Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.03/20(589) Հոդ.211
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017247

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 261-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄՈՒՏՔԱՅԻՆ ԵՎ ԵԼՔԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՈՒ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը բաժանորդի գրավոր դիմելու դեպքում`

1) տրամադրում է մինչև դիմելու պահին նախորդող առնվազն մեկ տարվա ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաշիվ-ապրանքագրերի ձևով կամ օպերատորի համար ընդունելի այլ եղանակով, եթե այդ զանգերն ու կարճ հաղորդագրությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել.

2) իրավասու է տրամադրել մինչև դիմելու պահին նախորդող առնվազն մեկ տարվա ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, եթե այդ զանգերն ու կարճ հաղորդագրությունները չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել՝ պայմանով, որ սույն ենթակետում նշված տեղեկությունները չտրամադրելու դեպքում նախապես այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների հեռախոսահամարները, մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների ստացման, ելքային զանգերի կատարման և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները, ինչպես նաև ծառայությունների արժեքը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը կամ առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների հեռախոսահամարները, մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների ստացման, ելքային զանգերի կատարման և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակներով:

5. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը սույն որոշման 1-ին կետի համաձայն տեղեկությունների տրամադրման պայմանների և վճարների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան