Գլխավոր տեղեկություն
Համար
N 534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.2017-15.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հոդ.540
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 534-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսնօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման ուղեցույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի դեկտեմբերի 31-ից:

(3-րդ կետը փոփ. 28.09.17 N 1200-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 18-ի N 534-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային աճուրդի համակարգը պարունակում է էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնք հեռակարգավորման, հեռահաղորդագրման և էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման հնարավորություն են տալիս: Բոլոր սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված վայրում:

3. Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման դեպքում գործում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված առանձնահատկությունները:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) էլեկտրոնային աճուրդի համակարգ (այսուհետ` համակարգ)՝  էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգ (www.armeps.am/eaction).

2) մասնակից՝  պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող և համակարգում գրանցված անձ.

3) էլեկտրոնային աճուրդ՝  էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր` նվազեցված գները ներկայացնելու գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշելու հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը.

4) հայտ՝  հրավերի հիման վրա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող առաջարկ.

5) լիազորված մարմին՝  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

6) օգտվողներ՝  համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլտվություն ունեցող անձինք.

7) քայլ` մինչև էլեկտրոնային աճուրդի ամփոփումը՝ մասնակցի կողմից վերանայված և ներկայացված նոր` նվազեցված գնային առաջարկ.

8) առաջին տեղն զբաղեցրած մասնակից` մասնակից, որն էլեկտրոնային աճուրդի ամփոփման համար սահմանված ժամկետը լրանալու պահի դրությամբ ներկայացրել է նվազագույն գնային առաջարկ:

5. Համակարգն ունի մասնակիցների տվյալները, բացառությամբ գնային առաջարկների, կոդավորելու և, մինչև էլեկտրոնային աճուրդի ամփոփման ավարտը ներառյալ, այդ տվյալների ապակոդավորման անհնարինությունն ապահովելու հնարավորություն:

6. Համակարգից օգտվողներն են՝

1) պատվիրատուի ղեկավարը, ով համակարգում գրանցում է նոր օգտվողներ և համակարգի միջոցով հաստատում է գնահատման մասին հաշվետվությունը.

2) գնահատող հանձնաժողովը.

3) քարտուղարը:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Պատվիրատուն համակարգում գրանցվելու և այն շահագործելու նպատակով գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` իր պաշտոնական էլեկտրոնային փոստից լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով, լիազորված մարմին է ներկայացնում պատվիրատուի`

1) անվանումը` հայերենով, ռուսերենով և անգլերենով.

2) գործունեության հասցեն ` հայերենով, ռուսերենով և անգլերենով.

3) ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

8. Լիազորված մարմինը սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին գրանցում է համակարգում և պատվիրատուի ղեկավարին գրավոր տրամադրում է համակարգում գրանցված մուտքանունն ու նախնական գաղտնաբառը: Ընդ որում`

1) պատվիրատուի ղեկավարը և նրա կողմից սահմանված օգտվողներն առաջին անգամ համակարգ մուտք գործելիս՝ տրամադրված նախնական գաղտնաբառը պարտավոր են փոխարինել նոր գաղտնաբառով, որը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, այդ թվում` 8 նիշում՝ առնվազն մեկ տառից և մեկ թվանշանից.

2) օգտվողներին մուտքանուններ և նախնական գաղտնաբառեր տրամադրում է պատվիրատուի ղեկավարը.

3) համակարգում սույն կետում նշված անձանց գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նրանք մուտք չեն գործում համակարգ կամ մուտք են գործում, սակայն համակարգ չեն մուտքագրում գրանցումը հաստատելուց հետո ավտոմատ եղանակով իրենց էլեկտրոնային փոստին ստացված թիվը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց:

9. Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով մասնակիցը մուտք է գործում համակարգ և լրացնում պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի համակցությունը (կոմբինացիան) (այսուհետ` տեղեկատվություն) մուտքագրում է համակարգ: Տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո մասնակիցը համարվում է համակարգում գրանցված, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նա մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս դեպքում իրականացվում է գրանցման նոր գործընթաց:

 

III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Էլեկտրոնային աճուրդով (այսուհետ` աճուրդ) գնումների կատարման ժամանակ գործում են հետևյալ առանձնահատկությունները`

1) գնման հայտարարությունը և հրավերը միաժամանակ հրապարակվում են տեղեկագրում.

2) գնման հայտով և հրավերով պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրվեն աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բնութագրերը, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը.

3) հրավերով սահմանվում են աճուրդին մասնակցության և ընթացակարգի անցկացման հետ կապված պայմանները.

4) առաջին տեղն զբաղեցրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ մասնակիցը հրավերով նախատեսված` իր կողմից հաստատվող փաստաթղթերը, բացառությամբ հայտի ապահովման, ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի արտատպումը պետք է տեսանելի լինի փաստաթղթի վրա, իսկ հավաստագիրը` զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցը սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է իր կողմից հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ բացառությամբ հայտի ապահովման:

11. Հրավերով նախատեսվում են նաև, որ`

1) մասնակցի հայտը ներառում է միայն գնային առաջարկը: Ընդ որում, մասնակիցը գնային առաջարկ կարող է ներկայացնել, եթե բավարարում է հրավերով սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների պահանջները: Գնային առաջարկը ներկայացնելը համարվում է սույն ենթակետով նախատեսված պահանջներին մասնակցի տվյալների համապատասխանությունը հավաստող հայտարարություն.

2) աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակից.

3) առաջին տեղն զբաղեցրած ճանաչված մասնակիցը հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև`

ա. իր կողմից հաստատված ապրանքների գնման դեպքում` առաջարկվող ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը,

բ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ ընթացակարգի շրջանակում գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,

գ. իր կողմից հաստատված հայտարարություն տվյալ գնման գործընթացում իր, գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին,

դ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) ուղղակի կամ անուղղակի ունի (ունեն) մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի քան տասը տոկոսը, ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, այն անձի (անձանց) տվյալները, ով (ովքեր) իրավունք ունի (ունեն) նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում,

ե. հրավերով նախատեսված հայտի ապահովման բնօրինակը` գնահատող հանձնաժողովին ուղղված կից գրությամբ, որը մուտքագրվում է նաև պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգ: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա այն չի հաստատվում մասնակցի կողմից, և սույն պարբերությամբ նախատեսված գրությամբ ներկայացվում է բանկի կողմից տրված երաշխիքի բնօրինակը։

(11-րդ կետը փոփ. 28.09.17 N 1200-Ն)

12. Հայտերն ներկայացնելու ժամկետը լրանալու պահի դրությամբ համակարգն ավտոմատ ծանուցման միջոցով հայտ ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է ներկայացված նվազագույն գնային առաջարկը, ինչպես նաև նոր (վերանայված) գներ ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաև տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին։

13. Աճուրդն սկսվում է հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից հաշված երկրորդ աշխատանքային օրը` հրավերով սահմանված ժամին:

14. Էլեկտրոնային աճուրդը չի կարող կազմակերպվել ժամը 16:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջոդող աշխատանքային օրվա նույն ժամին:

15. Մինչև աճուրդի ամփոփման համար հրավերով սահմանված ժամկետը լրանալը՝ համակարգն ավտոմատ եղանակով մասնակիցներին ներկայացնում է յուրաքանչյուր մասնակցի քայլը և այն կատարելու օրը, ժամը:

16. Աճուրդն ամփոփվում է հրավերում նշված կոնկրետ ժամը լրանալու դրությամբ կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում:

17. Աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ համակարգն ավտոմատ եղանակով պատվիրատուին և հայտեր ներկայացրած մասնակիցներին ներկայացնում է աճուրդի արդյունքները` ըստ առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցների անվանումների և զբաղեցրած տեղերի:

18. Աճուրդն ամփոփվելու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, գնման ընթացակարգը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, հայտարարվում է չկայացած:

19. Աճուրդն ամփոփվելուն հաջորդող աշխատանքային օրը`

1) գնահատող հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցով ներկայացված գնային առաջարկներն աճուրդն ամփոփվելու պահի դրությամբ գերազանցում են ընթացակարգի արդյունքում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար գնման հայտով սահմանված գինը.

 2) գնահատող հանձնաժողովի քարտուղարն աճուրդի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված նիստի արձանագրության, ինչպես նաև տվյալ նիստին ներկա հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում.

3) գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` կոմիտե) է ներկայացնում հարցում առաջին տեղն .զբաղեցրած մասնակցի՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ինչպես նաև հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով մասնակցի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.

4) գնահատող հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում մերժում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի հայտը, և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:

20. Կոմիտեն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցման մասին տեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում կոմիտեից տեղեկատվություն չստացվելու դեպքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը համարվում է այդ պահանջները բավարարող: Եթե կոմիտեի կողմից սույն կետով սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեղեկատվությամբ արձանագրվում է, որ առաջին տեղն .զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ կամ չի բավարարում հրավերով սահմանված «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի պահանջները, և պայմանագիրը կնքված չէ, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է, իսկ պայմանագիրը կնքված լինելու դեպքում կիրառվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Եթե սահմանված ժամկետում կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ, ապա հայտերի գնահատման նպատակով հրավիրված նիստում հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնակցի հայտը մերժվում է` անկախ մասնակցի կողմից կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից տարբերվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու հանգամանքից:

21. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին: Սույն կարգի 20-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում սույն կետով նախատեսված տվյալները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե մասնակիցը կամ կոմիտեն լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացրել է մինչև հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրված նիստին հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

22. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները, գնահատման թերթիկների երկուական օրինակ և կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով նիստը հրավիրվում է ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

23. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու, ինչպես նաև ներկայացված որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում քարտուղարը նույն օրը համակարգի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը:

24. Արձանագրված անհամապատասխանությունն առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից սահմանված ժամկետում՝

1) շտկվելու դեպքում հայտը գնահատվում է բավարար, և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից.

2) չշտկվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է, և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:

25. Ընտրված մասնակցի կողմից պայմանագիր չկնքվելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովն ընտրված մասնակցի որոշման նպատակով կիրառում է սույն կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերով նախատեսված պայմանները:

 26. Էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում և գնման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 28.09.17 N 1200-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 18-ի N 534-Ն որոշման


Ց ՈՒ Ց Ա Կ

 

էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների ԵՎ ծառայությունների

 

Ապրանքներ

1. Բենզին՝ ռեգուլյար

2. Բենզին՝ պրեմիում

3. Բենզին՝ սուպեր

4. Դիզելային վառելիք

5. Վառելափայտ

6. Քարածուխ

7. Լիգնիտ (գորշ ածուխ)

8. Տորֆ

9. Ավիավառելանյութ

10. Հացահատիկ, հատիկաընդեղեն և ձավարեղեն

11. Ալյուր

12. Բանջարեղեն

13. Մրգեր

14. Հատապտուղներ

15. Կանաչեղեն

16. Միս, մսամթերք և մսի սննդային ենթամթերքներ

17. Ձկնեղեն

18. Հրուշակեղեն, նպարեղեն (մակարոնեղեն)

19. Կաթնամթերք

20. Պանիր և պանրամթերք

21. Կարագ, մարգարին, յուղ (ձեթ)

22. Շաքար, շաքարավազ

23. Հաց և հացաբուլկեղեն

24. Թեյ

25. Սուրճ

26. Ձու, ձվի փոշի

27. Պահածոներ

28. Տարբեր տեսակի համեմունքներ և սոուսներ

29. Դրոժ

30. Քացախ

31. Աղ

32. Աղանդեր

33. Մանկական սնունդ

34. Ըմպելիքներ (ալկոհոլային և ոչ ալկոհոլային)

35. Կենդանիների կեր` շան կեր

36. Տարբեր տեսակի թղթեր, գունավոր թուղթ, ստվարաթուղթ

37. Ֆաքսի թուղթ

38. Թուղթ կտրող սարք

39. Կազմարար, գիրք կարելու կազմ, զսպանակ, կազմ

40. Լամինատոր, լամինացիոն թաղանթ

41. Գրատախտակ, թղթե գրատախտակ

42. Թղթապանակ

43. Թղթապանակ-ֆայլ

44. Գրենական պիտույքների հավաքածու` լրակազմ

45. Դակիչ (ծակոտիչ)

46. Կարիչ (ստեպլեր)

47. Ապակարիչ

48. Կարիչի մետաղալարե կապեր` ասեղներ

49. Գրասենյակային պայուսակ

50. Թղթադարակ

51. Նշումների թուղթ

52. Նշումների թուղթ՝ կպչուն

53. Գրիչ, գրչաման

54. Մատիտ, գունավոր մատիտ, ֆլոմաստեր

55. Մատիտի միջուկներ

56. Ռետին (լաստիկ)

57. Ամրակ, ամրակի տուփ

58. Սեղմակ

59. Կոճգամ

60. Քանոն

61. Բաղադրանյութ (շտրիխ)

62. Գծանշիչ (մարկեր)

63. Աշխատանքային գրքույկ

64. Գրասենյակային գիրք

65. Նոթատետր, օրատետր

66. Օրացույց

67. Տակդիր, ինքնակպչուն ժապավենի (սկոչի) տակդիր, օրացույցի տակդիր

68. Շտամպի թանաք

69. Բարձիկ` կնիքի, շտամպի

70. Կնիքի սարք

71. Էջաբաժանիչ

72. Հաշվիչ մեքենա (հաշվասարք)

73. Պլաստիլին

74. Գրասենյակային դանակ

75. Գրասենյակային մկրատ

76. Սոսինձ

77. Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն (սկոչ)

78. Ծրար

79. Գրասենյակային թել

80. Գրաֆիտե միջուկ (գրիֆել)

81. Բունվինիլ

82. Հոգեմետ, հակացնցումային դեղ

83. Թմրամիջոցներ, նյարդային համակարգի վրա ազդող միջոցներ

84. Թերապևտիկ դեղամիջոցներ

85. Հակադիաբետիկ

86. Սիրտ-անոթային համակարգի դեղամիջոցներ

87. Հորմոնալ դեղամիջոցներ

88. Իմունաճնշիչ դեղեր

89. Բջջաթունային դեղեր

90. Հակատուբերկուլյոզային դեղեր

91. Ախտահանիչ դեղամիջոցներ

92. Պատվաստանյութեր

93. Հակաբակտերիալ դեղամիջոցներ

94. Դիագնոստիկ դեղամիջոցներ

95. Շնչառական համակարգի վրա ազդող միջոցներ

96. Դեղորայքին և պատվաստանյութերին օժանդակող նյութեր և հարմարանքներ

97. Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների, խոզերի հիվանդությունների դեմ պատվաստանյութեր, շիճուկներ և ախտորոշիչ նյութեր

98. Մեղուների հիվանդությունների դեմ բուժիչ պատրաստուկներ

99. Շների կատաղության դեմ պատվաստանյութեր

100. Շարժիչ, շարժիչի մասեր

101. Ղեկավարման, սնման և յուղման համակարգեր, համակարգերի մասեր

102. Սառեցման և արտածման համակարգեր, համակարգերի մասեր

103. Կցորդում, փոխանցման տուփեր, ավտոմատ փոխանցման տուփեր, մասեր

104. Բաշխիչ տուփի, կարդանային լիսեռի մասեր

105. Առջևի և հետևի կամրջակների մասեր

106. Կախոց

107. Ղեկային մեխանիզմի սարքավորումներ

108. Արգելակային համակարգ

109. Էլեկտրասարքավորումներ

110. Ավտոյուղեր

111. Անվադողեր

112. Երկաթյա կոնստրուկցիաներ

113. Շինարարական կոնստրուկցիաներ

114. Շինարարական կոսմետիկ պարագաներ և նյութեր

115. Շինարարական գործիքներ

116. Դռներ

117. Պատուհաններ

118. Սանտեխնիկա

119. Խողովակներ

120. Մալուխ

121. Ներկեր

122. Քար

123. Կավ

124. Գաջ

125. Ավազ

126. Ցեմենտ

127. Շիֆեր

128. Համակարգիչներ

129. Նոութբուքեր, այփայդներ, թեբլիտներ

130. Պատճենահանման սարքավորումներ

131. Տպիչներ

132. Սկաներներ

133. Տոներներ

134. Քարթրիջներ

135. Համակարգչային, տպիչ, պատճենահանող և այլ սարքերի մալուխներ, ցանցային պարագաներ

136. Ֆաքս մոդեմներ

137. Մոնիթորներ

138. Պրոցեսորներ

139. Մայրական սալիկներ

140. Տեսաքարտեր

141. Կոշտ սկավառակակիրներ

142. Անխափան սնուցման սարքեր, մարտկոցներ

143. Հիշողության սալիկներ, սարքեր

144. Ադապտերներ և ձեղափոխիչներ

145. Ստեղնաշարեր

146. Մկնիկներ, մկնիկի տակդիրներ

147. Դեվելոպերներ

148. Համակարգչային տեսախցիկներ, ականջակալներ, ինտերնետ տեսախցիկներ, միկրոֆոններ, բարձրախոսներ

149. Համակարգչային տարբեր տեսակի օժանդակ սարքավորումներ

150. Տպիչ, պատճենահանող և այլ սարքերի պահեստամասեր

151. Սկավառակակիրներ և սկավառակներ

152. Պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան

153. Շերտավարագույր, գալարավարագույր, վարագույր

154. Գորգեր, էլեկտրական ջահեր

155. Պահոցներ (երկաթյա, չհրկիզվող)

156. Մանածագործվածք, մանածագործական արտադրանք

157. Հագուստ

158. Մորթի, մորթուց պատրաստված արտադրանք

159. Կաշի, կաշվից պատրաստված արտադրանք

160. Տարբեր տեսակի կոշիկներ

161. Գլխարկներ

162. Անկողնային պարագաներ և սպիտակեղեն

163. Օճառ (ձեռքի, տնտեսական, հեղուկ), բաշխիչ (դիսպենսեր)՝ հեղուկ օճառի

164. Լվացող և մաքրող նյութեր, հեղուկներ

165. Մաքրելու ջնջոց, շոր

166. Տարբեր տեսակի և նշանակության մաքրող խոզանակներ

167. Թուղթ՝ զուգարանի

168. Անձեռոցիկ, թղթյա սրբիչ, բաշխիչ (դիսպենսեր)՝ թղթյա սրբիչի

169. Ավել, ցախավել

170. Դույլ, թաս՝ լվացքի

171. Տարբեր տեսակի սպասք և խոհանոցային պարագաներ

172. Հատակի ձողափայտ (շվաբր)

173. Գոգաթիակ (սավոկ)

174. Անձնական հիգիենայի միջոցներ և պարագաներ

175. Կահույքի և հատակի փայլեցման միջոցներ

176. Հոտազերծիչ

177. Պոլիէթիլենային տոպրակներ, պարկեր

178. Զամբյուղներ՝ պլաստմասսայից, աղբարկղ (ուռնա)

179. Սանհանգուցային հարմարանքներ

180. Տնտեսական ձեռնոցներ

181. Տարբեր տեսակի էլեկտրական լամպեր և լուսարձակներ

182. Էլեկտրական տեներ, ավտոմատ անջատիչներ, անջատիչներ, վարդակներ և էլեկտրատեխնիկական հարմարանքներ

183. Բահեր, ձյան թիակներ

184. Մեկուսիչ և ինքնակպչուն ժապավեններ (սկոչ)

185. Սառնարան, փոշեկուլ, գազօջախ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ, արդուկ, մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, ջրի սարք

186. Հեռուստացույց, տնային կինոթատրոն, օդորակիչներ, DVD նվագարկիչ, երաժշտական կենտրոն, թվային տեսախցիկ, ֆոտոխցիկ և ձայնագրիչ, դիկտոֆոն, կալորիֆել և ջեռուցիչ

187. Մինի հեռախոսակայան, հեռախոս, ֆաքսի ապարատ, ռադիոկայան, լուսաձայնային ազդանշանային սարքավորումներ, ռադիոդետալներ

188. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների աքսեսուարներ և օժանդակ նյութեր

189. Սեղաններ, գրասեղաններ, խորհրդակցությունների սեղաններ

190. Աթոռներ, համակարգչային աթոռներ

191. Պահարաններ, գրապահարաններ, զգեստապահարաններ

192. Բազկաթոռներ

193. Բազմոցներ

194. Կախիչ

195. Գզրոց` տումբա

196. Մահճակալ

197. Խոհանոցի, ննջասենյակի, փափուկ կահույքի, գրասենյակային կահույքի հավաքածուներ և լրակազմեր

198. Դարակաշարեր, դարակահարկեր

199. Հայելի` փայտեպատ կամ լամինատին ամրակցված

200. Բժշկական կահույք

201. Աշակերտական կահույք

202. Լսողական սարքեր՝ հետականջային թվային

203. Հետականջային լսողական սարք՝ անալոգային ծրագրավորվող

204. Լսողական ապարատներ՝ հետականջային թվային ծրագրավորվող

205. Լսողական սարքերի ներդիր

206. Հաշմանդամի սայլակ՝ մեծահասակների

207. Հաշմանդամի սայլակ՝ մանկական

208. Հաշմանդամների լսողական ապարատների և սայլակների մասեր

209. Ախտորոշիչ նյութեր

210. Լաբորատոր նյութեր

211. Ախտորոշիչ և լաբորատոր նյութերին օժանդակող նյութեր և հարմարանքներ

212. Ռենտգեն սարքեր

213. Դիագնոստիկայի սարքավորումներ

214. Ախտորոշման սարքավորումներ

215. Անզգայացման և վերակենդանացման սարքեր, գործիքներ և պարագաներ

216. Վիրահատական սարքեր, գործիքներ

217. Հիվանդի խնամքի առարկաներ

218. Ատամնաբուժական սարքավորումներ և պարագաներ

219. Ախտահանիչ սարքեր

220. Նորածնային և ծննդօգնության գործիքներ, պարագաներ

221. Մասնագիտական սարքավորումներ և պարագաներ

222. Վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ սարքեր և բժշկական պարագաներ

223. Ծաղիկներ

224. Ծաղկեպսակներ

225. Բնական բույսեր

226. Ծաղկային կոմպոզիցիաներ

227. Թունանյութեր

228. Թերթեր

229. Ամսագրեր

230. Տեղեկագրքեր

231. Բեռնատար ավտոմեքենաներ

232. Բեռնամարդատար ավտոմեքենաներ

233. Մարդատար ավտոմեքենաներ

234. Հատուկ նշանակության ավտոմեքենաներ

235. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ` անվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցներ

236. Գյուղատնտեսական տեխնիկա

237. Շինարարական տեխնիկա

238. Սեղմված բնական գազ

 

Աշխատանքներ

 

239. Գրքերի, գրքույկների տպագրություն

240. Վկայականների տպագրություն

241. Թղթապանակների տպագրություն

242. Ծրարների և բացիկների տպագրություն

243. Ձևաթղթերի տպագրություն (անդորրագրեր, ծանուցագրեր, ձևաթղթեր (բլանկներ), ձևեր)

244. Պաստառների, ցուցապաստառների տպագրություն

245. Օրացույցների տպագրություն

246. Բուկլետների տպագրություն

247. Մատյանների, գրանցամատյանների տպագրություն

248. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում օգտագործվող պետական գրանցումների վկայականների տպագրություն

249. Անձնագրերի տպագրություն

250. Ակցիզային դրոշմանիշերի տպագրություն

251. Դրոշմապիտակների տպագրություն

252. Դիպլոմների, ատեստատների, պետական նմուշի վկայականների տպագրություն

253. Մուտքի վիզայի տպագրություն

254. Վարորդական վկայականների տպագրություն

255. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրի տպագրություն

256. Ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնի տպագրություն

257. Ավտոմեքենաների և ոչ մարդատար ավտոտրանսպորտային միջոցների պետհամարանիշերի պատրաստում

258. Մեդալների, հուշամեդալների և դրանց տուփերի պատրաստում

259. Շքանշանների, պատվո շքանշանների և դրանց տուփերի պատրաստում

260. Խրախուսական մեդալների և դրանց տուփերի պատրաստում

 

Ծառայություններ

 

261. Ինտերնետային կապի տրամադրում

262. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում

263. Հեռուստահաղորդումների պատրաստում, հեռարձակում

264. Ռադիոհաղորդումների պատրաստում, հեռարձակում

265. Գովազդային հոլովակների և հայտարարությունների պատրաստում, հեռարձակում հեռուստատեսությամբ և ռադիոյով

266. Գովազդային հոլովակների և հայտարարությունների պատրաստում, հեռարձակում համացանցով

267. Անասնաբուժություն և բույսերի պաշտպանության պրոֆիլակտիկա, դիագնոստիկա, բուժում և կանխարգելիչ միջոցառումներ

268. Գյուղատնտեսական և դեկորատիվ բույսերի վնասատուների ոչնչացում և կանխարգելում

269. Օպերացիոն համակարգերի, հակավիրուսների մշակում և սպասարկում

270. Հաշվապահական և այլ մասնագիտական ծրագրերի մշակում և սպասարկում

271. Կառավարչական հմտությունների վերապատրաստման ծառայություններ

272. Ֆինանսական ոլորտին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ

273. Գործավարության և համակարգչային հմտություններ, վերապատրաստման ծառայություններ

274. Իրավաբանական ոլորտին առնչվող վերապատրաստման ծառայություններ

275. Ճյուղային ոլորտներին առնչվող գիտելիքների վերապատրաստման ծառայություններ

276. Ձկան պաշարների համալրման ծառայություններ

277. Գրասենյակային սարքերի և սարքավորումների սպասարկում

278. Համակարգչային ու պատճենահանման սարքերի և սարքավորումների սպասարկում

279. Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքերի և սարքավորումների սպասարկում

280. Բժշկական սարքերի և սարքավորումների սպասարկում

281. Արդյունաբերական նշանակության սարքերի և սարքավորումների սպասարկում

282. Տարբեր ֆորմատների պատճենահանում

283. Համակարգչային գրաֆիկա, դիզայն

284. Տեսածրում (սկանավորում), տեքստի հավաքում, գրանցում խտասկավառակների (CD, DVD) վրա

285. Գործազուրկների, ինչպես նաև երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում

286. Հաշմանդամների մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնում

287. Մշտական պահպանության գործերի արխիվացում

288. Անձնակազմին վերաբերող գործերի արխիվացում

289. Պահպանության ոչ ենթակա գործերի արխիվացում

290. Էլեկտրոնային արխիվացում

291. Փաստաթղթերի նախապատրաստման, կազմման ծառայություններ, թարգմանություն

292. Վերին և ստորին վերջույթների պրոթեզների ու բիոպրոթեզների պատրաստում և վերանորոգում

293. Վերին և ստորին վերջույթների մոդուլյար պրոթեզների պատրաստում և վերանորոգում

294. Օրթեզների, կորսեթների, բանդաժների և տակդիրների պատրաստում և վերանորոգում

295. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստում և վերանորոգում

296. Աչքի պրոթեզի տեղակայման ծառայություն

297. Ձայնաստեղծ սարքերի տեղակայման ծառայություններ

298. Մամուլում հայտարարությունների հրապարակման ծառայություններ

299. Ավտոմեքենաների լվացում

300. Ավտոմեքենաների սրահի չոր և քիմիական մաքրում

301. Հացաթխման ծառայություն

302. Լվացքի ծառայություններ

303. Չոր և քիմիական մաքրման ծառայություններ

304. Ուղևորատար փոխադրում

305. Բեռնափոխադրում

306. Տեղեկատվական ցուցանակների պատրաստում և տեղադրում

307. Ճանապարհային ցուցանակների պատրաստում և տեղադրում

308. Գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում

309. Միջոցառումների կազմակերպում

310. Տոնակատարությունների կազմակերպում

311. Պաշտոնական ճաշկերույթների կազմակերպում

312. Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն

313. Շարժական հեռախոսակապի ծառայություն

314. Շենքի մաքրման ծառայություններ

315. Փաթեթավորման ծառայություններ

316. Անվտանգության ապահովման ծառայություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2020, N 72-Ն 15.02.2020, N 534-Ն
28.09.2017, N 1200-Ն 21.10.2017, N 534-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան