Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-183-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.11.2005-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1116
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետը և դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ որոշում եմ.

1. Հաստատել դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը (կցվում է)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 22-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-346 հրամանագրի առաջին կետը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 19
Երևան
ՆՀ-183-Ն

 

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի 2003 թվականի 
 նոյեմբերի 19-ի ՆՀ-183-Ն 
հրամանագրով

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն քննության է առնում դատապարտյալների ներման խնդրագրերը և ներում շնորհելով՝

ա) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.

բ) պատժի չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով.

գ) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է պետության օգտին դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից.

դ) վերացնում է դատվածությունը։

2. Ներման խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերը՝ հիմնական պատիժը կրելուց հետո։

3. Ներման խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, պատիժը կրելու վայրում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։

4. Այն անձանց, որոնց նախկինում ներում է շնորհվել կամ որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է համաներում կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե նրանք մինչև դատվածության մարումը կամ վերացումը նորից դիտավորյալ հանցագործություն են կատարել, կարող է ներում շնորհվել միայն բացառիկ դեպքերում։

5. Դատապարտյալների ներման խնդրագրերը պատիժը կրելու վայրի կամ պատժի ի կատար ածումը տնօրինող մարմնի վարչակազմի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը՝ կից ներկայացնելով դատարանների որոշումների ու դատավճիռների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ։

6. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։ Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում եզրակացություններ՝ նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ։

7. Անհրաժեշտության դեպքում դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու, կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հարցմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ կարծիք ներկայացնելու համար։

8. Ներման խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով)։

9. Հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ նրա անդամներից որևէ մեկը։

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։

Կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, որում գրանցվում են հանձնաժողովի առաջարկությունները քննարկվող խնդրագրերի վերաբերյալ։

Հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

10. Ներում շնորհելու մասին խնդրագրերն ու միջնորդությունները հանձնաժողովի առաջարկություններով հանդերձ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը։

11. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր։ Դիմողները տեղեկացվում են իրենց խնդրագրերի քննարկման արդյունքների մասին։

12. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե ուշադրության արժանի նոր հանգամանքներ չկան, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման նոր խնդրագրերը Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի անց, իսկ այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված նոր խնդրագրերը՝ վեց ամիս անց։

Նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերի մերժման դեպքում նոր խնդրագրերը կարող են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո։

Մինչև նշված ժամկետների ավարտն ստացված նոր խնդրագրերը կցվում են եղած նյութերին։

Ներման խնդրագրերը մասնակիորեն բավարարվելուց հետո նույն դատապարտյալներից ստացված նոր խնդրագրերը կարող են քննարկվել միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության դեպքում։

13. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են՝

ցմահ ազատազրկման, որոշակի ժամկետով ազատազրկման, կալանքի, ուղղիչ աշխատանքների, գույքի բռնագրավման, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և տուգանքի դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն,

կալանքի, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,

նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու և դատվածության վերացման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։

Ներման խնդրագրերը բավարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի քաղվածքներն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոն։

(13-րդ կետը խմբ. 10.10.05 ՆՀ-179-Ն)

14. Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքներն ստանալուն պես։ Այդ հրամանագրերի կատարման մասին հաղորդագրությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին են ուղարկում այն մարմինները, որոնց վրա դրված է այդ հրամանագրերի կատարումը։

15. Այն դատապարտյալների նկատմամբ, որոնց նախկինում ներում է շնորհվել, կայացված դատավճիռները կամ որոշումները վճռաբեկության կարգով կամ օրենքի հիման վրա վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած որոշումների մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությանը։

16. Նախնական քննարկման համար հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը։

Ներման խնդրագրերի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարումը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը։

(կարգը խմբ. 10.10.05 ՆՀ-179-Ն)

 

ՀՀ նախագահի
աշխատակազմի ղեկավար

 Ա. Թումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-228-Ն 09.04.2018, ՆՀ-183-Ն
10.10.2005, ՆՀ-179-Ն 05.11.2005, ՆՀ-183-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան