ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 431-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 624-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն՝ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Լուծարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 431-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգաթերթերը հաստատելու մասին» N 624-Ն որոշումը:
3. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
4. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության լուծարումն սկսված և չավարտված դատական գործերի, վարչական վարույթների և կանոնադրական այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի վերահսկողական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություններ։
2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ծառայությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ։
3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
4. Ծառայությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։
5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Ծառայության նպատակները և խնդիրներն են նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`
1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների, նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.
2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.
3) քաղաքացիների դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.
4) նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը։
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նախապատրաստում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութեր.
2) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում և ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
3) իրականացնում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերահսկողություն՝ նոտարական պալատի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.
4) իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ և ապահովում է վերջինիս՝ օրենքով և այլ իրավական ակտերով, վերապահված գործառույթների իրականացումը, ներկայացնում է առաջարկություններ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ այդպիսի առաջարկով դիմելու վերաբերյալ, իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնող մարմինների կողմից կայացված վարչական ակտերը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարության իրավասությունը.
5) իրականացնում է վերահսկողություն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու և (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու և (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
7) իրականացնում է վերահսկողություն պրոբացիայի պետական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8) իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8.1) քաղաքացիների (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց դիմումների և բողոքների` օրենքով սահմանված կարգով քննարկում, քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում, ինչպես նաև «թեժ գծի» սպասարկման ապահովում.
9) նախարարի հանձնարարությամբ` անցկացնում է ծառայողական քննություններ և իրականացնում կարգապահական վարույթներ.
10) քննարկում և վերլուծում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, նոտարների, նախարարության առանձնացված ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության վերաբերյալ ներկայացված դիմումները և բողոքները.
11) հարուցում և իրականացնում է վարչական վարույթ.
12) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարությանը վերապահված այլ վերահսկողական գործառույթներ, իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
(7-րդ կետը լրաց. 12.10.17 N 1247-Ն)
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Ծառայությունը կառավարում է նախարարը։ Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
9. Ծառայության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով։
10. Ծառայության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ապահովման համար։
11. Ծառայության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։
12. Ծառայության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայության տարեկան աշխատանքային ծրագիրը.
4) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և ծառայության անունից, ինչպես նաև տալիս է ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) լսում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
8) իրականացնում է վերահսկողություն ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև ծառայության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն ծառայության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
12) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփում և նախարարին է ներկայացնում տեղեկանքներ ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների քննարկման արդյունքների մասին.
13) իրականացված ուսումնասիրությունների, ծառայողական քննությունների և կարգապահական վարույթների, դրանց արդյունքների ամփոփման և մեղավոր անձանց նկատմամբ իրավասու անձի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակներում նշված մարմինների ղեկավարներից և աշխատողներից, նոտարներից պահանջում և ստանում է բացատրություններ, պարզաբանումներ, զեկուցագրեր, ուսումնասիրությանը, ծառայողական քննությանը, կարգապահական վարույթին, պատասխանատվության միջոցների կիրառմանն առնչվող ցանկացած փաստաթղթեր.
14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
13. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության բաժնի պետերից մեկը` ծառայության պետի առաջարկությամբ:
(13-րդ կետը խմբ. 12.10.17 N 1247-Ն)
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։
15. Ծառայությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։
16. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։
17. Ծառայության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը լրաց., խմբ. 12.10.17 N 1247-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Առաջին բաժին
2. Երկրորդ բաժին
3. Երրորդ բաժին
4. Չորրորդ բաժին
5. Հինգերորդ բաժին
6. Վեցերորդ բաժին
(հավելվածը լրաց. 12.10.17 N 1247-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2021, N 2187-Ն | 31.12.2021, N 1384-Ն | |
12.10.2017, N 1247-Ն | 14.10.2017, N 1384-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|