ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱԴԴ/0005/15/16 |
ԵԱԴԴ/0005/15/16 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Լ. թԱԴևՈՍՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` պաշտպան |
Կ. Պողոսյանի |
2016 թվականի դեկտեմբերի 23-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ դատապարտյալ Վահան Արայի Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Վահան Արայի Թորոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ` 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 17-ի որոշմամբ վերը նշված դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
2. 2016 թվականի հուլիսի 4-ին դատապարտյալ Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանը դիմում է ներկայացրել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով Վ.Թորոսյանի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը համարել հարգելի, իսկ դատարանի դատավճռով նշանակված փորձաշրջանը համարել կրած:
3. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի դիմումը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի օգոստոսի 24-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Թորոսյանի նկատմամբ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով` Վ.Թորոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով զորամասի հրամանատարության, իսկ զորացրվելուց հետո` ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ նաև ԱՆ) քրեակատարողական վարչության (այսուհետ՝ նաև ՔԿՎ) այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա` փորձաշրջանի սկիզբը հաշվելով զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից (տե՛ս նյութեր, թերթեր 17-29):
7. 2015 թվականի ապրիլի 10-ին Վ.Թորոսյանը հաշվառման է վերցվել ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նաև ՊՆ) 60913 զորամասի հրամանատարության կողմից, որի վերաբերյալ հիշյալ զորամասի հրամանատարը գրավոր տեղեկացրել է դատավճիռը կայացրած դատարանին (տե՛ս նյութեր, թերթեր 8, 10): 2015 թվականի հունիսի 27-ին Վ.Թորոսյանն արձակվել է պահեստազոր (տե՛ս նյութեր, թերթ 6):
8. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի՝ 2016 թվականի մայիսի 31-ի գրության համաձայն` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Վ.Թորոսյանի պատժի կրման և պատժից ազատման վերաբերյալ տեղեկություն առկա չէ (տե՛ս նյութեր, թերթ 13):
8.1. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի` 2016 թվականի հունիսի 28-ի գրության համաձայն` Վ.Թորոսյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի որևէ բաժանմունքում չի հաշվառվել (տե՛ս նյութեր, թերթ 12):
9. 2016 թվականի հուլիսի 4-ին պաշտպան Կ.Պողոսյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով Վ.Թորոսյանի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը համարել հարգելի և դատարանի դատավճռով նշանակված փորձաշրջանը համարել կրած (տե՛ս նյութեր, թերթեր 2-3):
9.1. Առաջին ատյանի դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելով Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի դիմումը, իր՝ 2016 թվականի հուլիսի 19-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ հիշյալ իրավանորմը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ դրա՝ դատարանի կողմից սահմանված փորձաշրջանը կրած համարելու կառուցակարգ չի բովանդակում: Ավելին` նման իրավակարգավորում նախատեսված չէ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ բաժնի 49-րդ գլխում, որտեղ օրենսդիրը հստակ սահմանել է դատավճռի կամ որոշման ի կատար ածման փուլում դատարանի կողմից քննարկվող հարցերի շրջանակը և ընթացակարգը:
(…) [Հ]աշվի առնելով, որ դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ դրա` դատարանի դատավճռով նշանակված փորձաշրջանը կրած համարելու իրավասությամբ դատարանը ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով լիազորված չէ` դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի դիմումն անհիմն է և ենթակա է մերժման (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 39-42):
10. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր՝ 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշման շրջանակներում փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանն ըստ էության ընդունում է Առաջին ատյանի դատարանի փաստարկն առ այն, որ դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այդ կերպ դատավճռով նշանակված փորձաշրջանը կրած համարելու նյութաիրավական հիմք և դատավարական ընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, և համապատասխան լիազորություն դատարանը չունի:
Հետևապես (…) Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ է և հիմնավոր (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 76-79):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վ.Թորոսյանը ՀՀ ՊՆ 60913 զորամասում հաշվառման է վերցվել 2015 թվականի ապրիլի 10-ին: Դատավճռով սահմանված հսկողությունը զորամասում կատարվել է զորամասի հրամանատարության կողմից` մինչև 2015 թվականի հունիսի 27-ը` Վ.Թորոսյանի զորացրումը:
Բողոք բերած անձը նշել է, որ Վ.Թորոսյանի ծառայության ավարտից հետո զորամասի հրամանատարությունը, դրսևորելով անգործություն, դատապարտյալի անձնական գործը ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժին չի ուղարկել, և դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողություն զորացրվելուց հետո չի իրականացվել, որի հետևանքով Վ.Թորոսյանը զրկվել է դատվածության մարման մասին տեղեկանք ստանալու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված` Վ.Թորոսյանի աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքների խախտման: Մասնավորապես՝ ըստ բողոքաբերի՝ Վ.Թորոսյանը, 2016 թվականի մայիս ամսին ցանկանալով ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում, դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն աշխատանքի ընդունման մասին դիմումը մերժվել է, քանի որ Վ.Թորոսյանն ունի դատվածություն:
Բողոքաբերը փաստել է նաև, որ ինչպես Առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշումներն անհիմն են և ենթակա են բեկանման, քանի որ անկախ այն փաստից` շարունակվել է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը, թե ոչ, Վ.Թորոսյանի դատվածությունը պետք է համարվի մարված՝ փորձաշրջանի ժամկետը լրանալու փաստով:
12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը:
15. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: (...) Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մաuնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի uույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիuկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապեu գործող անձի կողմից.
բ) ապահովել, որպեuզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիuի պաշտպանության իրավունք uահմանվի դատական, վարչական կամ oրենuդրական իրավաuու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեuված այլ իրավաuու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ) ապահովել իրավաuու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները`
- իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որն իրավական պետությունում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ,
- անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս, ինչը ենթադրում է մի դեպքում` օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից` իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից. նշված պահանջն առաջին հերթին վերաբերում է դատական իշխանությանը, որն օժտված է իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով, անկախ է բոլոր այլ մարմիններից և պարտավոր է վերահսկել իշխանության մյուս ճյուղերին պատկանող բոլոր մարմինների կողմից իրավաչափ գործելու իրենց պարտականության կատարումը՝ վերացնելով այդ մարմինների այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնք խախտում են անձանց սուբյեկտիվ իրավունքները կամ, այլ կերպ, ոտնձգում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավակարգի դեմ,
- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի պահպանման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 և 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշումների 6-րդ կետերը, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 7-րդ կետը):
16. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
(…)
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով (…)»:
Մինչև 2016 թվականի հունիսի 18-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` «Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն`
«1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը, իսկ զինծառայողի նկատմամբ` նրա զորամասի հրամանատարությունը փորձաշրջանի ընթացքում իրականացնում է անձի անհատական հաշվառում, համապատասխան ծառայությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերահսկողություն է իրականացնում այդ անձի կողմից հասարակական կարգը պահպանելու և դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ (…)»:
Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն` «1. Փորձաշրջանը հաշվարկվում է դատապարտյալին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում, իսկ զինծառայողին՝ նրա զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է փորձաշրջանի ավարտից հետո, և նա հանվում է հաշվառումից»:
«Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1221-Ն որոշման հավելվածի համաձայն՝ «(…) 7. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանումների կողմից զորակոչիկի վերաբերյալ զինկոմիսարիատ ուղարկված` վերահսկողություն իրականացնելու համար սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հրամանատարը զինծառայողի վերաբերյալ կազմում է անձնական գործ (…):
(…)
8. Հրամանատարը զինծառայողի անունով լրացնում է հաշվառման քարտ (…):
9. Հրամանատարը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի` զինծառայողի բնակության վայրի բաժանմունքին հայտնել դրա մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին: (…)
(…)
16. Զինծառայողը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`
(…)
5) ծառայության վայրը փոխվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելիս:
(…)
Զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում զինծառայողների անձնական գործերը և հաշվառման քարտերն ուղարկվում են նրանց բնակության վայրերի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունքներ: Զինծառայողի բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է հրամանատարին (…)»:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշման հավելվածի համաձայն` «51.Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը:
(…)
Զորամասի հրամանատարությունը դատապարտյալին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է բաժանմունքին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:
Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով:
(…)
58. (…) Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո բաժանմունքի ծառայողը դատապարտյալին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք (…) և այդ մասին հայտնում ոստիկանություն (…)»:
16.1. Մեջբերված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ընթացքում զինծառայողի վարքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը, որը պարտավոր է զինվորական ծառայությունից զինծառայողի արձակվելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի զինծառայողի բնակության վայրի բաժանմունքին (ներկայումս` պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին) հայտնել զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին: Ավելին՝ զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում նույն մարմնին զորամասի հրամանատարությունը պետք է ուղարկի զինծառայողի անձնական գործը և հաշվառման քարտը: Ընդ որում, այդ դեպքում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի համապատասխան բաժանմունքը դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ընդհանուր հիմունքներով, իսկ վերահսկողության իրականացման ավարտից հետո դատապարտյալին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք՝ այդ մասին հայտնելով ՀՀ ոստիկանությանը:
17. ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:
(…)
4. Դատվածությունը մարվում է՝
1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.
(…)
8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու` դատավորի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար»:
Վճռաբեկ դատարանը Ա.Շաքարյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «դատվածությունն անձի յուրահատուկ իրավական դրությունն է, որն առաջանում է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից և տևում է մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը: (…) [Ք]րեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու և մարելու կարգ, որի դեպքում վերացվում են դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները» (տե՛ս Արտաշ Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 14-րդ կետը):
17.1.Վերահաստատելով և զարգացնելով Ա.Շաքարյանի գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատվածությունն անձի այնպիսի իրավական դրությունն է, որը ծագում է կատարված հանցագործության համար նրա դատապարտման փաստով և պայմանավորում է այդ անձի համար որոշակի բացասական իրավական հետևանքների առաջացումը: Դատվածությունը պետության և դատապարտված անձի միջև ծագող յուրահատուկ քրեաիրավական հարաբերություն է, որի էությունը տվյալ անձի համար որոշակի սահմանափակումներ կամ պարտականություններ սահմանելն է, որպիսիք բխում են անձի դատվածության փաստից` օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ սոցիալական հսկողության և ուղղման պոզիտիվ արդյունքների ամրագրման նկատառումներով: Նման իրավահարաբերության բովանդակությունը կազմող քրեաիրավական բնույթի բացասական հետևանքները ծագում են անձի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում. դատվածությունը հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս: Այն կարող է նաև արգելք հանդիսանալ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու համար:
Դատվածության ընդհանուր իրավական հետևանքները վերաբերում են, ի թիվս այլնի, նաև աշխատանքային իրավունքին: Իրավական մի շարք ակտերով դատվածության առկայության հանգամանքն արգելք է անձի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու համար: Մինչդեռ դատվածությունը հանելը կամ մարելը, ինքնաբերաբար վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Ընդ որում, դատվածության մարումը, ի տարբերություն դատվածության հանման, մեխանիկական գործընթաց է և ենթադրում է պատիժը կրելուց հետո օրենքով սահմանված ժամկետները լրանալուց, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո դատվածության իրավական հետևանքների վերացում և չեզոքացում:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Թորոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Դատական ակտով Վ.Թորոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է զորամասի հրամանատարության, իսկ զորացրվելուց հետո` ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա` փորձաշրջանի սկիզբը հաշվելով զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):
2015 թվականի ապրիլի 10-ից Վ.Թորոսյանը ՀՀ ՊՆ 60913 զորամասի հրամանատարության կողմից վերցվել է հաշվառման, իսկ 2015 թվականի հունիսի 27-ին` արձակվել է պահեստազոր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի՝ 2016 թվականի մայիսի 31-ի գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Վ.Թորոսյանի պատժի կրման և պատժից ազատման վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի՝ 2016 թվականի հունիսի 28-ի գրության՝ Վ.Թորոսյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի որևէ բաժանմունքում չի հաշվառվել (տե՛ս սույն որոշման 8-8.1.-րդ կետերը):
Կ.Պողոսյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով Վ.Թորոսյանի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը համարել հարգելի և դատարանի դատավճռով նշանակված փորձաշրջանը համարել կրած (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, իսկ վերջինիս կողմից կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս նաև Վերաքննիչ դատարանը Կ.Պողոսյանի դիմումը մերժել են՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Որպես հիմնավորում նշվել է, որ դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այդ կերպ դատավճռով նշանակված փորձաշրջանը կրած համարելու նյութաիրավական հիմք և դատավարական ընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, և համապատասխան լիազորություն դատարանը չունի (տե՛ս սույն որոշման 9.1.-րդ և 10-րդ կետերը):
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-16.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերից երևում է, որ զինծառայող Վ.Թորոսյանին 2015 թվականի ապրիլի 10-ին հաշվառման վերցրած ՀՀ ՊՆ 60913 զորամասի հրամանատարությունը, չպահպանելով ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1221-Ն որոշմամբ սահմանված պահանջները, Վ.Թորոսյանին զինվորական ծառայությունից արձակելիս, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով սահմանված փորձաշրջանի ժամկետը լրացած չլինելու պայմաններում, նրա անձնական գործը և հաշվառման քարտը վերջինիս բնակության վայրի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունք չի ուղարկել: Արդյունքում Վ.Թորոսյանի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողություն չի իրականացվել, այլ կերպ՝ վերջինս ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից հաշվառման չի վերցվել, հետևաբար նաև դատավճռով սահմանված փորձաշրջանի ժամկետը փաստացի ավարտվելուց հետո նրան չի տրվել ՀՀ կառավարության նշյալ որոշմամբ նախատեսված պատժից ազատվելու մասին տեղեկանք: Վերոնշյալի հետևանքով Վ.Թորոսյանը շարունակվել է համարվել դատվածություն ունեցող (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ինչը վերջինիս համար առաջացրել է իրավական բնույթի բացասական հետևանքներ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
19.1. Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ, ինչպես նաև նկատի ունենալով սույն որոշման 15-րդ, 17-17.1-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված փորձաշրջանի ընթացքում Վ.Թորոսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը չի շարունակվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով, ուստի սահմանված փորձաշրջանի ժամկետը փաստացի ավարտված լինելը սույն գործով հիմք է փորձաշրջանն իրավունքի ուժով (ex jure) անցած համարելու համար: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դիրքորոշման հիմքում ընկած է ինչպես անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության իրացվելիության, այնպես էլ հիշյալ հիմնարար իրավունքը վերացական ու պատրանքային հիմնադրույթի չվերածելու անհրաժեշտությունը:
20. Հիմք ընդունելով վերոնշյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Թորոսյանի պաշտպան Կ.Պողոսյանի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերն իրավաչափ չեն:
21. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է: Միևնույն ժամանակ ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և դատապարտյալ Վահան Արայի Թորոսյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով սահմանված 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջանը համարել անցած:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վահան Արայի Թորոսյանի վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի օգոստոսի 24-ի որոշումները բեկանել և պաշտպան Կ.Պողոսյանի դիմումը բավարարել` դատապարտյալ Վահան Արայի Թորոսյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով սահմանված 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջանը համարել անցած:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Լ. Թադևոսյան |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |