Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-163-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2009-31.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.16/44.1 Հոդ.930
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը` որոշում եմ.

1. Սահմանել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմերը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության ֆինանսավորումը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 31
Երևան
ՆՀ-163-Ն

Հավելված 1

ՀՀ Նախագահի
2006 թ. հուլիսի 31-ի
 ՆՀ-163-Ն հրամանագրի

Կ Ա Ր Գ

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալու կամ չտալու նպատակով ստեղծվում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողովներ), որոնց կազմերում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության ներկայացուցիչներ:

3. Հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների ցանկի, հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Յուրաքանչյուր հանձնաժողով կազմված է 8 անդամից, այդ թվում` հանձնաժողովի նախագահից:

(4-րդ կետը փոփ. 06.07.07 ՆՀ-169-Ն)

5. Հանձնաժողովների նախագահների և անդամների լիազորությունների ժամկետը սահմանվում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:

(5-րդ կետը փոփ. 31.08.09 ՆՀ-205-Ն)

6. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ ստեղծվում են հանձնաժողովի առնվազն երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովներ, որոնք, ըստ քրեակատարողական հիմնարկների, նախապատրաստում են հանձնաժողովի քննարկման համար հարցեր:

Ենթահանձնաժողովի անդամները պետք է փոխվեն ռոտացիոն կարգով, որպեսզի նույն անձը նույն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցերի նախապատրաստմանը մասնակցի ոչ ավելի, քան երեք ամիս անընդմեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այն ներկայացնում է հանձնաժողովին` կցելով դատապարտյալի վերաբերյալ բնութագիրը:

Ստացված որոշումների հիման վրա հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրն առաքում հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետին:

Ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված օրը այցելում է պատիժը կատարող հիմնարկ, ծանոթանում դատապարտյալի անձնական գործին, մեկուսի հանդիպում նրա հետ, անհրաժեշտության դեպքում հանդիպում է նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հետ:

8. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքում:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը:

10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստն սկսվելուց անմիջապես հետո հանձնաժողովի անդամներին բաժանվում է քվեաթերթիկ, որում, ըստ օրակարգային հարցերի հերթականության, ընդգրկվում են նիստի օրակարգի բոլոր դատապարտյալների անուն-ազգանունները: Քվեաթերթիկում յուրաքանչյուր դատապարտյալի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով:

12. Հանձնաժողովի նիստի ժամանակ օրակարգային հարցերը քննարկվում են ըստ հերթականության: Նիստը նախագահողը հայտարարում է օրակարգային հարցը՝ ընթերցելով դատապարտյալի անուն-ազգանունը, այնուհետև համապատասխան ենթահանձնաժողովի անդամները ներկայացնում են իրենց կարծիքները, որից հետո անցկացվում է հարցի քննարկում: Մինչև օրակարգային հաջորդ հարցին անցնելը հանձնաժողովը քննարկվող օրակարգային հարցի վերաբերյալ անցկացնում է սույն կարգով սահմանված քվեարկություն:

13. Հանձնաժողովն իր քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ կարող է պահանջել լրացուցիչ նյութեր, կատարել հարցումներ: Նման դեպքում հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ քննարկումը կարող է հետաձգվել և տեղափոխվել հաջորդ նիստ:

14. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել համապատասխան որոշում կայացրած պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը:

15. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

16. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գաղտնի քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք և պետք է քվեարկի պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալուն դեմ կամ կողմ:

Ձայների հավասարության դեպքում համարվում է, որ հանձնաժողովը քվեարկել է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալուն կողմ:

17. Օրակարգային բոլոր հարցերը սպառելուց հետո հանձնաժողովն ամբողջ կազմով ամփոփում է քվեարկության արդյունքները: Եթե քվեաթերթիկում տվյալ դատապարտյալի մասով կատարվել է միաժամանակ «կողմ» և «դեմ» նշում կամ ընդհանրապես նշում չի կատարվել, ապա համարվում է, որ հանձնաժողովի անդամը տվյալ դատապարտյալի մասով քվեարկությանը չի մասնակցել:

18. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալու կամ չտալու մասին:

19. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում է նիստը նախագահողը:

Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը:

20. Որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան հաջորդ օրն այն ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ:

21. Հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են սույն կարգի խախտմամբ:

22. Հանձնաժողովի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական և կազմակերպական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջոցով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան


Հավելված 2

ՀՀ Նախագահի
2006 թ. հուլիսի 31-ի
 ՆՀ-163-Ն հրամանագրի

Կ Ա Զ Մ Ե Ր

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Ա. «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով


Արմեն ԵՐԻՑՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Վարդան ՄԱԿԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի պետ

(5-րդ տողն ուժը կորցրել է 06.07.07 ՆՀ-169-Ն)

Սամվել Մանուկյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու

Գեորգի ԳՈՒԼՔԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հրանտ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ):

(Կազմը փոփ. 04.12.06 ՆՀ-250-Ն, փոփ., խմբ. 06.07.07 ՆՀ-169-Ն, փոփ. 23.01.08 ՆՀ-7-Ն)

Բ. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով

Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու

(4-րդ տողն ուժը կորցրել է 06.07.07 ՆՀ-169-Ն)

Սուրեն ՔՐՄՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)

Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

փաստաբան (համաձայնությամբ)

Էլդա ԳՐԻՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ (համաձայնությամբ):

(Կազմը փոփ. 04.12.06 ՆՀ-250-Ն, փոփ., խմբ. 06.07.07 ՆՀ-169-Ն, փոփ. 11.09.07 ՆՀ-204-Ն)

Գ. «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողով
(Վերնագիրը փոփ. 27.02.08 ՆՀ-33-Ն, 12.05.09 ՆՀ-122-Ա)

Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ալեքսանդր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ

(4-րդ տողն ուժը կորցրել է 06.07.07 ՆՀ-169-Ն)

Տիգրան Երանոսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

Վաղինակ ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ

Ռուբեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

փաստաբան (համաձայնությամբ)

Սեյրան ԱՄԻՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու(համաձայնությամբ):

(Կազմը փոփ. 06.07.07 ՆՀ-169-Ն, 15.01.08 ՆՀ-4-Ն, 27.02.08 ՆՀ-33-Ն, 22.10.08 ՆՀ-298-Ն, 31.08.09 ՆՀ-205-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան