է ունեցել դիմումատուին իր նախկին պաշտոնում վերականգնելու՝ 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Նույնիսկ եթե նա չէր կարող վերականգնվել իր նախկին պաշտոնում, կամ եթե ոչ մի այլ հաստիք թափուր չէր, Կոմիտեն պարտավոր էր նրան առաջարկել նմանատիպ պաշտոն, բայց այդ նա դիտավորյալ չի արել։ Վերականգնումը երբեք անհնարին չի եղել, ոչ էլ վճիռը կատարելու համար նոր պաշտոն ստեղծելու անհրաժեշտություն է եղել։ Ընդհակառակը, հարկադիր կատարողը կարող էր, inter alia (ի թիվս այլնի), Կոմիտեին պարտավորեցնել կատարել վճիռը և դա անելու համար վերջնաժամկետ սահմանել, կամ կարող էր հարկադրանքի միջոցները չկատարելու համար Կոմիտեի նկատմամբ տուգանք նշանակել։
48. Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, դիմումատուն պնդել է, որ իրեն պետք է փոխհատուցում տրամադրվի իր հարկադիր պարապուրդի համար՝ հաշվարկած մինչև 2013 թվականի նոյեմբերի 8-ը՝ այն օրը, երբ անհնարին է դարձել կատարել 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը. փոխհատուցման գումարը կազմել է 10 506 871 ՀՀ դրամ։ Այսպիսով, տեղի է ունեցել իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում։
բ) Կառավարությունը
49. Կառավարությունը պնդել է, որ տեղական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադիր ուժ ունեցող վճիռը կատարելու համար: Դիմումատուն ազատվել է աշխատանքից՝ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով, ինչը ներպետական օրենսդրությամբ համարվում է իրավաչափ հիմք՝ աշխատանքային պայմանագրի լուծման համար: Կատարողական թերթը [Դատական ակտերի] հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելուց հետո հարկադիր կատարողը անմիջապես կատարողական վարույթ է հարուցել և պահանջել, որ Կոմիտեն կատարի վճռի պահանջները: Սակայն դիմումատուին հնարավոր չի եղել վերականգնել իր նախկին աշխատանքում, քանի որ Կոմիտեի կառուցվածքը փոփոխվել էր և դիմումատուի պաշտոնն այլևս գոյություն չուներ: Սա եղել է դիմումատուին իր պաշտոնում չվերականգնելու հիմնական պատճառը: Եթե նույնիսկ ենթադրվի, որ Կոմիտեի կառուցվածքում կարող էին լինել նման պաշտոններ, վճիռը միևնույն է հնարավոր չէր լինի կատարել, քանի որ այդ պաշտոնները թափուր չէին: Նույնիսկ այս իրավիճակում տեղական դատարաններն անվավեր են ճանաչել հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և պահանջել, որ նա վերսկսի վարույթը: Կատարողական վարույթը վերսկսելուց հետո հարկադիր կատարողը կրկին պահանջել է, որ Կոմիտեն կատարի Վարչական շրջանի դատարանի վճիռը, սակայն վերջինս դա կրկին անհնար է համարել: Այդ մասին Կոմիտեի պատասխանից հետո միայն Վարչական դատարանն ուժի մեջ է թողել հարկադիր կատարողի որոշումը: Միևնույն ժամանակ Վարչական դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռով որոշել է, որ դիմումատուի հարկադիր պարապուրդը պետք է հաշվարկվի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը՝ այն օրը, երբ «Քանաքեռ-Զեյթուն» հարկային տեսչությունը դադարեցրել է իր գործունեությունը:
50. Կառավարությունը պնդել է, որ Դատարանը չպետք է գործատուների նկատմամբ սահմանի պարտավորության այնպիսի փաստացի կատարում, ինչն օբյեկտիվորեն անհնար է: Հակառակ դեպքում գործատուները ստիպված կլինեն ստանձնել լրացուցիչ հանձնառություններ, այն է՝ ստեղծել նոր կառուցվածքային միավորներ և պաշտոններ: Նման պարտավորությունների ստեղծումը կխախտի գործատուների սահմանադրական իրավունքներն ու կհանգեցնի նրանց օրինական իրավունքների սահմանափակման: Կատարողական վարույթի տևողությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել սույն գործի հանգամանքները, քանի որ այդ վարույթի ընթացքում պատասխանատու պետական մարմինը՝ Հարկադիր կատարման ծառայությունը, ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը՝ Վարչական շրջանի դատարանի վճիռը կատարելու համար: Վճռի կատարումն անհնար է եղել միայն օբյեկտիվ և էական փաստերի առկայության պատճառով: Ավելին, Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուին առաջարկվել է իր նախկին պաշտոնին նման մեկ այլ պաշտոն ինչպես բանավոր, այնպես էլ գրությամբ, սակայն նա չի ընդունել այդ առաջարկները: Դիմումատուի՝ այդ առաջարկները մերժելու պատճառները վերաբերելի չէին: Եթե դիմումատուն ընդուներ Կոմիտեի առաջարկը, ապա նրա՝ նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը կարող էր լուծվել: Փաստորեն Վարչական շրջանի դատարանի վճիռը չի կատարվել նաև դիմումատուի՝ վճիռը կատարելու ցանկության բացակայության պատճառով:
51. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտմանը, Կառավարությունը պնդել է, որ 2010 թվականի ապրիլի 20-ին դիմումատուին վճարվել է 937 114 ՀՀ դրամ՝ իր հարկադիր պարապուրդի համար: Ինչ վերաբերում է վճարման անհրաժեշտ գումարի մնացած մասին, վճարման ուշացումը կապված է եղել Վարչական շրջանի դատարանի վճռի ձևակերպման հետ, քանի որ վճռով սահմանվում էր, որ համապատասխան ժամանակահատվածը պետք է հաշվարկվի ընդհուպ մինչև դիմումատուի վերականգնումը պաշտոնում: Քանի որ այս հարցը երկար ժամանակ քննարկվում էր տեղական դատարաններում, վճարման ենթակա գումարի հստակ չափը երկար ժամանակ անորոշ էր: 2013 թվականի նոյեմբերի 8-ի գրության մեջ Կոմիտեն ցանկություն է հայտնել վճարելու դիմումատուի հարկադիր պարապուրդի համար հասանելիք ամբողջ գումարը: Սակայն մերժելով Կոմիտեի՝ նրան իր նախկին պաշտոնին նման պաշտոնում վերականգնելու առաջարկը, դիմումատուն ակնհայտորեն մտադրված է եղել երկարաձգել այն ժամանակահատվածը, որի համար նա կարող էր ստանալ փոխհատուցում, և հետևաբար նաև անուղղակիորեն խոչընդոտել է Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումը՝ վճարման այդ մասով: Ավելին, չնայած Վարչական դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 16-ի վճռով որոշել էր, որ դիմումատուի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը պետք է հաշվարկվի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը, և որ այդ ժամանակահատվածի համար հասանելիք գումարը կազմում էր 4 017 860 ՀՀ դրամ, Կոմիտեն պատրաստակամություն էր հայտնել քննարկելու դիմումատուի կողմից պահանջվող 9 975 970 ՀՀ դրամը վճարելու հնարավորությունը, եթե վերջինս ներկայացներ հիմնավորող հաշվարկներ:
52. Հետևաբար, ըստ Կառավարության՝ Հարկադիր կատարման ծառայությունն ու Կոմիտեն մտադրված չէին ուշացնել հօգուտ դիմումատուի կայացված վճռի կատարումը: Ընդհակառակը, նրանք արել են ամեն ինչ՝ ապահովելու համար Վարչական շրջանի դատարանի վճռի կատարումը, և պատրաստակամություն են հայտնել վճարել նրան առատաձեռն փոխհատուցում, երբ նրան իր նախկին պաշտոնում վերականգնելն օբյեկտիվորեն անհնար էր դարձել: Տուգանք նշանակելու հնարավորությունը միայն կիրառելի էր այն իրավիճակների նկատմամբ, երբ առկա էր հարկադիր կատարողի որոշումները չկատարելու միտումնավոր մերժում, սակայն սա այդ դեպքը չէ: Ուստի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքները չեն խախտվել:
2. Դատարանի գնահատականը
53. 6-րդ հոդվածով պաշտպանվող՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը մնար չգործող՝ ի վնաս կողմերից մեկի (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, §40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑II): Դատարանի մատչելիության արդյունավետությունը ներառում է դատարանի որոշման՝ առանց անհարկի ձգձգումների կատարման իրավունքը:
54. Նույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարմանը ողջամիտ ժամկետում հասնելու անհնարինությունը համարվում է միջամտություն՝ ունեցվածքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Ուստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002‑III; Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 թվական և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):
55. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի վճռով, որն օրինական ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, Վարչական շրջանի դատարանը վճիռը կայացրել է դիմումատուի օգտին: 2010 թվականի հունվարի 27-ին Վարչական շրջանի դատարանն այդ վճռի կապակցությամբ տվել է կատարողական թերթ: 2010 թվականի փետրվարին հարկադիր կատարողը հարուցել է համապատասխան հարկադիր կատարման վարույթ՝ պահանջելով Կոմիտեից երկու շաբաթվա ընթացքում կատարել կատարողական թերթի պահանջները: Դիմումատուին իր հարկադիր պարապուրդի համար վճարվել է 937 114 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է 2009 թվականի փետրվարի 27-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի համար՝ մինչև այն օրը, երբ վճիռն օրինական ուժի մեջ է մտել (տես վերևում՝ 11-րդ և 15-րդ պարբերությունները): 2010 թվականի մարտին Կոմիտեն տեղեկացրել է հարկադիր կատարողին, որ դիմումատուի վերականգնումը հնարավոր չէ: Արդյունքում 2011 թվականի հուլիսի 18-ին հարկադիր կատարողը որոշում է կայացրել հարկադիր կատարման վարույթն այս հիմքով ավարտելու մասին: Այնուամենայնիվ, 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Վարչական դատարանն այդ որոշումն անվավեր է ճանաչել: 2012 թվականի հոկտեմբերի 16-ին Վարչական դատարանն անփոփոխ է թողել հարկադիր կատարողի` հարկադիր կատարման վարույթն ավարտելու մասին երկրորդ որոշումը, և 2013 թվականի մարտի 27-ին այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել (տե՛ս վերևում՝ 17-19-րդ, 24-րդ և 28-րդ պարբերությունները): 2013 թվականի նոյեմբերի 8-ին Կոմիտեն դիմումատուին առաջարկել է վերականգնել իր նախկին պաշտոնին նման պաշտոնում, սակայն նա մերժել է առաջարկը: 2015 թվականի հունիսին դիմումատուին վճարվել է 4 017 860 ՀՀ դրամ լրացուցիչ հատուցում (տե՛ս վերևում՝ 32-34-րդ պարբերությունները):
56. Դատարանը նշում է, որ կողմերը կարծես համաձայն են, որ Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը մի քանի տարի մնացել է չկատարված. Կոմիտեն առաջարկել է վերականգնել դիմումատուին իր նախկին պաշտոնին նման պաշտոնում միայն 2013 թվականի նոյեմբերի 8-ին, և դիմումատուն ստացել է իր հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման հիմնական մասը 2015 թվականի հունիսին: Այսպիսով, հարկադիր կատարման վարույթներն ավարտվել են միայն գանգատը 2011 թվականի նոյեմբերի 17-ին Կառավարություն ուղարկելուց հետո:
57. 2009 թվականի օգոստոսի 11-ի վճիռը, որը կայացվել էր ի օգուտ դիմումատուի, մնացել է չկատարված 2010 թվականի մարտից մինչև 2015 թվականի հունիսը, այսինքն՝ գրեթե հինգ տարի և չորս ամիս: Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ այդ ուշացումը հիմնավորելու համար: Ուստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ վերջնական վճիռը կատարելու համար, զրկել են 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները սույն գործով իրենց արդյունավետ ողջ ուժից:
58. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
59. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։
Ա. Վնասը
60. Դիմումատուն պահանջել է 10 988 323 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 385 000 եվրո (ЕUR)` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
61. Ինչ վերաբերում է նյութական վնասին, Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի տրամադրել իր կրած նյութական վնասը հաստատող որևէ ապացույց: Բացի այդ, խնդիրը կարող էր լուծված լինել, եթե դիմումատուն ընդուներ 2013 թվականի նոյեմբերի 8-ին առաջարկված վերականգնումը: Ուստի նյութական վնասի մասով նրա պահանջը հիմնավորված չէ և չափազանցված է և պետք է մերժվի: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի պահանջը պետք է մերժվի, քանի որ նա չի ներկայացրել իր կրած տագնապը, անհանգստությունն ու հիասթափությունը հաստատող որևէ ապացույց: Ամեն դեպքում, 2011 թվականի օգոստոսի 11-ի վճիռը չկատարելու համար պահանջվող գումարը, մասնավորապես 190 000 ՀՀ դրամը չափազանց մեծ է: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հետ կապված պահանջի մնացած մասին, Կառավարությունը պնդել է, որ դա չի առնչվում այս գործին, ուստի այն պետք է մերժվի:
62. Դատարանը համաձայն է Կառավարության հետ, որ այլևս չկա դիմումատուին նյութական վնասի համար վճարման ենթակա հատուցման չկատարված մաս, քանի որ այն արդեն վճարվել է նրան: Ուստի նա մերժում է դիմումատուի պահանջը՝ նյութական վնասի մասով: Մյուս կողմից, նա գտնում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի գումարի չափով ոչ նյութական վնաս է կրել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, որոշում է դիմումատուին շնորհել 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
63. Դիմումատուն նաև պահանջել է 950 000 ՀՀ դրամ՝ որպես տեղական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։
64. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի տրամադրել տեղական դատարաններում կրած որևէ ծախսի և ծախքի վերաբերյալ ապացույց: Ինչ վերաբերում է Դատարանում կրած ծախսերին ու ծախքերին, դիմումատուն չի ներկայացրել ոչ մի մանրամասն հաշիվ-ապրանքագիր: Ամեն դեպքում իրավաբանական ծախսերի և փոստային ծախքերի համար պահանջված գումարը չափազանց մեծ է:
65. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը` մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
66. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:0
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ
ա) պատասխանող Պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարը, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի մայիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Լեդի Բիանկու Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|