ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2017 թվականի N 935-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով նվիրատվություններ կատարելու հնարավորություն ստեղծելու նպատակով նստավայր պետությունների բանկերում բացել հաշիվներ:
2. Սահմանել՝
1) որպես նվիրատվություն ստացված գումարները հիմնադրամ են փոխանցվում առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում.
2) հաշիվների պահպանման և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և հիմնադրամի միջև կնքվող պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|