Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.06/43(1318) Հոդ.694
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2017

.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաբլոյան

 

 22 հունիսի 2017 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-002-Ն

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՈԼՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

1.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

1.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1.3. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

1.4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ

1.5. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

1.6. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1.7. ԿԱԴԱՍՏՐ

2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

2.1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2.2. ՍՓՅՈՒՌՔ

2.3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

3.1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

3.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ

3.3. ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

3.4. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ

3.5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

3.6. ՏՐԱՆՍՊՈՐՏ, ԿԱՊ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

3.7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ

3.8. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

4.1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

4.2. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

4.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

4.4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

4.5. ՄՇԱԿՈՒՅԹ

4.6. ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացնում է 2017-2022 թվականների ժամանակահատվածում երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: Այն հենվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

Ծրագիրը միտված է առարկայական, բայց միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ և հեռանկարային լուծումներ տալու հասարակությունում լայն քննարկման առարկա դարձած այն ախտորոշումներին, որ 2017 թվականի սկզբին հրապարակեց ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարությունը նպատակադրված է ապահովել մեր երկրի անվտանգությունը, ինչպես նաև այդ գերագույն խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ տնտեսական առաջընթացը՝ արտացոլելով այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:

Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն, ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Սույն ծրագրով նախատեսվող բարեփոխումների կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ ծրագրի հաջողության գրավականը մեր քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին: Այդ բարեփոխումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններն ու կարողություններն անընդհատ ընդլայնելու կայուն երաշխիքները:

Նման իրավունքների իրացումը կարող է արդյունավետ իրագործվել միայն գործուն սահմանադրաիրավական համակարգում: Այս առումով առավել, քան կարևոր է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդարանական համակարգում պետական կառավարման արդյունավետությունը, հանրության առջև իշխանության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, իրավունքի գերակայությունն ապահովող օրենսդրական հիմքեր ստեղծելու գործում:

 

***

 

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա. մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան։

Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, որի չորս սահմաններից միայն երկուսն են բաց։ Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը: Մենք կանգնած ենք մեր սահմանները պաշտպանելու մարտահրավերների և, միաժամանակ, երկու անմիջական հարևան-բարեկամ պետությունների հետ հարաբերությունները խթանելու խնդրի առջև: Ելնելով այդ հանգամանքներից՝ մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները՝ ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, մշտապես կատարելագործումն ու համընթաց արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:

Հայաստանի Հանրապետությունը պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնի` զարգացնելով և ամրապնդելով մեր հարաբերությունները շահագրգիռ պետությունների հետ` ամրապնդելով մեր քաղաքական և տնտեսական կապերը և ավելացնելով դաշնակից ու գործընկեր երկրների շարքը։

Սրան զուգահեռ, ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների լուծման և հասարակական բարեկեցության բարձրացման հնարավորությունների վրա՝ ընդգծելով մեր երկրում ընտանիքի կյանքի որակի ու ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների՝ ներառյալ կրթության, առողջապահության և զբաղվածության մատչելիության ապահովման կարևորությունը:

Հայաստանի անվտանգության համատեքստում ՀՀ կառավարությունը կարևորում է մեր բնական պաշարներն արդյունավետ, թափանցիկ օգտագործելու և այդ ոլորտում պետության համար առավելագույն շահույթի ձևավորման խնդիրը, քանի որ դրանք ոչ միայն այսօրվա, այլ նաև մեր ապագա սերունդների անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն գործոններից են։

ՀՀ կառավարությունը շարունակելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացմանը միտված ակտիվ քաղաքականությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացման և էներգախնայողության վրա։

Մեր երկրի զարգացումը պետք է ուղղված լինի այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Այդ նպատակով, նախևառաջ, ՀՀ կառավարությունը պարտավորվում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը մեր հասարակությունում: Դրան հասնելու համար մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային կառավարման ինստիտուտների ղեկավարման կարողություններն ու մոտեցումները և բարելավելու որակը` վերջիններս դարձնելով առավել արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական, ինչպես նաև բարձրացնելով այդ մարմինների և ինստիտուտների հաշվետվողականությունը հանրության առջև:

Հայաստանը կլինի ստեղծագործելու և արարելու հենարան միայն այն դեպքում, երբ ապահովված լինի արդյունավետ մրցակցային միջավայր։ Միայն այդպիսի միջավայրը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավելու միջոցով որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար:

Մենք հաջողելու այլ ճանապարհ չունենք, քան ապահովել, որ բոլորը վստահ լինեն Հայաստանում իրենց ներուժն առավելագույնս կյանքի կոչելու հնարավորության հարցում։ Ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի «յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչը, որ մեկ ուրիշը» սկզբունքի կիրառման, արդար և առողջ մրցակցային միջավայրի անխուսափելիության հարցում:

Երկրում արդարության կարևորագույն երաշխավորներից է դատական համակարգը։ ՀՀ կառավարությունն իրականացնելու է համալիր միջոցառումներ ուղղված դատական համակարգի անկախության և անաչառության երաշխավորման գործում՝ արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք նրան, որ իրավիճակին, երբ իրավական վեճ ունեցող յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ ՀՀ դատական համակարգի միջոցով իրենց խնդիրներին կտրվի արդար և անաչառ լուծում։

Կոռուպցիան մեծագույն չարիք է, որի դեմ մենք պետք է պայքարենք բոլոր հնարավոր և օրինական միջոցներով։ ՀՀ կառավարությունը, իր իրավասության շրջանակներում, միջոցներ կգործադրի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացումն ու լիարժեք կիրառումն ապահովելու համար, որպեսզի ապահովվեն իշխանության՝ հասարակության հետ հետադարձ կապը և հանրության կողմից վերահսկողությունը:

Սոցիալական պաշտպանության ոլորտում անցում կկատարվի դեպի նոր քաղաքականության, որի հիմնական նպատակը սոցիալական անարդարություն ծնող պատճառների և ոչ նպատակային օժանդակության թիրախավորումը, այնուհետև դրանց չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերի իրականացումն են: Զուգահեռաբար ընդլայնվելու է պետության կողմից իրապես կարիքավոր խմբերին տրամադրվող նպատակային սոցիալական օժանդակությունը:

Անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը պետք է կանգնած լինի Հայաստանում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի կողքին:

Մեր երկրի զարգացման գաղափարախոսությունն ու ձևաչափն ունեն նոր ազդակների և նախաձեռնությունների կարիք: Հայաստանի զարգացման հիմքում պետք է դրվի «խելացիի» գաղափարը: Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ ժամանակակից, աշխարհում մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ, մոտիվացված և շարժունակ աշխատուժի: ՀՀ կառավարությունը կվերանայի երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ հանրությանը զինելու այն գիտելիքներով և հմտություններով, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում:

Ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար խելացի և նորարար տնտեսություն ունենալն այլընտրանք չունի: Խելացի կառավարման հիմքում դրված է առկա միջոցներով առավելագույն արդյունքի հասնելու սկզբունքի կիրառումը: Խելացի զարգացման մեր տեսլականի ապահովման համար առաջնային է մարդկային ներուժի զարգացումը: Զարգացման այս հրամայականի ներքո կրթության ոլորտում բարեփոխումները պետք է ոչ միայն անդրադառնան այսօրվա խնդիրներին, այլ նաև ապահովեն, որ մենք ունենանք մրցունակ և ստեղծագործ մարդկային ռեսուրս թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար։

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը:

Մրցունակ ազգային տնտեսություն և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար կարևոր են արտադրողականության շարունակական աճը և նոր տեխնոլոգիաների անընդհատ կիրառումը: Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատատեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։

Գործարար միջավայրի գործելաոճը պետք է հիմնված լինի ժամանակակից, կիրառական գիտելիքների և կառավարման հմտությունների վրա: Անհրաժեշտ է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները: Մեր գործարարները պետք է լինեն ճկուն և առաջադեմ` մշտապես հարմարվելով արագ փոփոխվող գլոբալ միջավայրին և հրամայականներին։ Մեր երկրի գործարար միջավայրը պետք է ապահովի մրցունակ և հարմարավետ էկոհամակարգ և հավասար խաղի կանոններ, այն պետք է գրավիչ լինի թե՛ տեղական գործարարների, և թե՛ օտարերկրյա ներդրողների համար։

Ավելի, քան 7 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս և սփռված է ամբողջ աշխարհում: Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին:

Հայաստանը և սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի նկատմամբ, ինչն էլ մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում:

Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:

Հայերին միավորելու կարևորագույն միջոցներից մեկը մեր ազգային մշակույթն է: Մենք պետք է հավաստենք, որ մեր հարուստ մշակութային ժառանգությունը և ամուր ազգային ինքնությունն են դրված մեր ազգի անկախ ինքնորոշման հիմքում և երաշխավորում են մեր հայրենիքի հարատևությունը:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝

● զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով,

● արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի,

● աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,

● զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

ՀՀ կառավարության ծրագրում նախատեսված միջոցառումների արդյունքային ցուցանիշները բացահայտում են այն թիրախները, որոնց նվաճմանն էլ միտված է լինելու ՀՀ կառավարության գործունեությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում: Միջոցառումներն իրականացվելու են բազմաբնույթ սահմանափակումների միջավայրում: Հետևաբար, յուրաքանչյուր ժամանակահատվածում, առկա ֆինանսական հնարավորություններից կախված, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում և պետական բյուջեներում կարտացոլվեն ծրագրում նախանշված միջոցառումներից առավել առաջնահերթ գնահատվածները:

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

1.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի արդիականացումը եղել է և շարունակում է մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Նշված արդիականացումը պայմանավորված է ինչպես սահմանադրական բարեփոխումներով, այնպես էլ այսօրվա կառավարման համակարգը մեր առջև ծառացած մարտահրավերներին ժամանակին և արդյունավետ արձագանքելու հնարավորությամբ օժտելու հրամայականով։ Ժամանակակից զարգացումները միտված են պետական կառավարումը դարձնելու ավելի ճկուն, արդյունավետ, նվազ ծախսատար և մարդակենտրոն, ինչպես նաև պետական կառավարման որոշ ոլորտներում ներդրվում են ծրագրի կառավարման մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ։ ՀՀ կառավարությունն արդեն ակտիվորեն սկսել է պետական կառավարման համակարգի օպտիմալացման և աշխատանքի մեթոդների փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը և դա է լինելու ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարվա գործունեության թիրախներից մեկը։

Սահմանադրական բարեփոխումների իրացման այս փուլում կարևորվում է կառավարման արդյունավետ համակարգի մշակման համար օրենսդրական պատշաճ հիմքերի նախատեսումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը մշակելու է «Կառավարության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթ: ՀՀ կառավարությունը նաև շարունակելու է սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման աշխատանքները՝ մշակելով ՀՀ Սահմանադրությունից բխող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

ՀՀ կառավարության մեկ այլ գերակայությունն է լինելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի թվայնացումը։ Դա վերաբերում է ինչպես պետական կառավարման համակարգի ներսում տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության համակարգերի և մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը, այնպես էլ պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և գործարարներին մատուցվող ծառայությունների թվայնացմանը և տրամադրմանը` էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, մատչելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը կխթանի էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների մատուցումը:

ՀՀ կառավարության կողմից ներդրված պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակների համակարգը կզարգացվի՝ ներդնելով լրացուցիչ ծառայություններ և էապես ավելացնելով միասնական հարթակների քանակն ու հասանելիությունը: Պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություններ ստանալու՝ բացառելով մի քանի մարմիններ այցելելու անհրաժեշտությունը: Կոռուպցիայի կանխարգելումն առանցքային նշանակություն ունի երկրում անվտանգության և կայունության ապահովման համար: Կոռուպցիան վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, քայքայում է ժողովրդավարական արժեքները, խոչընդոտում է օրենքի գերակայության հաստատմանը, խաթարում է տնտեսության բնականոն զարգացման ընթացքը: Կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության արմատավորմանն ուղղված հստակ քայլեր և կոշտ հակակոռուպցիոն քաղաքականություն՝ հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման, նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման և զարգացման, կոռուպցիայի համընդհանուր կանխարգելման, պատասխանատվության անխուսափելիության մթնոլորտի ձևավորման միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կենտրոնացնել առավել ռիսկային ոլորտներում և առավել մեծ վնաս ներկայացնող երևույթների վրա:

1. Պետական կառավարման համակարգի արդիականացման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ավելացնել վստահված ոլորտի արդյունավետ կառավարումն ապահովելու համար ՀՀ կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները և սահմանել դրան համարժեք պատասխանատվություն.

2) սահմանել բոլոր հանրապետական գործադիր մարմինների համար կատարողականի առանցքը և ըստ դրանց վարկանշել, սահմանել տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության գնահատման նոր կարգը.

3) վերհանել և վերացնել պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին նվազագույն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերը և օղակները, նվազագույնի հասցնել առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները.

4) ավելացնել պետական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև կատարելագործել նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապը.

5) կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը.

6) հրաժարվել պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից.

7) ընդլայնել քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և, որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավել նաև մասնավոր սուբյեկտներին.

8) ներդնել հանրային ծառայողների մասնագիտական ունակությունների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստիճանի գնահատման կատարողականության նոր չափանիշներ՝ հիմք ընդունելով հանրային ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը։

2. Թվային համակարգի զարգացման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը`

ա. ստեղծել մասնագիտացված օղակ, որը միասնական տեսլականի հիման վրա կհամակարգի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականությունը,

բ. հիմնել պետական և տեղական ՏՀՏ-ի համակարգերի փոխգործելիության պլատֆորմ, որը նախադրյալներ կստեղծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգերում ցանկացած տեղեկատվություն միայն մեկ անգամ մուտքագրելու համար՝ ստեղծելով հասանելիություն բոլոր լիազորված օգտագործողների համար,

գ. շարունակել բոլոր խոշորացված համայնքներում և հինգ քաղաքում կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքները,

դ. մշակել և փորձարկել համայնքների համար տիպային տեղեկատվական համակարգեր.

2) մինչև 2018 թվականի ավարտը՝

ա. մշակել և ընդունել ընդհանուր թվային ռազմավարություն (թվային օրակարգ), որը կուրվագծի թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունը և հետագա քայլերը,

բ. անցում կատարել բոլոր պետական մարմիններում ներդրված համակարգերի` միասնական մուտքի և նույնականացման համակարգին.

3) 2018-2019 թվականների ընթացքում լիարժեք գործարկել ՀՀ նախարարությունների «թեժ գիծ» ծառայության միասնական էլեկտրոնային հարթակը.

4) մինչև 2019 թվականի ավարտը՝

ա. ստեղծել հարցումների միասնական էլեկտրոնային հարթակ՝ ուղղված քաղաքացիների կողմից պետական մարմիններին հասցեագրված հարցումներին և դիմումներին պատասխանելու արդյունավետ էլեկտրոնային կառավարման գործիք ներդնելուն: Համակցել միասնական էլեկտրոնային հարթակը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին.

5) մինչև 2020 թվականի ավարտը՝

ա. մեծացնել էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թիվը,

բ. մշակել և ներդնել պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգ:

 

1.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հայաստանի տարածքների բնակլիմայական առանձնահատկությունները, արտադրողական ուժերի ու բնական ռեսուրսների անհամաչափ բաշխումը, տնտեսական զարգացման, սոցիալական, ժողովրդագրական ու մշակութային տարբերությունները պայմանավորել են տարածքային միավորների զարգացման մակարդակների անհամաչափություններ և անհրաժեշտություն են առաջացրել մշակելու տարածքների անհամաչափությունների մեղմմանն ուղղված գործողություններ:

Պետք է շարունակվի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման և իշխանության ապակենտրոնացման քաղաքականության իրականացումը՝ նպատակ ունենալով ընդարձակելու տեղական ինքնակառավարման համակարգում բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդգրկումն ու որակը։

ՀՀ մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքների զարգացման անհամաչափությունների նվազեցման նպատակով հանրապետությունում ձևավորվել և սկիզբ է առել մարզային և համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որը պետք է կրի շարունակական բնույթ:

Հանրապետության աղբահանության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղղությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվել են օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործողությունների ծրագիր, որոնց ընդունման և հետևողական կիրառման արդյունքում ՀՀ տարածքում առաջիկայում պետք է ունենանք աղբահանության այսօրվա վիճակից տրամագծորեն տարբերվող իրականություն:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մշակել և իրականացնել մարզային ռազմավարությունները և գործառնական ծրագիրը, նախաձեռնել մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համատեքստում պետական և այլ աղբյուրներից ֆինանսավորման հաշվին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրեր, գնահատել հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականությունների ազդեցությունը և արդյունավետությունը, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունները և առաջին գործառնական ծրագիրը՝ կարևորելով պետություն-համայնք-մասնավոր հատված գործընկերության մեխանիզմները,

բ. մինչև 2017 թվականի ավարտը մարզային գործառնական ծրագրերի իրականացման նպատակով ներդնել մարզային զարգացման հիմնադրամների համակարգի (ՄԶՀ), հիմնադրամները ձևավորել ՀՀ պետական բյուջեի, դրամաշնորհների, այլ աղբյուրների հաշվին, որոնց միջոցով կֆինանսավորի մարզերի գործառնական ծրագրերի մի մասը,

գ. մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մարզերում տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի հետ համատեղ ծրագրեր (օժանդակություն մարզային զարգացման ծրագրերի իրականացմանը (ԵՄ ծրագրեր` օժանդակություն խոշորացված համայնքներին - 4 և Տարածքային զարգացման փորձնական ծրագրեր /PRDP/ - 7), ՄԱԶԾ ծրագիր՝ ինտեգրված աջակցություն գյուղական բնակավայրերի զարգացմանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ծրագրի իրականացում).

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել տարածքային կառավարման հայեցակարգը՝ ամրագրելով տարածքային կառավարման համակարգում բովանդակային փոփոխություններ՝ վերաիմաստավորելով տարածքային կառավարման մարմինների առաքելությունը.

3) 2018-2022 թվականների ընթացքում շարունակել սահմանամերձ համայնքներում իրականացվող սոցիալական ու տնտեսական աջակցության ծրագրերը։

2. Տեղական ինքնակառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2019 թվականների ընթացքում շարունակել վարչատարածքային բարեփոխումները, ավարտել համայնքների խոշորացման գործընթացը: Այս ուղղությամբ բարեփոխումների հաջողությունը երաշխավորելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

ա. 2017-2019 թվականների ընթացքում շարունակել վարչատարածքային բարեփոխումները, ավարտել համայնքների խոշորացման գործընթացը,

բ. 2017-2022 թվականների ընթացքում ձևավորել միջհամայնքային միավորումները, ներդնել միջհամայնքային համագործակցության տարբեր ձևեր՝

- խոշորացման գործընթացին զուգընթաց զարգացնել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները,

- համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով մատուցվող ծառայությունների համար մինչև 2017 թվականի ավարտը սահմանել և ներդնել հստակ չափորոշիչներ, պատվիրակել համայնքային ծառայություններ մասնավոր ձեռնարկություններին՝ համայնք - մասնավոր հատված գործընկերության շրջանակներում,

գ. ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման և աղետների արձագանքման, անասնաբուժական, ֆիտոսանիտարական, ծառայությունների, առաջնային առողջապահության ոլորտներում, բարձրացնել գյուղական բնակավայրերում նախադպրոցական և տարրական կրթության որակը՝ ռեսուրսների համատեղ օգտագործման և նոր մեխանիզմների ներդրման ճանապարհով,

դ. մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել համայնքների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային համակարգը, ներդնել համայնքային կառավարման տեղեկատվական ամբողջական համակարգեր, ստեղծել տեղական հարկերի բազաների և վճարումների առցանց համակարգ,

2) համայնքային բյուջեների ձևավորման և համայնքների ֆինանսական կառավարման բնագավառում բարեփոխումների հիմնական նպատակը համայնքներում ծրագրային բյուջետավորման կիրառումը և բյուջեների ու համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի միջև կապի ամրապնդումն է, համայնքի եկամուտների ծավալում համայնքների սեփական եկամուտների բաժնեմասի հետևողական ավելացումը և ֆինանսական համահարթեցման բազմագործոն համակարգի ամբողջականացումն է: Մասնավորապես, նախատեսվում է՝

ա. 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ծրագրային բյուջետավորման աստիճանական ներդրում համայնքի տեսլականի, ոլորտային (ծրագրային) նպատակների, վերջնական արդյունքների, ծրագրերի և միջոցառումների սահմանման նպատակով,

բ. 2017-2022 թվականների ընթացքում հետևողականորեն ավելացնել համայնքի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտների բաժնեմասը՝ հավաքագրման կարգուկանոնի բարձրացման, վճարովի նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ հնարավոր նոր եկամուտների գանձման միջոցով,

գ. 2018 թվականից սկսած անցնել սուբվենցիաների տրամադրման նոր քաղաքականությանը. մրցակցային սկզբունքով սուբվենցիայի տրամադրում լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքներին,

դ. 2019 թվականից սկսած իրականացնել ֆինանսական համահարթեցման բազմագործոն համակարգի ամբողջական կիրարկում:

3. Գործարարության զարգացման ուղղությամբ` համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակչության կենսապահովման բարձրացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումային և գործառնական ծրագրերի խթանման և դրանց արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ներդրումային ծրագրերին ներկայացվող հստակ չափորոշիչներ, որոնց կիրառմամբ գնահատման արդյունքներով կորոշվի պետական աջակցության շրջանակը.

2) ՀՀ տարածքներում գործարարության զարգացման նպատակով 2017-2022 թվականների ընթացքում պետական և ֆինանսական կառույցների հետ համատեղ անցկացնել դասընթացներ` ներդրումային ծրագրերի մշակման և բիզնես-ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

3) 2017-2022 թվականների ընթացքում միջոցներ ձեռնարկել ներդրումային և գործառնական ծրագրերի ֆինանսավորման գործընթացներում առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակեպությունների ներգրավման ուղղությամբ.

4) 2018-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական տարեկան բյուջեների կազմման ժամանակ առաջարկություններ մշակել ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների ներառման ուղղությամբ:

4. Կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը բարելավելու, զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգերի զարգացման հայեցակարգերը.

2) 2017-2019 թվականների ընթացքում հանրապետության բոլոր մարզերի համար մշակել ԿԿԹԿ-ի ենթահամակարգերի ներդրման առանձին հայեցակարգեր, որոնց լոկալ առանձնահատկությունները հաշվի առնելով կնախանշվեն ենթահամակարգերի կայացման ուղենիշերը.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել աղբահանության և սանիտարական մաքրման նորմեր.

4) 2018-2020 թվականների ընթացքում մշակել աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման կանոնակարգը:

 

1.3. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և ՀՀ օրենքներով երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման համար:

Արդարադատության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումներն ուղղված են լինելու ՀՀ Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրության արդիականացմանը, մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը, դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովմանը, նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը:

Նոր դատական օրենսգիրքը սահմանադրական օրենքի մակարդակում նախատեսում է վերհանված խնդիրների լուծումները, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում ստորև նշված հիմնական լուծումներով՝

● դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների լիազորությունների համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված,

● անհրաժեշտ է կատարելագործել դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները,

● դատական գործընթացներում հնարավորինս պետք է անցում կատարել էլեկտրոնային ձևաչափերի կիրառմանը,

● անհրաժեշտ է վերանայել դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով ժամանակակից գործիքներ,

● դատարանների արդյունավետությունը բարձրացնելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է խթանել վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար պետք է բարձրացվի դրա հասանելիությունը, և սահմանվեն նոր գործուն մեխանիզմներ:

Անչափահասների արդարադատության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու երեխաների համար արդարադատության հասանելիություն ապահովող կառուցակարգերի ստեղծմանը և զարգացմանը, իրավախախտ, տուժող, վկա երեխաների իրավունքների պաշտպանությանը և անհրաժեշտ առանձնահատկությունների արտացոլմանը ՀՀ օրենսդրության մեջ և պրակտիկայում:

Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի սպասումներն արդարացնելու նպատակով հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում ներկայումս գործող հարկադիր կատարման ենթակա ակտերի՝ սահմանված պահանջների արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների պահպանմամբ իրականացմանը՝ միաժամանակ ապահովելով տեղեկատվական համակարգերի համակցումը խոցելի խմբերի իրավունքների երաշխավորմանը, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմանը:

ՀՀ կառավարությունը ծրագրի շրջանակներում ջանքեր կգործադրի քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, կրկնահանցագործության կրճատման և հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Միջոցներ կձեռնարկվեն պրոբացիայի ծառայության նպատակային գործունեությունը և արդյունավետությունն ապահովելու, պատիժը կրող և կալանավորված անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Արդարադատության մատչելիության և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ընդլայնել ՀՀ նոտարիատի ինստիտուտի ներգրավման շրջանակները, ինչը կնպաստի անձանց միջև հետագա վեճերի կանխարգելմանը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2019 թվականի ավարտը հետևողականորեն իրագործել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը՝ սերտ համագործակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մինչև 2019 թվականի ավարտը մշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

2. Դատական համակարգում բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը լրամշակել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք ՀՀ օրենքների նախագծերը և լրամշակված տարբերակները ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը.

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր.

3) մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքից բխող անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներ.

4) մինչև 2019 թվականի ավարտը բարձրագույն դատական խորհրդի (համաձայնությամբ) հետ համատեղ զարգացնել դատարանների համապարփակ էլեկտրոնային կառավարման համակարգը:

3. Արդարադատության մատչելիության ապահովման և փաստաբանական գործունեության բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմներ.

2) մինչև 2019 թվականի ավարտն ընդլայնել անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակները, մասնավորապես, գույքային (գումարի) պահանջով գործերի համար նախատեսված անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար գումարային սահմանափակման նվազագույն շեմը բարձրացնել՝ նվազագույն աշխատավարձի հազար հինգ հարյուրապատիկի.

3) մինչև 2020 թվականի ավարտն անվճար իրավաբանական օգնության տրամադրմանը զուգահեռ ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ ներդնել մատչելի իրավաբանական օգնության մատուցման համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգեր.

4) մինչև 2021 թվականի ավարտը փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրության ինստիտուտը՝ մշակելով չափանիշներ մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար:

4. Անչափահասների արդարադատության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի ավարտը բարեփոխել իրավախախտ, տուժող և վկա երեխաների իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության ապահովմանը և երեխայի դատավարություններում մասնակցության կարգավորմանն ուղղված օրենսդրությունը, այդ թվում՝ մինչև 2022 թվականի ավարտը մշակել, փորձարկել և ներդնել արդարադատության ոլորտում իրավախախտ, վկա և հանցագործությունից ու բռնությունից տուժած երեխաների վերականգնման և պաշտպանության ծառայությունների հայեցակարգը:

5. Քրեակատարողական ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնագիտական կրթության նոր ծրագրեր, ձեռնարկել միջոցներ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական կրթության շարունակական ապահովման ուղղությամբ.

2) մինչև 2018 թվականի ավարտը բարեփոխել քրեակատարողական առողջապահական համակարգը և բարելավել քրեակատարողական հիմնարկների առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը, ստեղծել բժշկական ծառայողների անկախության երաշխիքներ.

3) մինչև 2019 թվականի ավարտը մշակել Քրեակատարողական նոր օրենսգիրքը և ենթաօրենսդրական ակտերը՝ վերանայելով ազատությունից զրկման վայրերում անձանց պահման ռեժիմները, ներդնելով խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման համակարգը, վերափոխելով քրեակատարողական ծառայողների արարքների կամ ընդունված ակտերի բողոքարկման մեխանիզմները.

4) մինչև 2020 թվականի ավարտն իրականացնել քրեակատարողական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության վերաբերյալ և հանձնուքների տրամադրման սահմանափակման համապատասխան ուսումնասիրություն և ծրագրի մշակում.

5) մինչև 2020 թվականի ավարտը մշակել և իրականացնել քրեակատարողական ծառայությունում կալանավորված անձանց և դատապարտյալների, պրոբացիայի պետական ծառայությունում շահառուների, ինչպես նաև պատժից ազատված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովելու ուղղությամբ մասնագիտական ծրագրեր և միջոցառումներ.

6) մինչև 2022 թվականի ավարտը բարելավել քրեակատարողական առողջապահության երկրորդային հիվանդանոցային ծառայությունները.

7) մինչև 2022 թվականի ավարտը մշակել և իրականացնել քրեակատարողական համակարգի աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերը:

6. Պրոբացիայի ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել պրոբացիայի պետական ծառայության կողմից իրականացվող էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումը՝ ըստ փուլերի.

2) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել պրոբացիայի պետական ծառայությունում վերասոցիալականացման ծրագրեր՝ շահառուների առնվազն 30 տոկոսի ներգրավմամբ.

3) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցների կիրարկումը.

4) մինչև 2022 թվականի ավարտն ամբողջական իրականացնել գործնականում պրոբացիայի պետական ծառայության գործառույթները և զարգացնել ու կատարելագործել ծառայության կարողությունները:

7. Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հայցի ապահովման նպատակով իրականացվող գործողությունները՝ սահմանելով արգելադրվող գույքի պարտապանի ընտրության, ինչպես նաև հայցի ապահովման միջոցների վերացման առավել պարզեցված ընթացակարգ.

2) մինչև 2017 թվականի ավարտը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հասանելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի, ինչպես նաև կենսաթոշակ ստացող քաղաքացիների տվյալների ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական բազան.

3) մինչև 2018 թվականի ավարտը հստակեցնել կատարողական գործողությունների՝ ներառյալ փորձաքննությունների կատարման ժամկետները՝ հասցնելով դրանք նվազագույնի և համապատասխանեցնելով հարկադիր կատարման մարմնի գործիքակազմին.

4) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել հարկադիր կատարողների և կատարողական վարույթների մասնակիցների միջև առկա փաստաթղթաշրջանառությունը՝ մեծապես էլեկտրոնային եղանակով, կատարողական գործողությունների ժամկետների հստակ ամրագրմամբ.

5) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել որոշակի կատարողական վարույթների շրջանակներում տեսաձայնագրման միջոցներ՝ ուղղված կոնկրետ կատարողական գործողություններին.

6) մինչև 2019 թվականի ավարտն ստեղծել էլեկտրոնային համակարգ դատարանների և դատական ակտերի հարկադիր կատարման մարմնի միջև՝ միաժամանակ վերացնելով դատավարության մասնակիցներին կատարողական թերթ տրամադրելու գործընթացը:

8. Նոտարական համակարգում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել էլեկտրոնային կապը հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների նոտարական գործողություններն արդյունավետ իրականացնելու և «մեկ պատուհան» սկզբունքով ծառայություններ մատուցելու նպատակով.

2) մինչև 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար.

3) մինչև 2020 թվականի ավարտը զարգացնել նոտարի՝ որպես կանխարգելող արդարադատություն իրականացնող մարմնի կարողությունները:

9. Սնանկության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը սահմանել և կանոնակարգել ՀՀ արդարադատության նախարարության կողմից սնանկության կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետ գործիքակազմ.

2) մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել օրենսդրական փոփոխություններ` խթաններ ստեղծելով սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացմանը և դրա համար գործուն միջոցներ ձեռնարկել՝ որպես գերակայություն սահմանելու ուղղությամբ.

3) մինչև 2019 թվականի ավարտը կատարելագործել սնանկության կառավարիչների որակավորման քննությունների անցկացման կարգը:

10. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ և ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակներին.

2) մինչև 2019 թվականի ավարտը բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, ձևավորել և ներդնել էլեկտրոնային ապոստիլի համակարգ.

3) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ՀՀ տարածքում յուրաքանչյուր ծննդյան և մահվան ակտային գրանցումը՝ անկախ պետական գրանցման համար նախատեսված դիմում ներկայացնելու հանգամանքից.

4) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը.

5) մինչև 2022 թվականի ավարտը թվայնացնել քաղաքացիական կացության ակտերի թղթային արխիվը:

11. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ բոլոր գրանցումների համար առցանց դիմելու հնարավորությամբ.

2) մինչև 2019 թվականի ավարտն արդիականացնել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքը, ներդնել հայտարարությունների տրամադրման առցանց էլեկտրոնային համակարգ.

3) մինչև 2020 թվականի ավարտը հիմնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հենքի վրա Բիզնես ռեգիստրի գործակալություն և մշակել ու ներդնել միասնական էլեկտրոնային բիզնես ռեգիստրի համակարգ.

4) մինչև 2021 թվականի ավարտը թվայնացնել իրավաբանական անձանց արխիվային փաստաթղթերը, ստեղծել էլեկտրոնային արխիվ.

5) մինչև 2022 թվականի ավարտը պարզեցնել և զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը:

12. Էլեկտրոնային արդարադատության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը լիարժեք գործարկել էլեկտրոնային նոտար` www.e-notary.am և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի www.e-register.am էլեկտրոնային համակարգերը: Հնարավորություն ստեղծել էլեկտրոնային ռեգիստրի բոլոր գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար.

2) մինչև 2019 թվականի ավարտը զարգացնել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համակարգը՝ գործարկելով պաշտոնական էլեկտրոնային տեղեկագիրը.

3) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծառայությունների մատուցման համար իրավական հիմք.

4) մինչև 2019 թվականի ավարտը թվայնացնել ՀՀ դատական արխիվային նյութերը՝ երեք տարվա կտրվածքով, ինտեգրել թվայնացված նյութերը գործող ավտոմատացված համակարգերին և իրականացնել թվային արխիվի համակարգի վերաբերյալ հանրության իրազեկման միջոցառումներ.

5) մինչև 2020 թվականի ավարտն ստեղծել արդարադատության ոլորտում ձևավորված էլեկտրոնային բազաների և ծրագրային լուծումների հիման վրա քաղաքացիներին առցանց ծառայությունների մատուցման կարողություններ՝ նույնականացման քարտերի և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության գործիքների օգտագործմամբ.

6) մինչև 2020 թվականի ավարտը մշակել, ներդնել և գործարկել պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային կառավարման (e-probation) ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքը.

7) մինչև 2019 թվականի ավարտն ամբողջական գործարկել «Կալանավորված անձանց և դատապարտյալների ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը (e-penitentiary).

8) 2019-2020 թվականներին՝ ներդնել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայության էլեկտրոնային համակարգ.

9) 2020-2021 թվականներին՝ համակցել էլեկտրոնային արդարադատության բաղկացուցիչ մասը կազմող էլեկտրոնային կառավարման համակարգերը.

10) մինչև 2022 թվականի ավարտն ստեղծել հանրագրերի էլեկտրոնային համակարգ:

13. Հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել և գործարկել միջազգային իրավական չափորոշիչներով նախատեսված և պահանջներին համապատասխանող հակակոռուպցիոն կանխարգելիչ ինքնավար մարմին.

2) մինչև 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը: Մշակել հակակոռուպցիոն նոր գործուն, հեռանկարային ռազմավարություն՝ նոր հակակոռուպցիոն թիրախային ոլորտների սահմանմամբ.

3) մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ հայտարարագրման, էթիկայի, անհամատեղելիության և այլ սահմանափակումների ինստիտուտների շարունակական կատարելագործման ուղղությամբ և շարունակաբար ընդլայնել հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը.

4) մինչև 2019 թվականի ավարտը հստակեցնել օրենսդրական մակարդակում կոռուպցիոն հանցագործությունների և զանցանքների շրջանակները.

5) մինչև 2021 թվականի ավարտը բարելավել հակակոռուպցիոն ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման համակարգը.

6) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել, զարգացնել ազդարարների պաշտպանության գործուն կառուցակարգերը և ապահովել դրանց կիրարկումը: Ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ.

7) մինչև 2019 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) վավերացման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման ուղղությամբ.

8) մինչև 2020 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինների ենթակայության և կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունները մեկ մարմնին տրամադրման հնարավորության ուսումնասիրման ուղղությամբ:

14. Գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը՝ որպես գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց ներդնել՝ գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

 

1.4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ

 

Հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակը և հակաիրավական երևույթներին հակազդելու՝ հասարակության ավանդաբար մեծ սպասելիքները ոստիկանությունից, հարկադրում են ունենալ այնպիսի լիազորություններով ոստիկանություն, որն ունակ կլինի համարժեք արձագանքելու հանցավորության գլոբալիզացիայից բխող որոշ սպառնալիքների (ահաբեկչություն, վերազգային հանցագործություններ և այլն), հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու մարդուն ու հասարակությանը, իր գործունեության սկզբունքներով համապատասխանելու ժողովրդավարական արժեքային համակարգին:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Հասարակական վստահություն և քաղաքացիներից աջակցություն ստանալու գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2019 թվականի առաջին կիսամյակի ավարտը հավաքները լուսաբանող լրագրողների հետ քաղաքակիրթ գործակցության ապահովման նպատակով, ոստիկանությունը քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ ապահովելու է մեթոդական ուղեցույցերի մշակումն ու հրապարակումը, որոնք վերաբերելու են հավաքների սահմանափակման կամ դադարեցման հիմքերին, պայմաններին, կարգին, խաղաղ հավաքի բոլոր չափորոշիչներին, խաղաղ հավաքին ոստիկանական աջակցություն ցուցաբերելու սահմաններին, ինչպես նաև հավաքները լուսաբանող լրագրողների հետ գործակցության կանոններին:

2. ՀՀ ոստիկանության գործունեության մեջ ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործման ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ժամանակակից տեխնիկական միջոցները՝ ոստիկանության գործառույթներն իրականացնելու համար, մասնավորապես, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու, հանցագործությունները, վարչական իրավախախտումները հայտնաբերելու, կանխելու, խափանելու գործառույթների իրականացման համար.

2) մինչև 2020 թվականի ավարտն իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների գործողությունները վերահսկելու և դրանով իսկ մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն կառուցակարգերի ներդրման նպատակով նախատեսվում է ձեռք բերել և օգտագործել պարեկային ծառայողների համազգեստին ամրացվող շարժական տեսաձայնագրող սարքեր:

3. ՀՀ ոստիկանության կանխարգելիչ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտն ստեղծել Գյումրի և Վանաձոր քաղաքներում ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների կազմում թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք թույլ են տալու իրավախախտումների և հանրորեն վտանգավոր դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կուտակել մեկ կենտրոնում, ապահովել դրանց օպերատիվ արձագանքումը, ճիշտ և արդյունավետ կառավարել ոստիկանության ուժերը և միջոցները:

 

1.5. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը՝ հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Արտակարգ իրավիճակների բնակչության պաշտպանության բնագավառի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և այլ իրավական ակտերում փոփոխություններ նախատեսող նախագծերի մշակում:

2. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2022 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության շտաբների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստությունը:

3. Աղետների ռիսկի նվազեցման էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020 թվականների ընթացքում գործարկել աղետների ռիսկի նվազեցման էլեկտրոնային միասնական կառավարման համակարգ։

4. Աղետների վաղ ազդարարման և հուսալի ու կայուն կապի համակարգերի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2022 թվականների ընթացքում ներդնել բնակչությանն աղետների վաղ ազդարարման և իրազեկման ժամանակակից համակարգ՝ թվային կապի կիրառմամբ:

5. Փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի զարգացման, ուսուցման և համագործակցության նպատակով 2017-2022 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ստեղծել և զարգացնել փրկարարական և արագ արձագանքման այլ ուժեր, այդ թվում՝

ա. սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության 10 հենակետերի կարողությունների զարգացում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզում 6 և ՀՀ Վայոց ձորի մարզում 4 քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծում,

բ. անտառային հրդեհների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների զարգացում,

գ. ինժեներասակրավորական և կինոլոգիական խմբերի կարողությունների զարգացում,

դ. ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան ներքին որակավորված թիմերի ստեղծում,

ե. 2019-2021 թվականների ընթացքում ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում վարժահրապարակների կառուցում,

զ. 2018-2022 թվականների ընթացքում փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի հետ համատեղ ուսումնավարժությունների անցկացում, փոխհամագործակցության և գործնական հմտությունների մակարդակի բարձրացում։

6. Աղետների ռիսկի նվազեցման կրթական համակարգի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հավատարմագրման գործընթացը՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր կրթական մեխանիզմների, ծրագրերի ներդրմամբ:

7. Աղետների բժշկության համակարգի կատարելագործման նպատակով 2017-2022 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) իրականացնել վերապատրաստումներ ուղղված բուժաշխատողների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուսուցողական բնույթի միջոցառումներ.

2) ստեղծել ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աղետների բժշկությամբ վերապատրաստված մասնագետների հաշվառման միասնական բազա:

8. Համայնքի աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2022 թվականների ընթացքում ներդնել սահմանամերձ մարզերի քաղաքային համայնքներում ճգնաժամային կառավարման համակարգ՝ աղետների ռիսկի կառավարման գործընթացներում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ:

9. Միջազգային և տարածաշրջանային մակարդակով կայուն գործընկերության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2022 թվականների ընթացքում զարգացնել հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը, ինչպես նաև խթանել մասնակցությունը միջազգային կառույցների և գործընկեր երկրների կողմից իրականացվող աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ծրագրերին և միջոցառումներին:

10. Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020 թվականների ընթացքում մշակել և հաստատել «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացում» պլան։

11. Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում արդիականացնել, թվայնացնել և ընդլայնել սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգն ապահովող ազգային դիտացանցը՝ կապի ժամանակակից միջոցների համալրմամբ.

2) 2018-2020 թվականների ընթացքում մշակել կարևոր ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիր:

12. Հիդրոօդերևութաբանական և հակակարկտային համակարգերի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել հակակարկտային պաշտպանության համակարգի զարգացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիր.

2) 2018-2019 թվականների ընթացքում ստեղծել հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռային պաշտպանության ժամանակակից միջոցները.

3) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել հիդրոլոգիական և օդերևութաբանական դիտարկումների պետական ցանցի փուլային արդիականացում և ավտոմատացում:

 

1.6. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կարևոր գործառույթներից է պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումը: Պետական գույքի կառավարման արդյունավետության խնդիրը լուծելու համար պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական նպատակներն են լինելու՝

● պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը, վարչարարության պարզեցումը,

● պետություն-մասնավոր հատված գործընկերության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կապահովի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը,

● պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբերության բարձրացումը,

● առևտրային բարձր պահանջարկ ունեցող պետական գույքի սեփականության իրավունքի օտարումը, որը կապահովի հանրային օգտակարության բարձրացումը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման և արմատապես բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը հաստատել 2018-2020 թվականների պետական գույքի կառավարման ծրագիրը, որի մեջ կներառվեն պետական գույքի հետ նախատեսվող բոլոր գործողությունները՝ իրենց ժամկետային առաջադրանքներով, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով.

2) մինչև 2020 թվականի ավարտն իրականացնել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցումը` նախատեսելով նաև ֆոնդային բորսայի միջոցով պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի կազմակերպումը.

3) 2018 թվականի ընթացքում պարզեցնել պետական գույքի օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության տրամադրման ընթացակարգերը՝ նվազագույն վարչարարության ապահովմամբ.

4) 2018 թվականի ընթացքում պետական ծախսերի կրճատման և հանրությանը մատուցված ծառայությունների որակի բարձրացման նպատակով ուսումնասիրել ՀՀ մարզերում պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ պիլոտային իրագործման վերաբերյալ.

5) 2018-2020 թվականների ընթացքում իրականացնել եռամյա ծրագրով սահմանված առաջադրանքների և միջոցառումների տնտեսական և ֆինանսական արդյունքների հսկողությունը, այդ թվում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրերի կատարման հսկողությունը:

2. Պետություն-մասնավոր հատված գործընկերության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել պետական գույքի վաճառքի գնի տարաժամկետ վճարման ձևաչափը, որի արդյունքում մասնավոր հատվածին տարաժամկետման պայմանով հնարավոր կդառնա փոխանցել տնտեսական շրջանառությունից դուրս մնացած պետական գույքը.

2) 2018-2022 թվականների ընթացքում ներդրումային բարձր գրավչություն ունեցող պետական գույքի օտարման և մասնավորեցման գործիքակազմում ստանալ առավել տարածում ունեցող «գործարար միավորի վաճառք» սկզբունքը, որի իրականացման համար գործարքի գումարի 10 տոկոսը կուղղվի գույքի վաճառքի նախապատրաստման և կազմակերպման ծախսերի փոխհատուցմանը:

3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության, շահութաբերության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը սահմանել և 2018-2022 թվականների ընթացքում ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունների աշխատանքի հիմնական ֆինանսական, տնտեսական և որակական ցուցանիշները, այդ թվում` դրանց գործարար ծրագրերի համաձայնեցման և մշտադիտարկման միջոցով.

2) 2017-2022 թվականների ընթացքում լայնորեն կիրառել հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու պրակտիկան.

3) մինչև 2018 թվականի ավարտը վերակազմակերպել 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունները ոչ առևտրային կազմակերպությունների, եթե պետական բաժնետոմսերով առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությամբ շահույթ չեն ապահովում.

4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների աշխատանքի խրախուսման նոր ձևեր ու մեխանիզմներ:

4. Պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի ձևավորման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինեն գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները.

2) մինչև 2018 թվականի ավարտն ուսումնասիրել պետական գույքի օտարման առանց նախապես հայտարարված վաճառքի մեկնարկային գնի ՀՀ-ում աճուրդային եղանակի կիրառման հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

 

1.7. ԿԱԴԱՍՏՐ

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության որոշ պետական և մասնավոր կազմակերպություններ աշխատանքներ են սկսել երկրատեղեկատվական համակարգերի (այսուհետ՝ ԵՏՀ) ստեղծման ուղղությամբ, սակայն դրանք լուծում են միայն իրենց բնագավառի որոշակի լոկալ փոքր մասնագիտական խնդիրները:

Ուսումնասիրելով միջազգային առաջադեմ փորձը և համաձայն INSPIRE 2007/2/EC դիրեկտիվների, ՀՀ-ում առկա բոլոր գեոդեզիական և քարտեզագրական նյութերն անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, այդ թվում՝ նաև 19115:2003 «Երկրատեղեկատվական տեղեկատվություն - Մետատվյալներ» (ISO 19115:2003 "Geographic information - Metadata") տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ձևավորման մեթոդոլոգիայի, ինչպես նաև մետատվյալների պրոֆիլների կանոնների պահանջների մասով:

Պետական նշանակության աշխատանքներից է նաև կրթական համակարգի համար քարտեզների և այլ հիմնարար ատլասների ստեղծումը: Նախկինում հրատարակված 32 անվամբ ուսումնական քարտեզներն անվճար տրամադրվել են ՀՀ և Արցախի Հանրապետության դպրոցներին: Համահունչ լինելով ՀՀ կառավարության զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրին՝ անհրաժեշտ է հրատարակել տարաբնույթ տուրիստական քարտեզներ և ճանապարհային ատլասներ: Այս քարտեզները մատչելի ձևով կներկայացնեն Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկներին:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

 1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում առկա վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2020 թվականների ընթացքում ավարտին հասցնել թեմատիկ քարտեզագրության բնագավառում Հայաստանի Ազգային ատլասի ռուսերեն տարբերակի ստեղծման աշխատանքները և հրատարակել, միաժամանակ իրականացնել ՀՀ խոշորացված համայնքների բազմաֆունկցիոնալ քարտեզների ստեղծում.

2) 2017-2022 թվականների ընթացքում ստեղծել և ներդնել ՀՀ քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգ.

3) 2017-2022 թվականների ընթացքում ստեղծել ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի հիման վրա քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, մասնավորապես, ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի հիման վրա կստեղծվեն ՀՀ 46 քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր.

4) 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական մասշտաբային շարքի քարտեզների ձևափոխումը ISՕ միջազգային ստանդարտներին համապատասխան.

5) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել աշխարհագրական անվանումների ոլորտում աշխատանքներ, մասնավորապես, 2017-2021 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, ինչպես նաև շարունակել մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները:

 2. Հողաշինարարության ոլորտում առկա վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել հողերի խոշորացման ծրագիր՝ յուրաքանչյուր տարի 5-ական համայնքներում.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի կազմում:

 3. Անշարժ գույքի կադաստրային գնահատման ոլորտում առկա վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանել միասնական տարածագնահատման նոր գոտևորում.

2) 2018-2020 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կադաստրային գնահատման աշխատանքներ, ՀՀ գյուղատնտեսական հողատեսքերի որակական և տնտեսական նոր գնահատում:

 4. Առցանց՝ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել առցանց ծառայությունները՝ այն դարձնելով այդ ծառայություններից օգտվողների համար հնարավորինս մատչելի և հարմարավետ: Կոմիտեի պաշտոնական կայքում (www.e-cadastre.am) գրանցվելուց և իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ տվյալներ ներկայացնելուց հետո, հետագա բոլոր հնարավոր տեղեկատվությունները կտրամադրվեն առցանց: Առցանց տեղեկատվության տրամադրումը կիրականացվի երկու ուղղությամբ՝

ա. այն տեղեկատվությունը, որը կարող է տրամադրվել յուրաքանչյուր անձին, կտրամադրվի առանց որևէ գրանցման, պարզ և կարճ գործողությունների միջոցով,

բ. սեփականատերերին տեղեկատվությունը կտրամադրվի համակարգում գրանցվելուց և իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորների վերաբերյալ տվյալներ ներկայացնելուց հետո: Համակարգում գրանցումը և անշարժ գույքի միավորների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելն անհրաժեշտ է սուբյեկտին և իրեն պատկանող անշարժ գույքի միավորները միանշանակ նույնականացնելու համար:

 

2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

2.1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու`

- ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.

- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը.

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը.

- երկկողմ հարաբերություններում՝

● Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,

● Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,

● եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,

● անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,

● փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը,

● Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,

● Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը,

● Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը,

● Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,

● հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը.

- բազմակողմ հարաբերություններում՝

● Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,

● ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,

● Եվրոպական միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը,

● ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,

● ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը,

● Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ ներգրավվածության խորացմանը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպմանը,

● ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը,

● միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը.

- երկկողմ և բազմակողմ ձևաչափերով խորհրդարանական դիվանագիտության զարգացման և կապերի ամրապնդման աջակցմանը.

- Հայաստանի տնտեսական կայուն զարգացմանը նպաստելուն, մասնավորապես՝

● երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնման միջոցով,

● հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, նոր շուկաների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավման միջոցով,

● միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացմանը, տնտեսական բնույթի միջոցառումներին հայկական կողմի մասնակցության ապահովմանը,

● ՀՀ տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավմանը.

- օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.

- արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը.

- օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը.

- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

 

2.2. ՍՓՅՈՒՌՔ

 

Սփյուռքը, ձևավորվելով հայ ժողովրդի դժվարին ճակատագրի հետևանքով, այսօր վերածվել է Հայաստանի մրցակցային առավելության: Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից է։

Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ ոլորտներում ունեն հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց ներդրումը և կիրառումը Հայաստանում կարող են առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք:

Հայաստան-սփյուռք գործակցությունը հիմնված է միասնականության, պատասխանատվության և թափանցիկության արժեքների հիման վրա:

ՀՀ կառավարության առաջիկա տարիների գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը:

1. Սփյուռքի ներուժը թիրախային օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի և սփյուռքի միջև համակողմանի կապերի սերտացման և համագործակցության մակարդակի բարձրացումը, համահայկական առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների, մասնագիտական ընկերակցությունների և սփյուռքի անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը.

2) 2018-2019 թվականների ընթացքում գնահատել տարբեր երկրներում հայկական համայնքների ներուժը և մշակել ըստ երկրների՝ սփյուռքի ներուժի Հայաստանում ներգրավման գործողությունների ծրագիր.

3) 2017-2018 թվականների ընթացքում մշակել ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության, փոքր ու միջին բիզնեսին տրված արտոնությունները, ԵԱՏՄ երկրներ և միջազգային շուկաներ արտահանման առավելությունների մասին սփյուռքի գործարարներին հասանելի դարձնելու գործուն կառուցակարգերը.

4) 2017-2019 թվականների ընթացքում սփյուռքահայերի զբոսաշրջային այցելությունները դեպի Հայաստան խթանելու նպատակով հայաշատ տարածաշրջաններում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային առավելությունները, մասնավորապես, այդ նպատակով հավաքներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ կազմակերպելով ԱՊՀ տարածքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում.

5) մինչև 2018 թվականի ավարտը մշակել սփյուռքի հայ բժիշկների, գործարարների, իրավաբանների, ճարտարագետ-ճարտարապետների և այլ մասնագիտական ընկերակցությունների գործունեության աջակցմանն ուղղված միջոցառումների ծրագիր.

6) 2018-2019 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում սփյուռքահայերի և սփյուռքահայ մասնագետների մասնակցությունն առողջապահական և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակման և իրագործման գործընթացներում:

2. Սփյուռքի ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել միջոցներ ձեռնարկել սփյուռքի ինքնակազմակերպման գործընթացները խթանելու հարցում, ինչպես նաև ցուցաբերել օժանդակություն թույլ կազմակերպված համայնքների համախմբմանը.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ստեղծել և տարածել արևելահայերեն և արևմտահայերեն ուսուցողական հոլովակներ, համայնքներին տրամադրել ուսուցողական ձեռնարկներ, դասագրքեր և այլ նյութեր՝ սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայերենի բավարար իմացության մակարդակի բարձրացման նպատակով.

3) 2018-2022 թվականների ընթացքում ընդլայնել սփյուռքի երիտասարդության համար նախատեսված հայրենաճանաչության ծրագրերը, դրանց մասնակիցների թիվը և աշխարհագրությունը.

4) 2018-2022 թվականների ընթացքում շարունակել Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի, ուսուցողական ձեռնարկների հրատարակությունն ու դրանց տարածումը և կազմակերպել հանդիպում-քննարկումներ Հայաստանի և սփյուռքի համապատասխան կառույցների, մասնագետների հետ.

5) 2018-2019 թվականների ընթացքում իրականացնել իսլամացված և ծպտյալ հայերի հիմնախնդիրների համակարգային ուսումնասիրություն և առաջարկել մոտեցումներ.

6) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել ՀՀ կառավարության օժանդակության շարունակականությունը վիրահայությանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների զարգացմանը.

7) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ընդունել սփյուռքի հայալեզու ԶԼՄ-ների հետ տեղեկատվական դաշտում համագործակցության և աջակցությանն ուղղված գործողությունների ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերի ինտեգրմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում բնակվող սիրիահայերի և իրաքահայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների շարունակականությունը.

2) մինչև 2018 թվականի ավարտը լրամշակել և ընդունման ներկայացնել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

3) մինչև 2019 թվականի ավարտը մշակել արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների ազգային ինտեգրման ռազմավարությունը՝ ներառելով միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակությունների տրամադրման գործիքակազմ:

 

2.3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը, ռազմական բնույթի առկա և հավանական սպառնալիքների ժամանակին բացահայտումը, գնահատումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը:

Հայաստանի Հանրապետության անվտանգ միջավայրը, մեր երկրի առջև ծառացած ռազմաքաղաքական և ռազմական բնույթի մարտահրավերները վկայում են, որ անվտանգության ապահովումը մեր պետության առաջընթացի և կայուն զարգացման միակ գրավականն է: Հայաստանի և Արցախի անվտանգության հանդեպ ամենօրյա ոտնձգությունները, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիքներն ու դրանց իրականացման գործնական քայլերը մեզ այլընտրանք չեն թողնում, քան անընդհատ և հետևողականորեն բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը, ինչը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը:

Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ: Այդ նպատակով պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով: Դա հնարավորություն կտա մշակել համալիր և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հիմնված կլինեն պաշտպանական քաղաքականությանը՝ փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, հասարակական, կրթական, գիտական քաղաքական ուղղությունների հետ փոխհամաձայնեցված (ինտեգրված) և հավասարակշռված, հասարակական վստահությունը վայելող որոշումների վրա և կապահովեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի ամբողջ ներուժի օգտագործման առավելագույն արդյունավետություն: Ընդ որում, պաշտպանության ոլորտում համազգային ներուժի օգտագործման արդյունավետության չափանիշ պետք է հանդիսանա ոչ միայն հասանելի ռեսուրսների առավելագույն նպատակային օգտագործումը (սպառումը), այլև դրա արդյունքում ավելացված արժեքի ստեղծման խթանումը:

Մեր խնդիրն է ստեղծել ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորություններ, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, դրանք խթանող, հասարակության անմիջական ներգրավմամբ նրա վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ` մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ զինված, ռազմարվեստում տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող զինված ուժերով:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Պաշտպանության ոլորտի ներուժի և կարողությունների շարունակական, ներդաշնակ ու հավասարակշռված աճն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից մարտական գործողությունների վարման և կրակային խոցման կարողությունների որակական վերազինման համար անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով համալրումը՝ տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղերի զարգացման, դրանց արդյունավետության և տնտեսական շահավետության խթանման, հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառման, ներդրումների խթանման և միջազգային համագործակցության միջոցով: Մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեսլականին համահունչ, և հենվելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումների վրա, ձևավորել ազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը ՀՀ նորարարական համակարգում.

2) մինչև 2020 թվականի ավարտն ստեղծել արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ հրամանատրման ու առաջնորդության արդի տեսությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների և նոր օրենսդրության հիման վրա, կապահովեն պաշտպանության համակարգում կառավարման էթիկայի բարելավումը, թափանցիկության, հաշվետվողականության, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ու քաղաքացիական վերահսկողության, բարեվարքության և զինված ուժեր - խորհրդարան կապի ամրապնդումը.

3) մինչև 2022 թվականի ավարտը զուգահեռաբար զարգացնել ազգային պաշտպանական կարողությունները և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները` ձևավորելով անվտանգության երաշխիքների փոխկապակցված համակարգ, որը կապահովի բարենպաստ ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման և ռազմական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման, զինված ուժերի միջազգային ներգրավման և փոխգործունակության, առաջավոր փորձի ներդրման, հավաքական պաշտպանության միջազգային պարտավորությունների ու գործուն մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Պաշտպանության ոլորտի գործունեությունը, գործառույթները և գործընթացներն ավելի արդյունավետ, գործուն և նպատակային դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել ռեսուրսների կառավարման արդյունավետ և թափանցիկ համակարգ, որը հնարավորություն կտա պլանավորման համակարգում քանակական ցուցանիշներից անցում կատարել որակական ցուցանիշների, ինչպես նաև ձևավորել պաշտպանական ռազմավարական (երկարաժամկետ և թիրախային) պլանավորման և ծրագրային բյուջետավորման համակարգեր:

3. Զինված ուժերի պատրաստականությունը, մարտունակությունը և անձնակազմի մարտական վարպետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, հրամանատրման համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը՝ մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով.

2) մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել մարտական հերթապահության համակարգը, անհրաժեշտ տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ծրագրերի միջոցով բարձրացնել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները:

4. Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը.

2) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն: Միաժամանակ, մանրակրկիտ վերաքննել նախազորակոչային պատրաստության, զորակոչի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝ բժշկական փորձաքննությունների գործընթացը՝ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

3) մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն: Նոր ռազմավարությամբ նշված անձանց համար երաշխավորել սոցիալական ապահովության գործուն համակարգ ու մեխանիզմներ, որոնք կներառեն բնակարանային ապահովվածությունը, ամբողջապես անվճար բժշկական օգնությունը, նաև հանգստի կազմակերպման ծառայությունները, այլ արտոնություններ ու երաշխիքներ.

4) մինչև 2022 թվականի ավարտը պաշտպանության ոլորտը վերածել պետական կառավարման նոր մոտեցումների ներդրման, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ձևավորման, բարոյական նորմերի և հայրենասիրության սերմանման, գիտական (կիրառական և տեսական) և տնտեսական ներդրումների խթանման հարթակի՝ հանրային իրազեկման, հասարակական վերահսկողության և վստահության, արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման միջոցով.

5) մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, կայացնել և մրցունակ դարձնել նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը, զարգացնել արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման շարժառիթավորման հնարավորությունները.

6) մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակներում կապահովվի նոր ենթակառուցվածքների ու սարքավորումների, ինչպես նաև մասնագետների կատարելագործված արհեստավարժության շնորհիվ՝ ռազմաքաղաքացիական ամբողջարկված (ինտեգրված) բուժհաստատությունների կողմից որակապես նոր մակարդակով բուժծառայությունների մատուցումը:

 

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

3.1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է, և նրա մրցունակությունը պայմանավորված է բացառապես արտաքին շուկաներում մրցունակ առաջարկ ներկայացնելու նրա տնտեսության կարողություններով: Երկիրը պետք է առաջնորդվի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որտեղ տնտեսական աճի առանցքային շարժիչն արտահանումն է: Դրա համար հատկապես կկարևորվի արտահանման արտադրողների մրցունակության բարձրացման և այդ կերպ՝ առկա արտաքին շուկաներում նրանց դիրքերի ամրապնդման, ինչպես նաև՝ նոր արտաքին շուկաներ ներթափանցելու և դրանցում դիրքավորվելու ճանապարհով: Ծրագրային այս մոտեցումների կենսագործումը պահանջում է տնտեսության իրական հատվածի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա:

Գործարար միջավայրի բարելավման շարունակական քայլերով պետական կարգավորումները, պետության կողմից մատուցվող ծառայություններն ու վարչարարական ընթացակարգերը կդառնան առավել պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար: Պետությունը հետևողականորեն կբարելավի մրցակցային միջավայրը` ապահովելով ապրանքային շուկաներ ազատ և հավասար մուտքի/ելքի պայմաններ:

Հայաստանում շարունակաբար կայանալու են ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուցիոնալ համակարգերը` յուրաքանչյուր ներդրողի մոտ ամրապնդելով երկրի նկատմամբ վստահության և գործընկերային բարձր մակարդակ: Օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ ներդրումային ծրագրերը կուղղորդվեն հատկապես ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներով տնտեսության վերազինման պահանջների բավարարմանը, ինչը զուգահեռաբար կընդլայնի նոր ներդրումներ կլանելու տնտեսության կարողությունը: Միաժամանակ, ներառական տնտեսական աճին նպաստող և նոր աշխատատեղեր ստեղծող ներդրումային ծրագրերը կգտնվեն ՀՀ կառավարության ուղղակի հոգածության տիրույթում:

ՀՀ կառավարությունը հետապնդում է տնտեսության որակական առաջընթացն ինովացիոն զարգացման ճանապարհով ապահովելու նպատակը, որի արդյունքում պետք է գրանցվի ընդհանուր տնտեսության, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտադրողականության մակարդակի արագընթաց աճ: Ընդ որում, աշխատավարձերի քաղաքականություն իրականացնելիս ՀՀ կառավարությունը կհետևի արտահանելի հատվածի մրցունակության աճի չխաթարման սկզբունքին՝ պահպանելով նմանատիպ զարգացման հաջողված փորձ ունեցող արևելաեվրոպական և այլ երկրներում ժամանակով փորձված նվազագույն աշխատավարձի և տնտեսությունում աշխատավարձի մեդիանայի համամասնությունները:

Համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության շարունակական բարձրացման միջոցով ՀՀ կառավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների թվի շարունակական բարձր աճ և համաչափ բաշխվածություն ամբողջ հանրապետությունում:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկված նախաձեռնություններն ու բարեփոխումները վերոնշյալ ոլորտներում նախատեսում են հետևյալ քայլերը՝

 

Արտահանում

 

Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 40-45 տոկոսի: Այս նպատակին հասնելու համար քաղաքականությունը կիրականացվի հիմնականում երկու ուղղությամբ՝

1) արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում և ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում.

2) երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերում:

Այդ կապակցությամբ՝

1. Արտահանման շուկաների հասանելիությունն ընդլայնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ (Registered Exporter System).

2) 2017 թվականից սկսած կազմակերպել ԵԱՏՄ-ի շրջանակներում բանակցություններին, նախաբանակցային գործընթացներին ակտիվ մասնակցություն և դրսևորել նախաձեռնողականություն Վիետնամի, Չինաստանի, Իրանի հետ բազմակողմ ձևաչափով առևտրային նպաստավոր ռեժիմներ ձևավորելու նպատակով.

3) շարունակել ապահովել և ընդլայնել արտոնյալ առևտրային ռեժիմները (այդ թվում` GSP): Մինչև 2017 թվականի ավարտն այդ ուղղությամբ նախաձեռնել բանակցություններ Ծոցի երկրների հետ, իսկ Հնդկաստանի հետ՝ մինչև 2021 թվականի ավարտը.

4) ձևավորել արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցությունը՝ թիրախային շուկաներում հայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով։ Մինչև 2017 թվականի ավարտը կայացնել հայ-իրանական համագործակցության նման մեխանիզմը.

5) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել ոսկերչական իրերի հարգադրոշմման փոխճանաչելիությունը ԵԱՏՄ-ի երկրներում.

6) մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ տարածքում ստեղծել որակավորման ստուգման ծրագրեր իրականացնող և միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչություն և eLAB էլեկտրոնային համակարգ.

7) մինչև 2019 թվականի ավարտը կնքել «Եվրոպական հավատարմագրում» (EA) կազմակերպության հետ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից երկկողմ/բազմակողմ ճանաչման մասին համաձայնագիր.

8) մինչև 2022 թվականի ավարտն օժանդակել ԵԱՏՄ-ի երկրների պետական գնումների համակարգերում հայկական արտադրանքի մասնակցությանը, ձևավորել գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի միասնական շուկաներ, ընդլայնել ծառայությունների միասնական շուկան։

2. Արտահանման խթանման մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը դիվերսիֆիկացնել ադամանդի հումքի աղբյուրները և ձևավորել առկա աղբյուրներից հումքի ձեռքբերման առավել արդյունավետ պայմաններ.

2) մինչև 2017 թվականի ավարտը աջակցել ՌԴ-ի շուկայում հայկական ծագման ապրանքների վաճառքի Armzօոe էլեկտրոնային հարթակի ներդրմանը և ապահովել հանրայնացումը.

3) մինչև 2017 թվականի ավարտը տրամադրել ծագման երկրի հավաստագրեր և պարզեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը.

4) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել հայկական ապրանքների համար առնվազն 5 թիրախային շուկաներ ներմուծման ընթացակարգերի, ՀՀ օրենսդրության պահանջների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հասանելիություն, իսկ 2018 թվականին այն ավարտին հասցնել մնացած թիրախային շուկաների մասով.

5) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել առավել արդյունավետ մեխանիզմներ ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցության աջակցման հարցում.

6) մինչև 2018 թվականի ավարտն ստեղծել հայկական արտահանող արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ.

7) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել արտահանման ծավալի ապահովագրության ավելի քան կրկնակի աճ.

8) 2018-2022 թվականների ընթացքում կազմակերպել արտահանման թիրախային շուկաներում «Made in Armenia» ամենամյա միջոցառումներ:

 

Գործարար միջավայր

 

Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են՝ անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստակության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ: Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում: Այս նպատակների իրագործմանն ուղղված են մի շարք միջոցառումներ՝

1. Գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրերի իրականացումը հետևողականորեն շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարողությունները՝ ամբողջականացնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը.

2) մինչև 2017 թվականի ավարտը կրճատել էլեկտրականության միացման գործընթացում պահանջվող գործողությունները.

3) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել քաղաքաշինական թույլտվությունների ոլորտում էլեկտրոնային համակարգի լայն կիրառություն.

4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետության կողմից մատուցվող ծառայությունների արագացված ընթացակարգեր, եթե ներկայումս այդպիսիք սահմանված չեն.

5) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել օրենսդրական փոփոխություններ` խթաններ ստեղծելով սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու ուղղությամբ։

2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել գերիշխող դիրքի չարաշահում որակելու դեպքերի օրենսդրական հստակեցում.

2) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել տնտեսական մրցակցության բնագավառում կայացվող անհատական որոշումների ամփոփման, դրանց նախադեպային տրամաբանության հստակեցման և տնտեսավարողներին ու լայն հասարակությանն իրազեկման մեխանիզմները:

3. Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ձևավորել ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունները և 2019 թվականին հրապարակել վիճակագրական տեղեկատվությունը.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական աջակցության նոր գործիքակազմ, այդ թվում՝ խորացնել ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

 

Ներդրումներ

 

ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը: Այդ նպատակով ներդրումային քաղաքականությունն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝

1. Ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն առկա միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը.

2) մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) գործունեությունը կարգավորող իրավական դաշտը.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել պետություն-մասնավոր գործընկերության համար օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումները.

4) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը.

5) մինչև 2018 թվականի ավարտն իրագործել ՀՀ-ում որոշակի ներդրումների դիմաց՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու ծրագիրը:

2. Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից դեպի «թիրախավորված» ռազմավարության քաղաքականության անցում կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընտրված թիրախային ոլորտներում (այդ թվում` մանածագործություն, հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն) և ըստ գործունեության վայրերի աշխատատեղերի ստեղծումը խթանող հնարավոր արտոնությունների վերաբերյալ.

2) մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել ներդրումային ծրագրերի փաթեթների` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և դրանց առաջմղման համար Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները և ապահովել այդ գործառույթի շարունակականությունը.

3) մինչև 2017 թվականի ավարտը ամրապնդել Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները «մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ՝ ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ.

4) մինչև 2017 թվականի ավարտը մշակել տնտեսական դիվանագիտության կիրառական մոտեցումներ.

5) մինչև 2018 թվականի ավարտը մշակել համայնքային նշանակության մարզային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործուն մեխանիզմներ.

6) մինչև 2018 թվականի ավարտը մշակել առաջատար վերազգային ընկերությունների հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հստակ ձևաչափեր և մեխանիզմներ.

7) մինչև 2019 թվականի ավարտն ապահովել Հայաստանը ՏՀԶԿ ՕՈՒՆ Կարգավորումների սահմանափակման ինդեքսի վարկանիշում (OECD) ներառելուն.

8) մինչև 2020 թվականի ավարտը մշակել և իրագործել առնվազն 5 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման ռազմավարությունները:

3. Ստեղծարար և նորարարական բիզնեսների զարգացում, տեխնոլոգիական զարգացման խթանում՝

1) մինչև 2018 թվականի ավարտը քարտեզագրել ՀՀ նորարարական էկոհամակարգը (քաղաքականություն (իրավական) դաշտ, կազմակերպություններ, ոլորտի զարգացման ծրագրեր, նորարարական բիզնես, կրթություն և հետազոտություններ), գույքագրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները և դրանց տեխնոլոգիական կարողությունները.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզ՝ տնտեսության առանցքային ճյուղերում նորարար տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով.

3) մինչև 2018 թվականի ավարտը ներգրավել վերազգային առնվազն 2 կազմակերպություն՝ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով.

4) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին տրամադրվող աջակցության հատուկ մեխանիզմներ:

 

Զբոսաշրջություն

 

ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Այս նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝

1. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում.

2) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները.

3) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել զբոսաշրջության ռեգիստրը:

2. Մինչև 2020 թվականի ավարտն ավարտել հանրապետության տարածքում ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

2) 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

3) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել մարզական զբոսաշրջությունը ՀՀ-ում միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով.

4) 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը.

5) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդը՝ նախադրյալներ ստեղծելով «Զբոսաշրջության սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման համար.

6) մինչև 2020 թվականի ավարտն ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:

 

3.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

Հասարակության բարեկեցության, սոցիալական խնդիրների լավագույնս լուծման բանալին կայուն տնտեսական աճ ունենալն է՝ դրա ստեղծմանը մասնակցողների և դրանից օգտվողների թվի մշտապես աճի պայմաններում: Հարկաբյուջետային քաղաքականությունն առաջիկա տարիներին միտված կլինի տնտեսական աճի խթանմանը և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Հարկաբյուջետային քաղաքականության մակրոտնտեսական շրջանակը միջին ժամկետում ուրվագծվելու է պարտքը կայունացնող քաղաքականության համատեքստում, ինչը տնտեսական աճին նպաստող մակրոտնտեսական կայուն միջավայրի կարևորագույն նախապայման է:

 Եկամուտների քաղաքականությունը թիրախավորելու է բիզնեսի և արտաքին ներդրողի համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ապահովումը և այն պետք է հնարավորություն ընձեռի տնտեսությունում ռեսուրսների արդարացի վերաբաշխման, ինչպես նաև վերաուղղորդման դեպի արտահանելի հատված:

Գլոբալ աշխարհում մրցունակ և երկարաժամկետ կայուն աճ ապահովող սուբյեկտը թափանցիկ և միջազգային հաշվետվողականության սկզբունքներով գործող բիզնեսն է: Որակյալ աուդիտը պետք է դառնա մրցունակ բիզնեսի գործունեության պահանջված նորմ, իսկ ՀՀ կառավարությունը ջանքեր գործադրի աուդիտորական ծառայությունների որակի հսկման գործուն համակարգի ստեղծման համար:

Պետական ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է բյուջետային գործընթացում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման ֆինանսական ցուցանիշների համակարգից անցում կատարել քանակական և որակական արդյունքային ցուցանիշների համակարգին, ինչպես նաև ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը: Այդ առումով, առաջիկա տարիներին կամբողջականացվի ծրագրային բյուջետավորման ներդրման մեթոդաբանական հենքը, ինչպես նաև կբարձրացվի պետական ֆինանսների կառավարման գործառույթների ավտոմատացման մակարդակը, կընդլայնվի էլեկտրոնային գնումներ օգտագործողների շրջանակը, ինպես նաև կուժեղացվեն պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգերը:

Հանրային հատվածի ակտիվները և պարտավորությունները հաշվառելու ու արդյունավետ կառավարելու, ինչպես նաև դրանց վրա բյուջետային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը բացահայտելու անհրաժեշտությունը պահանջում է հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության նոր ստանդարտների առկայություն: Այս նպատակին հասնելու համար ՀՀ կառավարությունը կներդնի հաշվեգրման սկզբունքի հիման վրա հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգ:

Հեռանկարային կայուն տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից էական է ֆինանսական շուկաների զարգացվածությունն ու խորությունը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Ստվերային տնտեսության կրճատումը, կենսաթոշակային կուտակային համակարգի գործարկումը և վերջինիս արդյունքում ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան առավել բազմազան դարձնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Վերը նշված նպատակներին հասնելու համար ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի հետևյալ ուղղություններով՝

1. Տնտեսական աճի ներուժի բարձրացման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) բարձրացնել պետական պարտքի կառավարման արդյունավետությունը և ապահովել պետական պարտքի կայունությունը՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը ներդնել ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման գործուն համակարգ,

բ. 2018 թվականից սկսած ներդնել հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոններ.

2) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման նպատակով նոր գործիքակազմ.

3) մինչև 2022 թվականի ավարտը նախագծել բյուջետային շրջանակ՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, որը կնախատեսի կապիտալ ծախսերի աստիճանական ավելացում՝ հնարավորինս չափավորելով ընթացիկ ծախսերը և առավելապես կարևորելով դրանց արդյունավետությունը՝ սոցիալական կարիքների ապահովման տեսակետից խնդիրներ չառաջացնելու նպատակադրմամբ:

2. Հարկային քաղաքականության և միջազգային հարկային համագործակցության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ հարկման արդարացի համակարգի ներդրման և տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը խթանելու նպատակով, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և լայն քննարկման ներկայացնել անշարժ գույքի միասնական հարկման համակարգի բարեփոխումներին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը,

բ. մինչև 2018 թվականի ավարտը մշակել և հաստատել նոր համակարգի կիրարկումն ապահովող նորմատիվ իրավական ակտերը.

2) 2019-2020 թվականների ընթացքում գործարկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտներին համապատասխան ավտոմատ եղանակով հարկման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգը.

3) 2017-2019 թվականների ընթացքում իրագործել ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ (արտահանում)» ծրագրին (BEPS ծրագիր) ՀՀ անդամակցության գործընթացը և մինչև 2020 թվականի ավարտը տեղայնացնել տրանսֆերային գնագոյացման օրենսդրության BEPS ծրագրի առանձին գործողություններով նախատեսված միջոցառումների պահանջները.

4) տնտեսավարող սուբյեկտների միջսահմանային գործունեությանը և միջպետական առևտրին նպաստելու համար ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտն ավելացնել ստորագրված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվն առնվազն 8-ով,

բ. 2019-2022 թվականների ընթացքում առնվազն 5 երկրների հետ նախաստորագրել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր:

3. Մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտորական գործունեության ոլորտներում կարգավորման կատարելագործման առումով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը մշակել օրենսդրական փաթեթ՝ հիմնված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների որակի հսկման համակարգերը շեշտող բարեփոխումների հայեցակարգի վրա.

2) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումների դաշտը և մինչև 2020 թվականի ավարտը ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների նկատմամբ արդյունավետ մասնագիտական և հանրային վերահսկողության համակարգը:

4. Պետական ֆինանսական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ընդլայնել էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակը՝ պետական գնումների ոլորտում արդյունավետության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև մրցակցության ավելացման նպատակով: Մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը ներդնել գնումների էլեկտրոնային աճուրդի համակարգը,

բ. մինչև 2018 թվականի ավարտը գնումների էլեկտրոնային համակարգը համապատասխանեցնել էլեկտրոնային կառավարման համակարգերի ժամանակակից չափորոշիչներին,

գ. մինչև 2018 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած ՊՈԱԿ-ներին,

դ. մինչև 2019 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած համայնքներին,

ե. մինչև 2020 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններին.

2) բյուջետային գործընթացներում «փողի արժեք» սկզբունքի ուժեղացման և հանրային հաշվետվողականության տեսանկյունից արդյունավետ գործիքակազմի ներդրման նպատակով անցում կատարել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման քանակական և որակական արդյունքային ցուցանիշներին: Մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտն ամբողջականացնել ծրագրային բյուջետավորման մեթոդաբանականը հենքը,

բ. 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի և հաջորդ տարիների նախագծերը կազմել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով.

2) մինչև 2019 թվականի ավարտն ավտոմատացնել բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման գործընթացը և այն համակցել գործող էլեկտրոնային համակարգերին (էլ-գանձապետարան, գնումներ և այլն).

3) համախմբել պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ) և հաշիվները, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով վերջիններիս հաշիվների վարումը կազմակերպել գանձապետարանի միջոցով,

բ. մինչև 2019 թվականի ավարտը պետական և համայնքների բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը կիրառել ՊՈԱԿ-ների հաշիվների նկատմամբ.

4) իրականացնել հանրային հատվածում պետական ներքին ֆինանսական հսկողության և ներքին աուդիտի ինստիտուտի ուժեղացման միջոցառումներ, մասնավորապես, մինչև 2019 թվականի ավարտն ապահովել ներքին աուդիտի գործունեության որակի նկատմամբ արտաքին գնահատումների իրականացման հիմքերը և իրականացնել պիլոտային իրագործում.

5) հանրային հատվածի ֆինանսական հաշվետվողականության և կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման երկրորդ փուլ, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտը ձևավորել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգ և պիլոտավորել ՀՀ մեկ նախարարությունում,

բ. ձևավորել նախարարությունների մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ընթացակարգերը, մասնավորապես, 2018-2025 թվականների ընթացքում ներդնել վերոնշյալ պիլոտավորման արդյունքների հիման վրա նոր համակարգ՝ առնվազն 5 նախարարությունում:

5. ՀՀ կառավարությունը ֆինանսական շուկաների գործիքակազմի հասանելիության բարձրացման և կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձևավորման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացնելու է քայլեր՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Դա խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության զարգացման և ներդրումների ավելացման համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել կապիտալի շուկայի զարգացման ծրագիր՝ ուղղված տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկման խթանմանը.

2) մինչև 2019 թվականի ավարտը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ բարձրացնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը՝ անհրաժեշտ իրավակարգավորումների իրականացմամբ.

3) մինչև 2020 թվականի ավարտը կենսաթոշակային համակարգի ընդլայնման համար ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել ապահովագրական շուկայի զարգացման միջնաժամկետ ծրագիր՝ ուղղված ապահովագրական նոր գործիքների և կյանքի ապահովագրության համակարգի ներդրմանը:

 

3.3. ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան անհրաժեշտ կարողություններ՝ ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար: Արդյունավետ հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները:

Հարկային և մաքսային մարմինների կողմից հետևողական վարչարարության իրականացման արդյունքում պետք է խստացվի պայքարն օրինազանց, հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ դրսևորող հարկ վճարողների նկատմամբ, պետք է շարունակվեն աշխատանքները տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ուղղությամբ: Այս առումով հիմնական մոտեցումն այն է, որ հարկային և մաքսային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, իսկ հարկային մարմնի կողմից իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվի էլեկտրոնային հսկողության հարթակ:

Գործարար միջավայրի տեսանկյունից կարևորվելու է պետական եկամուտների վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար իրականացվող վարչարարության հնարավորինս պարզեցումը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը: Միևնույն ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար կտեղափոխվի ներքին տնտեսություն:

Նշված ուղղություններով աշխատանքների իրականացման, հարկային և մաքսային համակարգերի կառուցվածքի վերանայման, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխման արդյունքում կբարձրանա վստահությունը հարկային և մաքսային համակարգերի նկատմամբ:

Նշված թիրախներին հասնելու նպատակով անհրաժեշտ է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հստակ ուղղությունների նախանշում, որոնք ճշգրիտ կերպով կարտացոլեն սահմանված նպատակներին հասնելու եղանակները:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Հարկային և մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է հսկողական գործընթացները կազմակերպել ռիսկերի գնահատման համակարգերի ներդրման և կատարելագործման միջոցով՝ ստեղծելով անհրաժեշտ գործիքակազմ ստվերային շրջանառությունների բացահայտման և հարկերը թաքցնելու հնարավորությունների սահմանափակման նպատակով: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում ըստ նպատակայնության կանոնակարգել հարկային, մաքսային, վարչական, քրեական պատասխանատվության տեսակները և չափերը, իրավախախտումների համար՝ ըստ բնույթի սահմանել վտանգավորության աստիճանի և պատճառած վնասի, պատասխանատվության միջոցներ.

2) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ուղղությամբ շարունակական աշխատանքներ.

3) 2018-2022 թվականների ընթացքում առանձնացնել ոլորտային վերլուծությունների իրականացման արդյունքում հարկ վճարողների թիրախային խմբեր, կազմակերպել անհատական խմբային հանդիպումներ, ներկայացնել վերջիններիս գործունեությանն առնչվող ռիսկերը, քննարկել խնդիրները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հարկային կարգապահության բարձրացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկած տնտեսավարող սուբյեկտների մոտ հարկային հսկողության վարչարարական գործիքակազմի անհատական կիրառում.

4) մինչև 2022 թվականի ավարտը կազմակերպել հարկային հսկողության գործընթաց՝ ռիսկերի գնահատման համակարգերի կատարելագործման միջոցով՝ ապահովելով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների քանակի և հարկ վճարողների թվի հարաբերակցության հետևողական կրճատում.

5) մինչև 2022 թվականի ավարտը կատարելագործել մաքսային հսկողության համակարգը՝ ռիսկերի գնահատման համակարգերի արդյունավետության բարձրացման միջոցով՝ ապահովելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում.

6) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգը՝ սահմանային հսկողությունն աստիճանական տեղափոխելով հետբացթողումային փուլ.

7) հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման և կանխարգելման նպատակով՝ կատարելագործել հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման և փոխանակման համակարգերը և ընդլայնել, մասնավորապես, մինչև 2022 թվականի ավարտը երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների շրջանակի ընդլայնում և որակի բարելավում, դրանց փոխանակման և մշակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործում:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում իրականացվող վերլուծական և ռիսկերի գնահատման գործընթացների բարելավման, ինչպես նաև հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելու նպատակով կկատարելագործվեն և կընդլայնվեն հարկային և մաքսային մարմինների վերլուծական կարողությունները՝ ապահովելով անհրաժեշտ փոխկապակցվածությունը վերլուծական աշխատանքների արդյունքների, ռիսկերի կառավարման համակարգերի և հսկողական միջոցառումների արդյունքների միջև: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը կենտրոնացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում իրականացվող վերլուծությունները մոնիթորինգային կենտրոնում՝ որակապես բարելավելով իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները և ապահովելով ռիսկերի գնահատման նպատակով վերլուծությունների առավելագույն ավտոմատացում և միասնականություն.

2) մինչև 2018 թվականի ավարտը գործարկել կամերալ ուսումնասիրությունների իրականացման էլեկտրոնային համակարգը:

3. Օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ հարկային և մաքսային միջավայրի ստեղծման, հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) սահմանել օրինապահ հարկ վճարողների գործունեության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ օրինապահ հարկ վճարողների համար հարկային և մաքսային ոլորտներում լրացուցիչ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես, մինչև 2018 թվականի ավարտը՝ կկրճատվեն օրինապահ հարկ վճարողների համար ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ժամկետները.

2) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ ամրապնդելով հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները:

4. ԵԱՏՄ-ի մաքսային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում մշակել ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքից բխող ազգային օրենսդրության կիրարկումն ապահովող նորմեր և մասնակցել ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող իրավական ակտերի մշակման աշխատանքներին.

2) 2017-2019 թվականների ընթացքում մաքսային մարմիններում էլեկտրոնային կառավարման և հսկողության համակարգի համապատասխանեցում (այդ թվում՝ նոր ենթահամակարգերի գործարկում) ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքին և դրա կիրարկումն ապահովող իրավական այլ ակտերին:

5. Երկարաժամկետ հատվածում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակում առաջնահերթությունը տրվելու է հարկային մարմնում իրականացվող գործընթացների ավտոմատացմանը, այդ թվում՝ հարկ վճարողներին, ժամանակին համահունչ, որակյալ ծառայությունների մատուցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի հարկ վճարողների հարկային պարտավորությունների կամավոր կատարման մակարդակի բարձրացմանը և վարչարարության պահանջներն ապահովելու համար հարկ վճարողների կողմից իրականացվող ծախսերի կրճատմանը: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հարկային և մաքսային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունները՝ ապահովելով հարկային մարմին ներկայացվող բոլոր հաշվարկների, փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն, այդ թվում՝ հարկային օրենսգրքից բխող բոլոր փոփոխությունների էլեկտրոնայնացում.

2) մինչև 2018 թվականի ավարտը գործարկել մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը.

3) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգ.

4) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել հարկ վճարողների գործունեության ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ վերջինների կողմից ուղարկվող ծանուցումների համակարգի կիրառումը՝ օգտագործելով առավելապես էլեկտրոնային համակարգերի հնարավորությունները.

5) մինչև 2019 թվականի ավարտը գործարկել հարկերի վճարման էլեկտրոնային համակարգը:

6. Հարկային և մաքսային վարչարարության բարելավման համալիր միջոցառումների շարքում առանձնակի կարևորվում է հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանն ուղղված լայնածավալ աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Իրականացվող աշխատանքները կհանգեցնեն հարկային և մաքսային կարգապահության բարձրացմանը, վարչական մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը, հարկային եկամուտների ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում բարելավել հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի կարողությունները.

2) 2017-2018 թվականների ընթացքում կատարելագործել հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտները՝ ապահովելով դրանց հրապարակայնությունը.

3) 2017-2022 թվականների ընթացքում ձեռնարկել միջոցներ հարկ վճարողներին իրազեկման և ուսուցման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ.

4) 2017-2022 թվականների ընթացքում հեռարձակել հարկային կարգապահության թեմայով հեռուստահաղորդաշարերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար կիրազեկվի բացահայտված հարկային իրավախախտումների, կիրառված պատասխանատվության միջոցների, ձեռք բերված արդյունքների վերաբերյալ.

5) 2017-2022 թվականների ընթացքում հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության արդյունավետության բարձրացման շրջանակներում՝

ա. ներգրավել հարկ վճարողներին հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման գործընթացներում,

բ. կազմակերպել հասարակության գնահատականի ստացման նպատակով հարկային և մաքսային վարչարարության ընթացակարգերի վերաբերյալ հարցումներ՝ ինտերնետային կայքերի միջոցով.

6) 2017-2022 թվականների ընթացքում հրապարակել հարկային և մաքսային մարմինների գործունեության (այդ թվում՝ գերատեսչական վերահսկողության) վերաբերյալ հաշվետվություններ.

7) մինչև 2019 թվականի ավարտն ստեղծել հարկ վճարողների կողմից վճարված հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման հնարավորություն:

7. Հարկային և մաքսային համակարգերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է սահմանել համակարգի օպտիմալ կառուցվածք, որը հնարավորություն կտա կառավարման բոլոր մակարդակներում ունենալ հստակություն և խուսափել կրկնություններից: Կվերակառուցվեն հարկային (տարածքային) տեսչությունները՝ սահմանելով գործառույթների վրա հիմնված կառուցվածք: Կառուցվածքի հենասյուներից է լինելու մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգի ստեղծումը՝ հարկային, մաքսային ծառայողի կերպարի վերափոխման միջոցով: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) հարկային, մաքսային ծառայողին ներկայացվող պահանջների և կերպարի վերափոխման նպատակով 2017-2018 թվականների ընթացքում՝

ա. մշակել «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

բ. վերանայել հարկային և մաքսային ծառայողների վարքագծի կանոնները.

2) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ավտոմատ տեղեկատվական համակարգ՝ ապահովելով մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների իրականացման արդիականացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումը.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացման նպատակով ուսումնական կարիքների գնահատման մոդել.

4) 2017-2022 թվականների ընթացքում մշակել և իրականացնել հարկային և մաքսային ծառայողների ուսումնական և վերապատրաստման ծրագրեր.

5) 2017-2022 թվականների ընթացքում բացահայտել հարկային և մաքսային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով՝ ռիսկերը և վերանայել ընթացակարգերը:

 

3.4. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ

 

Էներգետիկա

 

Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:

Ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և պահպանում է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր, որի հիմնական նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջությամբ կարգավորվող մոդելից նոր՝ ազատական մոդելին անցումը, առևտրի ժամանակակից կանոնների ներդրումը, սակագնային համակարգի հետագա կատարելագործումը և միջպետական առևտրի խթանումը հանդիսանում են նշված ծրագրի հիմնական գերակայությունները, միաժամանակ որպես առաջնահերթություն ունենալով ներքին շուկայի սպառողների պաշտպանությունը.

2) մինչև 2020 թվականի ավարտը մշակել Էներգետիկայի մասին նոր ՀՀ օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմի ներդրման ընթացքում առաջ եկած խնդիրները.

3) մինչև 2021 թվականի ավարտը մշակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նոր հեռանկարային զարգացման ծրագիրը՝ հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար, որը պետք է ներառի մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածի էլեկտրաէներգետիկական համակարգում կատարված աշխատանքները և արձանագրված զարգացումները:

2. Նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթաններ ձևավորելու, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ շուկայի աստիճանական ազատականացման խթանման նպատակով մշակել «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը.

2) մինչև 2017 թվականի ավարտը վերանայել ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումները և իրականացման ժամկետները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ էներգետիկ անվտանգության պահանջների կատարման արդյունավետությունը.

3) մինչև 2017 թվականի ավարտը մշակել իրավական ակտի նախագիծ, որով կկարգավորվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների ստացման օբյեկտների բնականոն գործունեության, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգության ու գույքի պաշտպանության հետ կապված գործընթացները.

4) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման խթանման և զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումներ:

3. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի լրացուցիչ հետազոտությունները, և ըստ սահմանված պլան-ժամանակացույցի` սարքավորումների մատակարարումը.

2) 2018-2019 թվականների ընթացքում իրականացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտական փուլի աշխատանքները.

3) մինչև 2019 թվականի ավարտը՝ իրագործել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որով կապահովվի Հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը՝ շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում:

4. Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում իրականացնել հենասյուների և էլեկտրահաղորդման օդային գծերի մոնտաժման և ենթակայանի կառուցման աշխատանքները,

բ. մինչև 2019 թվականի ավարտը շահագործման հանձնել էլեկտրահաղորդման օդային գիծը և ենթակայանը.

2) Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մեկնարկել նախագծման աշխատանքների մեկնարկը,

բ. մինչև 2019 թվականի ավարտն ավարտել Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագիրը:

Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը:

5. Արևային համակարգային կայանների կառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփումը և ապահովել ՖՎ էլեկտրակայանի կառուցման մեկնարկը:

6. 2017-2022 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերին` այդ ուղղությամբ մշակել նաև օրենսդրական խթաններ:

7. «Կարկառ» կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մասնավոր ներդրողի ներգրավման և մրցույթի անցկացման նպատակով մշակել էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման աշխատանքների արդյունքում երկրաջերմային հնարավոր էլեկտրակայանի իրագործելիության ուսումնասիրությունը և արդյունքների ամփոփումը,

բ. մինչև 2018 թվականի ավարտը երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի արդյունքում էլեկտրակայանի կառուցման իրագործելիության դրական եզրակացության դեպքում մշակել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր, իսկ մինչև 2019 թվականի ավարտը՝ ներդրողների ներգրավման նպատակով անցկացնել մրցույթ:

 

Բնական պաշարներ

 

Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտը պետք է լինի թափանցիկ, հանրության առջև ունենա բարձր հաշվետվողականություն: Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության օրենսդրական նոր հենքի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ և հաստատել դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը.

2) մինչև 2018 թվականի ավարտը կազմել և հրապարակել ՀՀ-ի կողմից ԱՃԹՆ/EITI-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) շրջանակներում՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջին ազգային զեկույց և մշակել ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր.

4) 2019-2020 թվականների ընթացքում իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ:

2. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի թվայնացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել առկա նյութերի թվայնացման և www.geo-fund.am կայքում տեղադրման աշխատանքները՝ այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար:

 

Ջրային տնտեսություն

 

Ջրային տնտեսության 5-ամյա ծրագրային հայտը բնորոշվելու է ջրային տնտեսության համակարգի զարգացման ու բարեփոխումների շարունակականության, ֆինանսական կայունության համար բավարար հիմքերի ապահովման, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրման, ջրային համակարգերի մասով ջրային ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման և շարունակական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման միջոցով:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Խմելու ջրի ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) լուծել խմելու ջրի մատակարարման ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝

ա. 2017-2019 թվականների ընթացքում իրականացնել Երևան քաղաքի տարբեր համայնքների բաշխիչ ցանցերի բարելավման աշխատանքներ՝ հոսակորուստների կրճատման, ջրի բաշխվածության ապահովման նպատակով,

բ. բարելավել վարձակալական պայմանագրի կառավարման արդյունքում սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները և ՀՀ պետական բյուջեի ամենամյա մուտքն ապահովել առաջիկա 5,5 տարիների համար 19 063.5 մլն դրամի չափով,

գ. ապահովել վարձակալի ֆինանսական միջոցներով կատարվող Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի իրականացումը՝ առաջիկա 5 տարիների համար 11 մլրդ դրամի չափով,

դ. կրճատել ջրակորուստներն առաջիկա 5 տարիների համար 12-13 %-ի չափով, պայմանագրային տարիների ընթացքում՝ 30 %-ով,

ե. իրականացնել գույքի բարելավման ու զարգացման վրա ներդրումների պետական ծրագիր՝ շուրջ 150 մլն եվրոյի չափով.

2) իրականացնել միջոցառումներ՝ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ՋՏՊԿ համակարգի մասնագիտացված կառույցի սպասարկման տարածքի ստեղծման համար, այդ թվում՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել չսպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին հայեցակարգ,

բ. մինչև 2017 թվականի ավարտն ավարտել Երևանի Աերացիայի մաքրման մեխանիկական կայանի, իսկ մինչև 2019 թվականի ավարտը՝ Սևանի և Մեծամորի կեղտաջրերի մաքրման կայանների շինարարությունները,

գ. մինչև 2017 թվականի ավարտը վերանայել և լրամշակել խմելու ջրի ռազմավարությունը,

դ. մինչև 2018 թվականի ավարտը ներդնել չսպասարկվող տարածքում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) փոխշահավետ համագործակցության առավել արդյունավետ գործիքներ,

ե. 2018-2022 թվականների ընթացքում լուծել ՀՀ Շիրակի, ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արմավիրի, ՀՀ Լոռու, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Սյունիքի մարզերի խմելու ջրի ռեսուրսների անհամաչափ բաշխվածության և հասանելիության խնդիրները, այդ թվում՝ մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել նշված տարածքների 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման նախագծային աշխատանքները և մինչև 2020 թվականի ավարտը մեկնարկել շինարարական աշխատանքները:

2. Ոռոգման ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2019 թվականի ավարտն ապահովել մեխանիկական ոռոգման համակարգերն ինքնահոս համակարգով և մայր ու երկրորդ կարգի ջրանցքները նորերով փոխարինումը՝ ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային ծրագրերի իրականացմամբ.

2) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ջրամբարաշինության ծրագրերը, այդ թվում՝

ա. մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել Սելավ-Մաստարա ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորման, կառուցապատման նախնական նախագծի պատրաստման ուսումնասիրությունը,

բ. մինչև 2022 թվականի ավարտն ավարտել Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները,

գ. մինչև 2022 թվականի ավարտն ավարտել Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները.

3) ոռոգման ոլորտում իրականացնել օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր,

բ. մինչև 2017 թվականի ավարտը մշակել ոռոգման ոլորտում հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր,

գ. մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

դ. մինչև 2019 թվականի ավարտը մշակել «Ոռոգման ջրի մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ՋՕԸ-հողօգտագործող-ֆերմեր իրավահարաբերությունների կանոնակարգման, գյուղատնտեսության զարգացման մեջ ոռոգման ջրի դերակատարության հստակեցման, նոր ոռոգելի հողատարածքների ավելացման, ընկերությունների կառավարչաիրավական կարգավիճակի փոփոխման հիմքերի ստեղծման նպատակով,

ե. մինչև 2019 թվականի ավարտը մշակել ոռոգման ջրի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավման հայեցակարգը,

զ. մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել «Արփա-Սևան» N 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները,

է. մինչև 2021 թվականի ավարտը մշակել ըստ հողատարածքների առանձնահատկությունների` սակավաջրության և միջին ջրատվության ոռոգման ու ջրման նորմատիվային չափորոշիչներ.

4) մինչև 2017 թվականի ավարտը մշակել հեղեղների կառավարման և կանխարգելման ծրագիր, այդ թվում՝ սահմանելով հակահեղեղային առաջնահերթ ամենամյա միջոցառումներ.

5) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել խոնավ (գերխոնավ) գյուղատնտեսական հողատարածքների մելիորատիվ վիճակի բարելավման ամենամյա աշխատանքներ.

6) մինչև 2021 թվականի ավարտը նոր տեխնոլոգիաների, կառավարման հեռահար զոնդավորման տեղեկատվական համակարգի միջոցով ներդնել ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, մշակաբույսերի բերքատվության աճի, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգ.

7) բարձրացնել վերահսկելիությունը հիդրատեխնիկական կառույցների տեխնիկական, ֆինանսական և ֆիզիկական վիճակի գնահատման, ջրի հաշվառման հստակեցման, ջրակորուստների բացահայտման և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման ուղղությամբ, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը գնահատել մեխանիկական ջրարտադրության սարքավորումների տեխնիկական վիճակը՝ վերազինելով (փոխարինելով) կառավարման արդի համակարգերը,

բ. մինչև 2019 թվականի ավարտը գույքագրել հիդրատեխնիկական կառույցները և իրականացնել աուդիտ,

գ. մինչև 2020 թվականի ավարտը կահավորել ոռոգման համակարգերը՝ SCADA ծրագրով հագեցած ջրաչափական դիտակետերով:

 

Միջուկային անվտանգություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի երկարաժամկետ ծրագրի նպատակն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացումը և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության ռիսկի նվազեցումն են:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Միջուկային օրենսդրության կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2019 թվականների ընթացքում մշակել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ նոր օրենք, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականից:

2. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործման նախագծային ժամկետի երկարացման լիցենզավորման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի մնացորդային ռեսուրսի հիմնավորման գնահատում.

2) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների լիցենզավորում և թույլտվությունների տրամադրում.

3) մինչև 2021 թվականի ավարտն իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում՝ մինչև 2026 թվականը:

3. Աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ռազմավարությամբ և հայեցակարգով նախատեսված աշխատանքների լիցենզավորում։

4. Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ստեղծել ճառագայթային չափումների ռեֆերենսային լաբորատորիա, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը տարածք հատկացնել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին և վերանորոգել այն,

բ. 2018-2021 թվականների ընթացքում ձեռք բերել լաբորատոր ժամանակակից և սերտիֆիկացված սարքեր, սարքավորումներ, մեթոդաբանություններ, նմուշառման միջոցներ, անհատական պաշտպանության միջոցներ, դիզել գեներատորի ու գրասենյակային գույք՝ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում,

գ. 2018-2022 թվականների ընթացքում հավաքագրել, պատրաստել և վերապատրաստել մասնագետներ.

2) 2018-2020 թվականների ընթացքում ներդնել միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակներում որոշումների ընդունմանն աջակցող «RODOS» ավտոմատ համակարգ:

 

3.5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի նպատակը գյուղատնտեսությունում տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը (էներգետիկ արժեքով գնահատված հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակը 2022 թվականին կհասնի շուրջ 75 %), բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, ներմուծման փոխարինումը, արտահանման ծավալների ավելացումը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն են:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Բուսաբուծության ոլորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել սերմնաբուծության, սերմնարտադրության և սերմնապահովման սելեկցիոն կայանների կարողությունները և ընդլայնել դրանց ցանցը: Շարունակել սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագիրը.

2) 2017-2022 թվականների ընթացքում կայուն բերքի ապահովման համար իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումներ՝ արդյունքում էապես նվազեցնելով վնասատուների պատճառած վնասը.

3) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել գյուղատնտեսության հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի լայն տեսականու հասանելիության ծրագիր.

4) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պետական աջակցության ծրագիրը, այդ թվում՝ մինչև 2018 թվականի ավարտը հիմնելով 100 հա ինտենսիվ պտղատու այգիներ։

2. Անասնաբուծության ճյուղի կայունացման և զարգացման համար երկարաժամկետ լուծումներ ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ձեռք բերել տեղական վերարտադրության տոհմային երինջներ և մատչելի պայմաններով տրամադրել տարաժամկետ վճարմամբ տավարաբուծական գյուղացիական տնտեսություններին՝ նախատեսելով հստակ չափորոշիչներ և ծախսվող միջոցների վերադարձի մեխանիզմներ.

2) 2018-2022 թվականների ընթացքում կրկնապատկել տեղական վերարտադրության տոհմային երինջների տրամադրման ծավալները.

3) ստեղծել և զարգացնել տոհմաբուծարաններ, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել տոհմաբուծարանների ստեղծման և զարգացման ծրագիր,

բ. 2018-2022 թվականների ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ՝ հիմնել 4 տոհմաբուծարան:

3. Ձկնաբուծության ճյուղի կայուն զարգացման և կանոնակարգման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում մշակել ռազմավարություն՝ արտահանմանը միտված ժամանակակից ձկնաբուծարանների ձևավորման և կայացման պետական աջակցության մեխանիզմների ներդրմամբ:

4. Հակաանասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների և անասնաբուժական միջոցառումների ծրագիր, այդ թվում՝ մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել շուրջ 6 մլն կանխարգելիչ պատվաստումներ և ախտորոշիչ միջոցառումներ:

5. Աշխարհագրական տվյալների թվայնացված համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում իրականացնել ծրագրի պիլոտային փուլը՝ ՀՀ մեկ մարզի ամբողջական աշխարհագրական տվյալների թվայնացված համակարգի ներդրմամբ.

2) 2018-2019 թվականների ընթացքում ավարտին հասցնել ևս 9 ՀՀ մարզերի աշխարհագրական տվյալների թվայնացված համակարգի ներդրումը.

3) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը:

6. Գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի խթանման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018-2022 թվականների ընթացքում իրագործել կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիր:

7. Գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, այդ թվում՝ մինչև 2017 թվականի ավարտը մատակարարել շուրջ 3 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական տեխնիկա՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով.

2) 2017-2021 թվականների ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիր: Կայանի աշխատանքների պիլոտային ծրագիրը մեկնարկել 2017 թվականին` աշնանացանի հետ:

8. Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ ընդհանուր առմամբ շուրջ 10.0 հազ. հա-ի վրա կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը՝ մատչելի պայմաններով, նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ:

9. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ճյուղի աջակցության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտի վարկավորման սուբսիդավորման ծրագիր.

2) բարձրացնել գինեգործության վարկանիշը և մրցունակությունը, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտն առաջարկել ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի հաշվարկման մեթոդ,

բ. 2017-2019 թվականների ընթացքում միջազգային պահանջներին համապատասխանեցնել գինու որակի տեղական չափորոշիչները և չափանիշները:

10. Գյուղատնտեսության ոլորտում վարկերի մատչելիության և նպատակայնության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել գյուղատնտեսության ոլորտին նպատակային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագիրը՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսությունների համար սահմանելով առավելագույն նպաստավոր տոկոսադրույք, այդ թվում՝ մինչև 2017 թվականի ավարտը տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով տրամադրել շուրջ 7 մլրդ դրամի վարկեր:

11. Գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018-2020 թվականների ընթացքում պետական աջակցությամբ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը:

12. Բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, դաշտային կերարտադրության բարելավման, անասնաբուծության արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանման, արտադրական կարողությունների և արժեշղթայի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020 թվականների ընթացքում շարունակել համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը՝ ուղղված ֆերմերային տնտեսություններում գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ու տեղական արտադրողների ու վերամշակողների արտադրական հզորությունների ավելացմանը:

13. Անտառային ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել անտառապահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր, իսկ 2018-2022 թվականների ընթացքում ապահովել ծրագրի իրագործումը.

2) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել անտառային պետական մոնիթորինգի նոր ծրագիր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

 

Սննդամթերքի անվտանգություն

 

Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման որակական փոփոխությունների ապահովումը պահանջում է սննդամթերքի անվտանգության կարողությունների և որակի ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հետևողականորեն նպաստել երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նշված ոլորտներում պետական վերահսկողությունը պետք է անցում կատարի ռիսկերի գնահատման և կառավարման ներդրված համակարգի հիման վրա վտանգի հայտնաբերման ու կանխարգելման սկզբունքներով գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը՝ միաժամանակ ապահովելով նվազեցված վարչարարությունը, թափանցիկությունը, սպառողի կյանքի և առողջության համար անվտանգ, միջազգային պրակտիկայում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխան սննդամթերքի արտադրությունը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Սննդի շղթայի օպերատորների շրջանում սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման համակարգերի ներդրման պահանջի կիրառման ապահովման և իրականացվող պետական վերահսկողության խստացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել սննդի շղթայի օպերատորների շրջանում որակի կառավարման համակարգերի ներդրմանն ուղղված՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներ.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել, ըստ ոլորտների, որակի կառավարման համակարգերի փուլային ներդնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով արտահանվող առանձին ապրանքատեսակների որակի ստուգմանը:

2. Սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրավորման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրման մեխանիզմներ.

2) 2018-2022 թվականների ընթացքում փուլերով իրականացնել տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրավորման և փուլերով կիրառել առանց սանիտարական անձնագրերի տրանսպորտային միջոցներով սննդամթերք տեղափոխող սննդի շղթայի օպերատորների նկատմամբ պատասխանատվության միջոցներ:

3. Մսի իրացման և գնման ոլորտում պարտադիր սպանդանոցային մորթի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017 թվականից սկսած՝ փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի.

2) 2018-2019 թվականների ընթացքում մշակել և ներդնել սպանդանոցների նկատմամբ հսկողության, անասնաբուժասանիտարական փորձաքննության և մսի դրոշմման վարչարարության կատարելագործման ու արդյունավետության բարձրացման մեխանիզմներ:

4. Գյուղատնտեսական կենդանիների նույնականացման, հաշվառման ու համարակալման թվայնացված համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ու համարակալման ծրագրի մշակման և նախապատրաստական աշխատանքներ.

2) 2018-2020 թվականների ընթացքում ներդնել թվայնացված համակարգ և ապահովել վտանգի բացահայտման ու վարակիչ հիվանդությունների մոնիթորինգային հսկողություն՝ գյուղատնտեսական կենդանիների նույնականացման, հաշվառման ու համարակալման նպատակով:

5. Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել, ըստ արտադրատեսակների և գործունեության իրականացման տեսակների, սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգի ներդրման հայեցակարգ, իսկ 2018-2020 թվականների ընթացքում ներդնել սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգ.

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել սննդամթերքի անվտանգության ոլորտներում ռիսկերի գնահատման մոդել և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ.

3) 2017-2019 թվականների ընթացքում բարձրացնել սննդամթերքի անվտանգության լաբորատոր հսկողության մակարդակը և զարգացնել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների համակարգը:

6. Ներմուծվող սննդամթերքի որակի նկատմամբ վարչարարության պարզեցման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել սահմանային հսկողության համար «մեկ պատուհան» համակարգ.

2) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և պարզեցնել ներմուծման արտահանման ընթացակարգերը և այդ գործընթացներում ռիսկայնության մեթոդաբանությունը.

3) 2018-2022 թվականների ընթացքում պարզեցնել արտադրանքի և որակի կառավարման համակարգերի հսկողության բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերքի տեսակների ներմուծման դեպքում վարչարարությունը, ինչպես նաև կրճատել ժամկետները:

 

3.6. ՏՐԱՆՍՊՈՐՏ, ԿԱՊ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը նպատակաուղղված է լինելու՝

● տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակության ապահովմանը.

● ճանապարհային տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման, ճանապարհների որակի ու անվտանգության զգալի բարելավման ապահովմանը.

● ՏՀՏ-ի և կապի ոլորտի ենթակառուցվածքների բարելավման, դինամիկ զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և ձեռներեցության խթանման, բնակչության զբաղվածության, ձեռնարկատիրության և տարածքային համաչափ զարգացման խթանման ապահովմանը.

● փոստային կապի համակարգի արդիականացման, որակյալ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների հասանելիության և մատչելիության, նոր ծառայությունների, այդ թվում՝ փոստբանկային, էլեկտրոնային-փոստային ծառայությունների ներդրման ապահովմանը.

● պետական ծախսերի նպատակայնության և արդյունավետության բարձրացման, ֆինանսական վերահսկողության և կառավարման մեխանիզմների արդիականացման ապահովմանը, որի շնորհիվ ՀՀ քաղաքացուն և գործարար համայնքին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունները կլինեն հասանելի, մատչելի և արդյունավետ ՀՀ ամբողջ տարածքում, իսկ կառավարումը՝ ժամանակակից և թափանցիկ:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակության ապահովման, ինչպես նաև սպասարկման որակի ու տրանսպորտային անվտանգության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ՀՀ տարածքում ստեղծել միասնական ավտոմոբիլային ուղևորափոխադրումների երթուղային ցանց, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել միասնական երթուղային ցանցի ներդրման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը՝ ներառյալ տրանսպորտային սպասարկման ծառայությունների գնագոյացման, տրանսպորտային ծախսերի ու եկամուտների հավասարակշռման և փոխհատուցման (սուբսիդավորման) մեխանիզմները,

բ. մինչև 2019 թվականի ավարտը ներգրավել միասնական երթուղային ցանցի մասնավոր օպերատորի (օպերատորների), ինչպես նաև մասնավոր ներդրումներ,

գ. մինչև 2020 թվականի ավարտը մշակել ՀՀ տարածքի տրանսպորտային միասնական ինտերակտիվ քարտեզը, էլեկտրոնային կառավարման և միասնական տոմսի համակարգը, իսկ մինչև 2022 թվականի ավարտը ներդնել ամբողջական համակարգը,

դ. մինչև 2020 թվականի ավարտը մասնավորեցնել ավտոկայարանային համակարգը (առանց ավտոկայարանային համակարգի գործառնական նշանակության փոփոխության իրավունքի)՝ մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով համակարգի արդիականացման, տեխնոլոգիական հագեցվածության, կառավարման արդյունավետության, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ծառայությունների աշխարհագրության ընդլայնման նպատակով, իսկ 2021-2022 թվականների ընթացքում իրականացնել համակարգի արդիականացման ծրագիրը,

ե. մինչև 2022 թվականի ավարտը ապահովել ՀՀ բոլոր համայնքների ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հասանելիությունը.

2) ապահովել տրանսպորտային անվտանգություն, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը և ներդնել էլեկտրոնային համակարգը,

բ. մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել գազաբալոնային սնման համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործումը,

գ. մինչև 2018 թվականի ավարտը բարձրացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությունը` վարորդների աշխատաժամանակի վերահսկման նպատակով թվային տախոգրաֆի և վերահսկողության այլ էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով.

3) մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել տաքսամոտորային փոխադրումների օրենսդրությունը, կարգավորել էլեկտրոնային հարթակի միջոցով աշխատող ու ավանդական տաքսի ծառայությունների գործունեությունը և ստեղծել շարժակազմի թարմացման խթաններ.

4) զարգացնել այլընտրանքային տրանսպորտային ուղիները, մասնավորապես՝

ա. մինչև 2020 թվականի ավարտը մշակել ՀՀ-ից և դեպի ՀՀ ուղևորների և բեռների տեղափոխման այլընտրանքային անվտանգ ծրագրերը և խթանել դրանց զարգացմանը: Համաձայնեցնել տարանցիկ երկրների հետ փոխադրումների առավել նպաստավոր ռեժիմները՝ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի միջոցով,

բ. մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել մուլտիմոդալ փոխադրումների զարգացման նպատակով «չոր նավահանգստի» օրենսդրական դաշտ, խթանել լոգիստիկ կենտրոնների զարգացմանը և ընդլայնել ՀՀ տարանցիկ հնարավորությունները.

5) զարգացնել երկաթուղային տրանսպորտը, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ընդունել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարություն,

բ. մինչև 2022 թվականի ավարտն արդիականացնել ուղևորատար շարժակազմը:

2. Ճանապարհային տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման, ճանապարհների որակի ու անվտանգության զգալի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) կատարելագործել ճանապարհային ակտիվների կառավարումը, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել ճանապարհային ռազմավարություն,

բ. մինչև 2018 թվականի ավարտը ներդնել ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և շահագործման պայմանագրերի միջոցով,

գ. մինչև 2018 թվականի ավարտը գույքագրել, քարտեզագրել և թվայնացնել ՀՀ ճանապարհային ցանցը,

դ. մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և խստացնել ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական և օտարման գոտիներում կառուցապատում իրականացնելու աշխատանքներին ներկայացվող պահանջները,

ե. մինչև 2018 թվականի ավարտը մշակել ՀՀ-ում այլընտրանքային վճարովի ճանապարհների վերաբերյալ օրենսդրություն.

2) խթանել ճանապարհաշինական աշխատանքների որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և տարածքային համաչափ զարգացումը՝ նշված միջոցառումների շնորհիվ՝

ա. մինչև 2022 թվականի ավարտն ապահովել Հյուսիս-հարավ ծրագրի շարունակականությունը,

բ. մինչև 2022 թվականի ավարտն իրականացնել ՀՀ համայնքների համապատասխան միջպետական նշանակության ավտոճանապարհների կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովումը,

գ. մինչև 2022 թվականի ավարտն ապահովել ՀՀ ճանապարհային ցանցի` միջպետական, հանրապետական և տեղական (մարզային) նշանակության լավ վիճակում գտնվող ավտոճանապարհների տեսակարար կշռի ավելացման և ճանապարհային կահավորանքի բարելավումը,

դ. մինչև 2022 թվականի ավարտը մշակել խոշոր ճանապարհային ծրագրեր և ներկայացնել միջազգային հարթակներում` դրանց իրականացման նպատակով մասնավոր ներդրումների ներգրավման խթանման համար.

3) ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել երթևեկության անվտանգության 5-ամյա ծրագիրը, իսկ 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել այն,

բ. մինչև 2020 թվականի ավարտը մշակել և իրականացնել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ճանապարհային նշաններով կահավորելու նոր տարատեղման սխեմա:

3. ՏՀՏ-ի և կապի ոլորտի ենթակառուցվածքների բարելավման, դինամիկ զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և ձեռներեցության խթանման, տարածքային համաչափ զարգացման և ՏՀՏ-ի անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ՀՀ-ում ՏՀՏ-ի ոլորտի զարգացման ռազմավարություն.

2) խթանել հայկական ՏՏ-ի կամ ՏՀՏ-ի արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորումը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքը պատշաճ ներկայացնելը, ինչպես նաև խթանել այլ համակարգերի հետ ինտեգրմանը, մասնավորապես՝

ա. 2017 թվականից սկսած իրականացնել գործարար համայնքի հետ համագործակցության համալիր միջոցառումներ՝ ոլորտում առկա խոչընդոտները բացահայտելու և լուծման ուղիներ համատեղ գտնելու համար, իրագործել ՏՀՏ-ի ոլորտի խթանման և գործարար միջավայրի բարելավման օրենսդրական նախաձեռնություններ,

բ. 2017-2022 թվականների ընթացքում զարգացնել ՏՀՏ-ի ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունները, մասնավորապես, ուսումնական կենտրոններում վերազգային ընկերությունների ներգրավմամբ, համապատասխան կարողություններ և իրականացնել համատեղ ծրագրեր,

գ. ապահովել Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեություն և մինչև 2019 թվականի ավարտն ստեղծել նոր կենտրոններ,

դ. 2017-2022 թվականների ընթացքում խրախուսել գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը, առևտրայնացնել գիտական հետազոտությունների արդյունքները` ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերի միջոցով.

3) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում ՏՏ-ի և ՏՀՏ-ի լուծումների կիրառումը, մասնավորապես, խթանել տեղական ՏՏ-ի և ՏՀՏ-ի մրցունակ արդյունքի օգտագործմանը.

4) զարգացնել և ստեղծել նոր ՏՀՏ-ի ենթակառուցվածքներ՝ բարձրացնելով ծառայությունների մատուցման արդյունավետությունը, որակը, արագագործությունը, հասանելիությունը և այլ համակարգերին ինտեգրացման հնարավորությունները, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը, իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ իրականացնել այն,

բ. մինչև 2018 թվականի ավարտը ստեղծել պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների մշակման ժամանակակից կենտրոն,

գ. 2019-2022 թվականների ընթացքում ստեղծել ՀՀ պետական մարմինների միջև միասնական ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության միջգերատեսչական փակ ցանց.

5) զարգացնել և ստեղծել ՏՀՏ-ի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակներ, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը գործարկել Հայաստանի ՏՀՏ-ի ընկերությունների www.e-ictregister.am էլեկտրոնային համակարգերը, իսկ մինչև 2019 թվականի ավարտը մատուցել էլեկտրոնային բազաների և ծրագրային լուծումների հիման վրա www.e-ictregister.am առցանց ծառայությունները,

բ. մինչև 2018 թվականի ավարտը թվայնացնել արխիվային նյութերը՝ երեք տարվա կտրվածքով, ինտեգրել թվայնացված նյութերը գործող ավտոմատացված համակարգերում.

6) մինչև 2017 թվականի ավարտը մշակել վստահության, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բարձրացման ուղղությամբ համալիր միջոցառումներ և 2018-2022 թվականների ընթացքում ապահովել դրանց իրականացումը:

4. Փոստային կապի համակարգի կատարելագործման և մասնավոր ներդրումների ներգրավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը մասնավորեցնել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը և ներգրավել մասնավոր ներդրումներ.

2) 2018-2021 թվականների ընթացքում բարձրացնել փոստային ցանցի ենթակառուցվածքների արդյունավետությունը, կատարելագործել փոխգործողությունը, ապահովել որակյալ փոստային կապի ունիվերսալ ծառայության հասանելիություն և մատչելիություն, սահմանել և խթանել նոր ծառայությունների, այդ թվում ՝ փոստբանկային, էլեկտրոնային-փոստային ծառայությունների ներդրման պայմաններ:

 

3.7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտը պետք է լինի արդյունավետ, դինամիկ և ճկուն՝ արձագանքելու համար ինչպես համաշխարհային օդային փոխադրումների ոլորտում կատարվող փոփոխություններին և զարգացումներին, այնպես էլ տեղի ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական իրադարձություններին:

Օդային փոխադրումների ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել ազատականացված և սպառիչ իրավական դաշտ, կանխատեսելի բիզնես միջավայր, ավիացիայի ճյուղային զարգացման նախապայմանների բացահայտում և հետևողական աշխատանքների իրականացում, ինչն իր հերթին կնպաստի ավիացիոն շուկայի դիվերսիֆիկացմանը, օդային երթուղիների ցանցի ընդլայնմանը, անհրաժեշտ ներդրումների ծավալների հստակեցմանը և դրանց աղբյուրների բացահայտմանը, ոլորտի կառավարման համակարգում աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործմանը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Դեպի ՀՀ և ՀՀ-ից մատչելի ավիափոխադրումների կազմակերպման, մասնավորապես, բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կառավարչի ներդրումների հաշվին բարեկարգել օդանավակայանը և զարգացնել ենթակառուցվածքները.

2) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել չվերթների աշխարհագրության ընդլայնման և բյուջետային ավիաընկերությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալները:

2. Փոքր ավիացիայի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել փոքր ավիացիայի զարգացման համալիր ծրագիր.

2) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել ՀՀ փոքր ավիացիայի գործարկման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:

3. ՀՀ-ից իրականացվող բեռնային փոխադրումների ծավալների մեծացման հետ կապված՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կանոնավոր բեռնային փոխադրումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը գործարկել կանոնավոր բեռնային փոխադրումներ:

4. Գործընկեր պետությունների հետ գործող համաձայնագրերի վերանայման և նոր համաձայնագրերի կնքման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը ստորագրման պատրաստել «ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը.

2) համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո 2018-2020 թվականների ընթացքում վերջնական ներդնել համաձայնագրով նախատեսված համապատասխան կանոնակարգերը:

5. ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների թվի ավելացման նպատակով ՀՀ «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրում և դրա հետագա ընդլայնում՝ Հայաստան-Վրաստան ազատ օդային տարածք ձևաչափով: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 290 թռիչքային մակարդակից (FL290) բարձր, ժամը 00:00-ից մինչև 06:00 «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ).

2) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել ՀՀ օդային տարածքում 24-ժամյա հայեցակարգը՝ 290 թռիչքային մակարդակից (FL290) հնարավորինս ցածր բարձրությունների վրա.

3) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել Վրաստանի հետ համատեղ հայեցակարգ։

 

3.8. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդգրկուն և արդյունավետ քաղաքաշինական քաղաքականության ձևավորման, դրա թափանցիկ ու հաշվետու կերպով իրականացման և արդյունքում՝ քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավման հարցում՝ կարևորելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը կշարունակի գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքաշինական գործունեության արդյունավետության բարձրացման, տարածական պլանավորման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի լիարժեք բազաների, ինչպես նաև քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգի ձևավորման, քաղաքաշինության բնագավառում ներդրումային գրավչության և գործարար միջավայրի բարելավման, շենքերի և շինությունների սեյսմակայունության և հուսալիության ապահովման, բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրների կանոնակարգման ուղղությամբ:

Դրա հետ մեկտեղ միջոցներ կձեռնարկվեն 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների հետևողականորեն իրականացման և ավարտման ուղղությամբ:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Տարածական պլանավորման գործընթացը բարելավելու և մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցությամբ համալրել համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բազան՝ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման միջոցով: Մասնավորապես՝

ա. 2017 թվականին մշակել ՀՀ Տավուշի մարզի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերը,

բ. 2018 թվականին մշակել ՀՀ Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերը,

գ. 2019 թվականին՝ մշակել ՀՀ Արմավիրի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերը,

դ. 2020 թվականին՝ մշակել ՀՀ Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերը.

2) 2021 թվականին մշակել նոր՝ ՀՀ տարաբնակեցման և տարածքների կազմակերպման գլխավոր նախագիծ, որը կամփոփի միկրոռեգիոնալ փաստաթղթերով առաջարկվող դրույթները և կսահմանի ՀՀ տարածքի զարգացման ռազմավարությունը մինչև 2030 թվականը.

3) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ճարտարապետական նախագծման և շինարարական գործունեության բարեփոխումների ծրագիր՝ ուղղված ճարտարապետական գործունեության և կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, նախագծմանն ու շինարարության անհրաժեշտ որակի ապահովմանը:

2. Քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, քաղաքաշինական գործընթացների և տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2021 թվականներին խթանել մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրագործումը, մասնավորապես՝

1) Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ներկայիս Ֆիրդուսի շուկայի տարածք) կառուցապատման ներդրումային ծրագիրը.

2) «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագիրը՝ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում.

3) կառուցապատման ներդրումային ծրագրեր՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և առանձին համայնքների տարածքներում (Սևանի թերակղզի, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան, Գորիս, Ծաղկաձոր, Գառնի և այլն):

3. Շինարարության ոլորտում մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան շինարարական արտադրանքի ստեղծման և ծառայությունների մատուցման, շինարարական կազմակերպությունների նորագույն տեխնոլոգիական և տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, բնագավառի մրցունակ մասնագիտական կադրերի ապահովման, շինարարական շուկայում ազատ մրցակցային դաշտի և բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականն արդիականացնել շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանությունը և ձևավորել շինարարական արտադրանքի արժեքի հաշվարկման սկզբունքներ.

2) մինչև 2019 թվականն ստեղծել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև լիցենզավորող մասնագետների վերապատրաստման և մասնագիտական որակավորման համակարգ.

3) աջակցել շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների և դրանց կիրառման մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը:

4. ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Եվրամիության միասնական շուկայում շրջանառվող արտադրանքի և ծառայությունների հետ Հայաստանի Հանրապետության շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունն ապահովելու, դրանից բխող՝ արտահանման և ներդրումային ծավալների աճին նպաստելու, ինչպես նաև քաղաքաշինական բնագավառի նորմատիվ փաստաթղթերը՝ շինարարության ոլորտի միջպետական (տարածաշրջանային), միջազգային և եվրոպական փաստաթղթերի ու դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ ներդաշնակեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն առանձնացնել առաջնահերթ մշակման (տեղայնացման), վերանայման ենթակա (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված պահանջների ապահովմանն ուղղված) նորմատիվ փաստաթղթերը.

2) 2017-2021 թվականների ընթացքում իրականացնել համակարգված և հետևողական աշխատանքներ առաջնահերթ մշակման (տեղայնացման) և վերանայման ենթակա նորմատիվ փաստաթղթերի արդիականացման՝ միջպետական, միջազգային և եվրոպական նորմերի հետ ներդաշնակեցման ուղղությամբ.

3) 2017-2022 թվականների ընթացքում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանն աջակցելու նպատակով զարգացնել շինարարության ոլորտի գիտատեխնիկական և փորձարարական լաբորատոր բազան:

5. Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և ազգային անվտանգության ապահովման նպատակով շենքերի և շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) բարելավել տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անվտանգ և հուսալի շահագործմանն ուղղված օրենսդրական դաշտը, մասնավորապես՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում մշակել նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ՝ սահմանելով գոյություն ունեցող շենքերի ու շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների և տեխնիկական անձնագրավորման իրականացումը,

բ. որի արդյունքում ստեղծված ելակետային տվյալների հիման վրա 2019-2021 թվականների ընթացքում մշակել և ներդնել համակարգչային ծրագիր՝ տվյալների մշտական ռեժիմով թարմացման հնարավորությամբ.

2) 2018-2021 թվականների ընթացքում հստակեցնել հանրապետության բնակավայրերի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցմանը և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վերականգնման-ուժեղացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝

ա. 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի թվի հստակեցման նպատակով 2018 թվականին իրականացնել դրանց տեխնիկական վիճակի նոր հետազննություն,

բ. տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների հիման վրա մինչև 2020 թվականի ավարտը մշակել առաջնահերթ ծրագիր:

6. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանմանն ու շահագործմանը վերաբերող խնդիրների կանոնակարգման նպատակով երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այդ ակտիվի պահպանումն ու անվտանգ շահագործումը կանոնակարգելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը սկզբունքորեն վերանայել բազմաբնակարան շենքի կառավարման հետ կապված՝ համատիրությունները կարգավորող օրենսդրական դաշտը՝ հստակեցնելով դրանից բխող գործառույթները.

2) մինչև 2018 թվականի ավարտն ամրագրել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման, վերանորոգմանն ուղղված (այդ թվում՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման) պետական աջակցության համակարգված մեխանիզմների ներդրման ուղղություններն ու սկզբունքները:

7. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008 թվականին մեկնարկած և ներկայումս իրականացման փուլում գտնվող պետական աջակցության բնակապահովման ծրագիրն ավարտելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտը լուծել ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային խնդիրները:

 

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

4.1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Կրթության ոլորտ

 

Կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայման: Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ Կրթության զարգացման գլխավոր նպատակն ապագային միտված կրթական այնպիսի համակարգի ձևավորումն է, որը լիարժեք ծառայում է ազգային շահերին, արտահայտում է կրթության համապատասխանությունը տնտեսության և հասարակության զարգացման ապագա ակնկալիքներին, յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս կյանքի բոլոր փուլերում ստանալ իր պահանջներին համապատասխան որակյալ կրթություն և հիմնված է կարիքներից բխող պլանավորման, սոցիալական երկխոսության և համագործակցության վրա:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ.

3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը:

2. Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) հանրակրթության բովանդակության և ծրագրերի բարելավում՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման առանձնահատուկ մոդելներ,

բ. մինչև 2018 թվականի ավարտն արդիականացնել հանրակրթական ծրագրերը, մասնավորապես, հանրակրթական հաստատություններում ներդնել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության տարրեր,

գ. մինչև 2018 թվականի ավարտը վերանայել մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, օտար լեզուների ուսուցման հայեցակարգային մոտեցումները,

դ. սկսած 2018 թվականից սկսել Արարատյան բակալավրիատի ներդրումը երրորդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող մարզային ուսումնական հաստատություններում,

ե. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից փորձնական ծրագրի շրջանակներում, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) ներդնել կրեդիտային համակարգ,

զ. մինչև 2018 թվականի ավարտը ներդնել մասնագիտական կողմնորոշման կենտրոնների (կամ խմբակի) համակարգ,

է. մինչև 2018 թվականի ավարտը մշակել արտադպրոցական կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացման մեխանիզմներ,

թ. 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել կայուն դպրոցական սննդի ծրագիրը, աստիճանաբար ապահովելով հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդ հանրապետության ամբողջ տարածքում,

ժ. 2017-2022 թվականների ընթացքում ապահովել հատուկ դպրոցների համակարգի վերափոխումը և անցումը համընդհանուր ներառական կրթության համակարգին:

3. Ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացի արդյունավետ համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ներդնել ուսուցիչների աշխատանքի վարձատրության, խրախուսման նոր մեխանիզմներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ և հեռավոր գյուղական համայնքների ուսուցիչներին.

2) մինչև 2017 թվականի ավարտը վերանայել, 2018 թվականից ներդնել ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման և մասնագիտական առաջխաղացման նոր մեխանիզմներ:

4. Կրթական պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել, 2018 թվականից ներդնել նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակության ստեղծման նոր չափանիշներ և գործիքակազմ.

2) մինչև 2019 թվականի ավարտը մշակել և հանրությանը հասանելի դարձնել հայալեզու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարներ՝ հաշվի առնելով նաև սփյուռքի կրթօջախների, փախստականների կարիքները:

5. Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել շենքերի հիմնանորոգում, սեյսմակայունացում, անհրաժեշտության դեպքում, նոր դպրոցական շենքերի ու շինությունների կառուցում` հաշվի առնելով նաև կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և 2019 թվականից ներդնել անվտանգ դպրոցական շենքերի կառուցման և վերակառուցման նախագծերի համար ներկայացվող անհրաժեշտ չափորոշիչներ՝ հաշվի առնելով կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները:

6. Դպրոցների կառավարման համակարգի վերափոխման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից ներդնել հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր համակարգ.

2) մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը՝ մշակել հանրակրթական հաստատությունների կառավարման նոր արդյունավետ համակարգ.

3) մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը մշակել և ներդնել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության կամ նշանակման նոր չափանիշներ և համակարգ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման և ՀՀ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) արդիականացում՝

ա. մինչև 2019 թվականի ավարտը մշակել և ներդնել գյուղատնտեսական և գյուղատնտեսությանն առնչվող ՄԿՈՒ պետական կրթական (որակավորման) չափորոշիչներն ու համապատասխան ուսումնական պլանները՝ ձեռներեցության մոդուլի պարտադիր ներառմամբ:

8. Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունները ՀՀ մարզերի զարգացման ուղղություններին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան մասնագետով համալրված կարիերայի ուղղորդման միավորներ.

2) 2017-2018 թվականների ընթացքում ուսումնասիրել տնտեսության գերակա ոլորտները, հետագա զարգացման միտումները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը` ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան մասնագետների պատրաստման նպատակով:

9. Նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2018 թվականների ընթացքում օպտիմալացնել (խոշորացնել) ՄԿՈՒ հաստատությունները:

10. Բարձրագույն կրթության որակի արդիականացման, արդյունավետության և մատչելիության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) բարելավել բարձրագույն կրթության բովանդակային հենքը և կրթական գործընթացը՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան մշակել որակավորումների ոլորտային շրջանակներ,

բ. 2019-2021 թվականների ընթացքում վերանայել մասնագիտությունների կրթական ծրագրերի բովանդակությունը և կառուցվածքը` ուղղորդելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ ներմուծելով ճկուն մոդուլային կառուցվածքների և ուսանողի առաջընթացի ապահովման անհատականացված մոդել,

գ. 2019-2021 թվականների ընթացքում մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերում զարգացնել հետազոտական ու նորարական բաղադրիչները,

դ. 2017 թվականին սկսել և 2022 թվականին ավարտել բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը:

11. Բուհերի միջազգայնացման գործընթացների ընդլայնման և բազմազանեցման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գործընթացներին շարունակական ակտիվ մասնակցությունը և Բոլոնիայի գործընթացի նպատակների հետևողական իրագործումը.

2) 2019-2021 թվականների ընթացքում կրթական ծրագրերի կառուցվածքում նախատեսել ուսանողների շարժունության հնարավորություններն ընդլայնող ուսումնական մոդուլներ՝ «Շարժունության պատուհաններ»:

12. Բարձրագույն կրթության համակարգի և բուհերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել և գործարկել բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգը` բուհական և ազգային մակարդակներում.

2) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերներ.

3) 2019-2022 թվականների ընթացքում իրականացնել բարձրագույն կրթության համակարգի և բուհերի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիր:

13. Բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման գործառույթների բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքները.

2) 2018-2019 թվականների ընթացքում ձևավորել ՀՀ բարձրագույն կրթական համակարգում բուհական անձեռնմխելի ֆոնդեր.

3) 2019 թվականից սկսած ապահովել բնակչության բոլոր խավերի համար բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ` ավելացնելով պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը՝ ուղղելով գերակա ոլորտների մասնագիտություններին և ուսանողական խոցելի խմբերին:

14. 2017 թվականի ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Ազգային ժողով:

15. 2018-2020 թվականների ընթացքում շարունակել աշխատանքը մասնավոր ներդրողների հետ՝ ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ուղղությամբ:

 

Գիտություն

 

Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային հետազոտական տարածքի հետ ինտեգրված, հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններում գերազանցությունը խթանող, հանրապետության տնտեսության մրցունակության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը նպաստող համակարգ:

Այդ նպատակակետի ձեռքբերման համար անհրաժեշտ է իրականացնել գիտության ոլորտի բարեփոխումներ՝ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմամբ և այդ արդյունավետության գնահատման հստակ, արդի պահանջներին համապատասխան չափանիշների ներդրմամբ:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտը կանոնակարգող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցում արդի չափանիշներին.

2) 2017-2018 թվականների ընթացքում մշակել և ներդնել գիտության ոլորտի օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագիր.

3) 2018 թվականին մշակել և ներդնել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման և պետական ֆինանսավորման ծավալների ու արդյունավետության համապատասխանեցման մեխանիզմները:

2. Գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրման, գիտական ենթակառուցվածքների արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել գիտական կազմակերպություններում վարչական պաշտոններում աշխատանքային տարիքը 70 տարեկանով սահմանափակելու մեխանիզմների և համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերը.

2) 2017-2018 թվականների ընթացքում մշակել եվրոպական երկրների գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ համադրելի աստիճանաշնորհման համակարգի ներդրման հայեցակարգը և իրականացնել միջոցառումներ.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը.

4) 2018-2022 թվականների ընթացքում գիտության ոլորտում գիտական և (կամ) գիտակրթական կադրերի վերաինտեգրման ծրագրերի իրականացում:

3. Գիտության ոլորտի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել երկակի նշանակություն ունեցող և պաշտպանական խնդիրներին միտված ծրագրերը.

2) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել կիրառական բնույթի, այդ թվում՝ տնտեսության պահանջներից բխող գիտատեխնիկական ծրագրերը՝ մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով.

3) 2018-2020 թվականների ընթացքում կենտրոնացնել տնտեսության պահանջներից բխող և միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտական հետազոտությունների ուղղություններում ռեսուրսները:

4. Կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի սիներգետիկ համակարգի ձևավորման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը մշակել գիտական կազմակերպությունների համար նպաստավոր տնտեսական միջավայրի ձևավորման, ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի ներգրավման խրախուսման մեխանիզմները.

2) 2018-2022 թվականների ընթացքում ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ` բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտներում.

3) աջակցել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) հետ համագործակցության միջոցով Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն:

5. Հայագիտության ոլորտի հետազոտությունների խթանման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է հայագիտական հետազոտությունների առաջանցիկ զարգացման ապահովում, այդ թվում` միջազգային համագործակցության զարգացման մակարդակի բարձրացում:

 

4.2. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքացիների սոցիալական իրավունքի ամբողջական իրացմանը՝ նպատակ ունենալով տրամադրել նոր որակի ծառայություններ՝ կիրառելով արդիական մեթոդներ և թափանցիկ մեխանիզմներ:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով 2017-2022 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ անցում կատարել դեպի սոցիալական պաշտպանության նախաձեռնողական քաղաքականություն: Շահառուին տրամադրվող սոցիալական ծառայությունների տեսակների ընտրության հիմքում դրվելու է ոչ թե շահառուի ներկայացրած «պահանջարկը», այլ նրա իրական կարիքը.

2) գործառնական ապահովման տեսանկյունից գերակա համարել սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը`

ա. մինչև 2019 թվականի ավարտը ներդնել որակավորման կրեդիտային սանդղակի վրա հիմնված սոցիալական աշխատողների հավաստագրման համակարգ,

բ. մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման բնականոն գործընթացը` սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության ներդրման, ընտանիքների անապահովության գնահատման բազմակողմանի և օբյեկտիվ հենքի ապահովման միջոցով.

3) համայնքային ներուժի առավելագույնս ներգրավման միջոցով, տարածքային համաչափ զարգացման նպատակով`

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել տեղական սոցիալական ծրագրեր՝ համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով,

բ. մինչև 2019 թվականի ավարտը որոշել տեղական սոցիալական ծրագրի առաջնահերթությունը և ներգրավել ծրագրի համար ֆինանսական միջոցներ (fund-raising),

գ. մինչև 2020 թվականի ավարտը սոցիալական ծառայությունների համալիր տարածքային կենտրոնները փոխանցել համայնքներին.

4) ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը ներդնել պարենի (ֆուդբանկի) ծրագիրը` միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցությամբ,

բ. մինչև 2019 թվականի ավարտը սահմանել սոցիալական պաշտպանության ոլորտում պատվիրակման ենթակա ծրագրերի ընտրության չափորոշիչները և գնահատել արդյունքները.

5) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել կայուն զբաղվածության պետական ծրագրերում սոցիալապես անապահով ընտանիքների գործազուրկ անձանց ներգրավվածության առաջնահերթությունը:

2. Կարևորելով արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը հատկապես աշխատող աղքատների թվի հետևողական նվազման տեսանկյունից՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) նախաձեռնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ՝ եվրոպական ժամանակակից միտումներին համահունչ, մասնավորապես՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում վերացնել աշխատավարձի հավելումների և աշխատողների հատուցումների կոշտ կարգավորումները՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության և կոլեկտիվ բանակցությունների կայացմանը զուգընթաց,

բ. մինչև 2018 թվականի ավարտն ամբողջականացնել կամավոր աշխատանքի կայացման ու զարգացման իրավական հիմքերը.

2) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակադրումներին համապատասխան.

3) 2018-2022 թվականների ընթացքում կատարելագործել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը՝ աշխատավարձերի համամասնորեն աճի ապահովման նպատակադրմամբ.

4) կատարելագործել կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մասնավորապես՝

ա. 2018-2020 թվականների ընթացքում ներդնել ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, հանրային կառավարման ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների ներգրավմանը, գործատուների համար թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելուն ուղղված նոր ծրագրեր,

բ. մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության և արդյունավետության բարձրացման, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, մատչելիության մեծացման նպատակով ամբողջական էլեկտրոնային կառավարման գործուն համակարգ:

3. Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում դնելով «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ՀՀ կառավարության ծրագրի իրականացման ժամանակահատվածում բացառել Հայաստանի Հանրապետությունում երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող պետական հաստատությունների ստեղծումը.

2) 2017-2018 թվականների ընթացքում վերակազմակերպել կամ փակել երեխաների շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատությունները, զարգացնել երեխայի լավագույն շահն ապահովելու նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգը, ընդ որում, հաստատությունների վերակազմակերպման ընթացքում երեխաներին այլ հաստատությունում տեղավորելը դիտվելու է որպես ծայրահեղ քայլ և ժամանակավոր միջոց.

3) մինչև 2018 թվականի ավարտը հստակեցնել որդեգրման ընթացակարգերը, բարձրացնել թափանցիկությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանությանն ուղղված ուղղորդման ընթացակարգը.

4) մինչև 2018 թվականի ավարտը բարեփոխել խնամատարության ընթացակարգը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ընտանեկան պայմաններում կազմակերպելու նպատակով.

5) 2018-2019 թվականների ընթացքում ներդնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների և զոհերի նախնական նույնացման միասնական ցուցիչներ.

6) 2018-2021 թվականների ընթացքում սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող համալիր ծառայությունների չափանիշները և ընդլայնել այդ ծառայությունների ցանցը.

7) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող վերականգնողական ծառայությունների պատվիրակում համապատասխան ծառայություններ տրամադրող կազմակերպություններին.

8) 2019-2021 թվականների ընթացքում տարանջատել բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություններում պալիատիվ խնամքը և վերապատրաստել մասնագետների.

9) 2020-2021 թվականների ընթացքում հզորացնել խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն իր սոցիալական միջավայրում կազմակերպելու նպատակով.

10) մինչև 2022 թվականի ավարտը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ընդլայնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման և մոնիթորինգի գործիքները:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների բավարար մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2020 թվականների ընթացքում համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, այդ թվում՝ մինչև 2017 թվականի ավարտը լրամշակել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և մինչև 2020 թվականի ավարտը նախատեսել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մատչելիության պայմանների ապահովման դրույթների խախտման համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև նախատեսել վարչական պատասխանատվություն պահանջների (քաղաքաշինական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի և մշակութային միջոցառումների և այլն) մատչելի պայմանների ապահովման դրույթները չկատարելու համար.

2) նախատեսել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի բարեփոխումներ, մասնավորապես՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում ձևավորել նոր համակարգ. մշակել և ներդնել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում փաստաթղթային եղանակով փորձաքննության մեխանիզմներ, հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ,

բ. 2017-2018 թվականների ընթացքում կիրառել անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործառույթների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելը,

գ. 2018-2020 թվականների ընթացքում նոր մոդելի պահանջներին համապատասխան ներդնել անձի կարիքների գնահատման արդյունքում վերականգնողական հասցեական ծառայությունների տրամադրման մեխանիզմներ:

4. Ակտիվ և առողջ ծերացմանն ուղղված քաղաքականության իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել տարեցների խնամքի գործող պետական և ոչ պետական հաստատություններում ծառայությունների տեսականին ու որակը բարելավելու նպատակով՝ ծառայությունների վճարովի և համավճարի սկզբունքով տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև իրականացնել խնամքի ծառայությունների պատվիրակում՝ մրցակցային սկզբունքով.

2) 2018-2019 թվականների ընթացքում մշակել տարեցներին մատուցվող ժամանակակից խնամքի այլընտրանքային ծառայությունների մոդելներ (ծրագրեր), փորձնական իրականացնել.

3) մինչև 2021 թվականի ավարտը ստեղծել ՀՀ մարզերում տարեցների սոցիալական պաշտպանության համայնքահեն այլընտրանքային ծառայություններ՝ տարեցների կարիքների գնահատման հիման վրա:

5. Կարևորելով կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների բնագավառում նպատակային, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգի առկայությունը՝ հիմնված «դրամի դիմաց առավելագույն արժեք» սկզբունքի վրա, ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը վերակազմակերպել դրամական վճարների նշանակման գործընթացները և քաղաքացիներին սպասարկելու գործառույթը տարանջատել որոշում ընդունելու գործառույթից (վարչարարությունից)՝ նպատակ ունենալով նվազեցնելու որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումները.

2) 2017-2022 թվականների ընթացքում ամբողջականացնել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ նպատակ ունենալով կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների բնագավառում շարունակաբար նվազեցնել առկա ռիսկերը, ապահովել ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը:

6. Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տևողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաև հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը և աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման երկարաժամկետ ռազմավարություն (մինչև 2040 թվական), 5-ամյա ժամանակահատվածի համար՝ համալիր ծրագիր, իրականացնել ծրագրով նախատեսված միջոցառումները՝ համապատասխան նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ հեռանկարում հանրապետության առկա բնակչության թվի էական աճի ապահովման համար.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ամբողջացնելով ծնունդների խրախուսումն ու բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխա ունեցող) տրամադրվող սոցիալական երաշխիքները:

7. Սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթությունների սահմանման և շահառուների գնահատված կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրման նպատակով նախատեսվում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագերի և մատուցվող ծառայությունների ՄԳ իրականացման համար գործիքակազմ.

2) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» միասնական տեղեկատվական համակարգ.

3) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման և ազդեցության, սոցիալական պաշտպանության ոլորտում արտաբյուջետային միջոցներով իրականացվող ծրագրերի ՄԳ կիրարկում:

 

4.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը պետք է լինի որակյալ, արդյունավետ, հասանելի և թափանցիկ: Առողջ ապրելակերպը պետք է դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը թե՛ առօրյա կյանքի նորմ դառնալու, թե՛ հիվանդությունների մշտադիտարկման և վաղաժամկետ կանխարգելման առումով:

Պետական առողջապահական ծախսերի նպատակայնության բարձրացման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների շնորհիվ ՀՀ քաղաքացին ստիպված չի լինի հավելյալ վճարել պետության կողմից անվճար սահմանված ծառայությունների համար և ստանալ ցածրորակ ծառայություններ:

Անվճար բժշկական օգնությունը պետք է տրամադրվի միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին: Պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, առողջապահական ծառայությունների շուկայական և մրցակցային գնագոյացման մեխանիզմների շնորհիվ ստեղծել հիմքեր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին աստիճանաբար անցնելու համար:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Առողջ ապրելակերպի և հանրային առողջապահության ոլորտում երկարաժամկետ կանխարգելիչ լուծումներ ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկման արդյունավետ կառավարում, մասնավորապես`

ա. մինչև 2017 թվականի ավարտն ավելացնել համակարգի էլեկտրոնային կառավարման հզորությունները` դասընթացների իրականացման և լրացուցիչ կայանների ներդրման ճանապարհով, ինչպես նաև մինչև 2018 թվականի ավարտը ներդնել կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգը,

բ. զարգացնել լաբորատոր համակարգը, մասնավորապես, մինչև 2017 թվականի ավարտը ներդնել լաբորատորիաներում փաստաթղթերի և սարքերի կառավարման արդիական համակարգը.

2) ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) և ՈՎՀ-ի ռիսկի գործոնների արդյունավետ կառավարման (կանխարգելման, վաղ հայտնաբերման և վերահսկման) միջոցով՝

ա. նվազեցնել ծխախոտի և այլ վնասակար նյութերի օգտագործումը, մասնավորապես, մինչև 2017 թվականի ավարտը մշակել ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարումը, որում հստակ կամրագրվեն ծխախոտի օգտագործման վայրերի և գովազդի սահմանափակումները: 2018 թվականին սահմանել ծխելու դեմ պայքարին նպաստող ենթաօրենսդրական նորմերը,

բ. ապահովել ՈՎՀ-ի թիրախավորված վաղ հայտնաբերումը, 2017-2018 թվականներին ամփոփել ընթացիկ սքրինինգային ծրագրերը, իսկ 2018-2021 թվականներին ներդնել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը,

գ. զարգացնել իմունականխարգելման գործընթացը, մասնավորապես, մինչև 2017 թվականի ավարտը հաստատել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրման պլանը:

2. Առողջապահական ոլորտում հատկացվող բյուջետային միջոցների և ստացված արդյունքների անհամաչափությունը վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային միջոցների՝ բուժհաստատությունների միջև փաստացի բաշխումից աստիճանաբար անցում կատարել առողջապահական ծառայությունների մրցակցային շուկայական գնման մոդելի: Առողջապահության ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջետային միջոցների բաշխման նպատակային, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ապահովում, ինչպես նաև առողջապահության ոլորտում առկա միջոցների կենտրոնացված բաշխման տեսակարար կշռի աստիճանական ավելացում: ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017 թվականին հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, սոցիալական արդարության և իրատեսական բուժօգնության ծավալների տրամադրման սկզբունքների հիման վրա ամբողջական վերանայված փաթեթը և այն գործարկել 2018 թվականի սկզբից.

2) ներդնել պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման նպատակով բժշկական ծառայությունների գնման գործընթացում դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտ, մեծացնել պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) գործառույթներում բժիշկ-փորձագետների ինստիտուտի դերը և ներգրավել ապահովագրական կազմակերպությունների կարողությունները: Մասնավորապես, 2017 թվականի վերջում այդ տրամաբանությամբ կներդրվեն պետական ծառայողների հիվանդանոցային բժշկական օգնության փաթեթները, իսկ արդյունքների ամփոփումից ելնելով՝ 2018 թվականին անապահով խավի հիվանդանոցային բժշկական օգնության փաթեթները.

3) մինչև 2017 թվականի ավարտը վերանայել պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` նպատակ ունենալով բարձրացնելու ընտրության գործընթացի թափանցիկությունը,

4) ապահովել ֆինանսական վերահսկողություն և թափանցիկություն բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում, այդ թվում` առավել բարձր հաշվետվողականության մակարդակ՝ պետպատվեր իրականացնող բոլոր բժշկական հաստատություններում: Մասնավորապես, 2018 թվականից ներդնել պետական պատվեր իրականացնող հիմնարկների նկատմամբ եռամյա գործարար ծրագիրը ներկայացնելու պարտադիր պահանջ, 2018 թվականին մեկնարկել ֆինանսական հաշվետվողականության ՖՀՄՍ (IFRS) համակարգի ներդրումն առողջապահական կազմակերպություններում, 2018 թվականից ներդնել պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ, 2018 թվականի ընթացքում համակարգի թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդնել միասնական հարթակում առողջապահական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման պահանջ.

5) մինչև 2019 թվականի ավարտը մշակել և ներդնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանություն` հիմնված բժշկատնտեսագիտական ստանդարտների և շուկայական առողջ մրցակցության վրա.

6) մինչև 2018 թվականի ավարտը երկու փուլով ներդնել պետական պատվերի միջոցների հաշվին ձեռք բերվող դեղերի, քիմիական նյութերի, բժշկական սարքերի և պարագաների գնման գործընթացների կենտրոնացված համակարգ.

7) մշակել ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ) Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգ:

3. Բնակչության բուժման ելքերի բարելավման և բուժսպասարկման գործընթացների որակի բարձրացման, վերահսկողության և թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) շարունակաբար զարգացնել բուժաշխատողների մասնագիտական հմտությունները և կարողությունները, այդ թվում՝

ա. առողջապահական մարդկային ներուժի որակի կառավարում շարունակական մասնագիտական զարգացման (CPD) և շարունակական մասնագիտական կրթության (CME) կրեդիտավորմանը վերաբերող միջազգայնորեն ընդունված ուղեցույցերին համահունչ սահմանել շարունակական մասնագիտական զարգացման և կրթության շրջանակներում կրեդիտավորմանը ներկայացվող պահանջները մինչև 2017 թվականի ավարտը,

բ. 2017-2021 թվականների ընթացքում իրականացնել հավաստագրման գործընթացի աստիճանական ներդնում, այդ թվում` մինչև 2017 թվականի ավարտը ներդնել ՀՀ-ում հավաստագրման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների գիտելիքները գնահատող համակարգ (թեստավորման համակարգ),

գ. մշակել և հաստատել ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության կարգը մինչև 2017 թվականի ավարտը,

դ. մշակել մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգի մինչև 2017թվականի ավարտը,

ե. մշակել ՀՀ-ում գործող բժշկական ասոցիացիաների ֆունկցիոնալ բարեփոխումների հայեցակարգը մինչև 2018 թվականի ավարտը,

զ. մինչև 2020 թվականի ավարտն ամփոփել մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագիրը.

2) համալիր միջոցառումների իրականացման արդյունքում բարձրացնել բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում՝

ա. շարունակականորեն ներդնել կլինիկական ուղեցույցերի և պացիենտի վարման գործելակարգերը: Մասնավորապես, թարգմանել, տեղայնացնել և ներդնել 2017-2021 թվականների ընթացքում 600 ուղեցույց, 350 գործելակարգ և 600 ընթացակարգ,

բ. մշակել և ներդնել առողջապահական ծառայությունների, բժշկական հաստատությունների և մարդկային ներուժի տեղաբաշխման ժամանակակից նորմատիվային բազա, մասնավորապես, հաստատել ԱԱՊ-ի օղակի գործունեության, հիվանդանոցային և ախտորոշիչ ծառայությունների կազմակերպման և մարդկային ներուժի նորմատիվային բազան մինչև 2018 թվականի ավարտը,

գ. ներդնել և զարգացնել բժշկական օգնության մշտադիտարկման, որակի կառավարման համակարգերի, այդ թվում՝ ներդնել ԱԱՊ-ի և հիվանդանոցային ծառայությունների որակական ցուցանիշները, ազգային մակարդակում ծառայությունների գնահատման որակական և քանակական ցուցանիշները 2018-2020 թվականների ընթացքում.

3) կանոնակարգել պայքարը կեղծ դեղերի և բժշկական նշանակության արտադրանքների շրջանառության դեմ, այդ թվում՝

ա. ներդնել բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները մինչև 2017 թվականի ավարտը,

բ. 2017-2019 թվականների ընթացքում հաստատել բժշկական նշանակության սարքերին, սարքավորումներին և պարագաներին ներկայացվող պահանջների մասին իրավական ակտերը.

4) ապահովել պացիենտ-բուժհաստատություն իրավահարաբերություններում ծագող վեճերի արագ, էժան և արդյունավետ լուծման նոր մեխանիզմ` ստեղծվելիք նոր արտադատական մարմնի, այն է՝ բժշկական հաշտարարի ինստիտուտի կողմից կայացված որոշումների միջոցով, այդ թվում՝

ա. հաստատել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը մինչև 2017 թվականի ավարտը,

բ. 2018-2019 թվականների ընթացքում մշակել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող այլ իրավական ակտերը և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

4. Համընդհանուր մատչելիության սկզբունքի վրա բնակչության բժշկական ծառայությունների ֆիզիկական հասանելիության մեծացման, ՀՀ տարածքում առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի համաչափ բաշխման, ամբողջ հանրապետությունում որակյալ ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ-ում բժշկական հաստատությունների, մահճակալների և բուժանձնակազմի օպտիմալ քանակների սահմանում, այդ թվում՝

1) մինչև 2017 թվականի ավարտն օպտիմալացնել ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա կազմակերպությունները.

2) 2017 թվականի երկրորդ կիսամյակում հաստատել ՀՀ-ում հոգեբուժական ծառայություն մատուցող հաստատությունների օպտիմալացման պլանը և մինչև 2018 թվականի ավարտն օպտիմալացման աշխատանքները.

3) մինչև 2018 թվականի ավարտը հաստատել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիվանդանոցային և արտահիվանդանոցային համակարգերի օպտիմալ կառուցվածքը (master plan).

4) մինչև 2018 թվականի ավարտը մշակել բուժօգնության առաջնային օղակի բարեփոխումների հայեցակարգ՝ նպատակ ունենալով տնտեսել առավել թանկ հիվանդանոցային օղակին դիմելիության ուշացած դեպքերի հետ կապված պետական միջոցները.

5) 2017 թվականից մինչև 2019 թվականն իրականացնել բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման հանձնման և (կամ) մասնավորեցման փուլային աշխատանքներ.

6) շարունակել մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագիր՝ ՀՀ Վայոց ձորի մարզի ընդգրկմամբ:

5. Առողջապահական համակարգում որակի կառավարման, լիարժեք հաշվառման, մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, առողջապահական ծառայությունների նպատակայնության, հետագծելիության ապահովման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման իրագործումը հնարավոր է միայն ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի (E-HEALTH) լիարժեք կիրառմամբ, որի գործարկումը նախատեսվում է 2017 թվականից, իսկ ամբողջ առողջապահական համակարգի կողմից ավելի ակտիվ և գնալով ավելի մեծ թվով ենթահամակարգերի փուլային ներդրումը` 5 տարիների ընթացքում: ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ձևավորել համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի փաթեթը.

2) մինչև 2017 թվականի ավարտը մեկնարկել ՀՀ-ում լիցենզավորված բժշկական հաստատությունների, դեղատների և ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում։ Համակարգի լիարժեք ներդրումը նախատեսվում է ավարտել առաջիկա երեք տարիների ընթացքում.

3) 2018-2022 թվականների ընթացքում ստեղծել և ներդնել քաղաքացիների կողմից առցանց հերթագրման, հեռաբժշկության, հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման և քննության, դեղերի պահեստի, բժշկական ուղեցույցների և անալիտիկ տվյալների կառավարման, լաբորատոր հետազոտությունների և բժշկական ռադիոլոգիական նկարների միասնական ծրագրային փաթեթները։

6. Առողջապահական համակարգի կողմից նոր ծառայությունների մատուցումը, համակարգի կարողությունների զարգացումը, բժշկական ծառայությունների արտահանումը (բժշկական տուրիզմ), ծառայությունների որակի բարձրացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ-ում նեղ մասնագիտական ծառայությունների խմբերի (clusters) և որակական զարգացման ազգային ծրագրերի ներդրում և խրախուսում, այդ թվում՝

1) հաստատել նեղ մասնագիտական խմբերի (clusters) բժշկական ծառայությունների զարգացման հայեցակարգ, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտը գործնականում իրագործել պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների ռազմավարությունը,

բ. 2018-2021 թվականներին ներդնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ծառայությունների զարգացման հայեցակարգերը,

գ. զարգացնել բժշկական տուրիզմը, որը հիմնականում կիրականացվի նեղ մասնագիտական ծառայությունների բույլեր մատուցող կազմակերպությունների շտեմարանի ստեղծման և տարբեր շուկաներում դրա իրազեկման ապահովման միջոցով, մասնավորապես, 2018-2019 թվականներին որակյալ պլաստիկ վիրաբուժության, ստոմատոլոգիական, վերականգնողական և համալիր բժշկական զննման (check-up) ծառայություններ մատուցող կազմակերպությունների շտեմարանի ստեղծում և հանրային իրազեկման ապահովում։

7. Մինչև 2019 թվականի ավարտը մշակել և ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

 

4.4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության համար, այլև երաշխիք է երկրի կայուն զարգացման սահմանադրական նորմի կիրառման համար:

ՀՀ կառավարությունն առաջիկա 5 տարիների ընթացքում առաջնորդվելով կայուն զարգացման սկզբունքով՝ կկիրառի այնպիսի գործողություններ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, կապահովեն շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Բնապահպանության ոլորտի կառավարման համակարգի շարունակական կատարելագործման և բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ձևավորել բնապահպանական նոր քաղաքականության օրենսդրական հենքը.

2) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը.

3) մինչև 2017 թվականի ավարտը կայացնել շրջակա միջավայրի վերահսկողության համակարգը՝ հետևանքներին արձագանքումից անցնելով իրավախախտումների կանխարգելման.

4) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միասնական կառավարման համակարգ` ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթների ամբողջականացմամբ.

5) 2018 թվականի ընթացքում վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրությունը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափորոշիչները:

2. Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ընդունել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն.

2) 2017-2018 թվականների ընթացքում ստեղծել հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման միասնական համակարգ.

3) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել բնապահպանության բնագավառում թույլտվությունների (լիցենզիաների) միասնական և էլեկտրոնային տրամադրման համակարգ.

4) 2018-2020 թվականների ընթացքում կատարելագործել բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների, ինչպես նաև բնապահպանության ոլորտում պատասխանատվության և վնասի փոխհատուցման համակարգը.

5) 2018-2022 թվականների ընթացքում կատարելագործել Հայաստանի Հանրապետության կողմից ոլորտի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող օրենսդրական հենքը, ինչպես նաև նախաձեռնել մի շարք միջազգային բնապահպանական պայմանագրերի արձանագրությունների վավերացման գործընթացը.

6) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի և տեղեկատվական համակարգ (ազգային պորտալի ստեղծում և տեղեկատվական թեմատիկ բազաների ու բնական միջավայրի բաղադրիչների կադաստրների կատարելագործում):

3. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017 թվականին ընդունել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները.

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների փաթեթ.

3) 2017-2018 թվականների ընթացքում իրականացնել Արարատյան դաշտի գյուղատնտեսական և ձկնաբուծական ջրօգտագործողների մոտ ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգերի տեղադրման աշխատանքներ.

4) մինչև 2021 թվականի ավարտն իրականացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայողական օգտագործման միջոցառումներ.

5) մինչև 2021 թվականի ավարտն ընդունել Սևանի, Հրազդանի և Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանները և վերանայել Ախուրյանի, Հարավային և Արարատյան ջրավազանային կառավարման պլանները:

4. Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն, ինչպես նաև ափամաքրման աշխատանքների կազմակերպման նոր մեխանիզմներ.

2) մինչև 2019 թվականի ավարտն ընդունել «Սևան» ազգային պարկի զարգացման հայեցակարգը և կառավարման պլանը:

5. Մթնոլորտային օդի պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2018 թվականի ավարտը մշակել մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

2) 2018 թվականի ընթացքում ընդունել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիր (National Adaptation Programme - NAP):

6. Հողերի ու ընդերքի պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի և հաշվետվողականության օրենսդրությունը՝ ներդնելով ընթացիկ մոնիթորինգի համակարգ.

2) ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (ռեկուլտիվացիոն ֆոնդ) հատկացված գումարների հասցեական օգտագործման և խախտված հողերի վերականգնման նպատակով` մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման հայեցակարգ.

3) 2018-2020 թվականների ընթացքում ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմներ:

7. Կենսաբազմազանության պահպանության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի նախագծումը և 2018-2022 թվականների ընթացքում Երևան քաղաքում ստեղծել բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոն.

2) մինչև 2018 թվականի ավարտն ընդունել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը.

3) 2018-2022 թվականների ընթացքում ընդունել բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքների կառավարման պլանները.

4) կենսաբազմազանության և էկոտուրիզմի առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործման նպատակով իրականացնել ՀՀ տարածքում կենսաբազմազանության բիզնես ներուժի գնահատման և անձնագրավորման (մինչև 2018 թվականի ավարտը) և մինչև 2020 թվականն էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները.

5) մինչև 2022 թվականի ավարտը «Պետություն - մասնավոր հատված» համագործակցության շրջանակներում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը:

8. Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտի մասով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտի իրավական ակտերի նախագծեր.

2) 2017-2022 թվականների ընթացքում ներդնել նոր տնտեսական մեխանիզմ, որն ուղղված կլինի սպառման թափոնների թաղման կրճատմանը և դրանց տնտեսական շրջանառության մեջ ներգրավմանը (արտադրողի ընդլայնված պատասխանատվություն).

3) 2018-2019 թվականների ընթացքում ձևավորել քիմիական նյութերի գործածությունը կարգավորող օրենսդրական հենքը, որը կկարգավորի քիմիական նյութերի անվտանգ գործածության, արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի պետական գրանցման, անձնագրավորման և նախազգուշական մակնշման հետ կապված հարցերը.

4) 2019-2022 թվականների ընթացքում իրականացնել Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների վնասազերծում՝ միջազգային պարտավորություններին համահունչ:

9. Շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը.

2) մինչև 2018 թվականի ավարտն ուսումնասիրել և բանակցել միջազգային կառույցների հետ՝ «Բնապահպանական միջոցառումներ՝ երկրի արտաքին պարտքի դիմաց» ֆինանսավորման մեխանիզմի ներդրման ուղղությամբ.

3) 2018-2022 թվականների ընթացքում իրագործել անհրաժեշտ քայլեր՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված տեխնիկական և ֆինանսական օժանդակության բոլոր խողովակներն ու մեխանիզմները, այդ թվում՝ 2017 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև Կանաչ կլիմայի հիմնադրամի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» համաձայնագրի ստորագրում.

4) 2019-2022 թվականների ընթացքում ստեղծել և գործադրել «Պետություն-մասնավոր հատված» համագործակցության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ, բնապահպանական, այդ թվում՝ համայնքային հիմնադրամների, ապահովագրական, ինչպես նաև քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ:

 

4.5. ՄՇԱԿՈՒՅԹ

 

Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և ծառայությունների մատուցմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորմանը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը ներկայացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

3) մինչև 2020 թվականի ավարտն ընդունել պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրից բխող իրավական ակտերը, այդ թվում՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների հավաստագրման կարգը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեության տեսակների ցանկը և պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների հավաստագրի ձևը հաստատելու մասին» իրավական ակտի նախագիծ,

բ. մինչև 2018 թվականի ավարտը մշակել «Հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները հաստատելու մասին» իրավական ակտի նախագիծ,

գ. մինչև 2020 թվականի ավարտը ստեղծել 6 պատմամշակութային արգելոց-թանգարան, որոնց ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

2. Մշակութային արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման գործընթացներում տնտեսական աճի խթանման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ.

2) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել գրավաճառ ցանցը՝ գրախանութների և գրավաճառ կետերի ստեղծման համար նպաստավոր պայմանների ապահովմամբ, այդ թվում նաև՝ մինչև 2017 թվականի ավարտը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տարածքում աջակցել նոր գրախանութի ստեղծմանը, մեկնարկել նաև շարժական գրախանութների՝ «գրաբուսների» գործարկումը մարզերում.

3) մինչև 2020 թվականի ավարտը մշակել յուրաքանչյուր թանգարանի ուղղվածությանը համապատասխան հուշանվերային նոր արտադրանքներ և դրանց իրացման արդյունավետ մեխանիզմներ.

4) 2017-2020 թվականների ընթացքում մշակել պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային քաղաքականության ակտիվացման, կառավարման նոր մոդելների ներդրման ծրագրեր:

3. Մշակութային ժառանգության ոլորտում տեղեկատվական հասանելիության նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2021 թվականի ավարտն առնվազն 300 հուշարձանային համալիրում մշակել և տեղադրել միասնական նմուշի (եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակներ (QR կոդեր).

2) մինչև 2021 թվականի ավարտն ապահովել մշակութային ժառանգության մատչելիությունը՝ դրանց թվայնացման միջոցով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանում առկա 1512-1960 թվականների անձեռնմխելի հավաքածուն, կինոժառանգությունը, երաժշտական ստեղծագործությունների նոտաները:

4. Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման իրավական հիմքերը.

3) մինչև 2018 թվականի ավարտը պատրաստել պետություն-մասնավոր համագործակցությամբ տարածաշրջանային կինոդպրոցի ստեղծման ծրագիրը:

5. Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ոլորտում երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2019 թվականի ավարտն ընդլայնել նպատակային և ստեղծագործական ծրագրերի ուղղությունները, շրջանակները և ընդգրկված մասնակիցների թիվը.

2) իրականացնել մանուկների և պատանիների համար գիտաճանաչողական ծրագրեր՝

ա. 2018-2022 թվականներին երեխաների համար կմշակվեն և կհրատարակվեն երաժշտական, արվեստի և կերպարվեստի հայալեզու առարկայական դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և տետրեր,

բ. հանրակրթության և արտադպրոցական (լրացուցիչ) կրթության համակարգում տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի ժամանակակից մեթոդներով մատուցվող գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ: Մինչև 2017 թվականի ավարտը կստեղծվի «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագիրը:

6. Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018 թվականից գործարկել մարզերում նոր ձևավորված մշակութային միավորումների և անհատների ստեղծագործական ծրագրերին աջակցության ծրագիրը.

2) 2018-2022 թվականների ընթացքում շարունակել «Մշակութային կանգառ» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 400 բազմաբնույթ (թատերահամերգային միջոցառումներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ) միջոցառումներ կիրականացվեն: 2018 թվականից սկսած նախատեսվում է ընդլայնել ծրագիրը շարժական կինոթատրոնների ներդրմամբ, որի արդյունքում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում տարեկան մինչև 200 կինոցուցադրություն կկազմակերպվի.

3) 2018 թվականին ՀՀ մարզերում մեկնարկել համայնքային կինոթատրոնների հանրապետական կինոցանցի ստեղծման ծրագիրը:

7. Օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակման և համաշխարհային մշակույթը ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ներկայացնել հայ մշակույթն օտարերկրյա պետություններում՝

ա. կազմակերպել քաղաքակրթական ցուցահանդեսներ աշխարհի (այդ թվում՝ Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի) հեղինակավոր թանգարաններում և առաջատար ցուցասրահներում,

բ. մասնակցել հեղինակավոր միջազգային փառատոներին, ցուցահանդես-տոնավաճառներին և մրցույթներին, մասնավորապես, արվեստի, ճարտարապետության, կինոյի և գրականության ոլորտներում,

գ. փոխադարձության սկզբունքով «մշակույթի օրերի» կամ այլ ձևաչափով հայկական մշակույթը ներկայացել օտարերկրյա պետություններում՝ յուրաքանչյուր տարի առնվազն 5 երկրում.

2) ներկայացնել օտարերկրյա պետությունների մշակույթը Հայաստանում՝

ա. «Մշակույթի օրերի» կամ այլ ձևաչափով տարբեր երկրների մշակույթը ներկայացնել Հայաստանում՝ յուրաքանչյուր տարի առնվազն 5 երկրի,

բ. անցկացնել միջազգային բնույթի լայնամասշտաբ միջոցառումներ Հայաստանում, այդ թվում՝ ժամանակակից արվեստի, կինոյի, թատերարվեստի և երաժշտարվեստի միջազգային փառատոներ, հեղինակավոր գործիչների համերգներ.

3) համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, մասնավորապես, մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, համաշխարհային ժառանգության ցուցակների, հռչակավոր մարդկանց և իրադարձությունների օրացույցի համալրման և ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ստանալու նպատակով պատրաստել հայտեր, մասնավորապես, օժանդակել օտարերկրյա պետություններում հայ գրականության, թարգմանությունների հրատարակմանը:

8. Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2018 թվականից սկսած մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի և ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները.

2) 2017-2022 թվականների ընթացքում հայերենի գործածության խթանմանը և տարածմանը նպաստելու համար հետևողականորեն աշխատանք տանել՝ համացանցում հայերենի ներկայացվածության մեծացման ուղղությամբ.

3) 2018-2022 թվականների ընթացքում հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով և սոցիալական մեդիայով հռչակել մշակութային կյանքի, արդի ստեղծագործողների գործունեությունը, լուսաբանել մշակութային անցուդարձը.

4) մինչև 2021 թվականի ավարտն ապահովել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներգրավվածությունը մշակութային նախագծերի մշակման և իրականացման գործում:

9. Մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ կառավարությունը նախատեսում է ավարտել հայկական մշակութային ստեղծագործական ներուժի գույքագրումը, տեղորոշումը և հաշվառումը, միասնական տեղեկատվական շտեմարանի (պորտալի) ստեղծումը:

 

4.6. ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

 

Ապագայի նկատմամբ վստահություն ունեցող երիտասարդներն են ստեղծելու ամուր և առողջ ընտանիք, անվտանգ և առաջ ընթացող երկիր: ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հասարակության ամենամեծ ներուժ ունեցողները՝ մեր երիտասարդները, կարողանան լիարժեք ինքնադրսևորվել, լինեն երջանիկ և իրենց քայլերում միշտ լինեն իրենց խղճին համահունչ: Այդ իսկ պատճառով կրթական միջոցառումների միջոցով պետք է ապահովել մեր երիտասարդ սերնդի հայկական ավանդականությունը և միաժամանակ «գլոբալ քաղաքացի» լինելու կարողությունը: Պետք է հետևողականորեն իրականացնել նաև երիտասարդության զբաղվածության ապահովման միջոցառումներ և սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքների համար հատուկ աջակցության ծրագրեր:

Երիտասարդական պետական քաղաքականության հիմնական նպատակը երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցության աստիճանը բարձրացնելն է, երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջմարզային և միջհամայնքային հորիզոնական համագործակցության զարգացմանն նպաստելն է:

ՀՀ կառավարությունը հետևողականորեն իրականացնելու է սպորտի մասսայականացմանն ուղղված միջոցառումներ և գործողություններ: Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումն ապահովելու նպատակով նախատեսվում է հնարավորինս կիրառել ֆինանսավորման նոր մոդել, որի հիմքում դրվելու է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության սկզբունքը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

1. Բնակչության ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովման, բնակչության բոլոր տարիքային խմբերի համար առողջ ապրելակերպի արմատավորման գործում նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածում, մասնավորապես՝

ա. 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումներ, ստեղծել առողջ ապրելակերպի արմատավորման համար նպաստավոր պայմաններ,

բ. մինչև 2017 թվականի ավարտն աջակցել հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, 2018-2022 թվականների ընթացքում բարձրացնել դեռահասների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը,

գ. մինչև 2017 թվականի ավարտը մշակել հանրակրթական դպրոցների մարզադահլիճների կառավարումը մասնավորին տրամադրելու մեխանիզմները: 2018-2022 թվականների ընթացքում ըստ անհրաժեշտության հանրակրթական դպրոցների մարզադահլիճները տրամադրել մասնավորներին՝ վերանորոգելու և գույքով համալրելու նպատակով՝ կնքելով համապատասխան պայմանագիր՝ մարզադահլիճն ըստ նշանակության (նպատակային) օգտագործելու և հանրակրթական դպրոցի դասարանների ֆիզկուլտուրայի դասաժամերին տրամադրելու համար,

դ. մինչև 2017 թվականի ավարտը մշակել ազգային ծրագիր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման տարածման վերաբերյալ, 2018-2019 թվականներին փորձարկել և ներդնել ծրագիրը,

ե. բակային սպորտի զարգացման հայեցակարգը մշակել մինչև 2017 թվականի ավարտը, իսկ հայեցակարգից բխող 2018-2022 թվականների միջոցառումները՝ մինչև 2018 թվականի ավարտը.

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել Հայաստանի Հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հնարավորությունների ստեղծման և կատարելագործման վերաբերյալ հայեցակարգ, իսկ հայեցակարգից բխող միջոցառումները՝ մինչև 2018 թվականի ավարտը.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման, հաշմանդամային տարբեր մարզաձևերի զարգացման, մարզական-առողջարարական և մարզական մասսայական աշխատանքների արդյունավետ կառավարման համակարգի ստեղծմանն ու ապահովմանն ուղղված գործիքակազմ:

2. Մանկապատանեկան սպորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում հատկացնել Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմին ներկայացվող աշխատանքային պահանջները և մշակել վերապատրաստման կազմակերպման արդյունավետ մեխանիզմ.

2) 2017-2022 թվականների ընթացքում մարզակառույցները, մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճները վերանորոգել, հիմնանորոգել և նորերը կառուցել՝ ըստ փուլերի.

3) 2018-2022 թվականների ընթացքում շարունակականորեն իրականացնել «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագիրը և մշակել Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցների համար տարեկան առնվազն 6 միասնական ուսումնական ծրագիր՝ ըստ մարզաձևերի և մարզման փուլերի.

4) շարունակականության ապահովման նպատակով 2018-2019 թվականների ընթացքում մանկապատանեկան մարզադպրոցներում 18 տարեկանից բարձր հեռանկարային մարզիկների մարզումները շարունակելու համար ձևավորել բարձրագույն վարպետության դպրոց:

3. «Հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզադահլիճների գույքով ապահովում» ծրագրի ներդրման շրջանակներում ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել գույքի և միջոցների բաշխման չափորոշիչները.

2) մինչև 2018 թվականի ավարտն ընդունել հստակ գործիքակազմ, որով կբացահայտվեն այն հաստատությունները, որոնց պետք է տրամադրվեն համապատասխան գույք և 2018-2022 թվականներին գույքը տրամադրել ըստ ընդունված գործիքակազմի:

4. Հրաձգություն մարզաձևի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի համաձայն մշակել ռազմավարության և դրա իրականացման 2018-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և, դրանցից բխող, տարածքներ ու շինությունների տրամադրել.

2) 2018-2021 թվականների ընթացքում՝ իրականացնել հանրապետությունում եղած (այդ թվում՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը պատկանող) հրաձգարանների փուլային վերանորոգում:

5. Երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջմարզային և միջհամայնքային հորիզոնական համագործակցության զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018-2022 թվականների ընթացքում կատարելագործել «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը և իրականացնել մարզային քաղաքների երիտասարդական կազմակերպությունների համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել մարզպետներին առընթեր խորհուրդների կարողությունները և ձևավորել համագործակցության հորիզոնական պլատֆորմ:

6. Երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցության աստիճանի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ներդնել երիտասարդական աշխատողի վերապատրաստման ինստիտուտի սահմաններում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության հմտությունների զարգացման և զբաղվածության ապահովման գործուն մոդուլ.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների, ինչպես նաև ծրագրեր գրելու հմտությունների զարգացման ապահովման վերաբերյալ մոդել և գործիքակազմ:

7. Երիտասարդների զբաղվածության, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ փաստարկված և իրատեսական լուծումների առաջարկման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) 2017-2018 թվականների ընթացքում ուսումնասիրել երիտասարդների շրջանում ստեղծագործական զբաղվածության բարձրացմանն ուղղված պետական և միջազգային ծրագրերը և մշակել արդյունավետ կիրառման առաջարկություններ.

2) 2018-2020 թվականների ընթացքում ուսումնասիրել երիտասարդների ստեղծագործական ձեռներեցության զարգացման մոդելները և իրականացնել փորձարարական ներդրում որոշակի թիրախ խմբի սահմաններում.

3) 2018-2022 թվականների ընթացքում վերանայել երիտասարդ ընտանիքների և երիտասարդների կողմից բնակարան ձեռք բերելու համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը և ընդլայնել տրամադրվող արտոնությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան