ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2017 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի և 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցութային գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի, և սահմանել, որ այս մրցույթի նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման պահանջները:
2. Ստեղծել սույն որոշմամբ սահմանված մրցույթի անցկացման համար մրցութային հանձնաժողով և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ու երկուական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, «Թվային Հայաստան» հիմնադրամից (համաձայնությամբ) և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից:
(2-րդ կետը լրաց. 12.10.17 N 1296-Ն)
3. Սահմանել, որ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով և սույն որոշման հավելվածի 36-րդ, 37-րդ և 45-րդ կետերով սահմանված լիազորությունների, սույն որոշմամբ սահմանված մրցույթի անցկացման նպատակով գնման պատվիրատուի լիազորություններն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ապահովելով մրցութային հանձնաժողովի աշխատանքի պատշաճ կազմակերպումը, նիստերի արձանագրումը, գնման համակարգողի և հանձնաժողովի քարտուղարի նշանակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 16 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ անձնագրային համակարգի ենթակառուցվածք) ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառմամբ մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Անձնագրային համակարգի ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունքը (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր կնքելու իրավունքը) փոխանցվում է սույն կարգին և մրցութային փաստաթղթերին (այսուհետ` առաջարկներ ներկայացնելու հրավեր) համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա հաղթող կազմակերպությանը:
3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մրցութային հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցները (այսուհետ` հայտատուներ):
4. Կոնցեսիոն պայմանագրի կնքման համար սույն կարգի համաձայն անցկացված մրցույթի արդյունքների հաստատման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
5. Կոնցեսիոն պայմանագրի կնքման մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջինիս մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ բացակայության դեպքում՝ վերջինիս կողմից հանձնաժողովի մյուս անդամներից ժամանակավորապես նշանակված անձը:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստերի անդամները կարող են քվեարկել միայն «կողմ» կամ «դեմ»: Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունք ունի հանձնաժողովի նախագահը: Ընդունված որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում կարող է հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հատուկ կարծիք գրավոր հիմնավորված պատճառաբանությամբ:
8. Հանձնաժողովը`
1) հանձնաժողովի անհատական կազմի հաստատման պահից մեկամսյա ժամկետում մշակում և հրապարակում է նախաորակավորում անցկացնելու մասին հայտարարությունը, որը ներառում է հայտատուների նախաորակավորման ընթացակարգի հիմնական պահանջները: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից.
2) կազմում է նախաորակավորման արդյունքների մասին արձանագրությունը և նախաորակավորված մասնակիցներին հրավիրում է երկխոսության.
3) նախաորակավորված հայտատուների հետ անցկացված մրցակցային երկխոսության արդյունքներով մշակում և հաստատում է մրցույթի անցկացման համար առաջարկներ ներկայացնելու հրավերը, որը տրամադրվում է միայն նախաորակավորված մասնակիցներին.
4) ուսումնասիրում է հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր՝ հայտատուների համաժողովի ընթացքում.
5) անհրաժեշտության դեպքում կատարում է լրացումներ՝ առաջարկներ ներկայացնելու հրավերին.
6) բացում է հայտատուների առաջարկները.
7) ուսումնասիրում և գնահատում է հայտատուների առաջարկները.
8) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ հայտատուներին` պարզաբանելու իրենց առաջարկները.
9) հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկի հրավերով սահմանված նվազագույն միավորից.
10) որոշում է նախընտրելի հայտատուին (մրցույթի հաղթող) (տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռային միավորների ամենաբարձր հանրագումարը հավաքած հայտատու):
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ծանուցում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.
2) ընդունում և գրանցում է հայտատուների առաջարկները.
3) ապահովում է արձանագրությունների կազմումը, մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը.
4) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:
11. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:
12. Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:
13. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագրի կնքման համար հայտարարված մրցույթի արդյունքները հաստատելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելու պահից: Որոշմամբ կսահմանվեն նաև կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրող անձանց լիազորությունները, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրի պատշաճ իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող և արդյունքներն ընդունող մարմինների և կազմակերպությունների անվանումները:
III. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
14. Առաջարկներ ներկայացնելու հրավերը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից`
1) «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին».
2) «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր»:
15. «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին» բաժինը պետք է ներառի`
1) կոնցեսիայի սխեմայի ընդհանուր պատկերը և գործընթացը.
2) մրցույթի մասնակիցների անվանումները.
3) մանրամասներ տեխնիկական և ֆինանսական առաջարկների բովանդակության, ձևի ու ներկայացնելու հասցեի և վերջնական ժամկետի վերաբերյալ.
4) պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը և ձևերը, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիությունը հանձնաժողովի կողմից ճշտվելու եղանակները.
5) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերի վերաբերյալ, պարզաբանումներ ստանալու նպատակով հայտատուների կողմից հարցումներ ներկայացնելու և դրանց պատասխանելու ընթացակարգի վերաբերյալ.
6) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերին լրացումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ.
7) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման չափանիշները և դրանց գնահատման ընթացքում շնորհվող առավելագույն միավորները.
8) մանրամասներ հանձնաժողովի կողմից առաջարկների ընդունման վերջնաժամկետի, բացման և գնահատման վերաբերյալ.
9) ֆինանսական առաջարկների բացմանը և գնահատմանը մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկի գնահատականի նվազագույն միավորը.
10) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշիռները (տոկոսներով).
11) Հայաստանի Հանրապետությունում կոնցեսիան իրականացնող կազմակերպության ստեղծման գործընթացի ընդհանուր նկարագիրը.
12) կոնցեսիոն պայմանագրի նախագիծը, այդ թվում` օտարվող և կոնցեսիայի հանձնվող ակտիվների ցուցակը, եթե այսպիսին կա.
13) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
16. «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր» բաժինը պետք է պարունակի`
1) տեղեկատվություն անձնագրային համակարգի ենթակառուցվածքի վերաբերյալ.
2) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի ենթակառուցվածքի շահագործման համար ներգրավված պետական կառույցների և կազմակերպությունների կազմի և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ.
3) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
17. Մրցույթի հայտերը (առաջարկները) ներկայացվում են փակ ծրարով:
18. Հայտը ներկայացնելու ժամկետը համարվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին կատարվում է գրառում` հատուկ գրանցաթերթիկում, որի պատճենը տրամադրվում է հայտատուին:
19. Մրցույթի հայտերի ընդունման սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերի մասին կատարվում է գրառում` հատուկ գրանցաթերթիկում և առանց ծրարը բացելու վերադարձվում հայտատուին:
20. Հայտատուները մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը՝ գրավոր դիմումի հիման վրա:
21. Հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում մերժվում են:
22. Մրցույթի միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Մրցույթի հայտերը բացվում են հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո` հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, ընդ որում, բացվում են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները փակ վիճակում հանձնաժողովի քարտուղարի կողմից պահվում են մինչև դրանց բացման պահը:
24. Հայտերի բացման ժամանակ հրապարակվում են`
1) յուրաքանչյուր հայտատուի անվանումը.
2) հայտի փոփոխության կամ հետ վերցնելու մասին գրավոր դիմումները, եթե այդպիսիք կան.
3) այլ մանրամասներ, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի հայտարարել:
25. Այն հայտերը, որոնց հետ վերցնելու մասին գրավոր դիմումն ստացվել է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը, չեն բացվում և փակ վիճակում վերադարձվում են հայտատուին:
26. Հանձնաժողովի հետագա նիստերը փակ են հայտատուների համար, եթե իրենք չեն ստացել նիստին մասնակցելու հատուկ հրավեր:
27. Հանձնաժողովն ստուգում է հայտերի ամբողջականությունը և համապատասխանությունն առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված պահանջներին և կատարում է ստացված առաջարկների գնահատում նախապես հաստատված գնահատման չափանիշներով և դրանց գնահատման ընթացքում շնորհվող առավելագույն միավորներով: Հայտերը, որոնք չեն համապատասխանում սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին, հանձնաժողովի կողմից մերժվում են:
28. Հայտերի՝ սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին համապատասխանելու դեպքում, հանձնաժողովը գնահատում է ներկայացված տեխնիկական առաջարկները` առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով՝ շնորհելով համապատասխան միավորներ տվյալ չափանիշի համար սահմանված առավելագույն միավորների սահմաններում:
29. Տեխնիկական առաջարկների գնահատումն ավարտելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից:
30. Այն հայտատուները, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս է առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից, հետ են ստանում իրենց ֆինանսական առաջարկները փակ վիճակում:
31. Ֆինանսական առաջարկները բացվում են հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել հրավիրված հայտատուները:
32. Հանձնաժողովն ստուգում է ֆինանսական առաջարկների ճշգրտությունը և գնահատում է առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:
33. Մրցույթի նախընտրելի հայտատու է ճանաչվում այն հայտատուն, որը հանձնաժողովի կողմից ստացել է տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենաբարձր հանրագումարը:
34. Գնահատականների կշռային միավորների հավասար հանրագումար ստանալու դեպքում նախընտրելի հայտատուն որոշվում է ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի արդյունքով: Ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի հավասարության դեպքում նախապատվությունը կտրվի որևէ երկրում անձնագրային համակարգի ենթակառուցվածքի մշակման և ներդրման առավելագույն ժամանակային փորձ ունեցող հայտատուին, ինչը հավաստվում է նման համակարգը վերջնական շահագործման հանձնելու վերաբերյալ պատվիրատուի հետ կնքված ընդունման փաստաթղթի ստորագրման ամսաթվով:
35. Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
36. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն արձանագրությունն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում մրցույթի մասնակիցներին ծանուցում է մրցույթի արդյունքների մասին:
37. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նախընտրելի հայտատուին հրավիրում է կոնցեսիոն պայմանագրի բանակցությունների «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անգործության ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
38. Նախընտրելի հայտատուի կողմից կոնցեսիոն պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում պայմանագրի բանակցությունների է հրավիրվում գնահատման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած հայտատուն, որի կողմից կոնցեսիոն պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում պայմանագրի բանակցությունների է հրավիրվում գնահատման արդյունքում երրորդ տեղն զբաղեցրած հայտատուն, իսկ այդպիսին չլինելու դեպքում կամ նրա կողմից կոնցեսիոն պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած: Գնահատման արդյունքում երկրորդ տեղ զբաղեցրած հայտատու չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
39. Հանձնաժողովը ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունի գրավոր դիմելու հայտատուներին` պահանջելով պարզաբանել իրենց առաջարկները:
40. Հայտատուների պարզաբանումները նույնպես պետք է լինեն գրավոր տեսքով և չպետք է հանգեցնեն առաջարկների փոփոխության:
41. Մրցույթը կարող է համարվել չկայացած, եթե՝
1) մրցույթի իրականացման արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտում.
2) մրցույթը տեղի է ունեցել մրցույթի անցկացման կարգի խախտմամբ.
3) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված դեպքերում.
4) մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը չի տրամադրել իր վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիք:
42. Մրցույթի հաղթողի կողմից պահանջվող գումարի բանկային պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ վերջինիս կողմից իր վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիք չտրամադրվելու դեպքում նրա՝ մրցույթին մասնակցելու համար կատարված ծախսերը (այդ թվում՝ մրցույթի մասնակցության վճարը և պայմանագրի նախագծի մշակման հետ կապված ծախսերը) չեն փոխհատուցվում:
43. Մրցութը չկայացած հայտարարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագրի կնքումը մերժելու կամ արդեն կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու համար:
44. Մրցույթի գործընթացի ավարտի մասին ընդունված որոշման վերաբերյալ հանձնաժողովը ծանուցում է մրցույթի մասնակիցներին նման որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում:
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
45. Պայմանագրի բանակցություններն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավար-նախարարը նախընտրելի հայտատուի (մրցույթի հաղթողի) հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման վերաբերյալ համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
46. Կոնցեսիոն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են պայմանագրի կողմ հանդիսացող մրցույթի մասնակցի միջոցների հաշվին:
47. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.02.2020, N 104-Ն | 08.02.2020, N 123-Ն | |
14.09.2018, N 1005-Ն | 27.09.2018, N 123-Ն | |
12.10.2017, N 1296-Ն | 26.10.2017, N 123-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|