ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՇԴ/0123/06/16 |
ՇԴ/0123/06/16 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի |
2016 թվականի դեկտեմբերի 23-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Սեյրան Հմայակի Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հունիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18106416 քրեական գործը:
2016 թվականի հունիսի 25-ին Սեյրան Հմայակի Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Ս.Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Միաժամանակ մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը դիտվել է աննպատակահարմար:
3. Մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 27-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանը:
Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ս.Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչներ՝ Արթուր Գևորգի Խաչատրյանի, Կարեն Համլետի Մարտիրոսյանի, անչափահաս՝ 20.07.1998թ. ծնված Հովհաննես Սեդրակի Մխիթարյանի, Գյումրի քաղաքի բնակչուհի Վարդուշ Սաշայի Շահբազյանի և չպարզված 6 անձանց հետ, մեկ միասնական դիտավորությամբ, իրենց գործողություններով միմյանց լրացնելով իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրել են առողջության համար վտանգավոր բռնություն՝ կապված նրանց կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 5-6):
6. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ փաստել է. «(...) Սեյրան Հմայակի Մարտիրոսյանի (...) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում 2 /երկու/ ամիս ժամանակով: (...) Գրավի կիրառումը դիտել աննպատակահարմար:» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 56):
7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի պատճառաբանական հատվածում պաշտպան Ա.Հայրապետյանը նշել է. «(...) [Առաջին ատյանի] թույլ տրված խախտումները իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա առաջին ատյանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք է (...)», իսկ պահանջի մասում՝ խնդրել. «Վերացնել խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.06.2016թ. որոշումը և Ս.Մարտիրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ առաջին ատյանի դատարանի որոշումը` խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասով, ենթակա չէ բեկանման, գրավն անթույլատրելի ճանաչելու մասով բեկանել, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել թույլատրելի (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 68):
8. Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(…) Ինչպես երևում է ներկայացված վերաքննիչ բողոքի տեքստից, դրա հեղինակը նշել է. «[Վ]երացնել խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2016թ. որոշումը և Ս.Մարտիրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից/…/»:
[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի] բովանդակությունից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատական ակտը վերացնելու լիազորությամբ օժտված չէ:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքով ներկայացվել է այնպիսի պահանջ, որը լուծելու լիազորությամբ դատարանն օժտված չէ, ուստի գտնում է, որ նման պայմաններում բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև պահանջը` ստորադաս դատարանի դատական ակտը վերացնելու վերաբերյալ, քննության առարկա չեն կարող դառնալ (…)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 32-33):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 41-րդ, 55-րդ, 283-րդ, 285-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածների պահանջների խախտում:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ձևական նկատառումներով հրաժարվել է քննության առնել Ս.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված կալանավորման հիմնավորվածության և օրինականության հարցը: Մասնավորապես՝ ըստ բողոքի հեղինակի՝ նշյալ հարցը քննարկման առարկա չի դարձվել միայն վերաքննիչ բողոքի պահանջում նշված ձևակերպման պատճառով: Բողոքի հեղինակի կարծիքով՝ այս կերպ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, քանի որ վերաքննիչ բողոքի բովանդակությունից դատարանի համար ակնհայտ է եղել, որ ներկայացվել է պահանջ՝ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերացնելու, իսկ դատական ակտի բեկանման պահանջը բազմիցս շեշտվել է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում:
Բողոքաբերը նշել է նաև, որ «վերացում» եզրույթը միանշանակ նույնական է իրավակիրառ պրակտիկայում գործածվող «բեկանում» տերմինին, քանի որ բեկանման դեպքում ևս այդ դատական ակտը դադարում է գոյություն ունենալ որպես իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ:
10. Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն ամեն դեպքում պետք է մերժեր կալանավորման միջնորդությունը, քանի որ դատարանում միջնորդությունը պաշտպանել է ոչ իրավասու քննիչը:
Այսպես` ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանին գործով մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել քննչական խմբի ղեկավար Խ.Նազարյանը, հետևաբար ներկայացված միջնորդությունը դատարանը պետք է քննության առներ վերջինիս մասնակցությամբ, մինչդեռ միջնորդության քննարկմանը մասնակցել է քննչական խմբի անդամ Շ.Իկիլիկյանը, որը թեև նշված քրեական գործով նախաքննություն իրականացնելու համար կազմված քննչական խմբի անդամ է, սակայն Առաջին ատյանի դատարանին չի ներկայացրել քննչական խմբի ղեկավար Խ.Նազարյանի կողմից ներկայացված միջնորդության քննարկմանը մասնակցելու համար վերջինիս կողմից լիազորված լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց: Հետևաբար բողոքի հեղինակի կարծիքով՝ քննիչ Շ.Իկիլիկյանի` քննչական խմբի անդամ հանդիսանալու հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ, 285-րդ հոդվածներում առկա իրավակարգավորումների պայմաններում բավարար չէր կարող համարվել նրան՝ որպես միջնորդություն ներկայացրած անձ կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի ներկայացուցիչ համարելու, հետևաբար նաև` որպես միջնորդության քննարկման պատշաճ մասնակից դիտարկելու համար:
11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները, և մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել` նրան անհապաղ ազատ արձակելով կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցն հետևյալն է. օրինական և հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի պահանջում առկա թերի ձևակերպման հետևանքով մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննարկման առարկա չդարձնելը:
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր առջև բարձրացված իրավական հարցի էությանն անդրադարձել է նույնական փաստական հանգամանքներով մեկ այլ՝ Լ.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը.«(…) [«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածների 1-ին մասերի] վերլուծությունից բխում է, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից մեկն է: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը:
(…)
(…)[Դ]ատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները (…):
(…) [Ք]րեական վարույթի համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից դատարանի մատչելիության իրավունքը հավասարապես կիրառելի է անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու իրավունքի նկատմամբ: Վերջինս պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձը ողջամիտ սահմանափակումների պայմաններում պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի ազատության և դատարանի մատչելիության իրավունքները (տե՛ս Լևոն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 11-13-րդ կետերը):
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2 ամիս ժամկետով կալանավորումը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի պահանջի մասում մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանը, ի թիվս այլնի, խնդրել է վերացնել խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ս.Մարտիրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում ներկայացվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու պահանջ, որը լուծելու լիազորությամբ վերջինս օժտված չէ: Արդյունքում ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել պաշտպան Ա.Հայրապետյանի՝ մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի օրինականությանը, հիմնավորվածությանը վերաբերող վերաքննիչ բողոքում բերված հիմքերն ու հիմնավորումները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված և Լ.Հարությունյանի վերաբերյալ նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի` Ս.Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորման կիրառման հիմքերը և հիմնավորումները քննության առարկա չդարձնելու պատճառաբանությունը` կապված այդ բողոքի պահանջի ձևակերպման հետ, չի կարող համարվել իրավաչափ, քանի որ վերջինիս դատական պաշտպանության իրավունքի իրացումը բողոքի պահանջում առկա թերի ձևակերպումների (բողոքաբերը խնդրել էր «վերացնել» Առաջին ատյանի դատարանի որոշումը) հիմնավորմամբ սահմանափակելը կրում է ձևական բնույթ: Վերջինի մասին է վկայում նաև այն, որ մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանն իր վերաքննիչ բողոքում փաստել է նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտը «բեկանելու» պահանջի մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերոգրյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դրսևորած մոտեցումը հանգեցրել է Ս.Մարտիրոսյանի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու այնպիսի սահմանափակման, որի արդյունքում նրա քննարկվող իրավունքը դարձել է վերացական և պատրանքային՝ խախտելով գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը: Արդյունքում թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում:
16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի պահանջում առկա թերի ձևակերպման հետևանքով մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննարկման առարկա չդարձնելը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա հաշվի առնելով այն, որ դրանց Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել, ինչպես նաև նկատի ունենալով սույն որոշմամբ արձանագրված խախտումների բնույթը՝ Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում այդ փաստարկներին անդրադառնալ միայն նշյալ խախտումները վերացնելուց հետո:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, այդ թվում՝ բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկները, և արդյունքում կայացնի համապատասխան որոշում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Սեյրան Հմայակի Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 27-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|