Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-346
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.1999-13.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 17 կետը և դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով` որոշում եմ.

1. Հաստատել դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 14-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-792 հրամանագրի առաջին կետը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 հուլիսի1999 թ.
ՆՀ-346

 

 

Հաստատված է
Հայաստանի
Հանրապետության
Նախագահի
1999 թվականի
հուլիսի 22-ի
ՆՀ-346 հրամանագրով

Կ Ա Ր Գ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 17 կետի համաձայն, քննության է առնում դատապարտյալների ներման խնդրագրերը, մահապատժի դատապարտված և սույն կարգի 6 կետով սահմանված ժամկետում ներման խնդրագիր չներկայացրած անձանց վերաբերյալ նյութերը:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահը, ներում շնորհելով`

ա) մահապատիժը փոխարինում է ազատազրկմամբ.

բ) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.

գ) ազատազրկման չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժով.

դ) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է պետության օգտին դատարանների դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից:

3. Ներում շնորհելու մասին խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերը` հիմնական պատիժը կրելուց հետո:

4. Ներում շնորհելու մասին խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, ազատազրկման վայրերում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին, ինչպես նաև այն անձանց, որոնց նախկինում ներում է շնորհվել կամ որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է համաներում կամ պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե նրանք մինչև դատվածության մարումը կամ վերացումը նորից դիտավորյալ հանցագործություն են կատարել, կարող է ներում շնորհվել միայն բացառիկ դեպքերում:

6. Մահապատժի դատապարտված անձինք ներման խնդրագրով կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում:

Եթե մահապատժի դատապարտված անձը նշված ժամկետում չի դիմում ներման խնդրագրով կամ հայտարարում է նման խնդրագրով դիմելուց հրաժարվելու մասին, ապա սահմանված կարգով կազմվում է համապատասխան արձանագրություն:

Խնդրագիրը կամ արձանագրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին է ուղարկվում ոչ ուշ, քան խնդրագիրն ստանալու կամ արձանագրությունը կազմելու օրվանից եռօրյա ժամկետում:

Մահապատժի դատապարտված անձի նկատմամբ դատավճռի ի կատար ածումը կասեցվում է մինչև ներման խնդրագիրը կամ ներման խնդրագրով դիմելուց հրաժարվելու մասին արձանագրությունը (նյութերը) քննության առնելը և այդ կապակցությամբ որոշում կայացնելը:

7. Մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին հասցեագրված խնդրագրերն ու ներման խնդրագրով դիմելուց այդ անձանց հրաժարվելու մասին նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում եզրակացություններ` նշելով կայացված դատական որոշումների բովանդակությունը, հանցագործությունների կատարման հանգամանքները, դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի կամ ներման խնդրագրով դիմելուց հրաժարվելու մասին նյութի էության վերաբերյալ:

8. Դատապարտյալների ներման խնդրագրերն ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիայի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը` կից ներկայացնելով դատարանների դատավճիռների ու որոշումների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը` նշելով միջնորդությունների էության մասին ադմինիստրացիայի կարծիքը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ:

9. Անհրաժեշտ դեպքերում ազատազրկման կամ ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում եզրակացություններ տալու, կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հարցմամբ` արդարադատության խորհուրդ` կարծիք ներկայացնելու համար:

10. Պետական հանցագործությունների համար դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին, իսկ ազատազրկման վայրերում հանցագործություն կատարած անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու համար:

11. Ներում շնորհելու մասին խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով):

12. Հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ նրա անդամներից որևէ մեկը:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, որում գրանցվում են հանձնաժողովի առաջարկությունները քննարկվող խնդրագրերի վերաբերյալ:

Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

13. Ներում շնորհելու մասին խնդրագրերն ու միջնորդությունները, ինչպես նաև մահապատժի դատապարտված անձանց` ներման խնդրագրով դիմելուց հրաժարվելու վերաբերյալ նյութերը, հանձնաժողովի առաջարկություններով հանդերձ, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը:

14. Ներում շնորհելու վերաբերյալ խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր: Դիմողներին տեղեկացվում է իրենց խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

15. Ներում շնորհելու մասին խնդրագրերը մերժելու դեպքում, եթե ուշադրության արժանի նոր հանգամանքներ չկան, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման նոր խնդրագրերը Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի անց, իսկ այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված նոր խնդրագրերը` վեց ամիս անց:

Նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերի մերժման դեպքում նոր խնդրագրերը կարող են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո:

Մինչև նշված ժամկետների ավարտն ստացված նոր խնդրագրերը կցվում են եղած նյութերին:

Մահապատժի դատապարտված անձանց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ներում շնորհելուց և մահապատիժն ազատազրկմամբ փոխարինելուց հետո ներում շնորհելու մասին նոր խնդրագրերը քննության են առնվում միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության դեպքում:

 Ներում շնորհելու մասին խնդրագրերը մասնակիորեն բավարարվելուց հետո ստացված նոր խնդրագրերը կարող են քննարկվել միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության դեպքում:

16. Ներում շնորհելու վերաբերյալ խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են`

մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, որի մասին տեղյակ են պահվում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը.

ազատազրկման, աքսորի, արտաքսման, առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, որի մասին տեղյակ են պահվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը.

ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների դատապարտված անձանց և նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, որի մասին տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն անմիջապես ի կատար են ածվում` հրամանագրերի քաղվածքներն ստանալուն պես:

17. Մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման մասին հաղորդագրությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին է ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, իսկ այլ պատժատեսակների դատապարտված անձանց վերաբերյալ` այն մարմինները, որոնց վրա դրված է այդ հրամանագրերի կատարումը:

18. Այն դատապարտյալների նկատմամբ, որոնց նախկինում ներում է շնորհվել կայացված դատավճիռները կամ որոշումները վճռաբեկության կարգով վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած որոշումների մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությանը:

19. Նախնական քննարկման համար հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի մասին հրամանագրերի կատարումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը: