Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.14/44(1319).1 Հոդ.717.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-3080

Քաղաքացիական գործ թիվ 07-3080
2017 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան  

Դատավորներ՝

Գ. Մատինյան

  Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռեհան Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռեհան Թովմասյանի և Հայկ Հարությունյանի ընդդեմ «Կանազ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) լուծարային հանձնաժողովի` բնակարան կամ դրան համարժեք գումար հատկացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռեհան Թովմասյանը և Հայկ Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանն իրենց հատկացնել երեք սենյականոց բնակարան կամ դրան համարժեք փոխհատուցում` 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 19.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան), վերստին քննելով սույն քաղաքացիական գործը, 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Ռեհան Թովմասյանի միջնորդությունը մերժվել է և վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.03.2017 թվականի որոշմամբ Ռեհան Թովմասյանի բերած վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացվել է. Ռեհան Թովմասյանի միջնորդությունը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչվել է հարգելի և բաց թողնված ժամկետը վերականգնվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ Ռեհան Թովմասյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռեհան Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը   

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն առանց համապատասխան ապացույցների առկայության սխալմամբ հաստատված է համարել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Ընկերությունը լուծարված է: Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրության համաձայն` Ընկերության լուծարման վերաբերյալ գրառում պետական ռեգիստրում չի կատարվել: Հետևաբար սույն գործով ներկայացված հայցը չէր կարող մերժվել Ընկերության լուծարված լինելու հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստը.

Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 10.10.1991 թվականի թիվ 20/41 որոշման համաձայն` հաստատվել է «Հայմասշինպոլիմեր» ՆՇՄ-ի ադմինիստրացիայի և արհկոմի 02.08.1991 թվականի համատեղ որոշումը` Ֆուրմանով-Գվարդիականներ (ներկայիս Մամիկոնյանց-Ադոնց) փողոցների հատվածում կառուցվելիք ալյումինի գործարանի թիվ 14 բնակելի շենքի 4-րդ հարկի թիվ 26 երեք սենյականոց բնակարանը Ռեհան Թովմասյանի ընտանիքի 4 անդամներին հատկացնելու մասին (գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները   

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ
հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ի՞նչ ապացույցի միջոցով դատարանը կարող է հաստատված համարել բաժնետիրական ընկերության լուծարված լինելու փաստը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` նույն օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին (...) համապատասխան սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնետիրական ընկերություն (...) է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լուծարումն ընկերության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաժնետիրական ընկերության` որպես առևտրային իրավաբանական անձի իրավական վիճակի, նրա ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգի հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորված են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ առավել մանրամասն կերպով` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ բաժնետիրական ընկերության լուծարումն այդ իրավաբանական անձի գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 13-րդ կետի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ինչպես իրավաբանական անձանց մյուս տեսակների, այնպես էլ բաժնետիրական ընկերությունների լուծարումը ենթակա է պետական գրանցման: Ընդ որում, բաժնետիրական ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, լուծարման պետական գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը: Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնետիրական ընկերության լուծարված լինելու փաստը դատարանը կարող է հաստատել միայն իրավաբանական անձանց ստեղծման և դադարման պետական գրանցում իրականացնող իրավասու մարմնի կողմից տրամադրված համապատասխան ապացույցի հիման վրա, որը տեղեկություններ է պարունակում տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման առկայության մասին: Այլ կերպ ասած` բաժնետիրական ընկերության լուծարված լինելու փաստի հաստատման համար միակ թույլատրելի ապացույցն իրավաբանական անձանց ստեղծման և դադարման պետական գրանցում իրականացնող իրավասու մարմնի կողմից տրամադրված համապատասխան տեղեկությունն է այդ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման մասին: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ ներկայումս գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված այն իրավակարգավորումը, որի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Սույն գործով Դատարանը 19.07.2007 թվականի վճռով Ռեհան Թովմասյանի և Հայկ Հարությունյանի հայցը մերժել է` պատճառաբանելով, որ Ընկերությունը լուծարվել է և չունի իրավահաջորդ:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության քննելով սույն քաղաքացիական գործը, 15.10.2007 թվականի վճռով Ռեհան Թովմասյանի և Հայկ Հարությունյանի հայցը կրկին մերժել է` ըստ էության հիմք ընդունելով այն պատճառաբանությունը, որ Ընկերությունը լուծարված է և չունի իրավահաջորդ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի կրկնակի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է վճիռ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով վճիռ կայացնելիս պարտավոր էր գնահատել գործում առկա ապացույցները և դրա հիման վրա որոշել գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն փաստի հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը լուծարված է և չունի իրավահաջորդ: Մինչդեռ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ առ այն, որ Վերաքննիչ դատարանի վճռի կայացման պահին` 15.10.2007 թվականին, Ընկերությունը լուծարված է եղել, քանի որ այդ փաստը կարող էր հաստատվել միայն իրավաբանական անձանց ստեղծման և դադարման պետական գրանցում իրականացնող իրավասու մարմնի կողմից տրամադրված համապատասխան ապացույցի հիման վրա, որը տեղեկություններ է պարունակում տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման առկայության մասին: Այսինքն` Ընկերության լուծարված լինելու փաստի հաստատման համար միակ վերաբերելի ապացույցը` տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման մասին իրավասու պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունը, սույն գործում բացակայում է:

Փաստորեն, սույն գործով Վերաքննիչ դատարանը Ընկերության լուծարված լինելու փաստը հաստատելու կամ հերքելու նպատակով չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը` խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը: Հետևաբար սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցը պարզելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատելու և դրա արդյունքում հայցը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն հայցվորներից Ռեհան Թովմասյանի մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի վճիռը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն վերջինիս կողմից:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և   7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան: 

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի` Ռեհան Թովմասյանի հայցը մերժելու մասը, և գործը` ըստ հայցի Ռեհան Թովմասյանի ընդդեմ «Կանազ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի` բնակարան կամ դրան համարժեք գումար հատկացնելու պահանջի մասին, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2.  Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան