Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.07.2017-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.428
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 161-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.12.10 N 13-Ն, խմբ. 21.06.17 N 294-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 15.12.10 N 13-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 21.06.17 N 294-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. նոյեմբերի 14-ի թիվ 161-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 15.12.10 N 13-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 15.12.10 N 13-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ), Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների կողմից՝ համակարգչում զետեղելու համար:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով: 

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 29.04.04 N 3-Ն, լրաց. 15.12.04 N 12-Ն)

4. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ), գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը լրաց. 15.12.04 N 12-Ն)

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելուց հետո Աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից՝ մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ.

գ) երկու թեկնածու՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

(6-րդ կետը փոփ. 29.04.04 N 3-Ն)

7. Աշխատակազմը, մրցույթը սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

(7-րդ կետը փոփ. 15.12.10 N 13-Ն)

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը՝ ժամանակավոր անաշխատունակության, բացակայության կամ այլ պատճառներով անհնարին է, ապա մինչև մրցույթի թեստավորման փուլի սկիզբը, սույն աշխատակարգով սահմանված կարգով, ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ: Նույն որոշմամբ Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:

(9-րդ կետը փոփ. 15.12.10 N 13-Ն, լրաց. 29.07.11 N 49-Ն)

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

(10-րդ կետը լրաց. 29.07.11 N 49-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համաձայն Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

ա) Աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

դ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) ստուգում և գնահատում է մասնակիցների համակարգչով աշխատելու իմացությունը.

թ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

ժ) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժա) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժբ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժգ) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.10 N 13-Ն)

ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.10 N 13-Ն)

ժե) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժզ) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժէ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

ժը) հրապարակում է մրցույթի արդյունքները.

ժը1) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.04 N 12-Ն)

ժթ) հաղթող ճանաչված մրցակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

ի) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

իա) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ., լրաց. 29.04.04 N 3-Ն, փոփ., խմբ. 15.12.04 N 12-Ն, փոփ. 15.12.10 N 13-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու սույն կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

(16-րդ կետը փոփ. 15.12.10 N 13-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.10 N 13-Ն)

ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.

զ) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ. 29.04.04 N 3-Ն, փոփ., խմբ. 15.12.10 N 13-Ն)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո` դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը լրաց. 29.04.04 N 3-Ն, խմբ. 15.12.04 N 12-Ն)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., լրաց. 29.04.04 N 3-Ն, լրաց., փոփ., խմբ. 15.12.04 N 12-Ն, փոփ., խմբ. 15.12.10 N 13-Ն,  լրաց. 29.07.11 N 49-Ն)

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. նոյեմբերի 14-ի թիվ 161-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 21.06.17 N 294-Ն)