Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.14/44(1319).1 Հոդ.717.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
2017 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝

Գ. Խանդանյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի առկայության մասին Արմեն Ստամբոլցյանը որևէ ձևով տեղեկացված չի եղել, չի ստացել որևէ ծանուցում, հետևաբար տեղյակ չի եղել կայացված դատական ակտի մասին և միայն իր ներկայացուցչի կողմից կատարված հարցման արդյունքում, այն է՝ 04.03.2016 թվականին ստանալով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տրված միասնական տեղեկանքը, պարզել է, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող, Արմեն Ստամբոլցյանին համասեփականության իրավունքով պատկանող տան բաժնեմասի նկատմամբ կիրառված է արգելանք, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն գործի շրջանակներում 24.11.2014 թվականի վճռի մասին տեղեկանալու պահից անմիջապես հետո` 16.03.2016 թվականին ներկայացնելու վերաքննիչ բողոք:

Բացի այդ, սնանկության դիմումի հիմքում Համայնքը դրել է Արմեն Ստամբոլցյանի կողմից Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ օրենքով սահմանված գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու՝ գույքահարկը չվճարելու փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու վճռի կայացման պահին վերջինիս Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը չի եղել, հետևաբար գույքահարկ վճարելու պարտավորություն չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Թեև Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոքում նշել է, որ հարկման օբյեկտ հանդիսացող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը և հողամասը 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի հիմքով օտարվել են, այնուհանդերձ, 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի իրականացվել, այսինքն` հարկման օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի և հողամասի սեփականատերը մինչ օրս Արմեն Ստամբոլցյանն է:

Ավելին, 03.06.2016 թվականին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «05.05.2014 թվականի կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 09.06.2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Գործի քննությամբ պարզվել է, որ վերադասության կարգով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.03.2015 թվականի որոշմամբ վերացվել է «05.05.2014 թվականի կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին» որոշումը, և աճուրդով հաղթող ճանաչված «Էդշին» ՍՊԸ-ին է վերադարձվել Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի համար վճարված 85.729.994 ՀՀ դրամը: Արդյունքում ՀՀ վարչական դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համայնքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-11):

2) Դատարանը, պարզելով, որ 03.09.2014 թվականին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմում, դիմումին կից փաստաթղթերի պատճեններ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հետ է վերադարձվել դատարան, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, 17.09.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ նույն օրը տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի (այսուհետ` Ծառայություն) ավագ հարկադիր կատարող Ա. Բունիաթյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 15.10.2014 թվականի որոշման համաձայն` Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 23.09.2014 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Արմեն Ստամբոլցյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր և ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան համասեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 61):

4) Սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից Դատարանին 31.10.2014 թվականին ներկայացված միջանկյալ հաշվետվության համաձայն` «…25.10.2014 թվականին գույքագրման նպատակով եղա պարտապան Ա. Ստամբոլցյանի հաշվառման հասցեում` Երևանի Աղբյուր Սերոբի 2ա շենքի 39 բնակարանում: Վերոնշյալ հասցեում հաշվառված, բնակվող Արթուր Նասոյանը բանավոր տեղեկացրեց, որ Ա. Ստամբոլցյանը բացակայում է հանրապետությունից, և ինձ տրամադրեց պարտապանի հեռախոսահամարը…» (հատոր 1-ին, գ.թ. 68):

5) Պարտապան Արմեն Ստամբոլցյանին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցք, տուն թիվ 2 և Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 18-րդ շենքի թիվ 52 բնակարան հասցեներով Դատարանի կողմից 21.10.2014 և 03.11.2014 թվականներին ուղարկվել են դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել (հատոր 1-ին, գ.թ. 62-65, 70-72):

6) Դատարանը, հիմք ընդունելով, որ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել, և կատարողական վարույթն ավարտվել է, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի համաձայն, 21.10.2014 և 03.11.2014 թվականների գրություններով ծանուցում է ուղարկել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության (գտնվելու) վայրի` Երևանի Էրեբունի վարչական շրջանի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին` Արմեն Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 66, 73):

7) Դատարանի 03.11.2014 թվականի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` պարզելու պարտապան Արմեն Ստամբոլցյանի բնակության (հաշվառման) վայրի վերաբերյալ տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 76-78):

8) Դատարանին հասցեագրված՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 27.10.2014 թվականի N24/1-5/122/5102 գրությամբ հայտնվել է, որ Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 67):

9) Դատարանին հասցեագրված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 10.11.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ Արմեն Ստամբոլցյանի` ծնված 15.11.1965 թվականին, հաշվառման վայրի հասցեն է` քաղաք Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Համբարձումյան փողոց, 18-րդ շենք, բնակարան թիվ 52, հաշվառված է՝ 11.09.2008 թվականին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013 թվականին` 004-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 79-80):

10) Դատարանին հասցեագրված՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 11.11.2014 թվականի N25/01-4/4954 գրությամբ նշվել է, որ ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18-րդ շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ, և հնարավոր չի եղել դատական նիստի մասին ծանուցել Արմեն Ստամբոլցյանին (հատոր 1-ին, գ.թ. 82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցման հարցին, ինչպես նաև վերջինիս պատշաճ չծանուցելու դեպքում` կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման իրավական խնդրին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ և նպատակ ունի ապահովելու սնանկ ճանաչվող պարտապանի մասնակցությունը սնանկության վարույթին՝ դրանով իսկ երաշխավորելով սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչվող պարտապանի՝ օրենքով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ՝ վիճարկելու սնանկության հիմքերը, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական և կոնվենցիոն դրույթներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ, ըստ էության, կիրառելի են որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ մորատորիումը և այլն), միաժամանակ հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթը կարող է հանգեցնել սնանկ ճանաչվող պարտապանի՝ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս գալուն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելու ընթացակարգը: Այսպես՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Օրենսդիրը միաժամանակ պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսել է հետևյալ ընթացակարգերը.

ա/ ընդհանուր կարգը, երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը,

բ/ պարզեցված կարգը, երբ պարտապանը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Ընդ որում, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Հատկանշական է, որ դատավորը 10-րդ օրը, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում, քանի որ նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար, եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը, դիմելով դատարան, պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ: Դատարանը, պարզելով, որ 03.09.2014 թվականին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմում, դիմումին կից փաստաթղթերի պատճեներ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հետ են վերադարձվել դատարան, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Պարտապանի և նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին» 17.09.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ նույն օրը տրվել է կատարողական թերթ: Ծառայության «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 15.10.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 23.09.2014 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Որոշմամբ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Արմեն Ստամբոլցյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր և ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան համասեփականատեր:

Համաձայն սույն գործում առկա՝ սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից 31.10.2014 թվականին Դատարան ներկայացված միջանկյալ հաշվետվության` «…25.10.2014 թվականին գույքագրման նպատակով եղա պարտապան Ա. Ստամբոլցյանի հաշվառման հասցեում` ք. Երևան, Աղբյուր Սերոբի 2ա շենքի 39 բնակարանում: Վերոնշյալ հասցեում հաշվառված, բնակվող Արթուր Նասոյանը բանավոր տեղեկացրեց, որ Ա. Ստամբոլցյանը բացակայում է հանրապետությունից և ինձ տրամադրեց պարտապանի հեռախոսահամարը….»: Հետագայում Դատարանի կողմից 21.10.2014 և 03.11.2014 թվականներին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցք, տուն թիվ 2 և Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 18-րդ շենք, բնակարան թիվ 52 հասցեներով ուղարկվել են սնանկության դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

Դատարանը, կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը և դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ «պարտապանին նրա վերջին հայտնի բնակության վայրերի հասցեներով ծանուցումներն ուղարկելուց հետո 9 օրվա ընթացքում Արմեն Ստամբոլցյանը չի վիճարկել իր սնանկությունը, իսկ դատարան ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերն ու հատկանիշները, հետևաբար Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պետք է ճանաչել սնանկ»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ Դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները` պարտապանի ծանուցումն ապահովելու վերաբերյալ, և այն պարագայում, երբ անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, Դատարանը, «իրավացիորեն առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, վճիռ է կայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին»:

Մինչդեռ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի ընթացքում, անցում կատարելով սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգին, 31.10.2014 թվականին սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից ստացել է միջանկյալ հաշվետվություն, որում առկա է եղել տեղեկություն՝ Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ, որպիսի պայմաններում Դատարանը, ելնելով յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիքներից, պետք է միջոցներ ձեռնարկեր սնանկության դիմումի մասին ծանուցումն իրականացնելու նաև համաձայն հաշվետվության մեջ նշված տեղեկության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակից պարտապանը սույն գործի առկայության մասին որևէ ձևով տեղեկացված չի եղել, չի ստացել որևէ ծանուցում, հետևաբար տեղյակ չի եղել կայացված դատական ակտի մասին, ինչի արդյունքում հնարավորություն չի ունեցել իրականացնելու սնանկության վարույթում իրեն վերապահված իրավունքները:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չապահովելով սնանկ ճանաչված պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված նյութական իրավունքի նորմերի (տվյալ դեպքում սնանկության հիմքերի) խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքի նման եղանակով սահմանափակման պայմաններում հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ սնանկության վարույթի ընթացքում Ծառայության ավագ հարկադիր կատարող Ա. Բունիաթյանի կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր է հանդիսանում Արմեն Ստամբոլցյանը, այնուամենայնիվ, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ հասցեի անշարժ գույքը հանդիսացել է որպես ձավարեղենի արտադրամաս, հետևաբար այն չէր կարող հանդիսանալ որպես պարտապանի հաշվառման կամ բնակության վայր:

Միաժամանակ սույն որոշման իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև գործի քննության ընթացքում ընդդատության կանոնների պահպանմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Արմեն Ստամբոլցյանի հաշվառման հասցեն Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 18-րդ շենքի թիվ 52 բնակարանն է, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում, հետևաբար հայցը ենթակա էր հարուցման Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ավելին` Դատարանը, Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի ընթացքում անցում կատարելով սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգի, 31.10.2014 թվականին սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից ստացել է միջանկյալ հաշվետվություն, որում առկա է եղել տեղեկություն` Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ, որպիսի վայրը ևս գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

  Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան