«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 օգոստոսի 2017 թ. |
թիվ 176-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով,
նպատակ ունենալով կանոնակարգել երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրարկման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2017 թ. օգոստոսի 10 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 176-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06
«ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է երաշխավորների հետ բանկերի ու վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները:
2. Սույն կանոնակարգով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է անվճար:
II. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
3. Կազմակերպությունները պետք է ունենան երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց կիրարկման եղանակներն ու ընթացակարգերը սահմանվում են սույն պահանջներին համապատասխան:
4. Երաշխավորության պայմանագրի հետ միաժամանակ, ինչպես նաև երաշխավորի պահանջով Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է սույն պահանջների 3-րդ կետով նախատեսված կանոնները:
5. Երաշխավորության պայմանագիր կնքելուց առաջ Կազմակերպությունը պետք է երաշխավորին տրամադրի առանձին փաստաթուղթ, որում մատչելի ձևով շարադրվում է, որ երաշխավորը ցանկանում է երաշխավորություն տրամադրել և գիտակցում է երաշխավորության տրամադրման հետևանքները, այդ թվում՝ պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավորության, տույժերի ու տուգանքների ամբողջական կատարումը երաշխավորի կողմից, վարկառուի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատանալը, ընդհուպ մինչև երաշխավորի գույքից զրկվելը, որի մասին երաշխավորը ստորագրում է:
III. ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
6. Կազմակերպությունը պետք է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ այլ պայմանագիր (վարկային կամ այլ պրոդուկտի վերաբերյալ պայմանագիր) կնքելուց առաջ երաշխավորին ծանոթացնի երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմաններին, վարկառուի (համավարկառուի, պարտապանի) կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատթարացման, երաշխավորի պարտավորության, դրա չափի, երաշխավորի վերաբերյալ վարկային ռեգիստր և վարկային բյուրո տեղեկատվության տրամադրման և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ:
7. Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի (այդ թվում` վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
8. Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
9. Երաշխավորության պայմանագրում երաշխավորը ձեռագրով նշում է, «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) ----- --- գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ նրա կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»:
10. Կազմակերպությունը երաշխավորի հետ հաղորդակցվում է հետևյալ կարգով՝
1) Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով,
2) Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը,
3) Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,
4) Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ (միայն լրացուցիչ վարկավորման դեպքում)) մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,
5) Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում,
6) Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության չափը և դրա բացվածքը՝ առանձին պարտավորության մայր գումարը, պարտավորության մնացորդը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):
11. Կազմակերպության կողմից երաշխավորին իր պարտավորությունը կատարելու համար պահանջ ներկայացնելու դեպքում՝ պահանջը պետք է նախատեսի այն ժամկետը, որի ընթացքում երաշխավորը պարտավոր է վճարել երաշխավորված գումարը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող յոթ աշխատանքային օրից պակաս լինել:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2019, թիվ 162-Ն | 06.12.2019, թիվ 176-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|