ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2017 թ. |
թիվ 145-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նպատակ ունենալով թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից աջակցության գործառնության իրականացումը և կարգավորել այդ գործառնության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թույլտվության տրամադրման գործընթացը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերություններին իրականացնել աջակցության գործառնություն (այլ երկրների ապահովագրական ընկերությունների կողմից կնքված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրության պայմանագրերի սպասարկում (ապահովագրական պատահարի վերաբերյալ ահազանգի ստացում, հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, դեպքի վայր մեկնում, ապահովագրական հատուցման կարգավորում, վճարում և այլն)), եթե ապահովագրական ընկերությունը սույն որոշման համաձայն ստացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) թույլտվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործառնության իրականացման համար Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) գործառնության մանրամասն նկարագրությունը,
2) կոնտրագենտ ապահովագրական ընկերության անվանումը, գրանցման/լիցենզավորման երկիրը,
3) աջակցության գործառնության մասով ապահովագրական ընկերության կանխատեսվող ցուցանիշները (ապահովագրված անձանց քանակ, պատահարների քանակ, վճարվելիք հատուցումների մեծություն և այլն),
4) աջակցության գործառնության իրականացման հետ կապված ապահովագրական ընկերության ռիսկերի գնահատումը, այդ ռիսկերի զսպմանն ուղղված ապահովագրական ընկերության մոտեցումները, ձեռնարկված/ձեռնարկվելիք քայլերը,
5) ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների վրա աջակցության գործառնության իրականացման ազդեցության գնահատումը:
3. Կենտրոնական բանկը կարող է ապահովագրական ընկերությունից պահանջել այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատելու համար:
4. Կենտրոնական բանկը սույն որոշմամբ սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո 30-օրյա ժամկետում թույլատրում է աջակցության գործառնության իրականացումը, եթե բավարարված են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
5. Աջակցության գործառնության իրականացման համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չտրամադրելու, կասեցնելու, սահմանափակելու գործընթացները կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. հուլիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2020, թիվ 76-Ն | 15.06.2020, թիվ 145-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|