Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.197
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 175-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ է համարվում սույն որոշմամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված (բացառությամբ մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) և համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքած անձը, որը պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում իրականացնում է պետությանը (բաժնետիրոջը) վերապահված իրավասությունները և գործում է ի շահ պետության (բաժնետիրոջ): Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ չեն կարող լինել հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը` բացառությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված՝ 75 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելու դեպքերի.

2) սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերը 2012 թվականին կկիրառվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» և «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերությունների համար.

3) մեկ անձը կարող է մեկից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակվել պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ:

(1-ին կետը փոփ. 26.04.12 N 509-Ն, լրաց. 13.02.14 N 163-Ն, 27.07.17 N 887-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ելնելով 2012 թվականի ֆինանսական տարվա արդյունքներից և քննարկելով սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերը պետական մասնակցությամբ առևտրային այլ կազմակերպություններում կիրառելու վերաբերյալ:

3. Հաստատել՝

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող օրինակելի աշխատանքային պայմանագրի ձևը՝ համաձայն
N 3 հավելվածի.

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 2-ի N 175-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների (այսուհետ` լիազոր ներկայացուցիչ) ընտրության նպատակով մրցույթի անցկացման գործընթացը:

2. Լիազոր ներկայացուցիչները նշանակվում են մրցութային կարգով՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ և 3.1-ին կետերով նախատեսված դեպքերի:

(2-րդ կետը փոփ. 13.02.14 N 163-Ն)

3. Անհրաժեշտության դեպքում, ելնելով առևտրային կազմակերպությունների առանձնահատկություններից և գործունեության բնույթից, պետական կառավարման համապատասխան մարմնի առաջարկությամբ, լիազոր ներկայացուցիչներ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3.1. Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչները սահմանված կարգով նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

(3.1-ին կետը լրաց. 13.02.14 N 163-Ն)

4. Լիազոր ներկայացուցչի վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (այսուհետ` վարչություն)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր գործառույթներն իրականացնելու նպատակով վարչության հետ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթներին համապատասխան: Ելնելով ընկերության առանձնահատկություններից՝ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել հատուկ պայմաններ և լիազոր ներկայացուցչի կողմից իրականացվելիք գործառույթներ:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

5. Սույն կարգով լիազոր ներկայացուցիչ նշանակելու կամ լիազոր ներկայացուցչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինը եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է վարչությանը` միաժամանակ ներկայացնելով երեք թեկնածուի՝ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

6. Լիազոր ներկայացուցիչների ընտրության մրցույթին, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ վիճակից, մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, գործունակ, բարձրագույն կրթություն ունեցող և կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր՝

1) դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չեն տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել լիազոր ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

3) չեն խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) նախորդ երեք տարվա ընթացքում չեն զբաղեցրել սնանկացման պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար պաշտոններ.

5) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչները պետք է բավարարեն սույն կետով սահմանված չափորոշիչները:

(6-րդ կետը լրաց. 13.02.14 N 163-Ն)

7. Լիազոր ներկայացուցիչների ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է վարչությունը` դրա մասին հայտարարություն տեղադրելով վարչության պաշտոնական ինտերնետային կայքում և www.azdarar.am կայքում, ինչպես նաև հրապարակելով առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով։

(7-րդ կետը լրաց. 13.02.14 N 163-Ն)

8. Լիազոր ներկայացուցիչների ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) ընկերության անվանումը, որտեղ նախատեսվում է ընտրել լիազոր ներկայացուցչի.

2) ընկերությունում պետական մասնակցության չափը (հազար դրամով և տոկոսով՝ կանոնադրական կապիտալում).

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները.

5) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկատվության) ցանկը.

6) փաստաթղթերը ներկայացնելու վայրը և վերջնաժամկետը:

9. Լիազոր ներկայացուցիչների մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն առնվազն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում.

2) անձնագրի պատճենը.

3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

4) քաղվածք աշխատանքային գրքույկից.

5) ինքնակենսագրություն.

6) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

8) տեղեկանք մշտական բնակության վայրից.

9) արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

10. Բացի սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսվածից՝ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջն արգելվում է: Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել նաև այլ լրացուցիչ փաստաթղթեր՝ իրենց հայեցողությամբ:

11. Մրցույթի մասնակիցը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով նաև անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթ:

12. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

 

III. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Լիազոր ներկայացուցիչների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) պետք է կազմված լինի 6 անդամից, որից 3-ը վարչության ներկայացուցիչներն են, 3-ը՝ պետական մասնակցությամբ առևտրային համապատասխան կազմակերպությունում բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչները: Մրցութային հանձնաժողովի կազմը սահմանվում է վարչության պետի հրամանով, որով վարչության ներկայացուցիչներից նշանակվում է նաև հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում` լիազոր ներկայացուցչի մրցույթին մասնակցող անձանց անմիջական մասնակցությամբ՝ փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցի միջոցով:

15. Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ տվյալ մրցույթին անձի մասնակցությունը մերժելու մասին:

16. Հանձնաժողովն ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու մասին որոշում, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին կամ թերի են: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակից) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մրցույթն սկսվելուց առաջ:

17. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին թույլ չի տալիս մասնակցել մրցույթին, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, կամ, եթե մրցույթին մասնակցության համար որևէ դիմում չի ներկայացվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին:

18. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:

19. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մրցույթի օրվանից հետո 10-օրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:

20. Հանձնաժողովը մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

21. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի անդամները մրցույթի մասնակցին տալիս են բանավոր հարցեր, ընդ որում, յուրաքանչյուր մասնակցի կարող է տրվել 7 հարց: Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է:

22. Հարցերը կարող են տրվել՝

1) լիազոր ներկայացուցչի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, համապատասխան ոլորտի օրենսդրության և այլ իրավական ակտերի իմացությունն ստուգելու նպատակով.

2) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողությունն ստուգելու նպատակով.

3) հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգելու նպատակով.

4) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողությունն ստուգելու նպատակով.

5) համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունն ստուգելու նպատակով.

6) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտությունն ստուգելու նպատակով:

23. Մրցույթի մասնակցի՝ հարցերին տրված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարց տվող հանձնաժողովի անդամի կողմից: Եթե մրցույթի մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի՝ գնահատական տվող անդամը պետք է հնչեցնի ճիշտ պատասխանը:

24. Մրցույթի արդյունքում կազմվում է արձանագրություն, որտեղ ամրագրվում է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մրցույթի մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հարց տվողի կողմից հնչեցված ճիշտ պատասխանը:

25. Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

26. Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մրցույթի մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

27. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մրցույթի մասնակցի ազգանունը, անունն ու հայրանունը և տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

28. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, իսկ հավասար ձայների դեպքում` հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

29. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ճանաչել մրցույթի հաղթող.

2) չճանաչել մրցույթի հաղթող:

30. Հանձնաժողովը մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կազմում է եզրակացություն:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

31. Մրցույթի մասնակիցը մրցույթի ավարտից հետո ծանոթանում է եզրակացության թերթի հետ և ստորագրում այն: Մրցույթի մասնակիցը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ եզրակացության թերթի պատճենը:

32. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացումից հետո` նույն օրն անմիջապես:

33. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դրանց հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում՝ հանձնաժողովին, իսկ հետագայում՝ դատական կարգով:

34. Հանձնաժողովը համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին փոխանցում է մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշման, ինչպես նաև մրցույթի մասնակիցների ներկայացրած և հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթերի պատճենները: Վարչության աշխատակազմը սույն կետով նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

35. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո վարչության պետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մրցույթի մասնակցի դիմումի հիման վրա մեկշաբաթյա ժամկետում՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ կնքում է պայմանագիր՝ մինչև մեկ տարի ժամկետով:

36. Մրցույթի արդյունքում մեկից ավելի հաղթող ճանաչվելու դեպքում վարչության պետը, համաձայնեցնելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հետ,
մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մրցույթի մասնակիցներից մեկի հետ կնքում է պայմանագիր:

37. Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետով սահմանված հիմքերով մրցույթը չկայանալու դեպքում երկամսյա ժամկետում անցկացվում է նոր մրցույթ:

 

VII. ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

38. Լիազոր ներկայացուցչի և պետության միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազոր ներկայացուցչի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև կնքված պայմանագրով:

39. Լիազոր ներկայացուցիչ նշանակված անձանց անձնական գործերը կազմվում և վարվում են վարչության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., լրաց. 13.02.14 N 163-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 2-ի N 175-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների (այսուհետ` լիազոր ներկայացուցիչ) աշխատանքների գնահատումը:

2. Լիազոր ներկայացուցիչների աշխատանքները գնահատվում են ըստ առանձին կազմակերպության և լիազոր ներկայացուցչի:

3. Լիազոր ներկայացուցիչների աշխատանքները գնահատվում են ըստ կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման աստիճանի, ըստ կազմակերպության նախորդ տարվա համեմատ ստացված զուտ շահույթի (ներառյալ չբաշխված շահույթը) աճի, ինչպես նաև ըստ տվյալ կազմակերպությունում լիազոր ներկայացուցչի կողմից իրականացված կազմակերպչական աշխատանքների, որոնց միավորների ընդհանուր առավելագույն գումարը պետք է կազմի 100 միավոր:

4. Սահմանվում են լիազոր ներկայացուցիչների աշխատանքների արդյունավետության գնահատման հետևյալ չափորոշիչները՝

1) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար՝

ա. կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման աստիճանի գնահատման համար` առավելագույնը 50 միավոր, որը պետք է արտացոլի կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված բոլոր նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման տոկոսային հանրագումարը` ըստ նպատակների և միջոցառումների թվի ու կատարման աստիճանի,

բ. կազմակերպության նախորդ տարվա համեմատ ստացված զուտ շահույթի աճի (ներառյալ չբաշխված շահույթը), արտահայտված տոկոսներով, գնահատման համար` առավելագույնը 10 միավոր, ընդ որում, եթե աճը (արտահայտված տոկոսներով) բացասական է կամ հավասար է 0-ի, ապա` 0 միավոր, եթե ընկած է 0-2 տոկոսի տիրույթում` ապա՝ 3 միավոր, 2-5 տոկոսի տիրույթում` 5 միավոր, եթե մեծ է 5 տոկոսից` 10 միավոր,

գ. լիազոր ներկայացուցչի կազմակերպչական աշխատանքների գնահատման համար` առավելագույնը 40 միավոր, ընդ որում, լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների բաժինը հաշվետու ժամանակահատվածում հրավիրված ընդհանուր ժողովների մեջ՝ 10 միավոր, լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ժողովի օրակարգ մտցված հարցերի համար (ըստ տարվա ընթացքում կազմակերպված ժողովների օրակարգերում ընդգրկված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված հարցերի տոկոսային հարաբերակցության)` 10 միավոր, ընդունված հարցերի համար (ըստ տարվա ընթացքում կազմակերպված ժողովներում ընդունված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված և ընդունված հարցերի տոկոսային հարաբերակցության)` 10 միավոր, և լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) առաջարկությունների կիրառման աստիճանը՝ 10 միավոր.

2) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցչի աշխատանքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից՝ լիազոր ներկայացուցչի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Լիազոր ներկայացուցչի հաշվետվությունը պետք է բովանդակի՝

ա. իր կողմից իրականացված աշխատանքների նկարագիրը,

բ. իրականացրած աշխատանքներից ստացված արդյունքները,

գ. կազմակերպության արդյունավետ կառավարման նպատակով իր կողմից ներկայացված առաջարկությունները,

դ. բաժնետերերի ընդհանուր ժողովներում իր կողմից բարձրացված հարցերը,

ե. բաժնետերերի ընդհանուր ժողովներում ընդունված որոշումների նկատմամբ իր դիրքորոշումը.

3) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցչի հաշվետվությանը պետք է կցված լինեն իր կողմից կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթերը՝ գրությունները, որոշումները, տեղեկանքները.

4) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հաշվետվության ուսումնասիրության արդյունքում լիազոր ներկայացուցչի աշխատանքը հանձնաժողովը գնահատում է դրական կամ բացասական, ընդ որում, դրական գնահատական ստացած լիազոր ներկայացուցչի հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել, իսկ բացասական գնահատականը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

(4-րդ կետը խմբ., լրաց. 13.02.14 N 163-Ն)

5. 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում գնահատման արդյունքներով մինչև 50 միավորը գնահատվում է անբավարար, 50-75 միավորը` բավարար, 75-95 միավորը` լավ, 95-ից բարձրը` գերազանց:

(5-րդ կետը լրաց. 13.02.14 N 163-Ն)

6. Լիազոր ներկայացուցիչներն իրենց կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվությունները՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 10 օր առաջ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն և կազմակերպության բաժնետոմսերի կառավարման լիազորությունն իրականացնող պետական կառավարման մարմին, իսկ մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակված լիազոր ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

(6-րդ կետը փոփ., լրաց. 13.02.14 N 163-Ն)

7. Կազմակերպությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունն իրականացնող պետական կառավարման մարմինները սույն կարգի 6-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց և սույն կարգով սահմանված ձևով գնահատելուց հետո մեկամսյա ժամկետում արդյունքները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը լիազոր ներկայացուցչի հաշվետվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում սույն կարգի 7-րդ կետում նշված գնահատումները և դրանց վերաբերյալ ստացված առարկություններն ու առաջարկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(8-րդ կետը փոփ. 13.02.14 N 163-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 13.02.14 N 163-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 2-ի N 175-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Քաղ. Երևան

______ __________________ 201 թ.

_______________________________________________________________________________________

(պայմանագիրը կնքող մարմնի անվանումը)

(այսուհետ` լիազորող), ի դեմս

______________________________________________________ - ի, մի 

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

կողմից, և ______________________________________________________________________

(լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը)

 

(այսուհետ` ներկայացուցիչ), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Լիազորողը հանձնարարում է, իսկ ներկայացուցիչը պարտավորվում է լիազորողի անունից

ներկայացնել պետության շահերը ________________________________________________________

________________________________________________________ -ում, (այսուհետ` ընկերություն):

(առևտրային կազմակերպության անվանումը)

1.2. Ներկայացուցիչը ներկայացնում է պետության շահերն ընկերության___________________________     

(բաժնետոմսերի թիվը)

 

հատ բաժնետոմսերի, որը կազմում է ընկերության ընդհանուր բաժնետոմսերի ______ տոկոսը, կառավարման իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության հիմնադիր փաստաթղթերին և սույն պայմանագրին համապատասխան:

 

2. Ներկայացուցչի պարտականությունները և իրավունքները

 

2.1. Ներկայացուցչի պարտականությունն է ընկերությունում պետության տնտեսական շահերի պաշտպանության ապահովումը, ինչպես նաև պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված՝ ամբողջական իրացումը:

2.2. Ներկայացուցիչը պետության անունից իրավունք ունի`

1) մասնակցելու ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

2) մասնակցելու ընկերության կառավարմանը.

3) ստանալու ընկերության գործունեության մասին ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

4) ժողովում հանդես գալու առաջարկություններով.

5) ժողովում քվեարկելու իրեն լիազորված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների թվով:

2.3. Ներկայացուցիչն իր բոլոր գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն պայմանագրին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:

2.4. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու է ընկերությունից և համապատասխան մարմնից ստանալու ընկերության գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իր գործառույթների իրականացման համար:

2.5. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է ի շահ պետության և ընկերության:

2.6. Ներկայացուցիչը պարտավոր է պետական կառավարման համապատասխան մարմնին գրավոր տեղեկացնել և նրանից ստանալ գրավոր թույլտվություն՝ ժողովում քվեարկելու համար, եթե ժողովում քննարկման են ներկայացվում հետևյալ հարցերը`

1) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը՝ նոր խմբագրությամբ.

2) ընկերության վերակազմակերպումը.

3) ընկերության լուծարումը.

4) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարման հանձնաժողովի նշանակումը.

5) հայտարարված բաժնետոմսերի թվի առավելագույն չափի սահմանումը.

6) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

7) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր թվի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.

8) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների ու վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.

 9) ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

10) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիա), բաժանումը.

11) խոշոր գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը։

2.6.1. Լիազոր ներկայացուցիչը պարտավոր է՝

1) հետևել բաժնետոմսերի կառավարման լիազորված պետական մարմնի կողմից ընդունած որոշումների կատարմանը.

2) հետևել ընկերության փաստաթղթերի համապատասխանությանը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին ու ընկերության կանոնադրությանը.

3) հետևել հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխանությանը հաշվապահական հաշվառումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

4) ուսումնասիրել ընկերության հաշվեկշռի կառուցվածքը, պարտավորությունների կազմը, նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված վնասը և վերջինիս շարժը.

5) հետևել ընկերության գործարար ծրագրի կատարմանը.

6) օրենքով սահմանված կարգով պահպանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:

2.7. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորողին և պետական կառավարման համապատասխան մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 10 օր առաջ, իսկ իր նախաձեռնությամբ կամ լիազորողի և պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի պահանջով` նաև միջանկյալ հաշվետվություններ:

2.8. Ներկայացուցիչը պարտավոր է պետական կառավարման համապատասխան մարմնին համաձայնեցման ներկայացնել սույն պայմանագրի 2.6-րդ կետում նշված հարցերի վերաբերյալ առաջարկություններ` ժողովի գումարման նշանակված ամսաթվից ոչ ուշ, քան 20 օր առաջ:

2.9. Պետական կառավարման համապատասխան մարմնի ցուցումների բացակայության դեպքում ներկայացուցիչը քվեարկում է ինքնուրույն` գործելով պետական կառավարման համապատասխան մարմնի շահերից, որի մասին տեղյակ է պահում պետական կառավարման համապատասխան մարմնին:

2.10. Ներկայացուցիչն իրավունք չունի տեղեկություններ հրապարակելու երրորդ անձանց, որոնք հայտնի են դարձել իր վրա դրված լիազորությունների կատարման ժամանակ, և իրավունք չունի այդ տեղեկություններն օգտագործելու պետության շահերին հակասող նպատակներով:

2.11. Ներկայացուցիչն ուսումնասիրում և քննարկում է ընկերության տարեկան հաշվետվությունը` նախքան ժողովում այն ներկայացնելը:

 

3. Լիազորողի պարտականությունները

 

3.1. Լիազորողը ներկայացուցչի վրա դրված պարտականությունների արդյունավետ կատարման համար պարտավորվում է ժամանակին քննարկել ներկայացուցչի առաջարկությունները, եթե ժողովի օրակարգում նախատեսվում է այն հարցերի վերաբերյալ որոշումների ընդունում, որոնք նշված են սույն պայմանագրի 2.6-րդ կետում, և տալ համապատասխան ցուցումներ:

3.2. Լիազորողը պարտավորվում է ներկայացուցչին իրատեսական ժամկետում տեղեկացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի օտարման և ձայների թվի համապատասխան փոփոխության մասին:

3.3. Լիազորողը պարտավոր է ներկայացուցչին ուղարկել նրա իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Օրենքին և սույն պայմանագրին համապատասխան՝ ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

4.2. Ներկայացուցչի անօրինական գործողություններով ընկերությանը պատճառված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Ներկայացուցիչը պատասխանատվություն չի կրում իր կողմից կողմ քվեարկված որոշումների բացասական հետևանքների համար, եթե քվեարկությունը կատարվել է լիազորողի կողմից ստացված գրավոր ցուցումներին համապատասխան:

 

5. Ներկայացուցչի վարձատրությունը

 

5.1. Ներկայացուցիչն ստանում է աշխատավարձ՝ ամսական __________ դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

5.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրացուցիչ վճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. Պայմանագրի գործողության ժամկետը և վաղաժամկետ լուծման հիմքերը

 

6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

6.2. Պայմանագիրը դադարում է դրա գործողության ժամկետի լրացման, ընկերության վերակազմակերպման և լուծարման, պետական բաժնետոմսերի փաթեթի վաճառքի, լիազորողի հանձնարարության վերացման, ներկայացուցչի կողմից հանձնարարության կատարումից հրաժարման, ինչպես նաև ներկայացուցչին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում:

6.3. Լիազորողն իրավունք ունի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու՝

1) ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման, պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.

2) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի՝ պետությանն ամրակցման ժամկետի կրճատման մասին որոշում ընդունելու և սահմանված կարգով դրանց իրացման դեպքում.

3) ներկայացուցչի կողմից սահմանված հաշվետվությունը ներկայացնելու ժամկետների խախտման դեպքում, ինչպես նաև ներկայացված հաշվետվությունների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անբավարար գնահատվելու դեպքում.

4) այնպիսի խոչընդոտների ի հայտ գալու դեպքում, որոնց արդյունքում ներկայացուցիչը չի կարող իրականացնել իր լիազորությունները.

5) առանց լիազորողի համաձայնության՝ ներկայացուցչի կողմից այլ բաժնետերերի ներկայացուցչի լիազորությունների իրականացման դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

6.4. Սույն պայմանագրի 6.3-րդ կետում նշված հիմքերով պայմանագրի լուծման դեպքում լիազորողը պարտավորությունների կատարման դադարման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ համապատասխան ծանուցում է ուղարկում ներկայացուցչին:

6.5. Ներկայացուցիչը կարող է հրաժարվել պայմանագրային պարտավորությունների կատարումից` համապատասխան ծանուցում ուղարկելով լիազորողին՝ այդ պարտավորությունների կատարման դադարման օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

 

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

7.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

ԼԻԱԶՈՐՈՂ

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

_____________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

__________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________

           (ստորագրությունը)

 

_________________________________

(անձնագրային տվյալները, հասցեն)

_____ ____________20  թ.

 

_________________________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

 ____ ______________ 20  թ.

(հավելվածը լրաց., փոփ. 13.02.14 N 163-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 2-ի N 175-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

Ընկերության մասին

Ընկերության լրիվ անվանումը

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը   

  

Կանոնադրական կապիտալի մեծությունը (փաստացի)

  

Ընկերության կանոնադրական կապիտալում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) մեծությունը

         

Ընկերության տնօրենի (գործադիր տնօրենի) անունը, ազգանունը, հայրանունը կամ տեղեկություններ կառավարող կազմակերպության (կառավարչի) մասին

 

Լիազոր ներկայացուցչի մասին

Լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը

 

Լիազոր ներկայացուցչի նշանակման մասին ակտը` համարը և ամսաթիվը

  

Հեռախոսահամարը (ֆաքսը)           

 

2. Տեղեկություններ կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման աստիճանի մասին

 

NN
ը/կ

Կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակները և նախատեսված միջոցառումները

Կատարման աստիճանը
(տոկոս)

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

7.

   

8.

   

9.

   

Միջինը

 

 3. Տեղեկություններ կազմակերպության՝ նախորդ տարվա համեմատ ստացած զուտ շահույթի աճի (ներառյալ չբաշխված շահույթը) մասին

 

NN
ը/կ

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա ընթացքում կազմակերպության ստացած զուտ շահույթը` ներառյալ չբաշխված շահույթը
(հազ. դրամ)

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ստացած զուտ շահույթը` ներառյալ չբաշխված շահույթը (հազ. դրամ)

Զուտ շահույթի աճը
(տոկոս)

1.

     

2.

     

3.

      

Ծանոթագրություն

 

4. Տեղեկություններ լիազոր ներկայացուցչի կազմակերպչական աշխատանքների մասին

 

NN
ը/կ

Ցուցանիշը

Քանակը

1.

Բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների թիվը (հաշվետու ժամանակահատվածում)

 

2.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների թիվը (հաշվետու ժամանակահատվածում)

  

3.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների բաժինը հաշվետու ժամանակահատվածում հրավիրված ընդհանուր ժողովների մեջ (տող 2՝ հարաբերած տող 1՝ բազմապատկած 100)

  

4.

Հաշվետու ժամանակահատվածում բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների օրակարգում ընդգրկված հարցերի ընդհանուր թիվը

 

5.

Հաշվետու ժամանակահատվածում բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների օրակարգերում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ընդգրկված հարցերի ընդհանուր թիվը

 

6.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովների օրակարգերում ընդգրկված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված հարցերի տոկոսային հարաբերակցությունը (տող 5՝ հարաբերած տող 4՝ բազմապատկած 100)

 

7.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովներում ընդունված հարցերի ընդհանուր թիվը

 

8.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովներում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված և ընդունված հարցերի թիվը

 

9.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովներում ընդունված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված և ընդունված հարցերի տոկոսային հարաբերակցությունը (տող 8՝ հարաբերած տող 7՝ բազմապատկած 100)

  

10.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից բարձրացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների թիվը

 

11.

10-րդ տողում նշված առաջարկություններից ընկերությունում կիրառված առաջարկությունների թիվը

 

12.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապա-հական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ առաջարկությունների կիրառման աստիճանը (տող 11՝ հարաբերած տող 10՝ բազմապատկած 100)

 

ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

 

____________________________ 

(ստորագրությունը)

 

_____________________________

(անունը, ազգանունը)

 _____ _______________ 20  թ.  

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 13.02.14 N 163-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան