Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.14/44(1319).1 Հոդ.717.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0473/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0473/02/13
2017 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝

Գ. Խանդանյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

                                               

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ներկայացուցիչ Էլիզա Կոստանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ընդդեմ Մարալ Քեշիշoղլյանի` ամուսնալուծության պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Մարալ Քեշիշօղլյանի ընդդեմ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ)` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ղազար Գեորգեսը (Ղազար Ջորջ) պահանջել է լուծել կողմերի ամուսնությունը՝ առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մարալ Քեշիշօղլյանը պահանջել է Ղազար Գեորգեսից (Ղազար Ջորջ) հօգուտ իրենց անչափահաս երեխայի՝ Հակոբ Ջորջի, որպես ապրուստի միջոց` բռնագանձել ալիմենտ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) վաստակի (կամ) այլ եկամտի 1/4 չափով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ լուծվել է Մարալ Քեշիշօղլյանի ու Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ամուսնությունը: Հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ղազար Գեորգեսից (Ղազար Ջորջ) հօգուտ Մարալ Քեշիշօղլյանի խնամքին գտնվող, 04.06.2001 թվականին ծնված անչափահաս երեխայի՝ Հակոբ Ջորջի բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով՝ ամսական 350.000 ՀՀ դրամի չափով, մինչև երեխայի չափահաս դառնալը՝ սկսած 01.07.2013 թվականից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2016 թվականի որոշմամբ Մարալ Քեշիշօղլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 17.05.2016 թվականի վճիռը մասնակիորեն՝ հակընդդեմ հայցի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով բեկանվել և փոփոխվել է՝ Մարալ Քեշիշօղլյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ)` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Որոշվել է Ղազար Գեորգեսից (Ղազար Ջորջ) հօգուտ Մարալ Քեշիշօղլյանի խնամքին գտնվող, 04.06.2001 թվականին ծնված Հակոբ Ջորջի բռնագանձել ալիմենտ` Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի 1/4 չափով, բայց ոչ պակաս ամսական 10.000 ՀՀ դրամից` 01.07.2013 թվականից սկսած մինչև երեխայի չափահաս դառնալը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը   

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 130-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Դատարան է ներկայացվել Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) գույքային և ընտանեկան դրությանը վերաբերող ապացույցներ, համաձայն որի՝ Ղազար Գեորգեսին (Ղազար Ջորջ) հասանելիք գումարը թեև կազմում է 1.690 քուվեյթյան դինար, սակայն հաշվի առնելով նշված գումարից կատարվող պահումները և վճարումները՝ վերջինս իր անձնական տնօրինման համար ունի մոտավորապես 476 քուվեյթյան դինար: Հետևաբար, եթե ալիմենտը սահմանվի թվացյալ եկամտի 1/4-ի չափով, այսինքն՝ ամսական վճարվելիք ալիմենտի չափը հավասար լինի 422 դինարի, ապա Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) գույքային դրությունն անարդարացիորեն կվատթարանա:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ եթե ալիմենտ վճարողն իր կայուն դրամական վաստակը (աշխատավարձը) ստանում է արտարժույթով, ապա դա հիմք է դատարանի համար բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով, քանի որ բաժիններով սահմանված լինելու հանգամանքը կարող է դժվարացնել դատական ակտի կատարման գործընթացը՝ կապված յուրաքանչուր անգամ արտարժույթի տատանման դեպքում ոչ ճիշտ հաշվարկման արդյունքում խնդիրների առաջացման հետ, որը հետագայում կարող է հանգեցնել կողմերի միջև մեկ այլ վեճի, հետևաբար Դատարանի 17.05.2016 թվականին կայացված վճիռն օրինական է և բխում է արդարադատության շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.05.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Սիրիայի Արաբական Հանրապետության Ներքին գործերի նախարարության քաղաքացիական հարցերով գլխավոր վարչության կողմից 07.06.2001 թվականին տրված «Ընտանեկան քաղաքացիական կարգավիճակի գրառումից քաղվածք» փաստաթղթի և թիվ 728592 ընտանեկան գրքույկի համաձայն՝ Ղազար Գեորգեսը (Ղազար Ջորջ) և Մարալ Քեշիշoղլյանը ամուսիններ են, Հակոբ Ջորջը նրանց երեխան է, ծնվել է 04.06.2001 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 97, հատոր 3-րդ, գ.թ. 23).

2. Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության 25.08.2014 թվականի թիվ 1108-1/17318 գրության՝ Քուվեյթում ՀՀ դեսպանությունից ստացված՝ Քուվեյթի առողջապահության նախարարության տեղեկանքի համաձայն՝ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ամսական աշխատավարձը կազմում է 1.670 քուվեյթյան դինար (5.900 ԱՄՆ դոլար) (հատոր 2-րդ, գ.թ. 35).

3. Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի Հայոց առաջնորդարանի կողմից 04.11.2014 թվականին տրված թիվ 122-9 գրության համաձայն՝ Արաքսի Բեդրոսիանը 2011 թվականից ի վեր բնակվում է որդու՝ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) մոտ և որևէ նպաստ կամ թոշակ չի ստանում: Նրա կարիքները հոգում է որդին (հատոր 3-րդ, գ.թ. 36).

4. Քուվեյթի ազգային բանկի կողմից 10.12.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ղազար Գեորգեսը (Ղազար Ջորջ) Քուվեյթի ազգային բանկի Սալմիյա մասնաճյուղում ունի ընթացիկ հաշիվ: Նրա վարկային պարտավորությունը՝ հաճախորդի միջին դեբետային մնացորդը՝ ժամկետային վարկը, կազմում է 13.434,881 քուվեյթյան դինար, որը հաշվարկված է ֆիքսված տարեկան տոկոսներով և վճարվում է ամսավճարով՝ ամսական 449,563 քուվեյթյան դինարի չափով մինչև վերջնական վճարման կատարումը (հատոր 3-րդ, գ.թ. 27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ալիմենտ վճարողի կողմից արտարժույթով կանոնավոր եկամուտ ստանալու պարագայում դատարանը կարող է սահմանել կայուն դրամական գումարով ալիմենտի ամենամսյա չափ:

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.

բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.

գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախևառաջ պետք է պարզի և գնահատման առարկա դարձնի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և (կամ) այլ եկամտի կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է՝ եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

-ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,

-վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (տե′ս, Գոհար Կիրակոսյանն ընդդեմ Լևոն Զազյանի թիվ ԵԱՆԴ/2775/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը որոշելը հանդիսանում է երեխայի ապրուստի միջոցի սահմանման հիմնական և առավել տարածված եղանակն այն դեպքերում, երբ ծնողներն ունեն կայուն վաստակ (եկամուտ): Ի տարբերություն բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը սահմանելուն՝ կայուն դրամական գումարի չափը դատարանը որոշում է՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից։ Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման չափը սահմանելիս դատարանների կողմից պետք է հաշվի առնվի ալիմենտ վճարող ծնողի իրական գույքային հնարավորությունները, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ կամ շահեր (օրինակ՝ ընտանիքի անդամի անաշխատունակությունը, որին ալիմենտ վճարող կողմը պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, հաշմանդամության ձեռքբերումը կամ երեխայի կողմից աշխատանքի անցնելը կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելը), որոնք նաև անհրաժեշտ են ալիմենտ վճարող ծնողի և նրա ընտանիքի մյուս անդամների գոյության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Ընդ որում, նման գործերով կողմերի գույքային դրությունը պարզելու համար դատարանները պետք է միաժամանակ հաշվի առնեն բոլոր աղբյուրները, որոնցից գոյանում է անձի ընդհանուր եկամուտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտ սահմանելիս դատարանը հիմք է ընդունում միայն օրենսդրի կողմից սահմանված բաժնային չափը, ապա կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, ընդ որում, ինչպես երեխայի լավագույն շահը, այնպես էլ ալիմենտ վճարող անձի բավարար կենսամակարդակն ապահովելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով կայուն դրամական գումարով ալիմենտ սահմանելիս գումարի չափը որոշելու նշված առանձնահատկությունը՝ օրենսդիրը որոշ դեպքերում հնարավորություն է տվել կանոնավոր վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանալու պայմաններում նույնպես սահմանելու կայուն դրամական գումարի չափով ալիմենտ: Մասնավորապես` այդ դեպքերից է, երբ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ստանում է ալիմենտ արտարժույթով, կամ եթե բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին: Նման կարգավորման նպատակն անձանց բավարար կենսամակարդակի ապահովումն է, երեխայի լավագույն շահի և ալիմենտ վճարող ծնողի ուշադրության արժանի շահերի հավասարակշռությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողի կողմից կայուն վաստակի և (կամ) այլ եկամտի առկայության պայմաններում օրենսդիրը հնարավորություն է տալիս բռնագանձելու ալիմենտ նաև կայուն դրամական գումարով, որի դեպքում դատարանը պետք է հաշվի առնի կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։ Ընդ որում, նման հանգամանքները կարող են բացահայտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ղազար Գեորգեսը (Ղազար Ջորջ) և Մարալ Քեշիշoղլյանը ամուսիններ են, Հակոբ Ջորջը նրանց երեխան է, ծնվել է 04.06.2001 թվականին: Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ամսական աշխատավարձը կազմում է 1.670 քուվեյթյան դինար (որը համարժեք է 5.900 ԱՄՆ դոլար` ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության 25.08.2014 թվականի թիվ 1108-1/17318 գրության տրման օրվա դրությամբ):

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի Հայոց առաջնորդարանի կողմից 04.11.2014 թվականին տրված թիվ 122-9 գրության համաձայն՝ Արաքսի Բեդրոսիանը 2011 թվականից ի վեր բնակվում է որդու՝ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) մոտ, և նրա կարիքները հոգում է որդին: Քուվեյթի ազգային բանկի կողմից 10.12.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ)՝ Քուվեյթի ազգային բանկի նկատմամբ վարկային պարտավորությունը կազմում է 13.434,881 քուվեյթյան դինար, որը հաշվարկված է ֆիքսված տարեկան տոկոսներով և վճարվում է ամսավճարով՝ ամսական 449,563 քուվեյթյան դինարի չափով մինչև վերջնական վճարման կատարումը:

Դատարանը, հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ)՝ արտարժույթով վաստակ ստանալու փաստը, ուստի գտել է, որ ալիմենտ պետք է բռնագանձվի կայուն դրամական գումարով: Ալիմենտի ամենամսյա վճարումների չափը սահմանելիս Դատարանը, Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) գույքային, ընտանեկան դրության և ուշադրության արժանի այլ շահերը գնահատելով, հաշվի է առել, որ պատասխանողն ունի կայուն վաստակ, ունի վարկային պարտավորություններ, և ամսական 1.690 քուվեյթյան դինար եկամտից 449,563 քուվեյթյան դինարն ուղղվում է վարկային պարտավորությունների կատարմանը, նրա խնամքին է գտնվում մայրը: Ելնելով երեխայի կենսական պահանջների կատարումը հնարավորինս ապահովելու և առավելապես այն կենսամակարդակը պահպանելու անհրաժեշտությունից, որը երեխան կունենար իր ծնողների հետ համատեղ ապրելու դեպքում, Դատարանը բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել է կայուն դրամական գումարով՝ ամսական 350.000 ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ հակընդդեմ հայցով պատասխանողն աշխատում է և ստանում կանոնավոր եկամուտ, ուստի Ղազար Գեորգեսից (Ղազար Ջորջ) հօգուտ Մարալ Քեշիշօղլյանի, որպես իրենց երեխա Հակոբ Ջորջի պահելու համար ապրուստի միջոց, պետք է բռնագանձել ալիմենտ` Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի 1/4 չափով, բայց ոչ պակաս ամսական 10.000 ՀՀ դրամից` մինչև երեխայի չափահաս դառնալը:

 

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը, առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի շահերի առավել ապահովմանը, կարևորելով նրա բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությունը, ինչպես նաև հաշվի առնելով Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ուշադրության արժանի շահերը, արձանագրում է, որ Դատարանը, որպես 04.06.2001 թվականին ծնված Հակոբ Ջորջի ապրուստի միջոց ամսական 350.000 ՀՀ դրամ ալիմենտ բռնագանձելով, հաշվի է առել ինչպես պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, այնպես էլ երեխայի նախկին կենսաապահովման մակարդակն առավելագույնս պահպանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև պատասխանողի կողմից արտարժույթով վաստակ ստանալու փաստը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով երեխայի կենսական պահանջների բավարարումն ապահովելու, ինչպես նաև առավելապես այն կենսամակարդակը հնարավորինս պահպանելու անհրաժեշտությունից, որը երեխան կունենար իր ծնողների հետ համատեղ ապրելու դեպքում, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածով, Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն հակընդդեմ հայցի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ 

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2017 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ղազար Գեորգեսի (Ղազար Ջորջ) ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հակընդդեմ հայցով հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը դատական ծախսերի հարցը համարում է լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2016 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

  Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

  Ն. Տավարացյան