Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2017-09.11.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.760
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 861-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կոմիտե).

2) հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գները սահմանում է կոմիտեի նախագահը.

3) հսկիչ-դրամարկղային մեքենաներն իրացվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` կոմիտեի և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված հանձնարարության պայմանագրի շրջանակներում.

4) հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը հարկ վճարողների կողմից վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով, և վերջիններիս հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները՝

ա. հարկ վճարողները պարտավոր են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում,

բ. հարկ վճարողները պարտավոր են իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման դեպքերում եռօրյա ժամկետում հարկային մարմին վերադարձնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները` անկախ դրանց մաշվածության աստիճանից,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերից դուրս այլ վայրում հաշվառվելու և (կամ) փաստացի գործունեություն իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ստացած հսկիչ-դրամարկղային մեքենան այդ վայրերում շահագործելու դեպքում հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին գործող ընդհանուր կարգով վճարում են հսկիչ-դրամարկղային մեքենաների համար սահմանված գինը.

6) ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ.

7) սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ կամ, հարկ վճարողի ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Սույն ենթակետում նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր.

8) սույն կետի 5-րդ ենթակետում նշված հարկ վճարողներին և 7-րդ ենթակետում նշված տարաժամկետ վճարման պայմանով հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենան տրամադրվում է համապատասխան պայմանագրերը կնքելու օրը, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենաների գինն ամբողջությամբ և միանվագ վճարած հարկ վճարողներին՝ վերջիններիս կողմից ներկայացված նոր (չշահագործված) հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման մասին դիմումները բավարարվելուց հետո.

9) այն հարկ վճարողներին, որոնք սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված պայմաններով հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելուց հետո հաշվառվում և (կամ) գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում, շահագործելով նշված պայմաններով ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաները` վերջիններիս համար վճարված գումարները չեն վերադարձվում, իսկ տարաժամկետ վճարման դեպքում դեռևս չվճարված գումարների վճարումից նշված հարկ վճարողները չեն ազատվում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվարկային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան» բառերով.

2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «վճարված գումարը» բառերից հետո լրացնել «կամ տարաժամկետ վճարմամբ հսկիչ-դրամարկղային մեքենան ձեռք բերելու վերաբերյալ նշումը» բառերով.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ները կիրառելու մասին դիմումները քննարկվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը բավարարվում է, եթե դիմումում սխալներ չեն հայտնաբերվել, և ՀԴՄ կիրառողի կողմից վճարվել է դիմումում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքը (եթե վճարումը պարտադիր է)».

4) 7-րդ կետում «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետի շրջանակներում» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում, ինչպես նաև» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թույլտվություն տալու մասին» N 662-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

5. Կոմիտեի նախագահին`

1) հսկիչ-դրամարկղային մեքենաները ձեռք բերել մրցութային կարգով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` մինչև համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելը.

2) սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսական միջոցները հատկացնելու և դրա պայմանների վերաբերյալ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերող հարկ վճարողների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 24

Երևան