ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2017 թվականի N 926-Ն
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամ:
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
3. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Էդուարդ Ներսիսյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ AP0661492, տրված՝ 15.12.2016 թ-ին, 001-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 3 շենք), պետական գրանցման պահից «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Էդուարդ Ներսիսյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր՝ ՀՀ քաղաքացի, AP0661492, տրված՝ 15.12.2016 թ-ին, 001-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 3 շենք):
5. «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Թվային Հայաստան» հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ.
3) հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. «Թվային Հայաստան» հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. օգոստոսի 8 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Թվային Հայաստան» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար՝ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա հիմնված՝ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորման, թվային ենթակառուցվածքի կենտրոնացված համակարգման և հսկման նպատակ: Հիմնադրամը ծավալում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք), այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, թիմային կառավարման, համագործակցության, թափանցիկության և ներգրավվածության խթանման սկզբունքների հիման վրա:
1.2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
1.3. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադիրը պատասխանատու չէ հիմնադրամի, իսկ հիմնադրամը՝ հիմնադրի պարտավորությունների համար:
1.4. Հիմնադրամի անվանումն է՝
- հայերեն լրիվ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ.
- հայերեն կրճատ՝ «ԹՀՀ».
- անգլերեն լրիվ՝ «Digital Armenia Foսndation».
- անգլերեն կրճատ՝ «DAF».
- ռուսերեն լրիվ՝ Фонд «Цифровая Армения».
- ռուսերեն կրճատ՝ «ФЦА»:
1.5. Հիմնադրամը կարող է ունենալ դրոշմակնիք, ձևաթղթեր և այլ տարբերանշաններ, իր անվանմամբ կլոր կնիք՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով, ինչպես նաև խորհրդանիշ:
1.6. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում նրա լուծարմամբ։ Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում։
1.7. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
1.8. Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և քաղաքացիները:
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Հիմնադրամի նպատակներն են`
2.1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջակցության ցուցաբերումը՝ Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի և դրա հետ առնչվող վարչարարության խնդիրների լուծումներ ներառող միասնական քաղաքականության մշակման, իրականացման գործընթացի, ինչպես նաև նշված ոլորտների աշխատանքային ռեսուրսների, գործառույթների պլանավորման և բյուջետավորման հարցերում,
2.1.2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտում գոյություն ունեցող թվայնացման և այդ ոլորտի ռազմավարությունների, հայեցակարգերի և այլ փաստաթղթերի հավաքագրումը (եթե այդպիսիք առկա են), ամփոփումը և լրամշակմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
2.1.3. Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ թվային օրակարգի՝ ներառյալ դրանց նպատակների և ակնկալվող արդյունքների գործիքակազմի մշակումը և ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,
2.1.4. Հայաստանի Հանրապետության կառավարության համար թվայնացման ոլորտում երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների փաթեթների մշակումը կամ դրանց մշակման հարցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջակցության ցուցաբերումը,
2.1.5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացման իրականացումը և գործընթացի հսկումը,
2.1.6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտում մշակվող թվային օրակարգին վերաբերող ռազմավարությունների, հայեցակարգերի և այլ նմանատիպ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների կազմումը, դրանց իրացման հսկման իրականացումը, արդյունավետության գնահատումն ու ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության թվային օրակարգին վերաբերող երկարաժամկետ ռազմավարությանը և նախաձեռնված բարեփոխումներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով,
2.1.7. Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի և պետական կառավարման էլեկտրոնային կառավարման համակարգերի նկատմամբ միասնական քաղաքականության և պահանջների մշակումը (այդ թվում՝ նաև համակարգերի փոխգործակցելիության) և ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,
2.1.8. Պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը և իրականացումը,
2.1.9. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ներդրվող թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և իրացման գործընթացի ապահովումը,
2.1.10. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովման, ինչպես նաև առաջնահերթությունների և նպատակների ձևավորմանն աջակցությունը,
2.1.11. Թվային օրակարգի և էլեկտրոնային կառավարման ոլորտներում միջազգային համագործակցության համակարգումը և դրանից բխող միջոցառումների իրականացումը,
2.1.12. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում թվային օրակարգից բխող և էլեկտրոնային կառավարման նախագծերի ներդրման գործընթացի համակարգումը՝ այդ թվում՝ տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, փորձագիտական գնահատումը, մրցույթների կազմակերպումը, հաղթող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքի որակի հսկողությունը, վերլուծությունը, գնահատումը ու ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,
2.1.13. Հայաստանի Հանրապետության թվային օրակարգից բխող և էլեկտրոնային կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկների ներկայացումը,
2.1.14. Ներդրված թվային օրակարգի, էլեկտրոնային կառավարման համակարգերի և ընթացակարգերի կիրառման նկատմամբ հսկողության, մշտադիտարկման, գնահատման, ոլորտում ներգրավված անձնակազմի վերապատրաստման մեխանիզմների մշակումը և իրականացումը,
2.1.15. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում թվային օրակարգի և էլեկտրոնային համակարգերի ներդրման համար կարողությունների զարգացումը, այդ թվում՝ յուրաքանչյուր պետական մարմնում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների կարիքի գնահատումը, նոր ռեսուրսների հավաքագրման և առկա ռեսուրսների վերապատրաստման պլանի կազմումը, անհրաժեշտ մասնագետներին ներկայացվող պահանջների մշակումը, պետական մարմինների աշխատակազմերի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների վերապատրաստումը, հավաստագրման գործընթացին աջակցությունը,
2.1.16. Հայաստանի Հանրապետության կառավարության թվային օրակարգի և դրանից բխող բարեփոխումների փաթեթների վերաբերյալ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովումը:
2.2. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:
2.3. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
2.4. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Հիմնադրամի սկզբնական միջոցները ձևավորվում են հիմնադրի կողմից հիմնադրամին փոխանցված գույքից։
3.2. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է։
3.3. Հիմնադրամն ունի սեփականության իրավունքով առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, հրատարակել նյութեր և ունենալ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
3.4. Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով։
3.5. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակների իրագործման համար կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
3.5.1. իրավաբանական և հաշվապահական գործունեություն,
3.5.2. խորհրդատվական գործունեություն կառավարման հարցերով,
3.5.3. գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում,
3.5.4. գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում,
3.5.5. գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն,
3.5.6. մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:
3.6. Տնտեսական գործունեության այն տեսակները, որոնցով զբաղվելը պահանջում է լիցենզիա, հիմնադրամը կարող է իրականացնել միայն տվյալ լիցենզիայի առկայության դեպքում:
3.7. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև՝
3.7.1. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ֆինանսական և նյութական կամավոր ներդրումները, նվիրատվությունները կամ հանգանակությունները,
3.7.2. նվիրաբերությունները,
3.7.3. տնտեսական գործունեությունից ստացված միջոցները,
3.7.4. դրամաշնորհները,
3.7.5. դրամական մուտքերը պետական բյուջեից,
3.7.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ։
3.8. Հիմնադիրը կարող է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել գույք։
3.9. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր կանոնադրական նպատակներին համապատասխան։
3.10. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել հաշվետվություն, որը պետք է տեղեկություններ պարունակի իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում:
3.11. Իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի հիմնադրելու տնտեսական ընկերություններ և (կամ) մասնակից լինելու դրանց, ստեղծելու ներկայացուցչություններ, հիմնարկներ և մասնաճյուղեր: Օտարերկրյա պետություններում հիմնադրամի տնտեսական ընկերությունները, ներկայացուցչություններն ու մասնաճյուղերն ստեղծվում են գտնվելու վայրի երկրի օրենսդրության համաձայն:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
4.1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
4.1.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) և,
4.1.2. հիմնադրամի գործադիր տնօրենը – գլխավոր տեղեկատվական տնօրենը (այսուհետ՝ գործադիր տնօրեն):
4.2. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 9 անդամից:
4.3. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև ի պաշտոնե անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
4.4. Հոգաբարձուների խորհրդի Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անդամի լիազորությունների ժամկետը երկու տարի է:
4.5. Հոգաբարձուների խորհրդի անդամը պարտավոր է՝
4.5.1. պատշաճ կարգով նախապատրաստվել հոգաբարձուների խորհրդի նիստերին, այդ թվում՝
4.5.1.1. նախապես ծանոթանալ նիստի օրակարգին,
4.5.1.2. ուսումնասիրել նիստի գումարման ծանուցմանը կցվող բոլոր նյութերը, այդ թվում՝ առկայության դեպքում, որոշումների նախագծերը,
4.5.2. առանց հարգելի պատճառի չբացակայել հոգաբարձուների խորհրդի նիստերից, իսկ բացակայելու դեպքում նախապես գրավոր տեղեկացնել հոգաբարձուների խորհրդին բացակայության և դրա պատճառների մասին,
4.5.3. հոգաբարձուների խորհրդի նիստից բացակայելու դեպքում ներկայացնել իր գրավոր կարծիքը նիստի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ, եթե դա հնարավոր է,
4.5.4. մասնակցել նիստերի օրակարգում ներառված հարցերի քվեարկությանը,
4.5.5. իր ձայնի իրավունքը չփոխանցել երրորդ անձի, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի նիստի այլ անդամների,
4.5.6. օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկությամբ որոշումների ընդունման դեպքում ժամանակին տրամադրել լրացված քվեաթերթիկը,
4.5.7. սույն կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորությունները կատարել անձամբ, բարեխիղճ և ողջամիտ կերպով,
4.5.8. խուսափել անձնական և հիմնադրամի շահառուների միջև իրական և հնարավոր շահերի բախումներից, հոգաբարձուների խորհրդին տեղեկացնել այդպիսի շահերի բախումների առաջացման կամ դրա հնարավորության մասին,
4.5.9. ժամանակին տեղեկացնել հոգաբարձուների խորհրդին իր՝ սույն կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների կատարմանը խոչընդոտող որևէ հանգամանքի առկայության մասին,
4.5.10. սույն կանոնադրությամբ նախատեսված պարտականությունների իրականացման ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով,
4.5.11. իր լիազորությունների դադարումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ հիմնադրամին վերադարձնել սույն կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները կատարելու բերումով իրեն հիմնադրամի կողմից հանձնված բնօրինակ փաստաթղթերը,
4.5.12. պահպանել հիմնադրամի՝ գաղտնիք կազմող տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել իր՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների իրականացման շրջանակներում, դրանք չհրապարակել, չհաղորդել կամ որևէ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել, բացառությամբ, եթե դա պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
4.5.13. ծանոթանալ հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջև կնքված տեղեկատվության չբացահայտման պայմանագրերի (համաձայնագրերի) դրույթներին և այդ գործընկերների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները պահել գաղտնի այդ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված կարգով:
4.6. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
4.6.1. հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա,
4.6.2. նրա կողմից իր՝ սույն կանոնադրության 4.5-րդ կետով նախատեսված պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով,
4.6.3. եթե դադարել են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
4.6.4. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,
4.6.5. նրա մահվան դեպքում,
4.6.6. եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում,
4.6.7. լրացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անդամի լիազորությունների ժամկետը:
4.7. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում գործադիր տնօրենը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջադրած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
4.8. Հոգաբարձուների խորհրդի լիազորություններն են`
4.8.1. հիմնադրամի գերակայությունների և տարեկան բյուջեի հաստատումը,
4.8.2. հիմնադրամի կողմից մշակված ռազմավարական ծրագրերի և բարեփոխումների փաթեթների հաստատումը,
4.8.3. հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,
4.8.4. հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
4.8.5. հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,
4.8.6. հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
4.8.7. հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,
4.8.8. հիմնադրամի լուծարման հանձնաժողովի նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը,
4.8.9. հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
4.8.10. գործադիր տնօրենի ընտրության և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
4.8.11. սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը,
4.8.12. հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
4.8.13. տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
4.8.14. գործադիր տնօրենի ներկայացմամբ հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի, վարչակազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակի հաստատումը,
4.8.15. հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,
4.8.16. տարեկան մեկ անգամ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը,
4.8.17. իր կողմից ընդունված որոշումների կատարումը վերահսկելը,
4.8.18. օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացման անհրաժեշտության դեպքում հիմնադրամի աուդիտն իրականացնող անձի ընտրությունը։
4.9. Հոգաբարձուների խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հիմնադրամի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին, այդ թվում՝ խորհրդի նախագահը: Հիմնադրամի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
4.10. Գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման հարցերով որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
4.11. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
4.12. Խորհրդի նախագահը՝
4.12.1. կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, խորհրդակցական մարմիններ և հաստատել այդ մարմինների գործունեության կանոնակարգերը,
4.12.2. գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
4.12.3. կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
4.12.4. որոշում է հոգաբարձուների խորհրդի անդամների համակարգման ոլորտները կամ ուղղությունները,
4.12.5. հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ,
4.12.6. հիմնադրամի անունից ստորագրում է աշխատանքային պայմանագիր գործադիր տնօրենի հետ:
4.13. Հոգաբարձուների խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռուստակոնֆերանսի, էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, ներառյալ տվյալ ծրագրային ոլորտը համակարգող նախարարները կամ գերատեսչության ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները` խորհրդակցական ձայնի իրավունքով: Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամների կողմից:
4.14. Եթե կանոնադրությամբ սահմանված ժամկետում հիմնադրամի խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
4.15. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի։
4.16. Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագրով։ Հիմնադրամի անունից նշված պայմանագիրը կնքում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ վերջինիս կողմից լիազորված այլ անձ։
4.17. Հիմնադրամի գործադիր տնօրենը՝
4.17.1. հոգաբարձուների խորհրդի հաստատած կարգին համապատասխան տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,
4.17.2. ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
4.17.3. գործում է առանց լիազորագրի,
4.17.4. տալիս է լիազորագրեր,
4.17.5. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
4.17.6. բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,
4.17.7. հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
4.17.8. տարին մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է հաշվետվություն,
4.17.9. կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը,
4.17.10. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
4.17.11. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների (առկայության դեպքում) ղեկավարներին ու աշխատողներին,
4.17.12. աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
4.17.13. խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հոգաբարձուների խորհրդի նիստերին,
4.17.14. կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ,
4.17.15. իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս խթանում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ներգրավումը, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ է հաստատում համապատասխան շահառուների, իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ:
5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ։
5.2. Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական և այլ հաշվետվություններ համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար։
5.3. Հիմնադրամի ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտ իրականացնող անձի կողմից։
6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6.1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
6.2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
6.3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից: Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
6.4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
6.5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:
7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
7.2. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
7.2.1. հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
7.2.2. իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից,
7.2.3. հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ,
7.2.4. հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները,
7.2.5. հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն,
7.2.6. հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
7.3. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
7.4. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
7.5. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
7.6. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
7.7. Լուծարման հանձնաժողովը հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
7.8. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
7.9. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
7.10. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
7.11. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
7.12. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:
7.13. Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:
7.14. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
7.15. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
7.16. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
7.17. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
7.18. Հոգաբարձուների խորհրդի կողմից սույն կանոնադրության 7.4-րդ, 7.11-րդ և 7.15-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|