Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.830
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 984-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. օգոստոսի 11 
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 10-ի N 984-Ն որոշման

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտ) կառուցմանը, ինչպես նաև փոփոխման ենթակա՝ կառուցված օբյեկտներին ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:

2. Սույն հավելվածի դրույթները տարածվում են ընդերքօգտագործման թափոնների կուտակման համար նոր կառուցվող օբյեկտների, ինչպես նաև գոյություն ունեցող օբյեկտներում փոփոխություն կատարելիս՝ պոչամբարների, տարածքի, տեղի, այդ թվում՝ ցանկացած պատվարի (այսուհետ՝ լցակույտի հարթակ) կամ կույտային տարալվացման հարթակի վրա:

 

II. ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Պոչամբարի կառուցման նախագիծը պետք է ներառի՝

1) տեղադիրքը և նախագծային պահանջները, որոնք անհրաժեշտ են հողի, օդի, ստորգետնյա և մակերևութային ջրերի աղտոտումը կանխելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ներառյալ երկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ և երկրատեխնիկական գործոնները.

2) աղտոտված (և տարալվացված, եթե առկա է) ջրի հավաքման արդյունավետ միջոցառումները.

3) ջրի կամ քամու ազդեցության հետևանքով առաջացող էրոզիայի նվազեցման միջոցառումներն այնքանով, որքանով դա տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես իրագործելի.

4) այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) պոչամբարի կառուցման, կառավարման և սպասարկման ժամանակ վերջինիս ֆիզիկական կայունությունն ապահովելու համար.

5) այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) հողի, օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտումն ու թունավորումը կանխարգելելու համար.

6) այն միջոցառումները, որոնց իրականացումը հնարավորինս կնվազեցնի լանդշաֆտին հասցվող վնասը:

4. Պոչամբարներն ըստ կառուցվածքային եղանակի լինում են՝

1) պատվարային (լցնովի), որտեղ արգելափակող կառուցվածքները կառուցվում են ամբողջ բարձրությամբ՝ միանգամից կամ հերթականությամբ.

2) աստիճանաբար կառուցվող պոչամբարներ, որտեղ սկզբում կառուցում են ոչ մեծ բարձրությամբ առաջնային թումբը (պատվարը, ամբարտակը), այնուհետև աճեցնում են պոչամբարն ըստ բարձրության՝ թմբագոյացման միջոցով երկրորդական պատնեշների աստիճանական կառուցմամբ.

3) անպատվար՝ բացառելով ինչպես պատվարների, այնպես էլ՝ առաջնային պատնեշների կառուցումը:

5. Կախված տարածքի ռելիեֆից՝ ըստ տեղակայման առանձնացվում են պոչամբարների հետևյալ տեսակները՝

1) հեղեղատային՝ տեղակայված են ամբարտակով արգելափակված հեղեղատներում կամ ձորակներում.

2) հարթավայրային՝ տեղակայվում են ամբողջ պարագծով թմբապատված, հարթ տարածքում.

3) հեղեղատահարթավայրային՝ տեղակայվում են հեղեղատով հատված հարթավայրում, որտեղ հարթավայրային մասը թմբապատվում է, իսկ հեղեղատը փակվում պատվարով.

4) հովտային՝ տեղակայվում է, տեղանքի ռելիեֆից կախված, երկու կամ երեք կողմից թմբապատված գետահովիտներում.

5) սարալանջային՝ տեղակայվում են այն վայրերում, որտեղ երեք կողմից շրջապատված է ամբարտակներով, իսկ չորրորդը՝ թեք սարալանջով.

6) փոսորակային՝ տեղակայվում են լքված կամ հին հանքերի փոսորակում, տվյալ դեպքում հնարավոր է թափոնների տեղադրումն առանց պատնեշների կառուցման.

7) գոգավորությունում (գոգափոսում) տեղակայված՝ տվյալ դեպքում հնարավոր է թափոնների տեղադրումն առանց ամբարտակի կառուցման կամ թափոնների տեղադրումը ոչ մեծ բարձրությամբ կառուցված ամբարտակների մեջ:

6. Պոչամբարը կառուցվում, ձևավորվում ու նրանում ընդերքօգտագործման թափոնները տեղադրվում են կամ կառույցում փոփոխությունն իրականացվում է պոչամբարի կառուցման և շահագործման նախագծին համապատասխան: Պոչամբարի կառուցման նախագիծը հանքարդյունահանման նախագծի բաղկացուցիչ մասն է:

7. Պոչամբարներ կառուցելիս պետք է պահպանվեն շրջակա միջավայրի պահպանմանը և բնական ռեսուրսների օգտագործմանը, ինչպես նաև շինարարությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

8. Պոչամբարի կառուցման հարթակը, հաշվի առնելով լեռնահանքային ամբողջ համալիրի տեղադրվածությունը, պետք է տեղադրված լինի լքված կամ անպետք՝ իր նպատակին չծառայող հողերում, ճահճային վայրերում, հեղեղատներում, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերում, հնարավորինս մոտ՝ լեռնահարստացուցիչ կոմբինատին և հեռու՝ բնակավայրերից, ջրամբարներից, այլ կարևոր ենթակառուցվածքներից:

9. Պոչամբարի հարթակն ընտրվում է հեղեղումից, ջրածածկումից, մակերևութային հոսքից զուրկ կամ շրջապատող ջրահավաք ավազանից նվազագույն մակերևութային հոսք ունեցող կամ պոչամբարը շրջանցող հոսքի վայրերում:

10. Եթե տեղադրվող թափոնները պարունակում են օգտակար բաղադրիչներ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել, ապա պոչամբար չպետք է թափվեն ուրիշ ընդերքօգտագործման թափոններ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է իրականացնել դրանց առանձին պահեստավորումը, որի նպատակով ընտրվում է առանձին լրացուցիչ հարթակ: Այն դեպքերում, երբ իրականացվում է այդպիսի թափոնների ժամանակավոր պահեստավորում, ցանկացած էկոլոգիական ռիսկ պետք է գնահատվի հետևյալ կերպ՝

1) անհրաժեշտ է նվազագույնի հասցնել խիստ վտանգավոր ընդերքօգտագործման թափոնների ժամանակավոր տեղադրման վայրի մակերեսը և պահպանման ժամանակահատվածը.

2) պետք է տեղադրել ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնները հնարավորինս ցածր թափանցելիություն ունեցող տարածքներում.

3) անհրաժեշտ է ապահովել ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնների տեղադրման տարածքից տեղումների հետևանքով առաջացած ջրի հոսքի հեռացումը.

4) պետք է ապահովել ժամանակավոր ընդերքօգտագործման թափոնների տեղադրման տարածքից ջրահոսքի հավաքումը, մաքրումը և գետային ցանց բացթողումը:

11. Պոչամբարները թույլ և նստող գրունտներ ունեցող հիմքի վրա տեղադրելու դեպքում անպայման պետք է նախապատրաստվի հիմքը, որը կապահովի պոչամբարը շրջափակող պատվարների, պատնեշների և այլ կառուցվածքների անվթար և հուսալի շահագործումը:

12. Այն հարթակներում, որտեղ հնարավոր է սելավային հոսքերի անցման առկայություն, համապատասխան հիմնավորման դեպքում հնարավոր է տեղադրել պոչամբար, եթե նախատեսվում է սելավապաշտպան կամ սելավահեռացման կառուցվածքների կառուցումը:

13. Պոչամբարները պետք է տեղադրվեն կարստավորված հիմք ունեցող տեղամասերում և հիմքը բարձր՝ ջրաթափանցիկություն ունեցող գրունտներից կազմված հարթակներում՝ հակազտիչ միջոցառումների կիրառմամբ, որը կբացառի պոչամբարի աղտոտված ջրերի ներծծումը և ստորերկրյա ջրերի հավանական աղտոտումը:

14. Արգելվում է պոչամբարի կառուցումը սողանքային տարածքում և սողանքի ազդեցության գոտում:

15. Պոչամբարի կառուցման հարթակն ընտրելիս՝ պետք է կանխատեսել և գնահատել սեյսմաբանական (առաջին հերթին՝ երկրաշարժերի հաճախականության և ինտենսիվության), այդ թվում՝ «ուղղորդված սեյսմիկությամբ» հարուցված իրադրության փոփոխությունները, երկրաշարժ առաջացնող մոտակա խզվածքների ակտիվության, ինչպես նաև պոչամբարի սեյսմակայունության աստիճանը:

16. Պոչամբարները պետք է կառուցվեն՝ ելնելով յուրաքանչյուր կոնկրետ պայմանից, հաշվի առնելով բոլոր (բնական և կառուցվածքային) պայմանները, որոնք բացառում են շրջակա միջավայրի (այդ թվում՝ մթնոլորտային օդի, հողի, ջրի և այլն) վարակումը:

17. Պոչամբարներ կառուցելիս պետք է հաշվի առնել նրանում պարունակվող թափոնների հետագա օգտագործման հնարավորությունը, պոչամբարի սառեցման և տարածքի հետագա օգտագործման հնարավորությունը և նրա գոյության անվտանգությունն ազդակիր բնակավայրերի համար՝ լցնումից, կոնսերվացիայից և ռեկուլտիվացիայից հետո:

18. Պոչամբարների շրջակայքը պետք է ունենա մեխանիկական պաշտպանիչ գոտի, որը կապահովի մարդկանց, կենդանիների, շենքերի և կառուցվածքների անվտանգությունը:

19. Մեխանիկական պաշտպանիչ գոտին պետք է կահավորված լինի կողմնակի մարդկանց մուտքն արգելող նշաններով, որոնց հեռավորությունը միմյանցից պետք է լինի ոչ ավելի, քան 100 մետր:

20. Պարզեցված ջրի ջրատարների և մայրուղային խյուսատարների ուղիների երկու կողմում պետք է տեղակայված լինեն մեխանիկական պաշտպանիչ գոտիներ, յուրաքանչյուրը 20 մետր լայնությամբ, որտեղ կառուցապատումը և այլ նպատակների համար օգտագործումը արգելվում է:

21. Պոչամբարները, որոնք փոշեզատման և տհաճ հոտերի արձակման աղբյուր են, պետք է սանիտարապաշտպանիչ գոտիով առանձնացված լինեն բնակելի, հասարակական, բուժական, առողջարարական նշանակություն ունեցող շենքերից, շինություններից, ինչպես նաև զանգվածային հանգստի վայրերից:

22. Սանիտարապաշտպանիչ գոտին պետք է լինի բարեկարգված և կանաչապատված: Այդ տարածքում անհրաժեշտ է իրականացնել մելիորատիվ միջոցառումներ՝ փոսերի, խրամուղիների և հեղեղատների լցոնում, տարածքի հարթեցում, կանաչ տնկիների պահպանում:

23. Պոչամբարների արգելապատնեշների (պատվար և ամբարտակ) տեսակների ընտրությունը կախված է հարակից տարածքների շինարարական գրունտների տեսակների առկայությունից, կառուցման եղանակից, պատվարի կամ ամբարտակի հիմքի ինժեներաերկրաբանական ու ջրաբանական պայմաններից և լեռնահարստացուցիչ կոմբինատի արտադրողականությունից:

24. Արգելափակող ամբարտակների թեքության կայունության հիմնավորման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի գրունտների և թափոնների լվացման ինտենսիվության, ինչպես նաև տեղանքի սեյսմակայունության վրա:

25. Պոչամբարների արգելափակող պատնեշների կառուցման համար կարող են կիրառվել ինչպես ջուր ամբարող պատվարների և ամբարտակների կառուցման համար օգտագործվող գրունտները, այնպես էլ՝ լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնները:

26. Պոչամբարները կարող են լցվել երկու եղանակով՝ պատվարից կամ ամբարտակից դեպի ափերը և ափերից դեպի պատվարը կամ ամբարտակը:

27. Թափոնները դեպի պատվարներ և ամբարտակներ լվացվում են երեք եղանակով՝ էստակադային, զենիթային և ոչ էստակադային:

28. Կույտերից պարզեցված ջրերը հեռացվում են լճակների ներսում տեղադրված ջրհորների, ջրթողների և ջրթափների միջոցով, ինչպես նաև պարզեցված ջրերի հետադարձ օգտագործման նպատակով արտամղման միջոցով:

29. Պոչամբարը շահագործող կազմակերպությունը պետք է մշակի պոչամբարի տեխնիկական անվտանգության վկայագիր և ներկայացնի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության:

30. Պոչամբարը շահագործող կազմակերպությունը պետք է մշակի պոչամբարի վթարների հետևանքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործելու պլան:

 

III. ԼՑԱԿՈՒՅՏԻ ՀԱՐԹԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

31. Լցակույտի հարթակը կառուցվում, ձևավորվում, ու ընդերքօգտագործման թափոնները տեղադրվում են հանքարդյունահանման նախագծին և լցակույտի կառուցման նախագծին համապատասխան:

32. Լցակույտի հարթակի կառուցման նախագիծը կազմվում է՝ լցակույտի հարթակում նախօրոք իրականացված համալիր ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, երկրատեխնիկական, երկրաֆիզիկական հետազոտությունների, սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

33. Լցակույտի հարթակն ըստ տեղադրվածության դիրքի բաժանվում է երեք խմբի՝

1) արտաքին՝ տեղադրված՝ բացահանքի սահմաններից դուրս.

2) ներքին՝ տեղադրված՝ բացահանքի մշակված տարածքներում.

3) համակցված։

34. Անհրաժեշտ է լցակույտերի տեղադրման հարթակն ընտրել, առաջին հերթին, բացահանքի մշակված տարածքներում (ներքին լցակույտ), բացահանքից դուրս (արտաքին լցակույտ) կամ երկուսն էլ միասին՝ համակցված:

35. Լցակույտի առաջացումը, կախված աշխատանքների մեքենայացվածության եղանակներից, լինում է՝

1) բուլդոզերային.

2) էքսկավատորային.

3) կոնվեյերային.

4) հիդրավլիկական։

36. Նախքան շինարարությունը՝ լցակույտի հարթակի տարածքի հողի բերրի շերտը, եթե առկա է, պետք է մակաբացվի և պահեստավորվի առանձին տեղում, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել վերջնական ռեկուլտիվացիայի համար։

37. Արտաքին լցակույտերի տեղակայման համար պետք է օգտագործել բնական լանջերը, հեղեղատները, խանդակները, ձորակները և գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի հողերը:

38. Լցակույտերի ձևավորման եղանակները և կույտավորման հաջորդականությունն ու հերթականությունը պետք է նպաստավոր պայմանների հնարավորություն ստեղծեն տեղանքի հետագա օգտագործման և ռեկուլտիվացիայի համար:

39. Ոչ կոնդիցիոն հանքաքարի և մակաբացման ապարների հետագա համալիր օգտագործման հնարավորությունն ապահովելու համար նախատեսել ընտրովի պահեստավորում՝ ելնելով ընդերքօգտագործման թափոնների լիթոլոգիական կազմից և առաջացման տեխնոլոգիական առանձնահատկությունից:

40. Լցակույտի տարողության ծավալը պետք է որոշվի հանքից հեռացվող ընդերքօգտագործման թափոնների ամբողջ ծավալի համար:

41. Լցակույտերի բնութագրերի (առանձին սանդղավանդերի բարձրությունները, հարկաշարքերի թիվը, հարկաշարքերի միջև բերմաների լայնությունը և այլն) մեծությունները հաշվարկել նախագծային փուլում:

42. Լցակույտերը թեք լանջերում տեղակայելիս՝ լցակույտի սողալը կամ սահելը կանխելու համար անհրաժեշտ է նախատեսել այդ երևույթները կանխարգելող միջոցառումներ:

43. Նախատեսել միջոցառումներ լցակույտերի հեղեղումը և մակերևութային ու բացահանքային ջրերի՝ դրանց մեջ ներթափանցումը կանխելու համար:

44. Վտանգավոր թափոնների լցակույտերում մակերևութային ջրերի ներթափանցումը կանխելու համար անհրաժեշտ է կառուցել դիմհարներ, ջրերը հավաքող և հեռացնող առվափոսեր, դերիվացիոն ջրանցքներ, որպեսզի հնարավոր լինի հավաքել այդ ջրերը և, շրջանցելով լցակույտերը, նվազեցնել վտանգավոր թափոնների հետ ջրի հավանական շփումը:

45. Վտանգավոր լցակույտերից աղտոտված ջրերի ցանկացած արտահոսք պետք է կանխվի, որի համար անհրաժեշտ է այդ ջրերը հավաքել, կառուցել կեղտաջրերի մաքրման համակարգ և այնուհետև այդ ջրերը վնասազերծել ու բաց թողնել գետային ցանց:

46. Ստորերկրյա ջրերի աղտոտումը կանխելու համար անհրաժեշտ է վտանգավոր թափոնների լցակույտերի հարթակներում իրականացնել հակազտիչ միջոցառումներ՝ դրանք ծածկելով ջրամերժ և անջրաթափանց նյութերով կամ գրունտներով:

47. Լցակույտերը, որոնք փոշեզատման աղբյուր են, պետք է առանձնացված լինեն պաշտպանիչ գոտիով, և պետք է կիրառվեն հակափոշեզատման միջոցառումներ: Շոգ և չոր եղանակներին անհրաժեշտ է իրականացնել փոշենստեցում՝ փոշեառաջացման օջախներն ինտենսիվ կերպով ջրելու միջոցով:

 

IV. ԿՈՒՅՏԱՅԻՆ ՏԱՐԱԼՎԱՑՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

48. Կույտային տարալվացման հարթակը կառույց է, որի վրա իրականացվում է գործընթաց, որը ներառում է ազնիվ մետաղներ կորզելու նպատակով մանրացված հանքաքարի դարսումը շերտերով և յուրաքանչյուր շերտի անհատական տարալվացումը:

49. Կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող առաջնահերթ պայմաններն են հարթակի անվտանգությունը և կայունությունը: Կույտային տարալվացման հարթակը կառուցելիս պետք է հաշվի առնել՝

1) հարթակի տեղադիրքի ընտրությունը և նախագծային պահանջները, որոնք անհրաժեշտ են հողի, օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտումը կանխելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ներառյալ երկրաբանական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ և երկրատեխնիկական գործոնները.

2) տարալվացման հարթակի վրա հանքաքարի կույտից արտահոսող ջրերի հավաքման և շրջանառու համակարգ վերադարձման արդյունավետ միջոցառումները.

3) ջրի կամ քամու ազդեցության հետևանքով առաջացող էրոզիայի նվազեցման միջոցառումները՝ այնքանով, որքանով դա տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես իրագործելի.

4) այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) կույտային տարալվացման հարթակի կառուցման, կառավարման և սպասարկման ժամանակ վերջինիս ֆիզիկական կայունությունն ապահովելու համար.

5) այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն (կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով) հողի, օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտումն ու թունավորումը կանխարգելելու համար:

50. Կույտային տարալվացման հարթակի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվի լեռնահանքային ամբողջ համալիրի տեղադրվածությունը, պետք է տեղադրված լինի գյուղատնտեսական նպատակային օգտագործման համար ոչ պիտանի հողերում, հնարավորինս մոտ՝ հանքաքարը ջարդող, մանրացնող ֆաբրիկային և հեռու՝ բնակավայրերից, մակերևութային ու ստորգետնյա ջրային ռեսուրսներից, այլ կարևոր ենթակառուցվածքներից:

51. Կույտային տարալվացման հարթակն ընտրվում է հեղեղումից, ջրածածկումից, մակերևութային հոսքից զուրկ կամ այն շրջապատող ջրահավաք ավազանից նվազագույն մակերևութային հոսք ունեցող կամ կույտային տարալվացման հարթակը շրջանցող հոսքի վայրերում:

52. Կույտային տարալվացման հարթակի հիմքը պետք է երեսապատված (պատված կամ ծածկված) լինի անջրաթափանց գրունտներից կամ նյութերից (թաղանթներից), որոնք կբացառեն արտահոսքերը շրջակա միջավայր:

53. Հարթակի հիմքը ծածկող երեսապատման նյութը և տեսակը պետք ընտրել այնպիսի հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի հանքաքարի դարսակույտերի պարունակությունը պահպանել նախատեսված մեծություններում:

54. Կույտային տարալվացման հարթակի հիմքի երեսապատման նյութերը պետք է ունենան հետևյալ հատկությունները՝

1) պետք է լինեն կայուն՝ քիմիական ակտիվ թունավոր նյութերի քայքայիչ և ագրեսիվ ազդեցության հանդեպ.

2) պետք է լինեն հնարավորինս երկարադիմացկուն.

3) պետք է ամբողջովին բացառեն քիմիական լուծույթների (ցիանիդներ) ներծծումը կամ ներթափանցումը (դիֆուզիան) շրջակա միջավայր (հող, ստորերկրյա ջրեր):

55. Մանրացված հանքաքարի դարսումը շերտերով տարալվացման հարթակում և յուրաքանչյուր շերտի անհատական տարալվացումը՝ ազնիվ մետաղների կորզման նպատակով, աղքատացված տարալվացման լուծույթի (նոսրացված ցիանիդի նատրիում) բացթողումը հանքաքարի կույտի մակերեսին կաթոցիչների կամ ցնցուղների միջոցով, ինչպես նաև հանքաքարի կույտի տարալվացման ցիկլի տևողությունը որոշվում են կույտային տարալվացման նախագծի հիման վրա:

56. Կույտային տարալվացման հարթակի լանջերի կայունության հաշվարկները պետք է իրականացնել՝ ելնելով կայուն և սեյսմիկ բեռնվածության սկզբունքների պայմաններից:

57. Կայունության հաշվարկը պետք է ներառի՝

1) հանգույցի առավել կրիտիկական (ոչ կայուն) երկչափ հատվածների որոշման նպատակով կույտային տարալվացման հարթակի և հանքաքարի կույտի երկրաչափական առանձնահատկությունների գնահատումը.

2) հանքարդյունահանման նախագծի և ընդերքի տեղամասի առկա տվյալների հիման վրա նյութերի հատկությունների և գրունտների երկրատեխնիկական պայմանների որոշումը.

3) լանջերի փլուզման տարբեր վերլուծական տարբերակների նկատմամբ անվտանգության նվազագույն գործակիցների հաշվարկումը:

58. Ջրային ռեսուրսների խնայողության սկզբունքից ելնելով՝ տարալվացման գործընթացը և նրա իրականացումը գործնականում ամբողջությամբ պետք է հիմնված լինեն փակ շրջանառու ջրային համակարգերի վրա:

59. Կույտային տարալվացման հարթակից դուրս հոսող ջրերը պետք է կուտակվեն և մաքրվեն, որի համար անհրաժեշտ է կառուցել ջրերի կուտակման և մաքրման ավազաններ:

60. Կուտակման ավազանների չափերը պետք է նախատեսել ըստ նախագծային չափանիշների` օգտագործելով կույտային տարալվացման հարթակի ջրի հաշվեկշռի հաշվարկված տվյալները:

61. Պետք է նախատեսել, որ կույտային տարալվացման հարթակի տարածքում մաքրման լուծույթների և հեղեղաջրերի (ձյան հալոցքային) ջրահոսքերն ինքնահոս կերպով կուտակվեն կույտային տարալվացման հարթակի ամենացածր կետում, այնուհետև ջրթափի միջոցով հոսեն դեպի մաքրման ավազան:

62. Կույտային տարալվացման հարթակի ռեսուրսի սպառման և դրա փակման ժամանակ պետք է լվացվի կույտը՝ մինչև դրանում ազնիվ մետաղների սպառումը (գործնական), իսկ վերջնական լուծույթները վնասազերծվեն, մաքրվեն և կուտակվեն անձրևաջրերի հավաքման ավազանում:

63. Կույտային տարալվացման գործընթացի իրականացման անվտանգ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ ռեագենտ և սորբցիոն նյութերի կառավարման ծրագիր, քանի որ նատրումի ցիանիդի քայքայման և ցիանային՝ լուծույթներից ոսկու սորբցիայի ժամանակ գոյություն ունի թունավոր ցիանաթթվի՝ արտադրական տարածքների մթնոլորտ արտանետման վտանգ:

64. Նատրիումի ցիանիդի քայքայումը և լուծույթից ցիանաթթվի արտանետումը տարածքների մթնոլորտ նվազեցնելու համար պետք է նախատեսել նատրիումի հիդրօքսիդի ավելացումը (լրալցումը) նատրիումի ցիանիդի խիտ (10-տոկոսանոց) լուծույթի բաքերի (տարողությունների) մեջ՝ рН-ը 12-ից բարձր պահելու համար:

65. Ոսկու սորբցիայի գործընթացի առավել անվտանգ անցկացման համար լուծույթների 10-ից պակաս рН-ի նվազեցման դեպքում պետք է նախատեսել նրանց մեջ նատրիումի հիդրօքսիդի ավելացում՝ մինչև սահմանված մեծությունը:

66. Լուծիչների բաքերում և սորբցիոն սյուներում պետք է նախատեսել արտազատվող ցիանաթթվի ասպիրացիա՝ համաձայն մշակվող լուծույթների ծավալների և նրանցում նատրիումի ցիանիդի խտության:

67. Անհրաժեշտ է լուծույթների рН-ը պահել 10-11 մակարդակի վրա՝ առավել թունավոր ցիանաջրածնի առաջացումը բացառելու համար: Ցիանաջրածնային թթվի աղերի (աերոզոլի տեսքով) և ցիանաջրածնի (գազի կամ գոլորշու տեսքով)՝ մթնոլորտ արտանետումը բացառելու համար անհրաժեշտ է ամբողջ սարքավորումները տեղադրել առավելագույնս իրար մոտ, պահել որոշակի բացասական ճնշման տակ:

68. Օդափոխությունը պետք է լինի պահուստով: Քարշող օդափոխության համակարգերով հեռացվող օդը մթնոլորտ արտանետվելուց առաջ պետք է մաքրել թունավոր նյութերից՝ մինչև սահմանային թույլատրելի խտությունը չգերազանցող պարունակությունը:

69. Լուծույթների վնասազերծումը, ինչը ներառում է ցիանիդների բնական՝ մթնոլորտային, և քիմիական քայքայումը, պետք է իրականացվի տարալվացման կույտերի շահագործման ավարտից հետո:

70. Կույտային տարալվացման հարթակն իր պարագծով պետք է ցանկապատվի, կամ պետք է ստեղծվի հսկվող անվտանգության գոտի: Ցանկապատի և անվտանգության գոտու նպատակն է կույտային տարալվացման հարթակի տարածք չլիազորված անձանց և կենդանիների մուտքի կանխման ապահովումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան