Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1290-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային հսկողության ապահովման նպատակով հարկային և լիազոր մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1290-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հսկողության ապահովման նպատակով հարկային մարմնի կողմից լիազոր մարմիններից տեղեկությունների ստացման հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմինը հարկ վճարողների վերաբերյալ իր տվյալների բազայում չընդգրկված տեղեկությունների ստացման համար էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում այն լիազոր մարմնին, որը տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

3. Հարցում կարող է կատարվել նաև համապատասխան տեղեկությունները պարբերաբար ստանալու նպատակով` տեղեկությունը պահանջող և տրամադրող լիազոր մարմնի միջև համաձայնեցված ձևաչափով և կարգով:

4. Հարկային մարմինն իրավունք չունի պահանջելու օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ պետական մարմիններին թույլատրվում է տրամադրել գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

5. Լիազոր մարմնից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) լիազոր մարմնի լրիվ անվանումը.

2) լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) տեղեկատվությունը տրամադրելու անհրաժեշտության հիմնավորումը.

4) տեղեկատվության նկարագրությունը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը:

6. Լիազոր մարմնի` տեղեկատվություն տրամադրելու (մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) հարկային մարմնի անվանումը.

2) հարկային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը.

4) տեղեկատվության նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, իսկ մերժման (մասնակի մերժման) դեպքում՝ հիմնավոր պատճառը.

5) լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են պատասխան գրությունը:

7. Տեղեկատվությանը տիրապետող լիազոր մարմինը հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխանն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին:

8. Եթե հարցումը վերաբերում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելուն կամ եթե հարցումը չի համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին կամ տեղեկատվությունը բացակայում է լիազոր մարմնի տվյալների բազայում, ապա դրա մասին հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն էլեկտրոնային եղանակով պատասխանում է հարկային մարմնին:

9. Տեղեկատվությունը պահանջող և (կամ) տրամադրող լիազոր մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ներդրված չլինելու, ինչպես նաև պահանջվող կամ տրամադրվող տեղեկատվությունը սահմանափակ օգտագործման ենթակա լինելու դեպքերում հարցումը և լիազոր մարմնի պատասխանը տրամադրվում են թղթային կրիչով:

10. Համաձայն սույն կարգի՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան