Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-8-Ո-7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.14/37(1312) Հոդ.603
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.06.2017
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


ԱԽ-8-Ո-7

2017 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի,

  Ա. Դարբինյանի, Գ. Խանդանյանի,
  Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
  Գ. Ղազինյանի, Ս. Չիչոյանի,
  Ե. Սողոմոնյանի, Վ. Ստեփանյանի,
  Հ. Փանոսյանի
   

մասնակցությամբ`

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարանի

նախագահ Ա. Պետրոսյանի փաստաբաններ


Ա. Մելքոնյանի, Ա. Խաչատրյանի

   
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի
   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2017 թվականի հունիսի 5-ին դռնփակ նիստում ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ գլխավոր դատախազը Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

Ըստ միջնորդության`

«ՀՀ ԱԱ ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Կամոյի Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի` մինչդատական վարույթի և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում կատարված դատաքննության ընթացքում Գ.Գալստյանին և գործով մյուս մեղադրյալներ Տարոն ու Մասիս Կարապետյաններին առաջադրված մեղադրանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսող հոդվածով վերաորակելու, հետևաբար նաև մեղմ պատիժ նշանակելու համար մեղադրյալների ծնողներն ու մտերիմ անձինք մինչդատական վարույթում դատավարական լիազորություններ իրականացնող, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնատար անձին` նիստը նախագահող դատավորին միջնորդի միջոցով 2014թ. հուլիսի 26-ից 2016թ. մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում տվել են առանձնապես խոշոր չափերով 11.274.960 ՀՀ դրամին համարժեք 24.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատական իշխանության մարմնի համապատասխան ներկայացուցիչը, ստանալով նշված կաշառքի գումարը, իր լիազորությունների շրջանակում կայացրել է խոստացված դատական ակտը: Կաշառք տալու, կաշառքի միջնորդության և պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ 20.05.2017թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62212417 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, ՀՀ ԱԱ ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տվյալներ այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ դատական գրավոր պարզաբանում տրամադրելու դիմաց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական իշխանության պաշտոնատար անձինք ստացել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք: Դեպքի կապակցությամբ 20.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62212517 քրեական գործը:

Վերը նշված քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել են մեկ` թիվ 62212417 քրեական գործով վարույթում:

Հիշյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է հետևյալը`

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` ըստ մեղադրանքի Գոռ Կամոյի Գալստյանի և մյուսների ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քննվող քրեական գործով, ամբաստանյալ Գոռ Գալստյանի ծնողներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ Կամո և Մելանյա Գալստյանները 2015թ. սեպտեմբեր ամսին դիմել են նույն քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանին` հայտնելով, որ ցանկանում են գտնել ծանոթի, ով կարող է իրենց օգնել պաշտոնատար անձի` տվյալ քրեական գործով դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու` Գոռ Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու հարցում: Հ. Կարապետյանը, տեղեկացված լինելով, որ քրեական գործը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում, խոստացել է օժանդակել Գալստյան ամուսիններին այդ հարցում: Այնուհետև` Կամո և Մելանյա Գալստյանների հետ հերթական հանդիպումների ժամանակ հայտնել է, որ տվյալ քրեական գործով դատավոր, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը 9.394.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց խոստացել է նրանց որդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գոռ Գալստյանին դատապարտել մեղմ պատժի` 1 տարվա ազատազրկման, իսկ նրանց փեսա` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրվող Մասիս Կարապետյանին` ազատել պատժից: Գալստյան ամուսիններն անմիջապես համաձայնվել են և խնդրել Հայկ Կարապետյանին նրա միջոցով գումարը փոխանցել դատավորին: Հայկ Կարապետյանը, օգտվելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա.Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանի հետ ընկերական և անմիջական շփում ունենալու հանգամանքներից, վերջինիս միջոցով Աղվան Պետրոսյանի հետ անձնական հանդիպումներ ունենալու ընթացքում 2015թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում երկու անգամ 4.697.000 ՀՀ դրամին համարժեք 10.000-ական ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Աղվան Պետրոսյանին, ով իր կողմից տրված խոստման համաձայն կաշառք տվողի` Գալստյան ամուսինների ներկայացրած անձանց` Գոռ Գալստյանի և Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն, այն է` 2016թ. մարտի 18-ին կայացրել է խոստացված մեղմ դատավճիռը` Մասիս Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և այդ մասով դադարեցրել քրեական հետապնդումը: Գոռ Գալստյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` այդ մասով դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված կարգի կիրառմամբ, նշանակել է 1 տարի ժամկետով ազատազրկում:

Նշված դատական ակտը մեղադրողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման փուլում Հ. Կարապետյանի միջոցով Գալստյան ամուսինները ևս 1.409.370 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Աղվան Պետրոսյանին` վերաքննիչ դատարանի կողմից իրենց որդու համար բարենպաստ դատական ակտ կայացնելու /առաջին ատյանի դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելու/ համար, սակայն 2016թ. հունիսի 21-ի դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ տալու, այդ թվում ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի սխալ կիրառման պատճառաբանությամբ:

Գոռ Գալստյանի համար բարենպաստ դատական ակտի բեկանումից հետո վերջինիս ծնողները սկսել են Հայկ Կարապետյանից պահանջել, որպեսզի վերջինս իր հերթին Աղվան Պետրոսյանից պահանջի ստացած կաշառքի դիմաց տրված խոստումը պահել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց որդու նկատմամբ կրկին կիրառվի խոստացված մեղմ պատիժը, հակառակ դեպքում սպառնալով, որ դիմելու են իրավասու մարմիններին կամ անձամբ գնալու են տվյալ պաշտոնատար անձի մոտ և պահանջելու կամ կատարել խոստումը, կամ վերադարձնել տրված կաշառքի գումարը: Յուրաքանչյուր դեպքում Հայկ Կարապետյանը խոստացել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, Աղվան Պետրոսյանին փոխանցել Գալստյան ամուսինների պահանջը և, ի կատարումն իր խոստման, 2016թ. հունիս - 2017թ. ապրիլ ամիսների ընթացքում բազմիցս հանդիպել է Աղվան Պետրոսյանին և նրա վարորդին կամ վարորդի միջոցով հեռախոսային կապ հաստատել նույն պաշտոնատար անձի հետ` խոսելով Գալստյան ամուսինների դժգոհությունների, Գ. Գալստյանի գործով նոր դատավարության ընթացքի և տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով դատական նիստը նախագահող դատավորի նկատմամբ ազդեցության շնորհիվ Գալստյանների համար դրական /նախընտրելի/ դատական ակտի կայացմանը նպաստելու հնարավորության մասին: Բոլոր դեպքերում Աղվան Պետրոսյանը խոստացել է Գ.Գալստյանի գործով պայմանավորված լուծումը տալ, ինչի մասին Հ.Կարապետյանը տեղեկացրել է Կամո և Մելանյա Գալստյաններին, սակայն վերջիններս թեև սկզբնական ժամանակահատվածում հավատացել և սպասել են, սակայն հետագա ամիսներին Հայկ Կարապետյանին և Աղվան Պետրոսյանին անվանել են խաբեբա և Հայկ Կարապետյանից պահանջել են Ա. Պետրոսյանից հետ ստանալ տրված կաշառքի գումարը և վերադարձնել իրենց:

Բացի այդ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում հաշվառված Ռոբերտ Գրիգորյանը 2017թ. հունվար ամսին դիմել է փաստաբան Էդվարդ Չինարյանին` խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ Ձորագյուղ համայնքի տարածքում գտնվող և իրեն պատկանող /գրանցված է Ռ. Գրիգորյանի կնոջ` Զարիկ Գրիգորյանի անվամբ/ հողատարածքի հետ կապված որոշակի խնդիրների հարցով: Ռ. Գրիգորյանը փաստաբանին տրամադրել է նաև նշված հողատարածքի հետ կապված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահությամբ դատավոր Աղվան Պետրոսյանի/` 2006թ. օգոստոսի 24-ին կայացված վճիռը: Ուսումնասիրելով փաստաթղթերը Է. Չինարյանը հայտնել է, որ հարցը կարող է լուծվել երկու ճանապարհով` կամ պետք է դատարան դիմել սեփականության իրավունքի ճանաչման հայցադիմումով, կամ էլ փորձել դատարանից վճռի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Ռ. Գրիգորյանը խնդրել է վճռի պարզաբանում ստանալու ճանապարհով հարցը լուծել, քանի որ ինքը հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երկար ժամանակ չի կարող տրամադրել դատական քաշքշուկներին: Ստանձնելով Ռ. Գրիգորյանի տիկնոջ` Զարիկ Գրիգորյանի ներկայացուցչությունը` Է. Չինարյանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի անվամբ դիմում է պատրաստել` խնդրելով պարզաբանում տալ, թե ինչու 2006թ. կայացված վճռով սահմանված սեփականության իրավունքի չափը չի համապատասխանում կից հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսին և միաժամանակ խնդրելով պարզաբանել նաև` արդյոք, հատակագծում նշված հավելյալ հողատարածքը պատկանում է Զարիկ Գրիգորյանին: Դիմումը գրելուց հետո Ռ. Գրիգորյանի հետ ուղևորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և կից փաստաթղթերի հետ դիմումը մուտքագրել դատարանի գրասենյակ: Դրանից շուրջ 15-20 օր անցնելուց հետո զանգահարել է դատարանի աշխատակազմ, որտեղից իրեն հայտնել են, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է արձակուրդում, վերադառնալու է փետրվարի 20-ին և այդ ժամանակ դիմումը հանձնվելու է նրան: 2017թ. փետրվարի 27-ին Է. Չինարյանը, Ռ. Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը միասին ուղևորվել են Գավառ քաղաք ու, հասնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայր, Է. Չինարյանը մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, որտեղ վերջինիս բացատրել է իրենց խնդրի բնույթը, իսկ Աղվան Պետրոսյանը միաժամանակ ուսումնասիրել է դիմումը և կից նյութերը, ինչից հետո ասել է, որ ինքն այլևս քաղաքացիական գործեր չի լսում, զբաղվում է միայն քրեական գործերով, ուստի պետք է դիմումն ուղարկի Մարտունի քաղաք: Ապա ավելացրել, որ Մարտունու նստավայրի դատավորը` Վանիկ Վարդանյանը, քիչ անց գալու է իր մոտ և գործերն անմիջապես կտա նրան: Մոտ 30 րոպե անց եկել է Վ.Վարդանյանը, սակայն մինչ վերջինիս` Ա.Պետրոսյանի աշխատասենյակ մտնելն Աղվան Պետրոսյանը Է. Չինարյանին հարցրել է, թե քննարկվող հարցը լուծելու համար վերջինիս վստահորդը ինչ է տալու: Է. Չինարյանը, հասկանալով, որ Ա. Պետրոսյանը գումար է ուզում, պատասխանել է, որ տեղյակ չէ և առաջարկել իջնել ներքև և Ռ. Գրիգորյանից հարցնել, թե որքան գումար է պատրաստ տալ: Վանիկ Վարդանյանի` Գավառի նստավայր գալուց հետո Ա.Պետրոսյանը վերջինիս ծանոթացրել է Է. Չինարյանի հետ, ասելով, որ վերջինս իր հազար տարվա ընկերն է: Ա. Պետրոսյանը ուսումնասիրության նպատակով Վանիկ Վարդանյանին տրամադրել է նաև Է. Չինարյանի դիմումը և կից նյութերը:

Վանիկ Վարդանյանը, իրեն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից եզրակացնելով, որ վճռի պարզաբանման հիմքերը բացակայում են, քանի որ նախ` վճիռը վերաբերել է Արծրուն Կարապետյանին և այն կատարվել է` գրանցվել է վերջինիս իրավունքը, ապա` 0.09 հա հողատարածքի ինքնակամ զավթումն արձանագրվել է հետագայում և այդ 0.09 հա տարածքը որևէ կերպ 2006թ. կայացված վճռով քննարկման առարկա չի հանդիսացել և դրանից բացի` Զարիկ Գրիգորյանի անունով արդեն իսկ կատարված է իրավունքի պետական գրանցում, որպիսի հանգամանքները բացառում են վճռի պարզաբանում տալու իրավական հնարավորությունը` Էդվարդ Չինարյանին ասել է, որ վճռի կատարումից, մասնավորապես իրավունքի գրանցումից հետո, վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չէ, ինչը լսելով Էդվարդ Չինարյանը ասել է. «Էդ նոր պահանջ պիտի գա դատարան, եքա պատմությունա», իսկ Աղվան Պետրոսյանը հայտարարել է, թե Վանիկ Վարդանյանին կանչել են, որ խոսեն, իսկ նա «վախցնում է»: Էդվարդ Չինարյանը խոսակցության ընթացքում նշել է, որ կադաստրը գրանցումը կատարելու է, միայն պետք է իրենք պայմանավորվեն: Վանիկ Վարդանյանը պատասխանել է, թե պայմանավորվեն, բայց ինքը մի բան պետք է գրի, չգիտի, թե ինչ պետք է գրի: Ապա Աղվան Պետրոսյանն առաջարկել է, որ Է. Չինարյանի վստահորդը կադաստրից գրություն բերի, թե իբր գրանցումը չի կարող կատարվել, որպեսզի վճռի պարզաբանման հիմքը օրինական լինի:

Է. Չինարյանը դուրս գալով Ա.Պետրոսյանի աշխատասենյակից, ապա շենքից և առանձնանալով Ռ. Գրիգորյանի հետ, վերջինիս փոխանցել է Ա. Պետրոսյանի խոսքերը, թե կադաստրից փաստաթուղթ ստանալու անհրաժեշտության, թե Ա. Պետրոսյանին գումար տալու վերջինիս կողմից ներկայացված պահանջի մասին, ինչից հետո Ռ. Գրիգորյանը հեռացել, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չինարյանին տվել է 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ ու ասել, որ այնտեղ 120.000 /հարյուր քսան հազար/ ՌԴ ռուբլի գումար է և այն փոխանցի դատավորին: Է. Չինարյանը, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, ապա Աղվան Պետրոսյանի ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ վերջինիս տվել է Ռ. Գրիգորյանի կողմից տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չինարյանը պատասխանել է, որ «120.000 ռուբլի է»: Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չինարյանին վերադարձրել է 3/երեք/ հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չինարյանը պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա.Պետրոսյանը պնդել է` ասելով. «ճիշտը էդ ա», ինչից հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չինարյանի վերնաշապիկի գրպանը: Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին, ապա Է. Չինարյանը հեռացել է, իսկ Ա.Պետրոսյանը դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը ասել է. «Կիսի իմը»: Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը վերցնելով թղթադրամները հաշվել և ասել է. «Հիսուն հինգ հազար` քեզ, հիսուն հազար` ինձ»` կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին:

Հետագա օրերին Վ. Վարդանյանը անմիջական հանդիպումների և հեռախոսազանգերի ընթացքում տեղի ունեցած խոսակցությունների ժամանակ Աղվան Պետրոսյանին բազմիցս հայտնել է, որ վճռի պարզաբանման վերաբերյալ դատական ակտ գրելը իր մոտ չի ստացվում, քանի որ փաստաթղթերից երևում է, որ նախկին վճիռը կատարված է, առկա են առքուվաճառքի պայմանագրեր, սակայն Ա. Պետրոսյանը, դժգոհելով Վ. Վարդանյանի մտահոգություններից, մշտապես ասել է, որ պարզաբանման վերաբերյալ դատական ակտը կայացնի` ավելացնելով, թե դա հին արխիվի գործ է, ով է դրան նայելու:

Վճռի պարզաբանման հետ կապված խնդրահարույց հարցերը պարզելու և լուծում տալու նպատակով 2017թ. մարտի 14-ին Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում հանդիպել են վերջինս, Վանիկ Վարդանյանը, Ռոբերտ Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը, որի ընթացքում տեղի ունեցած խոսակցության ժամանակ, թե Աղվան Պետրոսյանը, թե Վանիկ Վարդանյանը Ռ. Գրիգորյանին հայտնել են, որ վճռի պարզաբանման համար կադաստրից 27.02.2017թ. ստացված տեղեկանքը պետք է հանվի գործի նյութերից, քանի որ այդ տեղեկանքից երևում է, որ պարզաբանման ենթակա վճիռն արդեն իսկ կատարված է: Խոսակցության ընթացքում Ռ. Գրիգորյանը հայտնել է, որ այդ տեղեկանքը գրել են ԱԳԿՊԿ Գավառի տարածքային ստորաբաժանման պետ Վրույր Վարդանյանը և նրա իրավաբանը: Ապա ավելացրել, որ կադաստրի պետին կարող են հրավիրել Ա. Պետրոսյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ նրան տեսնել չի ցանկանում, ապա պայմանավորվել, որ մեկ այլ աշխատակից գա: Քիչ անց Ռ. Գրիգորյանը և նրա որդի Գ. Գրիգորյանը գնացել են կադաստրի տարածքային ստորաբաժանում և ստորաբաժանման պետի հետ պայմանավորվելուց հետո իրենց հետ դատարան են տարել ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանին: Ա. Պետրոսյանի աշխատասենյակում խոսակցության ընթացքում Վանիկ Վարդանյանը կադաստրի աշխատակցին հայտնել է, որ կադաստրի կողմից 27.02.2017թ. տրված տեղեկանքի հիման վրա վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չի կարող լինել, քանի որ ակնհայտ երևում է, որ վճիռն արդեն իսկ կատարված է: Իրենք պետք է այդ ծավալուն տեղեկանքը հանեն գցեն, իսկ կադաստրն իրենց հակիրճ գրություն տրամադրի այն մասին, որ իրավունքի գրանցում չի կատարվել: Ապա Աղվան Պետրոսյանը կադաստրի աշխատակից Ա. Բարսեղյանին հորդորել է իրենց պահանջած բովանդակությամբ գրություն տրամադրել` չնշելով որևէ ավելորդ տվյալ: Ա. Բարսեղյանը վերադառնալով իր աշխատավայր` իր ղեկավարին հայտնել է դատավորի պահանջը, իսկ Վրույր Վարդանյանը հանձնարարել է Ա. Բարսեղյանին գրության բովանդակությունը կազմել պայմանավորվածության համաձայն, ինչը և կատարվել է` նույն օրն ի պատասխան Ռոբերտ Գրիգորյանի հարցման տրվել է պատասխան այն մասին, որ Զարիկ Մեսրոբի Գրիգորյանի անվամբ իրավունքի պետական գրանցման դիմումի վարույթը մերժվել է:

Հաջորդ օրը` 15.03.2017թ. նշված գրությունը փոխանցվել է Վանիկ Վարդանյանին, ով տեսնելով, որ թեև գրության բովանդակությունը կազմող տեքստը համապատասխանում է իրենց պահանջին, սակայն այնտեղ նշված է Զարիկ Գրիգորյանի անունը, զանգահարել է Ա. Պետրոսյանին ու դժգոհելով հայտնել, որ կադաստրի տեղեկանքում գրված է Զարիկի անունը, այն դեպքում, որ պարզաբանման ենթակա վճիռը վերաբերում է Արծրուն Կարապետյանին: Աղվան Պետրոսյանը զայրանալով ասել է. «Դե հիմի գրածա, գրածա, գցի, էդի արխիվի գործ ա, դարձրել ես բան…»: Նույն օրը Վ. Վարդանյանը կայացրել է իր և Աղվան Պետրոսյանի հետ համատեղ նախնական համաձայնությամբ ստացված կաշառքի դիմաց խոստացված դատական ակտը` վճռի պարզաբանումը, որի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է Զ. Գրիգորյանի սեփականության իրավունքը նաև վերը նշված ինքնակամ զավթած 0.09 հա հողատարածքի նկատմամբ:

Հայկ Բորիկի Կարապետյանին 26.05.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ 27.05.2017թ. խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կարեն Ռուբենի Մարտիկյանին 26.05.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ 27.05.2017թ. խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մելանյա Ալբերտի Գալստյանին 30.05.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կամո Վլադիկի Գալստյանին 30.05.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Էդվարդ Վոլոդյայի Չինարյանը 30.05.2017թ. ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Գարիկ Ռուբերտի Գրիգորյանը 30.05.2017թ. ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ 02.06.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերը նկարագրված փաստական հանգամանքները պարզվել են ներքոշարադրյալ ապացույցներով`

- Մելանյա և Կամո Գալստյանների որպես կասկածյալ, այդ թվում վերջիններիս ու կասկածյալ Հայկ Կարապետյանի միջև կատարված առերեսմամբ տված ցուցմունքներով, այն մասին, որ իրենք Հայկ Կարապետյանի միջոցով դատավոր Աղվան Պետրոսյանին 23.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել` իրենց որդու և փեսայի օգտին գործողություններ կատարելու համար, իսկ Հ. Կարապետյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:

- Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի որպես կասկածյալ տված ցուցմունքով, որի համաձայն` վերջինս իր ներկայացուցիչ Է. Չինարյանի միջոցով դատավոր Աղվան Պետրոսյանին տվել է 120.000 ՌԴ ռուբլի կաշառք:

- Էդվարդ Չինարյանի որպես կասկածյալ տված ցուցմունքով, որի համաձայն` վերջինս ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գտնվող և Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված հողատարածքի հետ կապված վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսին Ռոբերտ Գրիգորյանից վերցրել է 120.000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը և 27.02.2017թ. տվել դատավոր Աղվան Պետրոսյանին` վերջինիս աշխատասենյակին կից հանգստի սենյակում:

- դատավոր Աղվան Պետրոսյանի օգնական, գործով կասկածյալ Հերմինե Գասպարյանի մասնակցությամբ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում 2017թ. մարտի 14-ին կատարված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները բովանդակող լազերային սկավառակի զննությամբ, որի ընթացքում Հ. Գասպարյանը հայտարարել է, որ ձայնագրությունում լսելի է Աղվան Պետրոսյանի ձայնը, ով իրեն ներքին հեռախոսով զանգահարել և տարբեր հանձնարարություններ է տվել, այդ թվում վերը նշված վճռի պարզաբանման տեքստը հավաքելու, կադաստրի աշխատակցի կողմից տրված փաստաթղթերը պատճենահանելու վերաբերյալ:

- որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները բովանդակող լազերային սկավառակները զննելու մասին արձանագրություններով, որոնց համաձայն

ա/ Գալստյան ամուսինները Հայկ Կարապետյանի և այլ անձանց հետ անմիջական կամ հեռախոսային խոսակցությունների ընթացքում զրուցում են դատավոր Աղվան Պետրոսյանին կաշառք տված լինելու մասին,

բ/ դատավոր Աղվան Պետրոսյանը և փաստաբան Էդվարդ Չինարյանը խոսում են 120.000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը Է. Չինարյանի կողմից Ա. Պետրոսյանին տալու, իսկ վերջինիս կողմից որոշակի չափով գումար Է. Չինարյանին վերադարձնելու մասին,

գ/դատավորներ Աղվան Պետրոսյանը և Վանիկ Վարդանյանը խոսում են Ռ. Գրիգորյանի կողմից Էդվարդ Չինարյանի միջոցով տրված կաշառքի գումարը միմյանց միջև բաժանելու մասին,

դ/ դատավոր Վանիկ Վարդանյանը խոսակցությունների ընթացքում հայտնում է իր մտահոգությունները քննարկվող հարցը վճռի պարզաբանման եղանակով լուծելու տարբերակի` իր համար ակնհայտ ապօրինի լինելու մասին:

- ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանի ցուցմունքով, որի համաձայն` վերջինս 2017թ. մարտի 14-ին գտնվել է դատավոր Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում, որտեղ վերջինիս, դատավոր Վանիկ Վարդանյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Գարիկ Գրիգորյանի և իր միջև ծավալված խոսակցության և քննարկումների արդյունքում պայմանավորվածության են եկել, որ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից պետք է այնպիսի բովանդակությամբ տեղեկանք տրվի, որպեսզի դատական գործի վարույթում երևա, թե իբր նախկին վճիռը չի կատարվել:

- «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ներբեռնված տեղեկատվությամբ` Գոռ Կամոյի Գալստյանի և մյուսների ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործի ընթացքի վերաբերյալ:

- Դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից 15.03.2017թ. կայացված դատական ակտով` վճռի պարզաբանման մասին:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Ալբերտի Պետրոսյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` իր վարույթում գտնվող ԳԴ/0016/01/15 քրեական գործով` ըստ մեղադրանքի Գոռ Կամոյի Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Մասիս Արարատի Կարապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և Տարոն Կարենի Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատաքննության ընթացքում` 2015թ. սեպտեմբեր - 2016թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, Գոռ Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից` նրանց որդու Գ.Գալստյանի և դստեր ամուսին Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու` Գ. Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, Մ. Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով առանձնապես խոշոր չափերով 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայրում` իր աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն` Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով առանձնապես խոշոր չափերով` 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք ստանալու փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 97-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածներով,

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ  Ե Մ`

 

Առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Ալբերտի Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համար հիմք հանդիսացող նյութերը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատավորին (...) որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս»:

Քննարկելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու միջնորդությունը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, ինչպես նաև դատավոր Ա. Պետրոսյանի փաստաբանների դիրքորոշումները` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան