ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հոկտեմբերի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1209-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները վերաբերում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պետական ցանկերում (այսուհետ՝ պետական ցանկեր) ընդգրկված` Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի (այսուհետ` պետական լիազոր մարմին) մասնագիտական խորհրդի կողմից ճանաչված ոչ նյութական մշակութային արժեքներին, որոնք ենթակա են ընդգրկվելու նշված պետական ցանկերում:
II. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
3. Պետական լիազոր մարմինը ոչ նյութական մշակութային արժեքների հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև պետական ցանկերի տվյալների արդիականացման, ճշգրտման, անհրաժեշտ տեղեկույթի տրամադրման, լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային դիտանցումներ` համակարգված կերպով ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի ու բնակավայրերի տարածքները:
4. Դիտանցումների ընթացքում բացահայտված ոչ նյութական մշակութային արժեքին վերաբերող տվյալները տեղում գրառվում, լուսանկարվում, տեսագրվում և ձայնագրվում են:
5. Դիտանցման ավարտից հետո հավաքված նյութերը նույնականացվում են նախկինում գրանցված նույնանուն կամ նկարագրական տվյալների համընկնում ունեցող արժեքների հետ, արձանագրվում են ինչպես պահպանված, այնպես էլ՝ կորսված բաղադրատարրերը, գրանցվում է դիտանցման պահին առկա իրավիճակը:
6. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է մասնագիտական խորհուրդ՝ քննարկման:
7. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է պետական կառավարման մարմիններ և շահագրգիռ գիտական հաստատություններ` քննարկման:
8. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող որոշման նախագծին կից ներկայացնում է մասնագիտական խորհրդի և շահագրգիռ կազմակերպությունների եզրակացություններն ու առաջարկությունները:
9. Պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմնին:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք առաջարկությունները ներկայացնում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
11. Պետական ցանկերից արժեքը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե այն բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ այլևս չի կենցաղավարում, և հնարավոր չէ վերականգնել դրա կենսունակությունը:
12. Պետական ցանկերում ընդգրկված արժեքների մասին տվյալները պարբերաբար (յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր բացահայտումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների:
13. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հաշվառումը, հետազոտումն ու պահպանությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը` միջազգային նորմերին համապատասխան` համագործակցելով օտարերկրյա համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթական հաստատությունների, սփյուռքահայ կրոնական, մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունների ու հայրենակցական միությունների հետ:
14. Ոչ նյութական մշակութային արժեքների հետազոտման, հաշվառման, նույնականացման, վավերագրման վերաբերյալ նյութերը և փաստաթղթերն անժամկետ պահվում են պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների արխիվներում: Նրանց կողմից ամփոփված, թվայնացված նյութերը հրապարակվում են տեղեկատու էլեկտրոնային շտեմարաններում, կայքէջերում:
III. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության գործառույթներ կարող են իրականացնել ինչպես մշակույթի, գիտության և կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինները, տեղական ու տարածքային կառավարման մարմինները, այնպես էլ՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք:
16. Պետական լիազոր մարմինը, մշակութային, գիտական, կրթական հաստատությունների ու կազմակերպությունների համաձայնությամբ, կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջոցառումների ծրագրեր` անհրաժեշտության դեպքում ընդգրկելով համապատասխան այլ պետական մարմիններ կամ հասարակական կազմակերպություններ:
17. Ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության յուրաքանչյուր բնագավառի առաջնահերթությունները, զարգացման հեռանկարները:
18. Հաշվի առնելով առանձին արժեքների կենսունակության նվազման միտումները` պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` դրանք ներառելու Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում:
19. Պետական լիազոր մարմինը, մշակութային, գիտական, կրթական հաստատությունների հետ համատեղ, մշակում և իրականացնում է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, կենսունակության պաշտպանության միջոցառումներ:
20. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
21. Ոչ նյութական մշակութային այն արժեքները, որոնք այլևս հնարավոր չէ բնական, սոցիալ-մշակութային միջավայրում պահպանել, դրանց վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը սահմանված կարգով անհրաժեշտ է թանգարանացնել:
IV. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
22. Ոչ նյութական մշակութային արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և հրապարակումն իրականացվում են գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների կողմից՝ էլեկտրոնային շտեմարանների, կայքէջերի, գիտական, գիտաճանաչողական, հանրամատչելի գրականության հրատարակման միջոցով:
23. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարաններում ընդգրկված տարրերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով հաստատված չափորոշիչների համաձայն:
24. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերում ներառված տարրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջում` http://int-heritage.am/am/ հղումով:
25. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարանի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների գրանցումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովումն է:
26. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարանի վարման հիմնական խնդիրներն են`
1) տվյալների հավաստիության և ամբողջականության ապահովումը.
2) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, օգտագործման, զարգացումների ու փոփոխությունների, դրանց կրողների մասին տեղեկատվության տարածումը.
3) գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների արխիվներում և ֆիզիկական անձանց մոտ պահպանվող տեղեկատվության տրամադրումը:»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|