Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1377
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.04/59(1334) Հոդ.924
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.09.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2017

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 սեպտեմբերի 2017 թ.

 

ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 336-ՐԴ ԵՎ 349-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ժ. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Էդիկ Հովսեփյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ և 349-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Էդիկ Հովսեփյանի՝ 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին:

Օրենսգրքի՝ «Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը» վերտառությամբ 336-րդ հոդվածը սահմանում է.

«1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է՝

1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,

2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Օրենսգրքի` «Ապացույցները կեղծելը» վերտառությամբ 349-րդ հոդվածը սահմանում է.

«1. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը՝

1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով,

2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Օրենսգրքի վիճարկվող հոդվածներից 336-րդ հոդվածը որևէ օրենսդրական փոփոխության կամ լրացման չի ենթարկվել, իսկ 349-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել 09.06.2004թ. ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով, որի ուժով օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է «առաջին կամ» բառերը, լրացվել է 07.07.2005թ. ՀՕ-156-Ն ՀՀ օրենքով, որի ուժով օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան լրացվել է հետևյալ բառերով. «, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով», փոփոխության է ենթարկվել 01.06.2006թ. ՀՕ-119-Ն ՀՀ օրենքով, որի ուժով օրենսգրքի 349-րդ հոդվածի առաջին մասի սանկցիայից հանվել են «կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով» բառերը և լրացվել է 05.12.2013թ. ՀՕ-147-Ն օրենքով, որի ուժով օրենսգրքի 349-րդ հոդվածը «քաղաքացիական» բառից հետո լրացվել է «կամ վարչական դատավարության» բառերով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի մարտի 18-ի դատավճռով Է. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալ Է. Հովսեփյանի պաշտպան Ժ. Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 18-ի դատավճիռը:

Ամբաստանյալ Է. Հովսեփյանի պաշտպան Ժ. Խաչատրյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

 

3. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածները` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանություններով, հակասում են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին և 79-րդ հոդվածին:

Օրենսգրքի 336-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ դիտարկվող հոդվածի դիսպոզիցիայում առկա է անորոշ ձևակերպում, քանի որ բացահայտված չեն «քրեական պատասխանատվության ենթարկել» հասկացության իմաստն ու բովանդակությունը: Դիմողի պնդմամբ` օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ չեն կարող լինել քրեական գործը քննող քննիչն ու գործով մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազը, և միայն դատավորը կարող է լինել նշված հանցագործության սուբյեկտ, քանի որ «քրեական պատասխանատվության ենթարկել» նշանակում է անձի նկատմամբ կայացնել վերջնական դատական ակտ, որի իրավասությունը պատկանում է միայն դատարանին, իսկ քրեական դատավարական օրենսգրքով քննիչի և դատախազի լիազորությունները սահմանափակված են քրեական հետապնդում իրականացնելու շրջանակներով:

Օրենսգրքի 349-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ դիտարկվող հոդվածը կարող էր ունենալ նաև 4-րդ մաս, որով պարզաբանված կլիներ «կեղծել» կամ «ապացույց կեղծել» հասկացությունները, ինչը կբացառեր հոդվածի իմաստի տարածական մեկնաբանումը: Մասնավորապես, ըստ դիմողի, իրավակիրառ պրակտիկայում հոդվածի տարածական մեկնաբանման շրջանակներում ապացույցի կեղծում է համարվել նաև ցուցմունք տվող վկային ուղղորդելը, մինչդեռ, դիմողի կարծիքով, վկայի ցուցմունքը հետաքննության և նախաքննության ընթացքում առարկայացվում է օրենքով նախատեսված կարգով կազմված արձանագրությամբ, հետևաբար` կեղծվել կարող է վկայի ցուցմունքի արձանագրությունը:

 

4. Պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածներով սահմանված դրույթներն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Միաժամանակ, կարծիք հայտնելով, որ դիմողն ըստ էության վիճարկում է նորմի կիրառման իրավաչափությունը, պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1375 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, միջնորդում է կարճել գործի վարույթը:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, վկայակոչելով իրավական անորոշության վերաբերյալ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող դրույթներում «քրեական պատասխանատվության ենթարկել» և «ապացույցներ կեղծել» բառակապակցությունների մեկնաբանումը գործնական հարց է, և մեկնաբանման ընթացքում իրավական անորոշություն ստեղծել չի կարող:

Իր դիրքորոշումը պատասխանողը հիմնավորում է նաև վիճարկվող դրույթներում «քրեական պատասխանատվության ենթարկել» և «ապացույցներ կեղծել» բառակապակցություններին տրված մեկնաբանությամբ: Ըստ պատասխանողի՝ «քրեական պատասխանատվության ենթարկել» բառակապակցությունը չի ներառում դատավորին, քանի որ դատավորի համար գործում է օրենսգրքի 352-րդ հոդվածը, իսկ վկաների նկատմամբ անօրինական ազդեցությամբ ցանկալի ցուցմունք ստանալը քրեական հետապնդման մարմինների կողմից հանրորեն վտանգավոր արարք է, և անհրաժեշտաբար պետք է քրեականացվեր օրենսդրի կողմից: Ըստ այդմ էլ՝ պատասխանողը գտնում է, որ «ապացույցներ կեղծել» բառակապակցությունը չի կարող ներառել բացառապես ապացույցներն օբյեկտիվացնող արձանագրությունում առկա տվյալները մեխանիկական ազդեցությամբ փոխելը, այլ նաև պետք է ներառի այդ տվյալների տրամադրման ամբողջ գործընթացը:

 

5. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի կողմից օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող արարք կատարելու հանգամանքը դատարանի կողմից հաստատվել է հետևյալ կերպ. «…Էդիկ Վահանի Հովսեփյանը, զբաղեցնելով Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը և դատավարական ղեկավարում ու հսկողություն իրականացնելով Ալվինա Տատինյանի կողմից վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանի վարույթում քննված քրեական գործով, քաջ տեղյակ լինելով, որ փաստացի Ալվինա Տատինյանը հորդորել է Նոնա Հարությունյանին հրաժարվել սուտ ցուցմունքներից և դատարանին հայտնել իրականությունը, այսինքն` որ Ալվինա Տատինյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն, և որ նման հանցագործության դեպք առհասարակ տեղի չի ունեցել, չհաստատված հանցագործության դեպքով քրեական պատասխանատվության է ենթարկել ակնհայտ անմեղ անձ Ալվինա Տատինյանին` 2012 թվականի հուլիսի 11-ին հաստատելով վերջինի կողմից վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քննիչ Արման Ենգոյանի կազմած մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկելով դատարան: Այսինքն` Էդիկ Վահանի Հովսեփյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին»:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի ՍԴ/0164/01/12 դատավճռով Ալվինա Անուշավանի Տատինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դիմողը, ըստ էության, իր համար առաջացած բացասական իրավական հետևանքները պայմանավորում է վիճարկվող դրույթների՝ օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությամբ, ինչը, դիմողի կարծիքով, իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է վիճարկվող դրույթների այնպիսի մեկնաբանման, ըստ որի`օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ են հանդիսանում քրեական գործը քննող քննիչն ու գործով մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազը, այլ ոչ թե` մեղադրական դատավճիռը կայացրած դատավորը: Իսկ օրենսգրքի 349-րդ հոդվածի շրջանակներում ապացույցի կեղծում է համարվում ցուցմունք տվող վկային ուղղորդելը կամ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելը:

Դիմողը վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության այլ հարցեր չի բարձրացնում:

 

6. Անդրադառնալով իրավակիրառական պրակտիկայի շրջանակներում oրենսգրքի 336-րդ հոդվածին տրված այնպիսի մեկնաբանությանը, ըստ որի` հիշյալ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ են քրեական գործը քննող քննիչն ու գործով մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազը, այլ ոչ թե մեղադրական դատավճիռը կայացրած դատավորը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսդրության խնդիրների իրականացման համար օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար: Հետևաբար, քրեական հանցագործությունների սուբյեկտներին նախատեսելու հարցը գտնվում է բացառապես օրենսդրի իրավասության տիրույթում:

Անդրադառնալով օրենսգրքի 336-րդ հոդվածում «անձին քրեական պատասխանատվության ենթարկել» եզրույթի սահմանման բացակայության հարցին` Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել Սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1143 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի` «… օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:

Քննարկման առարկա հոդվածի դիսպոզիցիայից բխում է, որ հանցակազմի օբյեկտիվ կողմը`

- չհաստատված հանցագործության դեպքով կամ

- առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող, կամ

- ոչ բավարար չափով հիմնավորող, կամ

- առանց անձի արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության նրան քրեական պատասխանատվության ենթարկելն է:

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է այն մասին, որ չհաստատված հանցագործության դեպքը, անձի` դեպքին մասնակցությունը հիմնավորված չլինելը կամ ոչ բավարար չափով հիմնավորված լինելը և անձի արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների բացակայությունը, ի թիվս այլ հանգամանքների, օրենսդրի կողմից ամրագրվել են որպես քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ:

Ընդ որում, օրենսդիրն իրավասու մարմինների համար սահմանել է քրեական դատավարության բոլոր փուլերում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների հայտնաբերումից բխող համապատասխան պարտականություններ:

Այսպես, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն.

«3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունն սկսվելը:

4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Վերոգրյալից հետևում է, որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է քննարկման առարկա հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ օրենսգրքի` «Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը» վերտառությամբ 351-րդ հոդվածի շրջանակներում օրենսդիրը որպես հանցակազմի սուբյեկտ է համարում դատախազին, քննիչին կամ հետաքննություն կատարող անձին: Իսկ օրենսգրքի` «Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը» վերտառությամբ 352-րդ հոդվածի շրջանակներում օրենսդիրը հանցակազմի սուբյեկտ է դիտարկում ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացրած դատավորին:

Վերոգրյալը վկայում է, որ թեև քննարկման առարկա հոդվածում բացակայում է «անձին քրեական պատասխանատվության ենթարկել» եզրույթի սահմանումը, սակայն, հանցակազմի օբյեկտիվ կողմ կազմող գործողությունների համադրումը քրեաիրավական և քրեադատավարական մի շարք դրույթների հետ, թույլ է տալիս հստակեցնել հիշյալ եզրույթի բովանդակային սահմանները, ինչպես նաև հստակեցնել վիճարկվող դրույթով ամրագրված արարքի սուբյեկտային կազմը: Ըստ այդմ էլ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ «անձին քրեական պատասխանատվության ենթարկել» եզրույթն օրենսգրքի 336-րդ հոդվածի իմաստով ներառում է քրեական գործը քննող քննիչին ու գործով մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազին, և չի վերաբերում դատավորին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ բացակայում է «անձին քրեական պատասխանատվության ենթարկել» եզրույթի բովանդակությունը սահմանող նորմի ամրագրման անհրաժեշտությունը, մասնավորապես` օրենսգրքի 336-րդ հոդվածում: Քրեական պատասխանատվության հիմքը, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, քրեական պատասխանատվության ընդհանուր պայմանները, անձանց շրջանակը և այլ հարաբերություններին առնչվող իրավակարգավորումները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով։

Ի լրումն վերոգրյալի` Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՍԴ3/0101/01/13 քրեական գործով 2016 թվականի մարտի 18-ի դատավճռի շրջանակներում դատավորի կողմից ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց չէր կարող քննարկվել այն պատճառաբանությամբ, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի ՍԴ/0164/01/12 դատավճռով Ալվինա Անուշավանի Տատինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վերոգրյալը չի բացառում քննարկման առարկա եզրույթի բովանդակային սահմանների հստակեցման հնարավորությունն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում` ելնելով օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու և հակասական իրավակիրառական պրակտիկան բացառելու նպատակներից:

 

7. Անդրադառնալով օրենսգրքի 349-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության հարցին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա են սույն գործի վարույթն այդ մասով կարճելու հիմքեր` հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 60-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված իրավակարգավորումները:

Վերոգրյալը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ, դիմողը, ըստ էության, բարձրացնում է վիճարկվող դրույթում «ապացույցներ կեղծել» եզրույթի սահմանման օրենսդրական ամրագրման անհրաժեշտության հարց:

Օրենսդիրը, չամրագրելով «ապացույցներ կեղծել» եզրույթի սահմանումը, որոշակի հայեցողություն է տվել համապատասխան իրավասությամբ օժտված իրավակիրառողին` կոնկրետ դեպքում որոշելու, թե ինչ է նշանակում ապացույցներ կեղծել, քանի որ եզրույթի հստակ սահմանման առկայության պարագայում հնարավոր են դեպքեր, որոնք դուրս կմնան դրա բովանդակային սահմաններից:

Վերոգրյալը հաստատվում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով: Այսպես, օրինակ, 2004թ. դեկտեմբերի 21-ի՝ Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova) վճռում ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել է, որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին, հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է։

Հիշյալ դիրքորոշումը վերահաստատվել է նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես` ՍԴՈ-997 որոշման շրջանակներում:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ «ապացույց կեղծել» եզրույթի սահմանման օրենսդրական հնարավոր ամրագրման անհրաժեշտության հարցը գտնվում է օրենսդրի իրավասության տիրույթում։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. «Էդիկ Հովսեփյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ և 349-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի մասով կարճել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 սեպտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1377

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան