Գլխավոր տեղեկություն
Համար
N 1452-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2017-23.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.08.17 N 932-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (այսուհետ՝ մանկատուն) շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.08.17 N 932-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագրի մոնիթորինգի չափորոշիչները:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման աշխատանքների ձեռքբերումը կատարում է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթները:

2. Սույն ծրագիրը տարածվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում պետական մանկատների 2003 թվականից սկսած մինչև 2013 թվականը ներառյալ, հաշվառված և շահառու (այսուհետ` շահառու) ճանաչված (1991-2013 թթ. շրջանավարտներ), ինչպես նաև Գավառի և Վանաձորի ընդհանուր տիպի մանկատների 2014 թվականի և հաջորդող տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) վրա:

3. 2003-2013 թվականների ընթացքում շուրջ 433 շրջանավարտի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական և իրավաբանական ծառայություններ: 2003-2012 թվականների ընթացքում մանկատան 187 շրջանավարտ և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 7 անձ ապահովվել է բնակելի տարածքով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ կարգավորվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը:

5. Սույն ծրագրի իրականացումը գործակալության պայմանագրով վերապահվելու է երեխաների հիմնահարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծրագրի նպատակը շրջանավարտների սոցիալական պաշտպանության և հասարակությանը նրանց ինտեգրման ապահովումն է:

7. Ծրագրի խնդիրներն են՝

1) շրջանավարտների ինտեգրումը հասարակություն.

2) աջակցություն շրջանավարտների կենսամակարդակի բարձրացմանը.

3) շրջանավարտների տվյալների շտեմարանի ստեղծումը:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալական կարիքների գնահատումը.

2) 1991-2013 թվականների շրջանավարտների և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող անձանց տվյալների ճշտումը և տվյալների շտեմարանի ձևավորումը.

3) 2014 թվականի և հաջորդող յուրաքանչյուր տարվա շրջանավարտների հաշվառումը, նրանց տվյալների ներառումը շտեմարան և նրանց սոցիալական կարիքների գնահատումը.

4) յուրաքանչյուր տարի շրջանավարտներին, ըստ նրանց գնահատված կարիքների, սույն ծրագրով նախատեսված ծառայությունների տրամադրումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Ծրագրով նախատեսված միջոցառումներն են՝

1) ուսումնասիրել 2003-2013 թվականների ընթացքում «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառու ճանաչված` 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալ-տնտեսական պայմանները, գնահատել նրանց սոցիալական կարիքները.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով վերագնահատված սոցիալական կարիքների համաձայն կազմել շահառուների, այդ թվում՝ բնակելի տարածության կարիք ունեցողների, տվյալների շտեմարան.

3) ուսումնասիրել և գնահատել պետական մանկատների 2014 թվականին և հաջորդող տարիներին` տվյալ տարվա շրջանավարտների սոցիալական կարիքները և նրանց տվյալները ներառել սույն կետի 2-րդ ենթակետով ձևավորված տվյալների շտեմարանում.

4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված կարգով գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան կազմել շրջանավարտի անհատական սոցիալական ծրագիր.

5) անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում շրջանավարտներին իրենց կարիքներին համարժեք տրամադրվում են՝

ա. իրավաբանական խորհրդատվություն` ուղղված նրանց իրավունքների և օրինական շահերի, մասնավորապես, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, պաշտպանությանը,

բ. մասնագիտական կողմնորոշում և աջակցություն զբաղվածության ապահովմանը` խորհրդատվության տրամադրում ելնելով նրանց գիտելիքներից և նախասիրություններից հետագա կրթության կազմակերպման համար, աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան շահառուի ներգրավում առաջնային մասնագիտական ուսուցման և մասնագիտացման վերապատրաստումների դասընթացներում, ինչպես նաև հաշվի առնելով շահառուի պատրաստվածությունն ու նախասիրությունները, աջակցություն նրա զբաղվածության ապահովման գործում,

գ. ընդգրկում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման ծրագրերում` դրա անհրաժեշտության դեպքում,

դ. աջակցություն բնակելի տարածության կարիք ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառված) շահառուին ժամանակավոր կացարանով ապահովմանը` վարձակալության հիմունքներով բնակվելու դեպքում` ամսական ոչ ավելի, քան 30 հազ. դրամ օգնության տրամադրում` մինչև շրջանավարտի 23 տարեկանը լրանալը,

ե. դրամական օգնություն` տվյալ տարվա շրջանավարտին միանվագ դրամական օգնության տրամադրում` 50 հազ. դրամի չափով,

զ. բնակելի տարածության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով,

է. սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում, որոնք ուղղված են շահառուների հարմարեցմանն ինքնուրույն կյանքին, նրանց միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև սոցիալական այլ հմտությունների և կարողությունների զարգացմանը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Գործակալության պայմանագրի հիման վրա ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) համագործակցում է շահառուի բնակության վայրն սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի, զբաղվածության տարածքային կենտրոնի, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանման, տեղական ինքնակառավարման մարմնի և այլ կազմակերպությունների հետ:

11. Կազմակերպությունը սույն ծրագրի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացնելու համար` համագործակցելով մանկատան աշխատակազմի հետ, նախապատրաստական աշխատանքներն սկսում է դեռևս մանկատանը բնակվող 17 տարեկանը լրացած մանկատան սանի հետ, շրջանավարտին` մանկատնից դուրս գալուց հետո տեղավորելու, կրթական և այլ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

12. Կազմակերպությունը կամ մանկատունն աջակցում է մանկատան սանին` մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ:

(12-րդ կետը փոփ. 03.08.17 N 932-Ն)

13. Սույն ծրագրի 9-րդ կետի 5-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է շրջանավարտին իր 18 տարեկանը լրանալու օրը` փոխանցում կատարելով նրա բանկային հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:

14. Սույն ծրագրի 13-րդ կետով նախատեսված դրամական օգնության տրամադրման հայտ-պահանջագիրը նախարարություն է ներկայացնում կազմակերպությունը կամ մանկատունը` առնվազն մանկատան սանի 18 տարեկանը լրանալու օրվանից 5 աշխատանքային օր առաջ:

(14-րդ կետը լրաց. 03.08.17 N 932-Ն)

15. Սույն ծրագրի 9-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դրամական օգնությունը տրամադրվում է շրջանավարտին անկանխիկ եղանակով, եթե առկա է շրջանավարտի և բնակարանի սեփականատիրոջ միջև կնքված բնակարանի վարձակալության պայմանագիր` պայմանագրում նշված վարձակալության համար նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 30 հազ. դրամ:

16. Սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված վարձակալության պայմանագրի տվյալները ներառվում են շահառուների տվյալների շտեմարանում` պայմանագիրը կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Սույն ծրագրի 15-րդ կետով սահմանված դրամական օգնության վճարման համար կազմակերպությունը`

1) հայտ-պահանջագիրը նախարարություն է ներկայացնում յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 15-ը՝ կցելով այն շահառուների ցուցակը, որոնք նախորդ ամսվա ընթացքում բնակվել են վարձակալության պայմանագրում նշված հասցեում.

2) ցուցակում լրացնում է շահառուի ազգանունը, անունը, բնակության հասցեն, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վարձակալության պայմանագրի համարը, բանկային հաշվի համարը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները.

3) ցուցակին կցվում են նախորդ ամսվա ընթացքում կնքված պայմանագրի լուսապատճենը կամ լուծված պայմանագրի հիմքը:

18. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած չափորոշիչների և կարգի համաձայն:

19. Ծրագրի իրականացման համար կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալները քննարկվում են յուրաքանչյուր տարի` տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

(հավելվածը փոփ., լրաց. 03.08.17 N 932-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2023, N 1007-Ն 23.06.2023, N 1452-Ն
03.08.2017, N 932-Ն 17.08.2017, N 1452-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան